ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թուրքերը վերադարձել են Միջերկրական

Թուրքերը վերադարձել են Միջերկրական
18.12.2019 | 11:36

Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է վարել Օսմանյան կայսրության վերականգնման թաքնված քաղաքականություն՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: 2003-ից նեոօսման սուլթան Էրդողանի ղեկավարած Թուրքիան ոչ միայն ուզում է ընդմիշտ պահպանել տարածքը, որտեղ նրա զինվորները ներխուժել են 1974-ին Կիպրոսի հյուսիսում՝ կղզու ցամաքային հատվածի 38%-ը վերածվեց ՙՀյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության՚, որ աշխարհում ոչ մի պետություն չի ճանաչել, նաև ցանկանում է վերադառնալ ծովային տարածքներ ու ապահովել վերահսկողությունը արևելյան Միջերկրածովյան շրջանում, որպեսզի մոնոպոլացնի Կիպրոսի շելֆի գազի հանքավայրերի հետախուզումը և կանխի Լևանտից Հունաստան գազատարի շինարարությունը:


Աշխարհաքաղաքականության մեջ կարևոր է հասկանալ պատմությունը երկարատև հեռանկարում: 2011-ից Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարում է Օսմանյան կայսրության վերականգնման թաքնված քաղաքականություն: Նա ձգտում է վերականգնել թուրքական ազդեցությունը Բոսնիայում, Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում: Գործն այնքան էլ առաջ չի գնում: Կահիրեն, Դամասկոսը, Բենգազին ի վերջո խզեցին բոլոր հարաբերությունները: Բայց նախագահ Էրդողանը կամային է ու ոչինչ նրան չի կոտրում: Նրա նեոօսմանական հավակնություններն անփոփոխ են: Այսօր նա մտադիր է թուրքերին վերադարձնել արևելյան Միջերկրական, որտեղից վտարվել են 1571-ին՝ Լեպանտի ճակատամարտից հետո: 2019-ի նոյեմբերի վերջին Թուրքիան անվտանգության պայմանագիր կնքեց Լիբիայի Ֆայեզ Սարաջի կառավարության հետ, որ վերահսկում է Տրիպոլիտանիայի մի մասը (բայց ոչ Կիրենաիկան, որ Եգիպտոսի աջակցությունն ունեցող գեներալ Խաֆթարի ձեռքում է): Այս համաձայնագրով, որ նախատեսում է թուրքական ռազմական աջակցությունը Տրիպոլիին, կա բացառիկ տնտեսական գոտիների մասին կետ, որ վերաձևում է արևելյան Միջերկրականի ծովային սահմանները: Աթենքը, Կահիրեն, Նիկոսիան համատեղ հայտարարություն հրապարակեցին ի նշան թուրքական ծովային զավթումների դեմ բողոքի: Հունաստանը աջակցության համար դիմեց ԵՄ-ին, որն ընդունեց նրա ճշմարտությունը: Անկարան առարկեց, որ ԵՄ-ն իրավասու չէ լուծել կողմերի վեճը Միջերկրականում համատեղ օգտագործման գոտիների դեպքում:


Բայց Թուրքիայի ռազմածովային նավատորմի համար Արևելյան Միջերկրականում Լեպանտի ճակատամարտի ռևանշը վաղվա խնդիր չէ: Թուրքիան դաշնակիցների սուր կարիք ունի: Էրդողանին հաջողվել է վստահելի հարաբերություններ ստեղծել Պուտինի հետ, սակայն Ռուսաստանը զուսպ է արտահայտվում թուրքական ծովային հավակնությունների վերաբերյալ: Ուղղափառությունը պարտավորեցնում է՝ ռուսները խոր բարեկամություն ունեն Կիպրոսի ու Հունաստանի հետ: Բացի այդ՝ նրանք դրական են գնահատում Եգիպտոսի ռազմական վարչակարգին և օգնում են գեներալ Խաֆթարին Վագների խմբի վարձկանների միջոցով: Ամերիկացիներն արդեն տարաձայնություններ ունեն Թուրքիայի հետ ու մեղադրում են նրան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնելու համար, և Հունաստանին ու Կիպրոսին են պաշտպանում: Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը սկսել է հույների հետ մերձենալ: Վաշինգտոնը չի ուզում, որ նրանք չափազանց մերձենան իր միակ ռազմավարական մրցակցի՝ Չինաստանի հետ, երբ հույները Պիրեոս նավահանգստի վերահսկողությունը հանձնեցին Պեկինին: Ունի՞ Էրդողանը իր հավակնությունները բավարարելու միջոցներ Միջերկրածովյան մեծ խաղում: Նա չի կարող ներգործել Չինաստանի վրա, որ 2018-ին իր ռազմածովային խումբն է այնտեղ տեղակայել: Մուսուլման եղբայր Էրդողանը պաշտպանեց Սինցզյան նահանգի ույգուրներին, որոնց հիմա վերադաստիարակում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Էրդողանն առանձնապես չի էլ թաքցնում, որ իր նպատակը Օսմանյան կայսրության տարածքների վերականգնումն է, ոչ էլ Բաքուն է թաքցնում իր տարածքային նկրտումները Վրաստանի ու Հայաստանի նկատմամբ: Բոլորովին այլ հարց են այդ հավակնությունների բավարարման հնարավորությունները: Բացի այդ՝ կան ներքաղաքական խնդիրներ: Նվազագույնը տարօրինակ է, որ հաղթական ընտրություններից հետո Թուրքիայում իշխող ԱԶԿ-ից վերջին 5 ամսում 114 000 կուսակցական է հեռացել: Թուրքիայի դատախազության տվյալներով՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ին Թուրքիայի ամենամեծ կուսակցությունը լքել է 56 260 անդամ, սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ը՝ 57 856 անդամ, մինչդեռ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը համալրվել է 125 անդամով: Էրդողանի արտաքին քաղաքական մեկուսացումը չի կարող ազդեցություն չունենալ ներքաղաքական զարգացումների վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ