ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հեղափոխության կիրակին ավարտվեց, սկսվեց երկուշաբթին

Հեղափոխության կիրակին ավարտվեց, սկսվեց երկուշաբթին
11.05.2018 | 00:42

Եռատոնից ու քառատոնից հետո ու դարատոնից առաջ կարճ ժամանակ կա ամփոփելու Հայաստանում կատարված փոփոխությունները: Հիմա մի սպասեք դարակազմիկ եզրահանգումների` դարավարտը կգնահատի: 2018-ին մենք փորձում ենք Հայաստանում սկսել 21-րդ դարը: Գուցե ցիկլի կրկնություն էր, գուցե Ղարաբաղյան շարժման մակընթացությունն էր, որ վերադարձավ ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակ` հաստատելու` ազատություն ունեք, մնաց հանրապետություն դառնաք: Դեռ երկար քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու քաղաքականության մեջ կյանքով խրվածները կփորձեն բացատրել` ինչպե՞ս մարտի 31-ին Ազատության պողոտայով Նիկոլ Փաշինյանը մտավ Երևան ու մայիսի 8-ին հասավ Բաղրամյան 26: Առանց փշալարերի, վարչապետական ավտոշարասյունով: Փողոցներում ու հրապարակներում երգի ու պարի, ֆուտբոլի, խորովածի, մանկական ու մեծական խելահեղության մասին արտասահմանյան թերթերը կգրեն` այդպես հեղափոխություն չեն անում: Փաստորեն` անում են:


Չգիտեմ` ով ինչպես, ես չէի հավատում, որ այդպես հեղափոխություն են անում: Գուցե սերնդի ընկալման խնդիր է, գուցե՝ մտածողության կարծրատիպերի, գուցե` խելահեղության պակասի: Կյանքը գալիս է ու հաստատում իր իրողությունները` քո պատկերացումների վրա քաշելով գեղեցիկ կամ ծանր խաչ:


ՈՒրեմն` ի՞նչ ունենք ու ի՞նչ պիտի ունենանք.
1. Մայիսի 8-ին ԱԺ-ն երկրորդ հատուկ նիստում համեմատաբար արագ ու «անհավես» Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ: ՀՀԿ-ն ցուցադրական ելույթներ չունեցավ, ներկայացավ ընդդիմադիրի իմիջի մեջ, որ հասկանալով իրավիճակը` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար կուսակցականը ստորադասեց պետականին` 13+1 ձայն հավելելով «Ելքի», ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ձայներին: 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, մի քանի ժամից նշանակվեց:


2. Մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստից հետո Մելիք-Ադամյանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիս տվեց ու հաստատեց` ճիշտ չեն համարում նոր կառավարությունում աշխատել. «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում»: Համարեց, որ գնահատականները, թե ՀՀԿ-ն լքում է քաղաքական դաշտը, վաղաժամ են, չեն բխում քաղաքական իրավիճակից. «Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող են օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: ՀՀԿ-ն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուցվածքը, և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ընդդիմության մեջ է»,- հայտարարեց ներկա ու ապառնի ժամանակի համար Աշոտյանը: Նաև ասաց. «Յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույն է, ընդդիմության կարիքն ունենալու է»` փաստելով, որ հանրության աջակցությունը չեն ունեցել, այլապես կհասկանային ընդդիմության դերն ու կունենային կարիքը: ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց, որ լինելու են կառուցողական ընդդիմություն: Դա երաշխիք չէ, որ կառուցողական ՀՀԿ-ն ձայն է տալու Նիկոլ Փաշինյանի կառավարության օրինագծերին:


3. ՀՅԴ-ն համոզված է, որ արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չունի հարցի պատասխանը, թե ՀՀԿ-ն ի՞նչ քաղաքական ռեսուրսով պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, բայց անհրաժեշտ է համարում. «Երկիրը նորից դնել ճիշտ ռելսերի վրա՝ ընթացքը պահպանելով, արագությունը մեծացնել և գնալ արմատական, խորքային բարեփոխումների, սա գլխավոր խնդիրը պետք է լինի նոր կառավարության»` շրջանցելով հարցը, թե ում հետ էր ՀՀԿ-ն երկիրը ճիշտ ռելսերից գցել: Բոլոր դեպքերում` ՀՅԴ-ն պատրաստ է աշխատանքի:

Սխրանքի էլ` Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվի, վարչապետի լիազորությունները պակասեցվեն, նախարարություն դառնան ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, մեխանիզմներ ստեղծվեն` կանխելու ընտրակաշառքը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություններ ստեղծվեն:


4. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրության, մայիսի 8-ին ԱԺ-ում էր և ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, թեպետ լռվել էր սովորաբար պարապուրդի մատնված քվեարկության նրա կոճակը:
Նա լրագրողներին ասաց, որ հարգում է ժողովրդի ընտրությունը. «Երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց որպես ընդդիմություն, կարող էինք մեր թեկնածուին առաջադրել, բայց մենք հարգում ենք մեր ժողովրդին, այդպիսի նպատակ չունեի, և չեմ էլ ցանկանում այդ ծանրության տակ մտնել»: Ծառուկյանը հիշեցրեց, որ Փաշինյանի հետ չեն քննարկել կառավարության պորտֆելների հարցը։ «Մենք այդպիսի հարցադրում Փաշինյանի առաջ չենք դրել, և Փաշինյանն էլ այն մարդն է, որի հետ դու նախապայմաններով չես կարող խոսել»,- բացատրեց Ծառուկյանը, բայց 1 փոխվարչապետի ու 4 նախարարի պորտֆելներ ուզում են։ 2017-ին խոստացված 15 միլիարդ դոլարը նա հիմա չի բերի, բայց ներդրումներ կլինեն։


5. «Ելքը» ևս պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել: Արամ Սարգսյանը ԱԺ-ում ասաց. «Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների 1/3-ի թեկնածուին, այլ ՀՀ Սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքը օրենք է, իսկ ժողովուրդն իր ամբողջականության և մեծամասնության մեջ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։ Նա միակն էր, որ ՀՀԿ-ին ասաց` ցանկության դեպքում հանդուրժողականության ու սիրո հեղափոխությունը կարող է նաև ձերը լինել։ Էդմոն Մարուքյանը վստահ էր, որ Հայաստանում սկսվելու են անշրջելի փոփոխություններ. «Ես գիտեմ, որ ունենալու ենք օրեր այս շենքում, նաև այլ տեղերում, որտեղ կառավարությանը հնարավորինս խանգարելու են իր ծրագրերն իրագործելու, և փորձելու են ամեն ինչ անել, որ այս հույսերը, այս զարթոնքը տեղ չհասնեն: Դա ուղղակի անհնար է լինելու, դրանք ապարդյուն ջանքեր են լինելու»:


6. Մայիսի 8-ը հրաժարականների օր էր` առայժմ վարչապետի ու պաշտպանության փոխնախարարների պաշտոնակատարների: Վիգեն Սարգսյանը ասուլիսում հիմնավորեց` ինչու չի պաշտոնավարի, Կարեն Կարապետյանը բավարարվեց նամակով: Չի բացառվում, որ նա չվերադառնա Մոսկվա ու փորձի Հայաստանում քաղաքական նոր ուժ ստեղծել: Դա բացարձակապես ռիսկային նախագիծ է` ինչպես Վարդան Օսկանյանի «Համախմբումը», որ ինչքան էլ համախմբեց, չհամախմբվեց ու ոչնչի չհասավ` ոչ մենակ, ոչ դաշինքով:


7. Ի՞նչ էր ասում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում: «Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ-ի շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը»` դա է լինելու նոր կառավարության գործառույթը՝ ձևավորել համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն։ ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, մենաշնորհներ այլևս չեն լինելու, յուրաքանչյուրն իր նախընտրած բիզնեսով է զբաղվելու: Իրավունքները պաշտպանված են լինելու, արմատախիլ է արվելու կոռուպցիան: Կառավարությունը շրջադարձային փոփոխություն է իրականացնելու՝ առանց վենդետաների, խստորեն պահպանելով օրինականությունը: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում: Նա տասնյակ ուղերձներ է ստանում սփյուռքից, մարդիկ կազմ-պատրաստ սպասում են, որ վերադառնան Հայաստան և լծվեն Հայաստանի շենացմանը. «Սիրելի հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է: ՀՀ տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, որը պետք է սկսել անմիջապես և ոչ մի վայրկյան չպետք է հետաձգել, քանի որ Հայաստանի անվտանգության հարցն է»: Ասաց. «Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնալների վրա ենք հույս դնում, ովքեր իրենց դիրքին հասել են պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է դառնալ ՀՀ նոր քաղաքացի, սպասարկել ՀՀ շահը»: Հրապարակում նա հայտարարեց. «Այսօր դուք հաղթեցիք: Եվ այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգության ընդդեմ ձեր այդ հաղթանակի: Հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ: Հաղթանակը այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»:
Հեղափոխության կիրակին ավարտվեց, սկսվում է երկուշաբթին` անցումային կառավարության ձևավորում ու նախապատրաստություն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ակնհայտ է, որ առաջիկայում արտաքին քաղաքական փոփոխություններ չեն լինի, ուշադրության կենտրոնում ներքին կյանքի վերակառուցումն է` եթե չլինեն ֆորս մաժորներ: Դատելով հայկական հեղափոխության միջազգային արձագանքներից` Ադրբեջանը ձեռնպահ կմնա ագրեսիայից ու պատերազմը վերսկսելու փորձից` ռազմական հաջողությունը խիստ կասկածելի է, հետևանքը կլինի քաղաքական մեկուսացումը: Նրանք արդեն հայտարարել են, որ պատրաստ են բանակցել Հայաստանի նոր ղեկավարության հետ և հույս են հայտնել, որ նորերը հների «սխալները» չեն կրկնի: Մայիսի 9-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայ և արտասահմանցի լրագրողների համար ասուլիսում հաստատեց, որ ԼՂ հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է տեսնում, կարևորեց իբրև լիիրավ կողմ Արցախի մասնակցությունը բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը, հիշեցրեց Վիեննայի չկատարված պայմանավորվածությունները, ընդգծեց ՀՀ-ի և ԱՀ-ի հարաբերությունները, որ նորանոր դրսևորումներ կունենան, նոր շունչ ու թափ կտրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որը Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նոր ոչինչ, եթե փամփուշտները կռվի համար չեն պահվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ է պետք անցումային շրջանում, որի վերջնաժամկետը հայտնի չէ.
1. որ քաղաքական էներգետիկան չնվազի ու հեղափոխության տեղատվություն չսկսվի` արագ արդյունքների ակնկալումով: Փաստացի` Հայաստանը նորից է անկախանում` ինքն իրենից, իրենց սպառած կարծրատիպերից, խորհրդային անցյալից ու հետխորհրդային սինդրոմից: Հայաստանում սկսվում է 21-րդ դարի հետ ինքնանույնականացումը:
2. Պիտի սովորենք նոր քայլերի ու նոր գաղափարների: Գուցե անսովոր ու անհավանական թվացող, բայց` գործունակ: Ընտրությունները կլինեն փորձաքար` պարզելու՝ ունա՞կ ենք պաշտպանել մենք մեզ մեզնից, թե՞ տրվելու ենք գաղջ մթնոլորտին: Կարո՞ղ ենք օլիգարխին դարձնել գործարար և տարանջատել քաղաքականությունը բիզնեսից: Դա հասարակական պահանջ է, որի դեմ գործում է փողը` իր մեծ իշխանությամբ: Եվ այստեղ միավորվելու են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` ընդհանուր շահով` հավելած հայտնի ուղղությամբ արտաքին աջակցությունը: Մենք դուրս ենք գալիս ՀՀԿ-ի դիտակետից` աշխարհը դառնում է բազմազան ու գունավոր` ապրելու համար ու աշխատելու:
3. Հակաօլիգարխիկ օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Բացի մարդկանցից` երկիր պետք է վերադարձնել դուրս բերված ֆինանսական կապիտալը: Վերջապես` հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանն ու Արցախի միջազգային ճանաչմանը: Հայկական պետությունները ազատ են բանակցությունները նոր ելակետից սկսել: 21-րդ դարավերջին այս օրերի մասին կասվի` հանգած հրաբուխներ չեն լինում. լավան դուրս գալու տեղ ու ձև գտնում է:

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ