ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թրամփը բացեց Պանդորայի արկղը Հայաստանի սահմանին

Թրամփը բացեց Պանդորայի արկղը Հայաստանի սահմանին
09.05.2018 | 12:23

Մինչ մենք մեզ համար հեղափոխություն ենք անում ու վարչապետ ընտրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից աշխարհը խառնեց իրար` այս անգամ արդեն մեր սահմանին: Չսպասելով մայիսի 12-ին` նա հայտարարեց 2015-ին Իրանի հետ վեցնյակի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է համարում Բարաք Օբամայի կնքած պայմանագիրը, պնդելով, որ Թեհրանին ընձեռվել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Նրա քայլերը խիստ հաջորդական են` հայտարարությունից հետո Թրամփը ստորագրեց պատժամիջոցները վերականգնելու հուշագիրը և նախազգուշացրեց. «Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից»: Հաջորդեց Սպիտակ տան հայտարարությունը` երկրները, որ ԱՄՆ–ի վերականգնած պատժամիջոցներից հետո չեն հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, «լուրջ հետևանքների» կբախվեն: Նրանց ժամանակ կտրամադրվի Իրանի հետ նախագծերը դադարեցնելու համար։ Վերականգնվող պատժամիջոցները վերաբերելու են Իրանի էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական ոլորտներին։ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ–ի դուրս գալը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից պայմանավորված է նրանով, որ Իրանը, չնայած համաձայնագրին, զբաղվում է ուրանի հարստացմամբ և միջուկային զենքի մշակմամբ։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է նոր միջուկային համաձայնագիր կնքի՝ 2015-ին ստորագրվածի փոխարեն. «Իրանի առաջնորդները, իհարկե, կասեն, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն վարի։ Նրանք հրաժարվում են, դե լավ։ Հնարավոր է՝ ես ևս նույնը կասեի, եթե նրանց փոխարեն լինեի։ Բայց փաստն այն է, որ նրանք կցանկանան նոր երկարաժամկետ համաձայնագիր կնքել, որը դրական ազդեցություն կունենա ամբողջ Իրանի և ժողովրդի վրա։ Երբ նրանք ցանկանան, ես պատրաստ եմ, ցանկանում եմ և կարող եմ բանակցություններ վարել։ Իրանի և խաղաղություն ու կայունություն ձեռք բերելու համար հիասքանչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որ մենք բոլորս ցանկանում ենք տեսնել Մերձավոր Արևելքում»։

Միայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց. «Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի ՝ Թեհրանում ահաբեկչական ռեժիմի հետ սարսափելի միջուկային գործարքը թողնելու այսօրվա համարձակ որոշումը»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրեց ` Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար: Ռուսաստանը մինչ այդ համաձայնագիրն անվանել էր անայլընտանք: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն անհաջող քայլ է որակել Թուրքիայի ԱԳՆ-ն. «Ինչպես ցույց են տալիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հաշվետվությունները, Իրանը կատարում էր համաձայնագրով ստանձնած պարտավորվածությունները։ Միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն անհաջող քայլ ենք համարում։ Ցանկացած տարձայնություն պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայն։ Դրա իրագործումը պետք է շարունակվի»:


Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ-ին անվանեց երկիր, որ չի կատարում իր պարտավորությունները: «Այս պահից իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասաց նա և պնդեց` ԱՄՆ ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը, սակայն մենք համբերատար կլինենք մի քանի շաբաթ քանի դեռ խորհրդատվություններ կանցկացվեն։ Եվ եթե մեր շահերը չերաշխավորվեն, մենք միայն մեկ հստակ ճանապարհ կունենանք»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո նաև ԱՄՆ Պետդեպարտամենտն է շնորհավորել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտվելը և հայտարարել.«Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մեր երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճը, աշխատանքն իբրև աջակցություն ժողովրդավարության և օրենքի գերակայության` երաշխավորելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»:

Փաստացի` Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, հայտնվել են մի կողմում, ԱՄՆ-ը` մյուս: Նախընտրական արշավի ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գործարքն անվանում էր «խելագարություն», նախագահ դառնալուց հետո կատարեց բեկանելու խոստումը` հակառակ համաձայնագրի մյուս կողմերի:
Ի՞նչն է «խելագարություն»: Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի հարստացումը, 98%-ով կրճատել ուրանի պահեստները, միջազգային հանրությունը խոստացել է և կատարում է խոստումը` աստիճանաբար, փուլային տարբերակով մեղմացնել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Համաձայնագրին աջակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` 2231 բանաձևով: Միայն Իսրայելը չընդունեց համաձայնագրի լեգիտիմությունը` համարելով «պատմական մասշտաբի սխալ»: Թել Ավիվի մտահոգությունները կիսում էին միջազգային փորձագիտական շրջանակներում` պնդելով, թե համաձայնագիրը չի կաշկանդում միջուկային զենք ունենալու Իրանի ծրագրերը:

Թրամփը հիմնավոր կասկածներ ունի, որ Թեհրանը ակտիվորեն զբաղված է բալիստիկ հրթիռների արտադրությամբ: Թեհրանն արդեն ստացել է 100 միլիարդ դոլար, որ ԱՄՆ նախագահի կարծիքով, օգտագործում է սպառազինությունների արտադրության և ահաբեկչությունը հովանավորելու նպատակով: ԵՄ-ն երկընտրանքի առջև է` ստորագրած երկրները կարող են մնալ համաձայնագրում` անկախ ԱՄՆ որոշումից, բայց այդ դեպքում հայտնվելու են ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ: Մտահոգիչ է Թեհրանի արձագանքը: Հասան Ռուհանին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, դուրս կգա նաև Իրանը: Թեհրանի միջուկային պետություն դառնալու հավակնությունը շատ արագ կարող է «միջուկային ակումբ» բերել Սաուդյան Արաբիային: Մերձավոր Արևելքում ստեղծվում է պայթյունավտանգ վիճակ` ինչից նախազգուշացնում էր Բարաք Օբաման: Տարածաշրջանի լարվածությունը հասնում է Հայաստանի սահմաններին` սա մեկ: Երկրորդ` նույնիսկ համաժողովրդական, թավշե հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվում է ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի տակ` նախ Ռուսաստանի, հետո էլ Իրանի հետ հարաբերությունների բերումով: Սա տնտեսության դիվերսիֆիկացման ու մենաշնորհների վերացման գործընթացին ծանր, արտաքին հարված է, որ Հայաստանի զարգացմանը խանգարելու է քաղաքական ու տնտեսական առումներով: Կհաջողվի՞ Հայաստանի համար արտոնյալ պայմաններ ստեղծել` ելնելով անելանելի աշխարհագրական ու տնտեսական վիճակից, թե՞ Դոնալդ Թրամփի գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանը շատ լոկալ հարց է: Բոլոր դեպքերում ապագա ԱԳ նախարարը ևս մեկ թեժ գիծ է ստանում իր օրակարգում:

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ