ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայաստանի ընկալումն աշխարհում

Հայաստանի ընկալումն աշխարհում
05.05.2018 | 10:06

Հայկական թավշե հեղափոխությունն իր զարգացումներով շարունակում է մնալ միջազգային մամուլի էջերում: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել են և թուրքական պարբերականները: «Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը, ո՞վ է Փաշինյանը»` վերնագրել է իր հոդվածը թուրքական Hürriyet-ի սյունակագիր Ներդուն Հաջիօղլուն: Վերջին շաբաթներին նա պարբերաբար անդրադարձել է զանգվածային ցույցերին: «Դեռ երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը դրժել է իր խոստումը, նա հագավ զինվորական գունավորմամբ հագուստներ ու փողոց դուրս եկավ»,- գրում է Հաջիօղլուն և պատմում Փաշինյանի անցած քաղաքական ուղու մասին: «Ժողովուրդը նրան «հայ Չե Գևարա» է կոչում, իսկ Փաշինյանն ինքն իրեն Նելսոն Մանդելային է նմանեցնում»,- գրում «Hürriyet»-ի սյունակագիրը, ընդգծելով՝ նա ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ է պայքարում:


Bianet-ը գրում է «Նիկոլ Փաշինյանը կսահակաշվիլիանա»: Մուստաֆա Էրդեմոլը զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի և Վրաստանի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու միջև: «Գուցե վաղաժամ կանխատեսում է, բայց եթե Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսպես շարունակի, երկրորդ Սաակաշվիլին կդառնա»,-գրում է նա` ընդգծելով՝ «հայ առաջնորդը չպետք է կրկնի Սաակաշվիլիի սխալը, նա չպետք է հույսը դնի Արևմուտքի և ԱՄՆ-ի վրա»:
«Anadolu»-ն «Հայաստանում իշխանությունը ցնցած Փաշինյանը» հոդվածում մանրամասն անդրառնում է համաժողովրդական շարժման ղեկավարին: «Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում էլ էր հայտնի իր ընդդիմադիր կեցվածքով, Հայաստանում վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացի ճարտարապետը դարձավ»,- գրում է Anadolu-ն:


Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները, գործակալությունն արձանագրում է, թե նրա՝ վարչապետ դառնալու պարագայում հայ-թուրքական հարաբերությունների հարցում փոփոխություն չի լինի:
Odatv-ն էլ, մեկնաբանելով հայաստանյան իրադարձությունները, գրում է՝ «հակաիշխանական ցույցերի և գործադուլների միջոցով Երևանում կյանքը կանգնեցրած Փաշինյանը քայլ առ քայլ գնում է դեպի հաղթանակ»: Haberler-ն էլ արձանագրում է՝ «մայիսի 8-ին Հայաստանը նոր վարչապետ է ընտրելու»:


Հայաստանյան իրադարձություններին պարբերաբար անդրադարձել են Milliyet, Cumhuriyet, Sabah, T24 պարբերականները, նաև NTV-ն, HaberTürk-ը, YeniVakit-ը, TRTHaber-ը, GazeteVatan-ը, BBC-ի, Sputnik-ի, Deutsche Welle-ի, Euronews-ի թուրքական ծառայությունները: Հայկական պարբերականներից իրադարձությունները լուսաբանել են «Ակօսը», «Ժամանակը», «Նոր «Մարմարան»:


Լեհաստանի «Газета выборча» գրում է, որ հայկական ապստամբությունը Կրեմլում առանձին հույզեր չի հարուցում` «Պուտինի մարդիկ» վստահ են, որ ոչբարեկամական հարևաններով շրջապատված Հայաստանը կարող է դիմանալ միան Մոսկվայի տնտեսական ու ռազմական աջակցության: Պուտինը լուրջ անհանգստության պատճառ կունենա, եթե հայ ընդդիմադիրները կարողանան ոչ միայն կենտրոնացնել իշխանությունն իրենց ձեռքում, այլև ցույց տալ, որ «Մայդանը ոչ միշտ է սարսափելի»: «Политика»-ն գրում է` մի կողմից` հայ երիտասարդները հիմա ավելի շատ հավատում են Արևմուտքին, քան «մոսկովյան միրաժներին», մյուս կողմից` Հայաստանը բնավ չի պատրաստվում կապերը խզել Մոսկվայի հետ և Մոսկվան դա հասկանում է ու հանգիստ հետևում է իրավիճակի զարգացմանը: Կշարունակի Ռուսաստանը ձեռնպահ մնալ ուժային մեթոդներից, դժվար է ասել, ամենայն հավանականությամբ` կշարունակի: Թեպետ եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կարող է սահմանափակել Կրեմլի հետ կապված օլիգարխների ազդեցությունը և նեղել ռուսական բիզնեսին Հայաստանում` դա է նրանից սպասում հայ հասարակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միջազգային մամուլը Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է իբրև սենսացիայի և անվերջ շեշտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Բոլորը նկարագրում են իրավիճակը, կանխատեսումներ անում են շատ քչերը: Ամփոփելով հրապարակումները` ակնհայտ է դառնում.
1. ՄԱԿ-ի ու միջազգային տասնյակ կառույցների անդամ Հայաստանը աշխարհում չի ընկալվում ինքնիշխան պետությու, և դա պետք է դառնա ոչ միայն տեղեկատվական ու քարոզչական, այլև բուն քաղաքականության գլխավոր խնդիր:
2. Հետխորհրդային հանրապետություններին ընդհանրապես Արևմուտքը վերաբերվում է որոշակի վերապահումներով` համարելով Ռուսաստանի ազդեցության գոտի, միայն Բալթյան երկրներին, Վրաստանին ու Ուկրաինային է հաջողվել այդ կարծրատիպերից ազատվել: Հայաստանը ևս կարծրատիպերից դուրս բերելու գործը միայն դիվանագետներինը չէ: Սա լուրջ ու տևական ծրագիր պետք է լինի, որի վերջանարդյունքը ներդրումների համար գրավչություն ապահովելն է:
3. Սենսացիաներն արագ են հնանում, կարևոր է, որ Հայաստանը մնա միջազգային մամուլի ուշադրության կենտոնում` ապահովելով դրական իմիջ ու դառնալով պաշտպանություն:

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ