ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նշանավոր գերդաստանի նշանավոր դեմքերը

Նշանավոր գերդաստանի նշանավոր դեմքերը
05.05.2023 | 21:07

Խաչակապ-Խաչապատ-Ղուշչին Մեծ Հայքի ՈՒտիք աշխարհի Գարդմանաձոր գավառի բնակավայրերից է: Այն ունի հարուստ պատմական կենսագրություն: Լինելով գեղատեսիլ վայրում, երկու փոքրիկ ձորակների միջև` հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, գյուղը չորս կողմում ունեցել է բարձր խաչարձաններ, որոնք, ըստ ավանդույթի, կանգնեցրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը` ի նշան տեղի բնակիչների կռապաշտության վերացման ու խաչապաշտ դառնալու:

Ավանդույթը վկայում է նաև, որ Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ է կառուցվել գյուղի Թարգմանչաց վանքը, որն իրենից ներկայացնում է 4-րդ դարի կառույց, շրջապատված է եղել պարիսպներով: Մեկ այլ տվյալով վանքն ունի Քրիստոսի ծննդից հետո հիմնադրման 989 թվագրությունը: Վանքի գավիթն անհամեմատ ավելի հետո ժամանակների է` կառուցվել է 1800 թվականին: Գավթում գտնվում են Սուրբ տաճարին ծառայած եպիսկոպոսների ու վարդապետների տապանաքարերը:

Արցախի ավերման և հարկադիր տեղահանման պատճառով նաև Խաչակապ-Խաչապատ-Ղուշչիի բնակչությունը 18-րդ դարի հատկապես երկրորդ կեսին բռնում է գաղթի ճամփան` մի մասը գալով-հանգրվանելով Օձուն բնակավայրում, որտեղից էլ իր սկիզբն է առնում Եպիսկոպոսյան տոհմի մի ճյուղի կենսագրությունը և որը սերտորեն գալիս, շաղկապվում է արքեպիսկոպոս Վարդան Օձնեցու (Եպիսկոպոսյան) անվան հետ: Սակայն մեր գերդաստանի պատմական բնակավայրը միայն երևելի հոգևոր այրի անվան հետ չի կապված: Այն ունի երկրին տված ոչ պակաս նշանակալի դեմքեր, ովքեր ներկայացնում են աշխատանքային տարբեր ոլորտներ: Միայն իմ մեծ ընտանիքից չորսը եղել են ճանաչված դեմքեր, գիտնականներ: Այսպես`

*հայրս` Միքայել Եպիսկոպոսյանը, գիտությունների դոկտոր է եղել, վաստակավոր մետալուրգ, Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագծի հեղինակը, պոլիտեխնիկական ինստիտուտի երկարամյա դասախոս, Հայրենական երկրորդ պատերազմի մասնակից, ունեցել է կապիտանի զինվորական կոչում,

*ավագ հորեղբայրս` Հրանտ Եպիսկոպոսյանը, ում անունը կրելու պատիվը վերապահվել է ինձ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչ, Արցախյան շարժման մոսկովյան կոմիտեի հիմնադիր անդամներից, Բուլղարիայի պատվավոր քաղաքացի,

*միջնեկ հորեղբայրս` Հայկազ Եպիսկոպոսյանը, հայտնի գինեգործ է եղել Հայաստանում և ՈՒզբեկստանում, Երևանի կոնյակի գործարանի երկարամյա գլխավոր տեխնոլոգն էր: Նա ավագ եղբայրների օրինակով մասնակցել է Հայրենական երկրորդ պատերազմին,

*կրտսեր հորեղբայրս` Մկրտիչ (Դմիտրի) Եպիսկոպոսյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է եղել, երկար տարիներ դասավանդել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների անձնական գործերի արխիվարիուսը:

Գերդաստանի նշանավոր անձանց շարքն անհամեմատ երկար է, առայժմ բավարարվենք այսքանով: Սակայն միաժամանակ խնդրած կլինեի` նրանք, ովքեր Եպիսկոպոսյան տոհմից են և ունեն հետաքրքիր հուշեր, պատմություններ, ուղարկեն ինձ: Եվ քանի որ դիմացը Մայիսի 9-ն է, ուզում եմ օգտվել առիթից ու շնորհավորել իմ նախնիների և առհասարակ Մեծ հայրենականի հաղթանակած սերնդի բոլոր մասնակիցների տոնը:

Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6512

Մեկնաբանություններ