Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը ՀՀԿ-ին

Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը ՀՀԿ-ին
02.05.2018 | 10:40

Երեկ 9 ժամ ամբողջ Հայաստանի ու գուցե սփյուռքի ուշադրությունը գամված էր խորհրդարանին: Դեռ գիշերը պարզ էր, որ ՀՀԿ-ն մտադիր է «ոչ» ասել Նիկոլ Փաշինյանին, բայց Հայաստանում այնքան արագ ու անսպասելի են փոխվում իրավիճակները, որ քանի դեռ փաստ չէ, ամեն ինչ հնարավոր է: 45 կողմ, 56 դեմ ձայներով երեկ Աժ-ն արձանագրեց, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին վարչապետ: Չի հավատում, չի համոզվում, չի վստահում` ՀՀԿ-ի մասով: Իրականում մայիսի 1-ը պիտի լիներ Նիկոլ Փաշինյանի բենեֆիսը, բայց դարձավ ՀՀԿ-ի հակաբենեֆիսը: Հայաստանում 20 տարի իշխող կուսակցությունը երեկ հանրությանը ներկայացավ ամբողջ գունապնակով, պարզվեց` անգույն: Տասնյակ ելույթները ոչ քաղաքական էին, ոչ կուսակցական: ՀՀԿ-ի սովորական հունով էին` դեմագոգիա, սոփեստություն տղամարդկանց մասով, զգացմունքային` կանանց մասով: Փաստացի` ՀՀԿ-ն ոչ թե թուլացրեց, այլ ավելի խորացրեց ու ծավալեց լարվածությունը` ակնհայտորեն ասելիքի պակասից: Ի՞նչ արեց երեկ ՀՀԿ-ն.


1. ՀՀԿ-ն հակառակ գնաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, որ ասել էր` ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր: Մի քանի ժամ ՀՀԿ-ականները փորձում էին ապացուցել, որ ճիշտը իրենք են, սխալը` Նիկոլը: Ստացվեց հակառակը: Ավելի ստույգ` երկու կողմերն էլ ապացուցեցին, որ ճիշտ չեն ու չեն ընդունում միմյանց տեսակետը: Իսկ երրորդ տեսակետ չկա:


2. Առաջին հայացքից ՀՀԿ-ն ընտրել էր ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր հարցերում Նիկոլ Փաշինյանին անտեղյակ ու անպատրաստ ներկայացնելու մարտավարությունը: Ներքին ու արտաքին սպառնալիքների շահարկումով, անվայել հռետորաբանությամբ ու քայլերով: Հարցերի, հետո նաև ելույթների բնույթն ու քանակը, առավել ևս որակը ի ցույց դրեց, որ ՀՀԿ-ի մտահոգությունն է` Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնա, ոչ թե երկրի ապագան և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: Նրանք, չգիտես ինչու, չեն տեսնում փողոց դուրս եկած հազարավոր մարդկանց ու չեն լսում նրանց և շարունակում են այս ամենի մեջ մեղավոր համարել Նիկոլ Փաշինյանին, փողոց դուրս եկածներին, սփյուռքի հայերին, արտասահմանյան միջատությունը, բայց ոչ իրենց: Երեկվա հատուկ նիստի ելույթներով ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ բազմապատկի փողոց դուրս եկողների թիվը:


3. ԱԺ-ն ինքն իրեն տարավ փակուղի` մեկ շաբաթով: Մայիսի 8-ին երկրորդ անգամ ԱԺ-ն պիտի վարչապետ ընտրի, այս անգամ պատգամավորների 1\3-ի առաջարկով` 35 ձայն է պետք Նիկոլ Փաշինյանին նորից առաջադրելու համար: Դատելով նրա ստացած 45 ձայներից` խնդիր չէ, բայց իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ մի շաբաթից հայտնի չէ` ի՞նչ կմնա Նիկոլ Փաշինյանի 45 ձայնից` կավելանա՞, թե՞ կպակասի: Բացի այդ` չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միավորվեն ու իրենց թեկնածուն առաջադրեն, կամ` թեկնածու առաջադրի ՀՀԿ-ն:


4. Երկրորդ անգամ վարչապետ չընտրելու պարագայում` ԱԺ-ն լուծարվում է: Գործող Ընտրական օրենսգրքով` ռեյտինգայինով, ու գործող ԿԸՀ-ով և ՀՀԿ-ի վարկանիշով ընտրությունների արդյունքները երկու կողմերն էլ չեն ընդունելու: Բոլոր ընթացակարգերով Ընտրական օրենսգիրք փոխելու ու նոր ընտրություններ կազմակերպելու համար կես տարի է պետք: Բայց այդ կես տարին ունենալու համար ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի: Ստացվում է փակ շրջանակ, որը չի բերում իրավիճակի լիցքաթափման կամ հանգուցալուծման:


5. ՀՀԿ-ն երեկ «կորցրեց» անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանին, որ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին և Գրիգոր Ավալյանին: Նա բացակա էր, հետո հայտնի դարձավ, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Աժ նախագահին:


6. Սկզբունքային կորուստ ունեցավ ՀՅԴ-ն` Աղվան Վարդանյանին, որ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, վտանգի կանխազգացում ունեմ, չեմ կարող վստահ լինել, որ սա ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», «Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել պարոն Փաշինյանի օգտին: Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել, քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Ես ՀՅԴ-ական եմ, որի խմբակցությունը կողմ քվեարկելու որոշում ունի: Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»: Կես ժամից ՀՅԴ-ն պահանջեց մանդատը վայր դնել` կուսակցական կարգապահությունը խախտելու պատճառով:


7. Անհավասարակշիռ ելութներ էին ունենում և ՔՊ-ի պատգամավորները: Եթե Սասուն Միքայելյանի հուզական ու զայրացած, տեղ-տեղ գոռգոռոցով խոսքը ինչ-որ բացատրություն գուցե ունի, Արարատ Միրզոյանի «գաղափարադաստիրակչական» ելույթը լարված մթնոլորտում այնքան անտեղի էր, որ եթե բոլոր պատգամավորները վճռած լինեին Նիկոլ Փաշինյանին ձայն տալ, նրա ելույթից հետո հակառակը կանեին: Փողոցն ու խորհրդարանը տարբերել է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ առավոտից նրան էին սպասում հազարավոր մարդիկ, և կոչ արեց տոտալ դասադուլի ու գործադուլի, փողոցները փակելու: Այսինքն` կողմերից ոչ մեկը մտադիր չէ հրաժարվել իր տեսակետից: Ցավալին մարդկային հարաբերությունների ճգնաժամն է: Համերաշխության ու սիրո հեղափոխության շրջանակներում միմյանց տեսակետների նկատմամբ անհամերաշխության ու ատելության այնպիսի հորձանք է հորդում սոցցանցերում, որ միայն ու միայն մեկ գնահատական կարող է ունենալ` արհամարհանք: Արհամարհանքը չի աշխատի, եթե անհանդուրժողականությունն ու լկտիությունը դուրս հորդի փողոց: Կլոնավորել Նիկոլ Փաշինյանին ու տեղակայել ամեն փողոցում ռեալ չէ, իրավիճակը վերհսկողությունից դուրս գալու համար արդեն ոչինչ պետք չէ: Ու ի՞նչ: Այսօր արդեն նոից փակվել են փողոցներն ու «Զվարթնոց» օդակայանի ճանապարհը: Ի՞նչ գնով է կաթվածահարվում Երևանը ու ինչքա՞ն ժամանակով:


Հրայր Թովմասյանը ճիշտ ժամանակին գնաց Սահմանադրական դատարան` նրա գրած Սահմանադրությունը ստեղծել է սահմանադրական ճգնաժամ: Եթե պատճենում էր Գերմանիայի Սահմանադրությունը, գոնե ճիշտ պատճեներ` գերմանացիները կանցլերի ընտրության ու նոր կառավարության կազմավորման համար կոնկրետ ժամկետներ չեն դնում` Բունդեստագի սեպտեմբերի ընտրություններից հետո Գերմանիան միայն մարտին կառավարություն ձևավորեց: Եվ այդ ընթացքում շարունակում էր ունենալ պրոֆիցտով բյուջե ու աշխատող կառավարություն: Գերմանացիները փողոց դուրս չէին գալիս ու չէին պահանջում արտահերթ ընտրություններ, որովհետև ոչ ոք չէր կասկածում ընտրության արդյունքներին ու չէր բողոքում Անգելա Մերկելի չորրորդ կանցլերության դեմ: Իսկ պե՞տք էր Հայաստանին խորհրդարանական կառավարումը իր չկայացած կուսակցական համակարգով, եթե կուսակցություններն անկախ չեն ու չեն առաջնորդվում պետության շահով` փոխադարձ անվստահության ու անհանդուրժողականության այսպիսի մթնոլորտում:

Դիտվել է՝ 3458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ