Վաշինգտոնը՝ սիոնիստական վարչակարգի շահերի պաշտպան
24.01.2020 | 04:50
Դա ԱՄՆ-ի և Իսրայելի «առաջին ատամն» էր Ղասեմ Սոլեյմանիի դեմ։ Հետո Իսրայելը հարվածեց Դամասկոսի օդանավակայանին և տոնում էր գեներալի սպանությունը։ Այնպես որ, ինչի՞ մասին են այժմ այդքան ոգևորված ստում ԱՄՆ-ը և Իսրայելը։ Իզուր չէր, որ 2020 թ. հունվարի 4-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Չաս Ֆրիմանը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է, որ Իրանի ԻՀՊԿ-ի գեներալի ապօրինի սպանությունը «ռազմավարական սխալ էր, որը ԱՄՆ-ի յուրաքանչյուր զինվորական պաշտոնատար անձի վերածել է թիրախի։ Դա ոչ թե հատուցում էր, այլ նախապես պլանավորված պատրվակի օգտագործում օտարերկրացի պաշտոնական դեմքի սպանության համար, որը թշնամի էր նշանակված։ Դրանք պատերազմական գործողություններ էին, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան միջոցառումների»։ Նախկին դեսպանը նաև ընդգծել է, որ չկան Թրամփի հայտարարությունները հաստատող կամ նման կանխիչ միջոցառումներն արդարացնող կոնկրետ ապացույցներ։ Սոլեյմանիի սպանությունը Ֆրիմանը որակեց որպես «արտադատական մահապատիժ» և Միացյալ Նահանգներում օրենքի գերակայության սկզբունքից հետագա նահանջ։ Կրկին ընդգծենք, որ դա սույն նյութի հեղինակի կամ Իրանի իշխանությունների կարծիքը չէ, այլ երկար տարիներ Մերձավոր Արևելքում աշխատած հենց ամերիկացի դիվանագետի կողմից ԱՄՆ-ի իրականացրած պետական ահաբեկչության գործողությանը տրված լիովին օբյեկտիվ գնահատական։
Իրանցի գեներալի դեմ ԱՄՆ-ը և Իսրայելը (նրանց հետ էլ՝ Բարզանիի քրդական կլանը) «երկրորդ ատամն» ունեցան, երբ Սոլեյմանին տապալեց «Քրդստանի անկախության պատրվակով Մոսուլի և Քիրկուկի բռնազավթում» անվանմամբ գործողությունը։ Ինչպես տեսնում ենք, այդ թեման արդեն անմիջականորեն վերաբերում է Իրաքին և այն ճակատներին, որտեղ գործում էին «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» աշխարհազորայինները, որոնք այդ ժամանակ արդեն գրանցված էին որպես Իրաքի ԶՈՒ-ի զորամասեր և ստորաբաժանումներ։ Չէ՞ որ ամերիկացիները փորձում էին շիաներին արգելել մասնակցել նույն Մոսուլի համար մարտերին։ Իսկ երբ Բարզանին մտքին դրեց յուրացնել Քիրկուկն ու նրա ածխաջրածնային հարստագույն հանքավայրերը, Սոլեյմանին բարեկամաբար խոսեց Բարզանիի ընդդիմադիրների հետ։ Արդյունքը եղավ Թալաբանիի կլանի քրդերի կողմից Քիրկուկի հանձնումը շիա աշխարհազորայիններին և իրանցի ռազմական խորհրդատուներին։ Միաժամանակ խափանվեց նաև Իրաքի կազմից Իրաքյան Քրդստանի անջատումը, ինչը պատճառ դարձավ Քրդական տարածաշրջանային կառավարության նախագահի պաշտոնից Մասուդ Բարզանիի պաշտոնաթողության։
«Երրորդ ատամն» Իրանի թշնամիներն ստացան... Վենեսուելայում։ Այնտեղ ընդամենը 1-2 ամսում հանկարծակի ստեղծվեցին ժողովրդական աշխարհազորի ուժերը՝ 50 հազար մարդուց ոչ պակաս կազմով։ Դա վենեսուելացի որոշ զինվորականների հետ պահեց բացահայտ դավաճանությունից և խռովարար Խուան Գուայդոյի կողմն անցնելուց, իսկ Կոլումբիային ու Բրազիլիային ստիպեց մինչև իրենց տարածքը Վենեսուելա ԱՄՆ-ի ռազմական ներխուժման պլացդարմ դարձնելը լրջորեն մտածել։ Ամերիկացիների տեղն ով լիներ, որ «չվրդովվեր»։ Իսկ Վենեսուելան ունեցավ իր ժողովրդական աշխարհազորը հենց Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Խաթամիի պաշտոնական այցից հետո։ Ճիշտ է, ամերիկացիներին Հարավային Ամերիկայում գերտհաճ անակնկալ էր սպասում. պարզվեց, որ գեներալ Սոլեյմանին շատ «սերտ բարեկամ» է Ռուսաստանի և Չինաստանի հատուկ ծառայությունների հետ։ Վենեսուելայում ամբողջ հստակությամբ երևաց այն, ինչը մենք տեսնում ենք. Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ու հետախուզական միությունները, և հենց Վենեսուելայում։ Ի դեպ, դեկտեմբերի վերջին Եվրասիայի այդ երեք «կետերը» Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում անցկացրին առաջին համատեղ եռակողմ զորավարժությունները, և կրկին ամերիկացիները տհաճ ապրումներ ունեցան։
«Չորրորդ ատամը» Եմենն է։ Այնտեղ ամեն ինչ բազմաշերտ է։ Մեր խնդիրը չէ ԱՄՆ-ի «կրտսեր գործընկերներին»՝ Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, եմենցիների հասցրած ապտակների մանրամասների նկարագրությունը։ Բայց փաստ է Եմենն էլ վերափոխելու ամերիկյան ծրագրի լիակատար տապալումը։ «Հինգերորդ ատամը» Կատարի փախուստն է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմնակիցների ճամբարից դեպի Ռուսաստան և Իրան։ Դեռ շատ բան կարելի է թվարկել՝ հաշվի առնելով, որ ամերիկացիների երեկվա «հաճախորդները»՝ աֆղանական «Թալիբանի» զինյալները, վերջին 1-1,5 տարում հաճախ են բանակցելու գնում Թեհրան... Բոլորն էին հասկանում, որ ամենուրեք, որտեղ ԱՄՆ-ը և Իսրայելը տապալվում էին, նախ լինում էին գեներալ Սոլեյմանին և նրա «Քոդս» հատուկ ջոկատը։
Բոլորին հետաքրքրում ու կատաղեցնում է Իրանի արձագանքը։ Չհամբերելով, արդեն նույնիսկ կանխագուշակումներ են եղել, թե իբր՝ կխոսեն-կգոռան, և ամեն ինչ կհանդարտվի, իբր ոչ ոք ոչնչի պատրաստ չէ։ Թույլ տվեք կրկին հիշեցնել. ԱՄՆ-ը որոշել է անցնել «կարմիր գիծը», որն Իրանը գծել էր դեռ Իրաքի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերով (ԱՕԹՍ), այն էլ՝ Ադրբեջանի տարածքից, հարձակումից հետո։ Մենք չենք թվարկի և մեջբերումներ չենք բերի իրանական իշխանությունների հայտարարություններից. դրանցով լիքն է մոլորակի տեղեկատվական դաշտը։ Այժմ հայտնի է, որ զոհվածներին արժանի փոխարինողներ են գտնվել։ «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» հրամանատարությունը Աբու Մահդի ալ Մուհանդիսի հետնորդ է նշանակել «Բադր» բրիգադի հրամանատար Հադի ալ Ամերիին, որն էլ ավելի իրանամետ է, քան զոհված Մուհանդիսը։ Ամերին, որը միաժամանակ Իրաքի խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցության՝ «Ալ ֆաթհի» առաջնորդն է, Մուհանդիսի հետնորդ է նշանակվել Իրաքի աշխարհազորայինների բոլոր բարձրաստիճան հրամանատարների հանդիպումից հետո։ «Բադրը» Իրաքի ամենաառաջին և ամենահետևողական շիա իրանամետ աշխարհազորերից մեկն է։ Այնպես որ, եթե որևէ մեկը Մուհանդիսին սպանելով ուզում էր «խելքի բերել» Իրաքի շիաներին, ապա սխալվել է հաշիվներում։ «Բադրի» կազմում կա տասից ոչ պակաս բրիգադ, և դա բոլորը չէ։
Այդ աշխարհազորի մասին ահա թե ինչ էին գրում Ռուսաստանում 2014 թվականին. «Հադի ալ Ամերին Իրաքի ամենամարտունակ շիա աշխարհազորերից մեկի ղեկավարն է։ Նրա մարտիկները երևի միակն են, որ կարող են կանգնեցնել ԻՊ-ի արմատականներին»։ Վերջին 30 տարում Ամերին Իրանի կողմից հարազատ Իրաքի դեմ կռվող պարտիզանից դարձել է հայտնի դաշտային հրամանատար, «մահվան էսկադրոնի» ղեկավար, Բաղդադում խորհրդարանի անդամ, որտեղ առանցքային դեմք է համարվում ԻՊ-ի դեմ պայքարում։ «Մարդկանց մեջ իրաքցիները գնահատում են խիզախությունը»,- այսպես է բացատրում իր նվաճումներն Ամերին։ Նա գլխավորում է «Բադր» կազմակերպությունը, որն անցյալում շիական զինված կազմավորում էր և Իրաքի քաղաքացիական պատերազմում աչքի էր ընկել իր դաժանությամբ։ Այսօր «Բադրը» քաղաքական կուսակցություն է, որը սատարում է Իրաքի Գերագույն իսլամական խորհրդի զինվորական թևին (այսինքն՝ Մեծ այաթոլա Սեյեդ Ալի աս Սիստանիին)։ Թեև Ամերին Իրաքի քաղաքական կյանքին մասնակցում է 2003-ից, բայց նկատելի դեմք է դարձել վերջերս, երբ կառավարությունն ԻՊ-ի դեմ պայքարում ստիպված ներգրավեց շիա աշխարհազորայիններին։ Ամերին Սոլեյմանիին բնութագրել է որպես «ընկերոջ, լավ մարդու և մարտիկի», ավելացնելով, որ իր կազմակերպությունը «հպարտանում» է Իրանի հետ դաշինքով։ «Այստեղ թաքցնելու բան չկա,- ասել է նա։- Մենք Իրանի հետ 1400 կմ սահման ունենք, հարևաններ ենք։ Մենք Իրաքում ժամանակավոր հյուրեր չենք, որ պարզապես վերցնենք ու գնանք այստեղից»։ Երկար տարիներ, դեռ մինչև ԻՊ-ի ահաբեկիչների ագրեսիան, «Բադրը» Իրաքի ՆԳՆ-ի հսկիչը, հոգաբարձուն էր։ Նրա ամենահայտնի ստորաբաժանումներն էին Գայլի բրիգադները և Հրաբխի բրիգադները (պայքար պարտիզանների դեմ), ինչպես նաև Կարիճի բրիգադները (հետախուզություն և դիվերսիաներ)։ Հույս հայտնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը չափազանց «գոհ են» այն բանից, թե ով է դարձել Իրաքի գլխավոր զինվորականը «Քաթաիբ Հզբոլահի» առաջնորդ Աբու Մուհանդիսի սպանությունից հետո։
Իսկ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին զոհված գեներալ Սոլեյմանիի փոխարեն «Քոդս» ջոկատի հրամանատար է նշանակել բրիգադային գեներալ Էսմոյիլ Քահանիին, որն առաջ այդ ջոկատի հրամանատարի տեղակալն էր։ Խամենեիի խոսքով, ջոկատի խնդիրները կմնան անփոփոխ։ Նա շնորհակալություն է հայտնել Քահանիի գործընկերներին իր հետ համագործակցելու համար և նոր ղեկավարությանը մաղթել «հաջողություն, քաջալերանք և արդյունավետ կառավարում»։ Մերձավոր Արևելքում Քահանին Սոլեյմանիի հետ աշխատել է ամենուրեք։ Վաշինգտոնում և Թել Ավիվում բավարարվա՞ծ են։ «Քոդսը» շարքում է. ուրեմն նաև ստորաբաժանումը և այաթոլայի նախկին բարձր վստահությունն անցել են Սոլեյմանիի օգնականի և զինակցի ձեռքը, որը շատ մեծ առնչակցություն ուներ Սոլեյմանիի և «Քոդս» ջոկատի հաղթանակներին, հետևաբար, նաև ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր տապալումներին Մերձավոր Արևելքում, Վենեսուելայում, Աֆղանստանում և ամենուր։ ՈՒրեմն առաջվա պես ԻՀՊԿ-ի և «Քոդսի» խնդիրներն են մնում ԻՀՊԿ-ի բոլոր կառույցների, Իրանի բանակի, «Բասիջ» աշխարհազորի, հետախուզության ու հակահետախուզության ծառայությունների գերբարձր մոբիլիզացիան, մոլորակի բոլոր (Հնդկաստանում, Պակիստանում, Աֆղանստանում և այլն) շիա աշխարհազորերի գերբարձր մոբիլիզացիան, ոչ թե հուսալքությունը և պարտվողականությունը։
Ի՞նչ է լինելու այժմ և պակաս կարևոր չէ, ինչպես է լինելու։ Այն, ինչ կլինի կամ կարող է լինել, կսկսի կատարվել, այսպես թե այնպես, Ղասեմի զոհվելու կապակցությամբ Իրանում հայտարարված եռօրյա սգից հետո։ Աշխարհին հայտնի է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խամենեին և ԻԻՀ նախագահ Ռոհանին հայտարարել են, որ Թեհրանը վրեժ կլուծի ԱՄՆ-ից, իսկ պաշտպանության նախարար Ամիր Խաթամին խոստացել է «խորտակիչ հարված» հասցնել զորավարի մահվան համար։ Ավելի պարզ. Խամենեին հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի դիրքերի վրա մեծ սխալ է» և նշել, որ «ԱՄՆ-ը պատասխան կտա գեներալ Սոլեյմանիի սպանության համար»։ Ինչպես ցույց է տվել այաթոլա Խամենեին, «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» ուժերի դիրքերի վրա հարձակումն իրականում ԻՊ ահաբեկչական խմբավորման համար վրեժ լուծելու ԱՄՆ-ի փորձն է, որովհետև հենց Իրաքի ժողովրդական աշխարհազորի ուժերն են ջախջախել ԻՊ-ը։ ԱՄՆ-ի նախագահը և մյուս պաշտոնյաները ներկայումս փորձում են Իրանին մեղադրել այդ հանցագործության համար։ Ամերիկան պետք է հիշի, որ ինքը մի անշրջելի գործընթաց է գործի գցել, որը բումերանգի պես կշրջվի Վաշինգտոնի դեմ։ Թրամփի սխալ հաշվարկները պատճառ են դարձել, որ արևմտյան երկրների տեղեկատվական շրջանակներն ու ԶԼՄ-ները եկել են այն եզրակացության, որ այն, ինչ կատարվում է Սպիտակ տանը, արտաքին քաղաքականություն չէ։ Մյուս կողմից, տեսնում ենք, որ Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ոչինչ չի հստակեցնում, կարծես «դադար է պահում»։ Միայն քիչ տեղեկացվածները կարող են մտածել, թե դա Իրանի ղեկավարության թուլությունից կամ այն գիտակցությունից է, թե ԱՄՆ-Իսրայել երկյակի և Իրանի ռազմական կարողություններն անհամաչափ են։ Դժվար է պատկերացնել այն մարդկանց մտածելակերպը, որոնք համոզված են, որ Իրանը «վախեցել է»։ Միայն «Բադրի» հրամանատար Ամերիի մասին մեր տվյալները ցույց տվեցին, որ ամերիկացիներից ու Իսրայելից չեն վախենում նույնիսկ Իրաքում։ Ավելի շատ սարսափի մեջ են Վաշինգտոնի ու Թել Ավիվի դաշնակիցները, եթե դատենք ըստ Թուրքիայի ու եվրոպական երկրների հայտարարությունների։
Բայց Իրանի ղեկավարության խոսքում հստակություն չկա, ուստի մենք դիմեցինք անուղղակի կարծիքների ու վկայությունների։ Ասենք ուղղակի. Հայաստանում և Արցախում ուշադրություն դարձրին Սոլեյմանիի սպանությանը։ Ցավոք, ոչ իշխանությունները, թեև Արցախի իշխանությունները գրեթե միշտ համեստ են այս կամ այն բանի մասին տեսակետ արտահայտելիս։ Իսկ ահա Հայաստանում սպասվում էր ոչ այն անատամ «ընդհանուր» արձագանքը, թե իբր մտահոգված ենք։ Բարձրագույն իշխանությունն ընդհանրապես չգիտես ինչով էր զբաղված, մինչդեռ շատ երկրներում մինչև անվտանգության խորհուրդների նիստերին հասավ։ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հունվարի 3-ի հայտարարությունը, այնուամենայնիվ, արտացոլեց այն իրողությունը, որ Արցախի մտածող քաղգործիչները և հանրությունն իսկապես անհանգստացած են և գերադասում են համերաշխություն հայտնել Իրանին։ Դա բացատրելի է. ԼՂՀ-ն անմիջականորեն սահմանակից է Իրանին, և վերջինիս շուրջն իրադարձությունների ծավալումն անխուսափելիորեն կազդի Արցախի վրա։ Արցախի պանծալի գեներալի հայտարարության մեջ ասվում է. «Գեներալ Սոլեյմանին առանցքային դեմք էր Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում և Իսլամական դիմադրության ճակատի իրական ղեկավարն ու հաղթանակի խորհրդանիշը։ 2003 թվականից, երբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զինված ուժերը ներխուժեցին Իրաք, իսկ 2011-ին՝ Սիրիա, ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություններ ճանաչված ԻՊ-ը և «Ալ Նուսրան», որոնք ֆինանսական ու ռազմական օգնություն էին ստանում ԱՄՆ-ից, Թուրքիայից, Կատարից, Սաուդյան Արաբիայից, ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից, իրենց տերերի հրամանով Իրաքում ու Սիրիայում ավերեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր, սպանեցին հարյուրհազարավոր մարդկանց, միլիոնավոր մարդիկ դարձան փախստական, իսկ տասնյակհազարավորներ՝ պատանդ։ Հայրենիքի համար ազատագրական այդ պատերազմում Իրանը բարոյական, ռազմական ու մարդասիրական օգնություն է ցույց տալիս իր հավատակիցներին։
Իրաքի ու Սիրիայի ազատասեր քաղաքացիները երկար տարիներ զենքը ձեռքին կռվում են օկուպանտների, առաջին հերթին՝ Թուրքիայի և իսլամական արմատականների դեմ, որոնք պետական ահաբեկչությամբ են զբաղվում այդ ժողովուրդների նկատմամբ։ 20-րդ դարի սկզբում պետական ահաբեկչության զոհ դարձան հայերը, որոնց եղեռնի ենթարկեցին ու տնազուրկ արեցին թուրքական իշխանությունները։ 31 տարի առաջ Արցախում Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը նույնպես փորձեց պետական ահաբեկչություն իրականացնել հայերի նկատմամբ, ինչը նրան չհաջողվեց հայ ժողովրդի հերոսական պայքարի և բարի կամք դրսևորած երկրների մարդասիրական կամքի շնորհիվ։ Այսօր մեծ վշտի մեջ են Իրանի, ինչպես նաև Իրաքի, Սիրիայի և այն երկրների իշխանություններն ու քաղաքացիները, որոնք կռվում են հանուն ազատության և օտարի լծից ազատագրման ու ինքնիշխանության վերականգնման։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը չի թուլացնի Իրաքի, Սիրիայի և այլ երկրների՝ պատերազմում հաղթելու ցանկությունը, իսկ այդ կորուստն էլ ավելի կմիավորի բոլոր ազատասեր ժողովուրդներին, որոնք կռվում են հանուն ազատագրության»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ