ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թրամփն ուզում է բացել Պանդորայի արկղը

Թրամփն ուզում է բացել Պանդորայի արկղը
08.05.2018 | 09:29

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը 2015-ին Իրանի հետ կնքված համաձայնագրից, կարող է հանգեցնել պատերազմի: «Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Պատերազմ կարող է սկսվել»` ասել է Մակրոնը գերմանական Spiegel-ին ու հավելել. «Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ուզում»:

Ապրիլին, երբ Թրամփն ու Մակրոնը հանդիպեցին Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը նրան համոզում էր չհրաժարվել համաձայնագրից: Նույն դիրքորոշումն ունեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու ՄԱԿ-ը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին կտրականապես դեմ է համաձայնագրի վերանայմանը և այդօրինակ նախաձեռնություններն անվանում է անօրինական: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար: «Եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից, կզղջա այդ պատմական սխալի համար»` հայտարարեց Ռուհանին կիրակի օրը Իրանի պետական հեռուստատեսությամբ և հավելեց, որ Իրանն ունի գործողությունների ծրագիր Թրամփի ցանկացած որոշման համար ու խոստացավ պատասխան քայլեր: Թրամփը գործարքն անվանում է խելահեղ և սպառնում է դուրս գալ, եթե Կոնգրեսն ու եվրոպացի դաշնակիցնեը մինչև մայիսի 12-ը չնախապատրաստեն պայմանագրի փոփոխություններ և չուղղեն լուրջ թերությունները, որ Թրամփի կարծիքով ունի պայմանագիրը: Նա նաև սպառնացել է վերականգնել նախկին պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ռուսաստանը դեմ է համաձայնագրի որևէ փոփոխության: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան այդ համաձայնագիրը համարում է անայլընտրանք: «Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է Իրանի միջուկային գործարքի կենսունակությունը: Մենք գտնում ենք, որ համաձայնագիրն այլընտրանք չունի և պետք է բոլոր կողմերը կատարեն»` ասել է Պեսկովը: Համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը հաստատում են, որ Իրանը կատարում է պայմանները, որի շնորհիվ հարստացված ուրանի արտադրության հնարավորությունները աստիճանաբար կրճատվում են, հետևաբար համաձայնագիրը պիտի մնա ուժի մեջ:


Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերներն ավելի վաղ հայտարարում էին, որ իրենց հաջողվել է հաջողության հասնել Թրամփին հուզող երկու հարցերում` Իրանի միջուկային օբյեկտներ միջազգային տեսուչների մուտքի հնարավորություն և Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցում: Ապրիլի վերջին Իսրայելը ներկայացրեց, ինչպես վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, հազարավոր գաղտնի փաստաթղթերի գոյության ապացույցներ, որոնք վկայում են, որ Իրանը ստել է միջուկայիմ տեխնոլոգիաների ոլորտում իր մտադրությունների մասին 2015-ին համաձայնագրի ստորագրումից առաջ: Նեթանյահուն մեղադրեց Թեհրանին միջուկային զենքի գաղտնի մշակումների մեջ, որ կատարվել են «Ամադ նախագիծ» անվան տակ և հայտարարեց, որ Իրանը շարունակել է զբաղվել հետազոտություններով այդ ոլորտում ու 2003-ից հետո էլ, երբ նախագիծը փակվել է:

Նեթանյահուն ասաց, որ փաստաթղթերը վկայում են` Իրանը գաղտնի է պահել «Ամադ նախագծի» փաստաթղթերը, որ ապագայում օգտագործի միջուկային զենքի մշակման համար: Իրանը Նեթանյահուին անվանեց ստախոս և պնդեց, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթի է: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փաստաթղթերը անվանեց իսկական ու հայտարարեց, որ 2015-ի միջուկային գործարքը կառուցված է ստի վրա: 2015-ի միջուկային համաձայնագիրը ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան: Պայմանագիրը ենթադրում է Իրանի հրաժարում միջուկային զենքի ստեղծումից միջազգային տնտեսական պատժամիջոցների, այդ թվում` նավթի միջազգային առևտրի արգելքի, հանման դիմաց: Պայմանավորվածության համաձայն, որ հայտնի է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր (JCPOA) անունով, Իրանը պետք է կտրուկ կրճատի ուրան հաստացնող ցենտրիֆուգաների թիվը, նաև` կրճատի հարստացված ուրանի պաշարները և չարտադրի զենքի համար նախատեսված ուրան:
Եվրոպական երկրները Իրանի հետ գործարքն անվանում են միջազգային անվտանգության կարևոր գործոն: Միևնույն ժամանակ մի քանի երկրներ` ներառյալ ԱՄՆ-ը ու Իսրայելը, գտնում են, որ համաձայնագիրը հստակ երաշխիքներ չի տալիս, որ Իրանը հրաժարվել է միջուկային զենքի մշակումից:
BBC


Հ.Գ. Բացի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, որ համեմատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը Պանդորայի արկղը բացելու հետ ու նախազգուշացրել հնարավոր պատերազմի մասին, Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը CBS հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիան աշխատում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային ծրագրից. «A ծրագիրն այն է, որ ԱՄՆ-ը մնում է համաձայնագրում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: Նա հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը նաև այլ տարբերակներ է դիտարկում։ «Մենք դիտարկում ենք համաձայնագրին սատարելու տարբերակները՝ ԱՄՆ-ի դուրս գալու պարագայում, բայց հույս ունենք, որ դա տեղի չի ունենա»: Դերոքը ասել է, որ Բրիտանիան համաձայնագիրը լավն է համարում, սակայն ոչ իդեալական։ «Ոչ մի համաձայնագիր իդեալական չէ, իսկ տարածաշրջանում Իրանի գործողությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհանգստությունն անհիմն չէ»,-հայտարարել է Դերոքը։ «Նրան դուր չի գալիս, որ պայմանագիրը հրթիռների վրա չի տարածվում։ Նա դժգոհ է միջուկային գործունեության սահմանափակման ժամկետներից, նա կարծում է, ոչ տեսչական աշխատանքներ պետք է իրականացվեն ավելի կոշտ պայմաններում։ Մենք որոշ գաղափարներ ունենք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հույս ունենք ընդհանուր լեզու գտնել, որոշ գործողություններ ձեռնարկել, որոնք համընկնում են նախագահի շահերին»,-հայտարարել է դեսպանը։ Իրանի շուրջ լրացուցիչ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Գերմանիայի նախագահը զգուշացրել է Իրանի հետ գործարքի լուծարման հետևանքների մասին: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գերմանական ԶԼՄ-ներին հարցազրույցում հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի խոսքը, որը Իրանի հետ համաձայնագիրը ստորագրելիս ասել է․«Մեզ համար պետք է պարզ լինի, որ այս ստորագրությամբ, հնարավոր է, մենք կանխեցինք պատերազմը»։ «Պետք է հիշել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե համաձայնագիրը տապալվի, Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքի նոր փուլ կսկսվի»,-հավելել է Շտայնմայերը։ Նա ընդգծել է, որ դա իրեն ստիպում է անհանգստանալ. «Ոչ այն, որ ես տեսնում եմ նախագահի, որը երբեմն նյարդայնացնող թվիթներ է գրում, այլ այն, որ նա մեզ այլևս համաշխարհային հանրության մաս չի դիտարկում»։


Ակնհայտորեն` Դոնալդ Թրամփը լուծում է երկու խնդիր` նախ կատարել նախընտրական խոստումը, ապա` վերականգնել պատժամիջոցները և կանխել տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացումը, որ բխում է ոչ միայն Իսրայելի, այլև Պարսից ծոցի այլ երկրների շահերից, որ ունեն նավթի ու գազի պաշարներ:


Մայիսի 12-ին հնարավոր է հարցը դեռ լուծում չգտնի, բոլոր դեպքերում, դատելով հայտարարություններից, Իրանի հարցը դարձել է նաև Եվրոպա-ԱՄՆ փոխհարաբերությունների խնդիր, որտեղ Ռուսաստանը և ԵՄ-ն միասնական են: Առայժմ լռում է միայն Պեկինը: Հընթացս ևս մեկ սկանդալ ծագեց` պարզվեց Իսրայելի հետախուզությունը Իրանի «Ամադ նախագծի» վերաբերյալ գաղտնի տվյալներին տիրացել է Ադրբեջանի աջակցությամբ: Գուցե Ալիևը որոշ պարզաբանումներ տա՞, թե ինչու է գործել Իրանի դեմ հօգուտ Իսրայելի, մեծ հաշվով ԱՄՆ-ի: Դարձյալ հանուն «տարածքային ամբողջականության» մարմաջի՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ