ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռուսաստանը հասկանում է՝ այս պահին ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղակիորեն հրապարակում գցած է, և պետք է դրան տիրություն անել

Ռուսաստանը հասկանում է՝ այս պահին ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղակիորեն հրապարակում գցած է, և պետք է դրան տիրություն անել
11.05.2018 | 01:12

Հայաստանյան հեղափոխության տրանսֆորմացիան իշխանափոխության աշխարհաքաղաքական կենտրոններին ստիպեց պաշտոնական տեսք տալ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքին ու հստակեցնել հարաբերություններն իշխանափոխություն իրականացրած ուժի, մասնավորապես, վարչապետի կարգավիճակը ստացած Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս համատեքստում ամենաշատ հետաքրքրությունն առաջացնում են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, և այն, թե պաշտոնական Մոսկվան, Կրեմլն ու առաջին հերթին Վլադիմիր Պուտինն ինչպես են ընկալում Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ապագա կառավարությանը։


Դիտարկելով ընդդիմադիր շարժման ընթացքը սկզբից ի վեր՝ կարող ենք արձանագրել, որ Կրեմլի արձագանքը Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ ամենախորհրդավոր ու առեղծվածային երանգներն ուներ։ Շատ դեպքերում և՛ Հայաստանում, և՛ Արևմուտքում փաստում էին, որ այս անգամ կարծես թե պաշտոնական Մոսկվան ոչ ավանդական կեցվածք է ընդունել։ Սովորաբար Կրեմլը բավականին բացասական վերաբերմունք է ցույց տվել հետխորհրդային երկրներում ընդդիմադիր շարժումներին, առավել ևս եթե այդ շարժումն ուղղակիորեն կրում էր հեղափոխական սիմվոլիկա։ Ռուսաստանը գրեթե ամենօրյա ռեժիմով բոլոր մակարդակներով՝ ՌԴ նախագահի, ԱԳՆ խոսնակների, երբեմն նաև Պուտինի շուրթերով հայտարարում էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցողը համարում է ՀՀ ներքին գործ, բայց միշտ պարտադիր նշելով, որ ամեն ինչ պետք է ընթանա կառուցողական երկխոսության և սահմանադրության շրջանակներում։ Ըստ էության Մոսկվան արտաքուստ ցույց էր տալիս, որ, անկախ ամեն ինչից, կընդունի այն արդյունքը, որը կգրանցվի սահմանադրության շրջանակներում։ Իրավիճակը կարծես միտում ուներ փոխվելու հեղափոխական գործընթացների ամենաթեժ պահին, երբ Վ. Պուտինը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ զրույցում նշել էր, թե ամեն ինչ պետք է ընթանա 2017 թ. ԱԺ օրինական ընտրությունների իրողությունների տիրույթում, շատերին թվաց, որ այդպիսով ՌԴ ղեկավարն ամրապնդում է հանրապետական կուսակցության դիրքերը։ Սակայն, այդուհանդերձ, Մոսկվան դրանից այն կողմ չգնաց, թեև հայաստանյան որոշ շրջանակների մոտ իրարանցում էր. ակնկալում էին ռազմավարական գործընկերոջ միջամտությունը։


Միևնույն ժամանակ անհերքելի փաստ է, որ կային նաև շրջանակներ, որոնք բավականին կոշտ վերաբերմունք էին ցուցաբերում թե՛ հեղափոխականներին, թե՛ գործընթացներին՝ զարգացումները տեղափոխելով աշխարհաքաղաքական դաշտ։ Առավել ևս, որ հայկական թավշյա հեղափոխության հարթակներում ոչ բացահայտ երևում էին շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններ ներկայացնող ուժեր։ Ակնհայտորեն առկա էին նաև գեոքաղաքական որոշակի սպեկուլյացիաներ՝ տեղի ունեցողի վրա ազդեցություն ունենալու, ինչպես նաև Կրեմլի վերջնական որոշման վրա ներգործելու համար։


Ինչևէ, ամեն դեպքում պաշտոնական Մոսկվան մինչև վերջ էլ իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնաց՝ հայտարարելով, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ՀՀ ներքին գործն է, և եթե ամեն ինչ սահմանադրության շրջանակներում է, ապա որևէ խնդիր չի տեսնում։ Փաստորեն, հիմա եկել է այն պահը, երբ դեֆակտո ամեն ինչ ավարտվեց սահմանադրության տիրույթում, և ինչպես նշված էր Պուտինի հայտնի հեռախոսազրույցում, 2017-ին օրինականորեն ընտրված խորհրդարանն իր երկու նիստերի էպոպեայի արդյունքում ընտրեց վարչապետի, որը, ինչ անուն էլ տանք՝ ժողովրդական, փոքրամասնության, այնուամենայնիվ ստացավ անհրաժեշտ ձայները (այդ թվում՝ մեծամասնություն կազմող հանրապետականից)։


Այս ընթացքում ի՞նչ գործելաոճ էր որդեգրել Մոսկվան։ Վրացական և ուկրաինական հեղափոխական սցենարներից դասեր քաղած Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հասկացել էր, որ եթե անընդհատ կանգնում ես հանրային համակրանքը չվայելով իշխող ռեժիմի կողքին, ապա ժողովրդի կողմից այդ իշխանության տապալման պայմաններում փոխվում է մարդկանց վերաբերմունքն այն աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ, որն աջակցում է «ժողովրդի թշնամի» համարվող ռեժիմներին։ Այս առումով Հայաստանի և ՈՒկրաինայի հեղափոխությունների թերևս միակ ամենացայտուն ընդհանրությունն այն էր, որ երկու երկրներում էլ ռեժիմներն ընդհանուր առմամբ չէին ընդունվում հանրության կողմից՝ համարվելով ոչ արդյունավետ, անարդար և կոռումպացված։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակների հիմքերը նույնն էին, իրականացվող գործընթացները՝ տարբեր։ Մոսկվայում դա հստակ տեսնում էին, հասկանում էին, որ հայաստանյան հեղափոխության առաջնորդն անընդհատ փորձում է որևէ աշխարհաքաղաքական աստառ չհաղորդել շարժմանը։ Ավելին, ի զարմանս շատերի, և առաջին հերթին հեղափոխության մեջ իրենց ներգրավվածությունն արձանագրած հիմնականում արևմտամետ կողմնորոշում ունեցող կառույցների ու քաղհասարակության ներկայացուցիչների, Փաշինյանը կտրուկ շրջադարձ կատարեց իր նախկին աշխարհաքաղաքական հայտարարություններից։

Խոսքը մասնավորապես ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակահարմարության մասին Նիկոլ Փաշինյանի բոլորովին վերջերս արած հայտարարություններին է վերաբերում։ Վերջինս, ինչպես հայտնի է, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը և առնվազն լոյալ վերաբերմունք սկսեց արտահայտել թե՛ ԵԱՏՄ-ին, թե՛ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Հեղափոխության շրջանում արևմտյան ուժերը այս շրջադարձն ընկալեցին զուտ որպես մանևր՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կվերանայվի Փաշինյանի դեֆակտո իշխանության գալուց հետո։ Բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի ուղերձները կարծես թե դժվարությամբ, սակայն «մարսվեցին». պաշտոնական Ռուսաստանում կարծես եկել են եզրակացության, որ ընդդիմադիր առաջնորդը, իսկ այժմ արդեն նաև վարչապետը, լինելով պրագմատիկ և փորձված քաղաքական գործիչ, հասկանում է, որ պետք է լինի, ինչպես ռուսներն են ասում, вынужденный реалист։ Եվ այս շրջադարձը պայմանավորված է հենց նրանով, որ վերջինս ստիպված է լինել իրատես և ինչպես ինքն է նշում՝ հաշվի նստել իրողությունների հետ։


Միևնույն ժամանակ այստեղ իր դերն է խաղում նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ Կրեմլի, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքը։ Հատկանշական է, որ ժողովրդական շարժման ամբողջ ընթացքում անգամ հնչում են կարծիքներ, որ այս ամենում կարող է խառը լինել նաև Մոսկվայի մատը: Նշենք, որ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը 2013 թ. պատրաստակամություն հայտնեց ստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և միայն վերջին պահին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հրաժարվեց, Կրեմլում շարունակում էր որոշակի անվստահություն պահպանվել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ։ ՌԴ-ն 2013 թվականից ի վեր փորձում էր Հայաստանում խաղադրույքներ կատարել ոչ միայն իշխանության՝ Սերժ Սարգսյանի և հանրապետականների վրա, այլև փորձում էր դիվերսիֆիկացնել ուժերը։ Մասնավորապես ընդդիմադիր դաշտում նրանք հաշվի էին առնում Գագիկ Ծառուկյանի գործոնը, որը թեև իրենից հիմնականում բիզնես նախագիծ էր ներկայացնում, սակայն թե՛ իշխանական կոալիցիայում, թե՛ ընդդիմադիր դաշտում հստակ գործառույթ էր իրականացնում, և անհրաժեշտ պահին ակտիվացվում էր։


Ռուսաստանի Դաշնությունը, ի դեպ, վերջին շրջանում իր ներկայությունը դիվերսիֆիկացրել էր նաև իշխանական ճամբարում։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկվում էր հենց այդ տիրույթում՝ Ռուսաստանի մեկ այլ բևեռ, որը պետք է վերահսկեր Սերժ Սարգսյանին իշխանության ներսում։ Այս առումով ՌԴ-ն հասկանում է, որ առանձնապես մեծ կոնֆիգուրացիա չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության, ավելի շուտ կառավարություն գալով չես կարող հստակ որոշել, թե Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորն այս պահի դրությամբ որ ուղղությամբ է։ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ այս պահի դրությամբ ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղակիորեն հրապարակում գցած է, և պետք է դրան տիրություն անել։ Ռուսաստանը, անկախ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աստիճանից (իսկ նրա լեգիտիմությունն այսօր կասկած չի հարուցում), պետք է աշխատի նրա հետ։ Այս պահին ՌԴ վերնախավը հիմնականում ձևացնում է, թե հավատում է Փաշինյանի տված խոստումներին, սակայն նաև հասկանում է, որ քանի դեռ ուրիշ կենտրոններ տիրություն չեն արել Հայաստանի՝ հրապարակում գցված աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, պետք է գործի անցնել։ Եվ չի բացառվում, որ հեղափոխության օրերին չերևացող, արդեն իսկ անդրկուլիսյան բանակցություններ են ընթացել Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր հասցրել վարչապետ դառնալ, ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը։ Պուտինը միանգամից ցույց տվեց, որ նորընտիր վարչապետի հետ աշխատելու որևէ լուրջ պրոբլեմ չի տեսնում։

Պուտինին հետևեց ՌԴ վարչապետ Մեդվեդևի շնորհավորանքը։ Բավականին հետաքրքրական ու խորհրդանշական էր արդեն նույն օրը Փաշինյանի և Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը։ Ըստ էության սկսեցին ձևավորվել նաև զուտ անձնական կոնտակտներ, ինչը, ինչպես հայտնի է, բոլոր ժամանակաշրջաններում քաղաքական հարաբերություններում կարևորագույն նշանակություն ունի։ Ակնհայտ է, որ Պուտինը միանգամից անցավ գործի՝ պայմանավորվածություն ձեռք բերելով, որ մայիսի 14-ին Սոչիում ոչ միայն ընդհանուր ձևաչափով խոսակցություն կունենան, կկայանա Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ղեկավարի պաշտոնում պրեմիերան, այլև հանդիպումներ կլինեն երկկողմ ձևաչափերով։ Ամենայն հավանականությամբ, երկկողմ հանդիպումներ կանցկացվեն նաև ԵԱՏՄ այլ առաջնորդների հետ։


Ամեն դեպքում ռուսաստանյան քաղաքական և տնտեսական էլիտան վերջին զարգացումների ընթացքում ցույց տվեց, որ հաշվի է նստում իրողությունների հետ, անկախ նրանից, ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է, թե ոչ, անկախ այն բանից, թե արտահերթ ընտրությունների արդյունքում վերջնականապես ինչպիսի իշխանություն կձևավորվի։ Մոսկվան փորձում է միանգամից, առանց ժամանակ ու տեմպ կորցնելու, այսպես ասած, իրենով անել Հայաստանի նոր ղեկավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ՝ նախաձեռնությունն ուրիշներին չտալով։ Նշանակու՞մ է արդյոք սա, որ Ռուսաստանը իրոք խաղադրույք է կատարում Նիկոլ Փաշինյանի վրա, այս պահին դժվար է դրական պատասխան տալ։ Հասկանալի է, որ ՌԴ-ն Հայաստանում ունի նաև լուրջ գործընկեր ի դեմս Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի ընդդիմության կարգավիճակում։ Պարզ է, որ ռուսներն այսուհետ ավելի բազմավեկտոր են խաղալու. ոչ միայն փորձելու են անձնական ու քաղաքական մակարդակներում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, այլև շարունակելու են գործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ի սկզբանե իրենց հետ կապեր են ունեցել։ Խոսքը և՛ Սերժ Սարգսյանի, և՛ դեպքերի բերումով Փաշինյանի ճամբարում հայտնված Գագիկ Ծառուկյանի մասին է։


Այսպիսով՝ ՌԴ-ն փորձում է Նիկոլ Փաշինյանին խեղդել գգվանքների մեջ։
Պարզ է՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, ամենևին էլ չի բխում ԵԱՏՄ անդամ երկրների ավանդույթներից։ Հայաստանյան իրադարձությունները վատ նախադեպ են այդ երկրների իշխանական վերնախավերի համար։ Սակայն հաշվի առնելով, որ նշված գործիչները շատ պրագմատիկ և, բնականաբար, գերփորձված ղեկավարներ են, հաշվի են նստում իրողությունների հետ, ու ինչպես ցույց է տվել պատմությունը, առանձնապես հիացած չէին Սերժ Սարգսյանով, ընդունելու են ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, ինչպես ցույց են տալիս միջազգային պրակտիկան և հենց Պուտինի գործունեությունը, վերջինս բավականին ճկուն է և նախընտրում է գործ ունենալ իրական առաջնորդների հետ, անկախ նրանից, թե աշխարհն ինչ է մտածում տվյալ գործչի մասին։
Այսպիսով, այս պահին կան ռեալություններ, որոնց հետ հաշվի են նստում բոլորը՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը (ընդ որում՝ վերջինս երևի թե չի էլ պատկերացնում, թե այդ ռեալությունները որքան ծանր են լինելու), այնպես էլ արտաքին ուժերը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4235

Մեկնաբանություններ