Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է…ինքն իրենից

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է…ինքն իրենից
24.02.2019 | 13:10

Երեկ լցվեց առաջին նախագահի համբերության բաժակը ու թափվեց` երկարատև ու մանրակրկիտ խոսքի տեսքով: Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց վարչապետից սահմանազատվել` «Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով»։ Բայց ունի՞ Նիկոլ Փաշինյանը փրկվելու կարիք: Եվ իսկապե՞ս Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը ինքնապաշտպանական չէ: Հայ քաղաքական իրականությանը անծանոթ մեկին առաջին նախագահի խոսքը հիացնելու էր կուռ տրամաբանությամբ ու անծայրածիր հայրենասիրությամբ: Անծանոթ մեկին, իսկ ծանոթները հարցեր տալու ցանկություն են ունենում: Գրեթե ակամա, համարյա ինքնաբերաբար: Եվ` ինքնըստինքյան.


1. Ի՞նչ է նշանակում «քաղաքական հոգեզավակ»: Եվ` ի՞նչ է նշանակում «քաղաքական կնքահայր»: Իրականության մեջ բացառվու՞մ է, որ հոգեզավակը կնքահորը քննադատի կամ չլսի: Ես միամտաբար կարծել եմ, որ քաղաքական հոգեզավակությունը համախոհություն է, ոչ թե գործունեության պատճենում: Եթե ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանը միանգամայն ճիշտ է` հենց Նիկոլ Փաշինյանն էր ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում տրոհողը ու խմբակցությունից բացարձակապես տարբեր գործունեություն ծավալողը: Բայց դա բնավորության գիծ է, որ Նիկոլո Մաքիավելին հիանալի է բանաձևել «Երախտագիտությունը քաղաքական գործչին հակացուցված է»:


2. Ի՞նչ հակահեղափոխական ենթատեքստ կա առաջին նախագահի հետ ամեն երեկո հեռախոսազրույց ունենալու մեջ: Ինչու՞ ոչ: Առավել ևս, որ առաջին նախագահի փորձը և ֆանտաստիկ հիշողությունը ոչ ոք չունի: Խորհուրդ կամ կարծիք լսելը հակահեղափոխությու՞ն է: Դրակա՞ն, թե՞ բացասական է, որ «Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ուղղորդել խորհուրդներով կամ ինչ-որ բան թելադրել»: Ինչու՞ ոչ, եթե Նիկոլ Փաշինյանը` լինելով լրագրող ամբողջ կյանքում ու վերջին տասնամյակում միայն քաղաքականություն մտնելով` իբրև վարչապետ պարտավոր է պատկերացում ունենալ բազմաթիվ խնդիրների մասին, որոնց հետ առաջին անգամ է շփվում: Փաստացի` «Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել»` Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումը ոչ թե գովեստ է, այլ` պախարակում։


3. Իր խոսքի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանն անդարադառնում է պնդմանը, որ իբր Նիկոլ
Փաշինյանը իրենից որդեգրել է «տարածքներխաղաղության դիմաց» բանաձևը և
իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իր «պարտվողական» ծրագիրը։ Հենց այդտեղից է սկսվում առաջին նախագահի ինքնապաշտպանությունը. «Միանգամից նշեմ, որ ոչ ես, ոչ Փաշինյանը երբևէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից»։ Եվ բնավ էլ Փաշինյանի գովեստ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի արձանագրումը. «Ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռևս հայտնի չէ»։


4. ՀԱԿ-ի փետրվարի 16-ի` Սահմանադրության փոփոխության և կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնման առաջարկը Փաշինյանի կառավարության խախուտ դիրքը փրկելու փորձ անողներին առաջին նախագահն ասում է, որ նրանք ճիգ են թափում ՀԱԿ-ի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ` տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Փաստորեն` Լևոն Տեր-Պետրոսյանը նորից պաշտպանում է իրեն ու ՀԱԿ-ին, ոչ թե Փաշինյանին ու նրա կառավարությանը և առիթ է գտնում ևս մեկ անգամ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քննադատության: Իրավացի ու տեղին, բայց ի՞նչ կապ ունի դա վարչապետի հետ: Պարզվում է` ունի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով. «Եթե Սահմանադրությունը չփոխվեր և անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վաչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միևնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր և գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել»։ Մեղմ ասած` խիստ կանխակալ ու կողմնակալ պնդում, որ պարզապես վկայում է կնքահոր հատկապես չափազանցված սերն ու գուրգուրանքը քաղաքական հոգեզավակի նկատմամբ: Բայց ամենևին էլ համարժեք չէ իրականությանը:


5. Որ ՀԱԿ-ը խորհրդարանում ու կառավարության աշխատակազմում ներկայացված է միայն վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանով, նույնիսկ Լևոն Տեր Պետրոսյանն ինքը չի հավատում, հենց այդ պատճառով էլ հարկադրված է ասել, որ ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, «չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում և հանրահավաքներում» և Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չի ակնկալում։ Չի ակնկալում, բայց ուտում է ի պաշտոնե:
Իվերջո` մեդիաաշխարհի մեկ կենտրոնից կառավարվածության իր պնդումով Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատում է, որ ինքն էլ կիսում է Նիկոլ Փաշինյանի սև-սպիտակ բաժանումը և պատրաստ չէ տեսնել ու հասկանալ, որ մեդիադաշտը կարող է նաև ինքնուրույն լինել:


6. Իր խոսքի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ նույնականանում է ՔՊ-ի հետ` պնդելով, որ անհեթեթությունների, ստերի և հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին»։ Ու այսքանից հետո արդեն բացարձակապես անկարևոր է` ով ում զավակն է, ով ում հայրը` գաղափարական նույնությունը պարզապես կատարման տարբերությունների է բախվում` ակադեմիական շերտ առ շերտ մտածողության ու խոսքով օձ հմայող Լևոն Տեր-Պետրոսյանի և պոպուլիստ ու բռնկուն, գավառամիտ ու գավառախոս Նիկոլ Փաշինյանի դեպքում:


7. Եվ վերջին հարցը` իսկ ո՞վ Լևոն Տեր-Պետրոսյանին կպաշտպանի Նիկոլ Փաշինյանից` իրադարձությունների հայտնի ընթացքի դեպքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ կասի` հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի՞ց, թե՞ ինքն իրենից ու ՀԱԿ-ից, որ ծնվել է իր պատկերով ու նմանությամբ, բայց հայտնի պահին նրա հոգեզավակները կերան արգելված պտուղն ու ինքնակամ հեռացան դրախտից` գաղափարական տարաձայնությունների պատճառով: Դեռ ոչ մի իրադարձություն չի հաստատել, որ ճիշտը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Դիտվել է՝ 3217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ