Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Անկարան դեռ չի հանձնում Թեհրանին

Անկարան դեռ չի հանձնում Թեհրանին
02.07.2018 | 09:55

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ «Իրանում իրավիճակի ցանկացած ապակայունացում կազդի ամբողջ տարածաշրջանի վրա»: Դա բնական է, քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որտեղ Թուրքիան ու Իրանը նույն ալյանսում են, արդեն վաղուց աշխարհաքաղաքական կոնֆլիկտի հատկանիշներ ունի: Իրանին այդ եռյակից հանել նշանակում է որակապես փոխել իրավիճակը, թեկուզ այն պատճառով, որ Իրանից բացի Սիրիան Մերձավոր Արևելքում այլ դաշնակից համարյա չունի: Տարածաշրջանում նրա դեմ են Սաուդյան Արաբիան ու Իսրայելը, նրանց հետ լարված հարաբերություններ ունի նաև Թուրքիան: Իսրայելական Haaretz-ը գրում է, որ Անկարան` ինքն էլ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով ԱՄՆ պատժամիջոցների սահմանին հավասարակշռելով, փորձում է մի կողմից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չավերել, դաշնակցել նրա հետ քրդական ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիայի դեմոկրատական ուժերի ռազմական ջոկատների խնդրում, որ ստեղծել է ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի համար, նաև քրդական մյուս խմբավորումների` հասկանում է, որ Մանբիջի պրոբլեմը սկզբունքորեն ոչինչ չի վճռում: Մյուս կողմից` գիտի, որ քրդական ուղղությամբ Թեհրանն իր համար կայուն դաշնակից է: ԻՊ-ի դեմ պայքարը օբյեկտիվորեն Թուրքիան ու Իրանը դարձրել է հաղորդակցվող անոթներ, որտեղ հայտնվել են անկայունացնող նոր մակարդուկներ:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ մեղադրում է ԱՄՆ-ին և Արևմուտքին ազգային ֆինանսական համակարգը ու տնտեսությունը խարխլելու ձգտման մեջ: Երկիրը հայտնվել է ինֆլյացիոն-դևալվացիոն անկման մեջ: Bloomberg-ի տվյալներով` այս տարի լիրան զարգացող երկրներում տարադրամի դևալվացիայի տեմպերի ռեկորդակիր է, բացառյալ արգենտինական պեսոն: Մայիսին սպառողական գները Թուրքիայում աճել են 12,15 % տարեկան կտրվածքով, մինչդեռ ապրիլին 10,85 % էր: Համեմատության համար` 2 տարի առաջ ինֆլյացիան Թուրքիայում տարեկան 8,8 % էր, իսկ այս տարվա պաշտոնական կանխատեսումը` 7 %, թեպետ իշխանությունները շարունակում են պնդել, որ տնտեսությունը հիմա աճի վերականգնման փուլում է 2014-2015-ի 15 % անկումից հետո: Moodyʼs Investors Service գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը վերանայման է դրել նվազման հեռանկարով` մատնանշելով արտաքին շոկերի աճող ռիսկերը` կապված ընթացիկ բալանսի մեծ դեֆիցիտի հետ: Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս վճռեց ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից դուրս բերել իր ոսկու պաշարները: Համանման իրավիճակ է Իրանում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային գործարքից դուրս գալու որոշումից հետո: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես և Էրդողանը, մեղադրեց ԱՄՆ-ին Իրանի դեմ տնտեսական պատերազմ հրահրելու ձգտումի մեջ:

Օրերս ԱՄՆ-ը փորձեց Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներ սահմանել` կոչ անելով մյուս երկրներին հրաժարվել Թեհրանի նավթը գնելուց: 2018-ի ապրիլից իրանական ռեալի իրական կուրսը երկու անգամ անկում է ապրել` հասնելով մեկ դոլարին 90000 ռիալի: Ազգային տարադրամի կայունացման համար ապրիլին փակվեցին փոխանակման կետերը, բայց ապարդյուն: Արևմտյան լրատվամիջոցները հավաստում են, որ դևալվացիան հանգեցրեց զանգվածային բողոքների: Bloomberg-ը ԱՄՆ-ի քաղաքական ճնշումն անվանում է ռիալի անկման գլխավոր գործոններից մեկը: ԱՄՆ-ն արգելամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի ու ամբողջ շարք ընկերությունների դեմ, որ իբր կապված են Իսլամական հեղափոխության պահնորդների էլիտար ուժերի հետ: Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի սպառնալիքներից հետո արտասահմանյան բանկերը հրաժարվում են ԻԻՀ-ի հետ գործարքներ կնքել` զգուշանալով խնդիրներից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Եթե Իրանի առնչությամբ արևմտյան փորձագետները բացահայտ խոսում են ներքաղաքական կայունությունը խարխլելու ԱՄՆ-ի ձգտումների մասին, Թուրքիայի դեպքում միայն ակնարկում են: Բայց երկու հարևան երկրների նկատմամբ մեկ ընդհանուր նպատակ է դրված` ազդել ներքին քաղաքականության փոփոխության վրա, երկու երկրների ղեկավարության մանևրի դաշտը սահմանափակել, թեպետ հայտնի է, որ ժողովրդավարական երկրների նկատմամբ կիրառված պատժամիջոցները շատ ավելի արդյունավետ են, քան ավտոկրատ վարչակարգերի, ինչպիսին Արևմուտքում համարվում են Թուրքիան ու Իրանը: Եթե Թուրքիայի դեպքում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը Ռուսաստանի հետ համագործակցության կասեցումն ու Իրանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, Իրանի դեպքում «պարզ չէ` ե՞րբ և ո՞ր դեպքում պատժամիջոցները կարող են հանվել»` կարծում է գերմանացի փորձագետ Քրիստիան ֆոն Զյոստը: Բարդ տնտեսական իրավիճակի պատճառով Թուրքիայի ու Իրանի գործող կառավարությունների քննադատությունը կտրուկ աճում է: Կարծես թե Անկարան արել է ընտրությունը:

«Թուրքիան մտադիր չէ խզել առևտրական հարաբերությունները Իրանի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցներ սահմանելու միակողմանի որոշման պատճառով,- հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:- Ցանկացած բացասական գործընթաց Իրանում ներգործում է ամբողջ տարածաշրջանի վրա, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի: Ապակայունացումն ու քաոսը Իրանում ոչ մեկին օգուտ չեն տա` ոչ ԵՄ-ին, ոչ մյուս երկրներին: Իրանը մեր կարևոր գործընկերն է և մենք կշարունակենք համագործակցությունը, թեպետ որոշ տարաձայնություններ ունենք»: Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնաց «ԱՄՆ-ին ծնկի բերել»: Բայց դա միայն սկիզբն է: Թեհրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացման 2015-ի մասշտաբներին: Ինչպե՞ս կվարվի հետագայում Անկարան, եթե ԱՄՆ-ը ակտիվանա Մերձկասպյան տարածաշրջանում ու Անդրկովկասում: Կկատարվի՞ թուրք ազգայնականների ղեկավար Դևլեթ Բահչելիի կանխատեսումը, որ «ԱՄՆ-ի հետ Թուրքիայի բարեկամության, ալյանսի ու ռազմավարական գործընկերության վիզան ավարտվում է» և կազդի՞ ԱՄՆ-ի ակտիվությունը Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վրա, որ նույնպես անխուսափելիորեն պիտի իր ռազմավարական ընտրությունը կատարի: Աշխարհաքաղաքական բարդ ռեբուսներն առայժմ ակնհայտ լուծումներ չունեն:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ ընդհանրապես լուծումներ ունե՞ն ռեբուսները: Եթե նկատել եք` բոլոր այս գործընթացները ծավալվում են Ռուսաստանի հրապարակային պասիվության պարագայում: Կարծես` Ռուսաստանը տարածաշրջանում շահեր չունի և բացարձակապես անտարբեր է` ի՞նչ է կատարվում Իրանում ու Թուրքիայում: Թեպետ Անկարայի ու Թեհրանի հետ ռազմական ալյանսի մեջ է Սիրիայում ու տնտեսական գործընկերության մեջ է Թուրքիայի ու Իրանի հետ, եթե անտեսենք քաղաքական համագործակցությունը: Մոսկվայի դիրքորոշումը սկսել է նմանվել Բրյուսելին` ԵՄ-ի պես սպասել, թե ով կհաղթի ու համագործակցել հաղթողի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ