«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մակրոնը հիշեցրեց արիության մասին, Թրամփը՝ հպարտության

Մակրոնը հիշեցրեց արիության մասին, Թրամփը՝ հպարտության
26.09.2019 | 12:12

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաշխարհային ղեկավարներին արիության կոչ արեց անհավասարության ու մոլորակի ապագայի համար պայքարում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Ֆրանսիայի նախագահը հիշատակեց Նորմանդական ձևաչափով առաջիկա հանդիպման և Կլիմայի հարցով համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին: Նա խոսեց ԱՄՆ-ի ու Իրանի հակասությունների վտանգավորության, Սիրիայի կոնֆլիկտում քաղաքական լուծումների որոնման, Լատինական Ամերիկայի անտառների փրկության կարևորության, ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ֆինանսավորման անհրաժեշտության մասին: Այդ ամենի համար, Մակրոնի խոսքով՝ ՙկան բոլոր պայմաններն ու հնարավորությունները»: Պատասխանելով համաշխարհային ղեկավարների ոչինչ չանելու պատճառների մասին սեփական հարցին՝ Մակրոնը հիշեց Սոլժենիցինի Հարվարդի ելույթը, երբ գրողը խոսում էր արևմտյան հասարակության մեջ արիության կորստի մասին: «Ես ուզում եմ արիության կոչ անել, սկզբի համար արիություն գտնելու գոնե երկու հարցում՝ խաղաղություն հաստատելու ու պատասխանատվություն ստանձնելու արիություն»՝ ասաց Մակրոնը: Իբրև խաղաղության վերահաստատման հարցում արիության դրսևորման օրինակ՝ Ֆրանսիայի նախագահը նշեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ արեց առաջին քայլը, իսկ ՌԴ նախագահը պատասխանեց նրան: Մակրոնը նորից խոստացավ, որ Նորմանդական ձևաչափով հանդիպումը հեռու չէ և թույլ կտա ամրապնդել առաջին քայլերը: Նա նաև կոչ արեց միավորել ջանքերը՝ Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի կատարման համար: Նրա խոսքով՝ չնայած որոշ երկրներ հրաժարվում են համաձայնագիրը կատարել, անհրաժեշտ է անդուլ պայքարել, որ համաձայնագիրը իրագործվի: Միջազգային մակարդակով մշտական ջանքերի գործադրման արդյունքը, Մակրոնի կարծիքով, Ռուսաստանի կողմից Կլիմայի համաձայնագրի վավերացումն էր:


Էմանուել Մակրոնի այս ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արդեն երրորդն էր: Ինչպես մեկ տարի առաջ՝ նա խոսեց 40 րոպե: Կլիման, Իրանն ու Սիրիան՝ այս թեմաները Մակրոնն արծարծում է երրորդ տարին անընդմեջ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումներում այս տարի մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին, շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այլք: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015-ից չի մասնակցում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին:
RFI


Հ.Գ. Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացել է Մերձավոր Արևելքի, Իրանի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, համաշխարհային առևտրի խնդիրների վրա: «Եթե ազատություն ես ուզում երկրիդ համար՝ հպարտացիր քո երկրով, զարգացրու, քո երկրի շահը դասիր մնացածների շահից բարձր, եղիր խաղաղասեր և հպարտ: Եթե բոլոր պետություններն առաջնորդվեն այդ կարգախոսով՝ աշխարհը կդառնա ազատ և հպարտ երկրների ընտանիք», - ասել է Թրամփը: Նա հպարտությամբ թվարկել է ԱՄՆ-ի նվաճումները՝ գործազրկությունն իջել և գրանցվել է պատմական ամենացածր նիշը, տնտեսությունը զարգանում է, հարկերը կրճատվում են, ԱՄՆ-ը առաջինն է գազի և նավթի արդյունահանման ոլորտում: Դոնալդ Թրամփը խոսել է Չինաստանի տնտեսական քաղաքականության մասին, նշելով, որ այն ժամանակ, երբ ազատ երկրները փորձում են փոխադարձ առևտուրն իրականացնել արդար և ընդունելի կանոններով, Չինաստանը դիմում է վալյուտային անարդար հնարքների, բարեփոխումներ չի իրականացնում, գողանում է տեխնոլոգիաները, ակտիվորեն փորձում է ամուր տեղ գրավել այլ երկրների տնտեսական դաշտում և արգելափակում է ուրիշների մուտքը չինական շուկա։ «Ի պատասխան դրա, ես սահմանել եմ բարձր հարկեր և սակագներ, միլիարդները հետ կգան, աշխատատեղերը կպաշտպանվեն», - ասել է Թրամփը:


Հաջորդ թեման Իրանն է: «Խաղաղասեր երկրների համար այսօր գլխավոր սպառնալիքն Իրանի ռեպրեսիվ ռեժիմն է», - ասել է ԱՄՆ նախագահը: Նրա փոխանցմամբ, Իրանը պետական մակարդակով սատարում է միջազգային ահաբեկչությանը, ցանկանում է ստեղծել միջուկային զենք և թիրախին հասցնող հրթիռներ, բորբոքում է Սիրիայի և Եմենի հակամարտությունները, ատելություն է սերմանում ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ: Արևմտյան երկրների համոզմամբ, Իրանն է կազմակերպել սեպտեմբերի 14-ի հարձակումը Սաուդյան Արաբիայի նավթային կենտրոնների վրա: «Իրանի լիդերներն իրենց հպարտ ժողովրդին ճնշել են հանուն իշխանության, - ասել է Թրամփը: - 40 տարի աշխարհը լսում է «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին»: Վիճակը շտկելու համար Իրանը պետք է ահաբեկիչներին սատարելու փոխարեն իջեցնի աղքատությունը, զարգացնի տնտեսությունը, նախևառաջ մտածի Իրանի ժողովրդի մասին»: Նա նշել է, որ Թեհրանի քայլերին հակազդելու համար ԱՄՆ դուրս է եկել 2015-ի միջուկային պայմանագրից, վերականգնել և խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:


«Բոլոր երկրները պարտավոր են գործել, որևէ պատասխանատու կառավարություն չպետք է ֆինանսավորի Իրանի արնախում քաղաքականությունը: Քանի դեռ Իրանը չի փոխում այդ չարորակ կեցվածքը՝ պատժամիջոցները կպահպանվեն և էլ ավելի կխստացվեն», - ասել է Թրամփը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահում ներկա են լիդերներ, որոնց առաջնորդած երկրները ժամանակին ԱՄՆ-ի թշնամին են եղել, բայց հիմա բարեկամներն են: «ԱՄՆ-ը չունի մշտական թշնամիներ», - ասել է Դոնալդ Թրամփը: Նա խոսել է նաև Հյուսիսային Կորեայի մասին: «Ես ասել եմ Կիմ Չեն Ինին, որ ինչպեսև Իրանի ժողովուրդը՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն էլ ունի մեծ կարողություն և կարող է զարգանալ, բայց նախ Հյուսիսային Կորեայի իշխանությունը պետք է հրաժարվի միջուկային զենքից», - ասել է Թրամփը: Նա խոսել է ապօրինի միգրացիայի մասին, կոչ անելով հայրենիքը լքելու մտադրություն ունեցողներին զերծ մնալ այդ քայլից, չխաբվել և չլսել նրանց, ովքեր խոստանում են փողի դիմաց ապահովել մարդկանց տեղափոխումն Ամերիկա, որովհետև Ամերիկան շարունակելու է պաշտպանել սահմանները և կանխել ապօրինի ներգաղթը:


«Հրաշալի ազգեր չեն կարողանում ապագա կառուցել, քանի որ մարդիկ փախուստի են դիմում և փորձում են հասնել ԱՄՆ»,- ասել է Թրամփը: Ավարտելով ուղերձը, Թրամփը խոսել է հայրենասիրության մասին, ասելով, որ ազատությունը, դեմոկրատիան զարգանում և ծաղկում են հայրենասերների ջանքերով: «Զարգացրեք ձեր երկրները, ձեր մշակույթը, հարգեք ձեր պատմությունը, արժևորեք ձեր քաղաքացիներին, հզորացրեք, արդար և բարգավաճ դարձրեք ձեր երկրները, հարգեք ձեր ժողովուրդների արժանապատվությունը, ապագան լուսավոր կլինի, ժողովուրդները երջանիկ կդառնան, մեր համագործակցությունն ավելի ամուր կլինի: Այդպես ետ կմղենք ազատության թշնամիներին: Արժանապատիվ պետությունները հզոր են, Աստծո կամոք մենք կկարողանանք հետ մղել ազատության թշնամիներին, հաղթել արժանապատվությունը ճնշողներին, կապահովենք մարդկանց կյանքի և մարդկության նվաճումների նոր մակարդակ: Ազգերի միջև կապահովենք այնպիսի համերաշխություն և բարեկամություն, ինչպիսին երբևէ չի եղել: Ամբողջ մարդկության համար դեպի խաղաղություն և երջանիկ ապագա տանող ճանապարհը տանն է սկսվում: Աստված օրհնի բոլոր ազգերին, Աստված օրհնի Ամերիկան», - ասել է Թրամփը:
Ինքներդ համեմատեք քաղաքակրթական տարբերությունները և գտեք համաշխարհային քաղաքականության զարգացման հեռանկարները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ