Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ժամանակի կրակե շապիկը

Ժամանակի կրակե շապիկը
29.04.2018 | 14:17

Եթե աշխարհում մնացել են հրաշքների հավատացող հայեր, երանի նրանց: Նրանք իրավիճակների մակերեսով սահող ու օրվա իրադարձությունները օրվա մեջ տեսնելու ու անցնելու սքանչելի որակն ունեն` առանց հիշողության, առանց համադրման ու առանց տրամաբանությանը դիմելու` նրանք իրավասու են անել եզրակացություններ ու բավարարվել իրենց հանճարեղությամբ, հաջողակությամբ, միով բանիվ` քաղաքացիական պայմանագրի մեջ են: Ու՞մ հետ: Իսկ ու՞մ հետ են ընդհանրապես կնքվում պայմանագրերը: Պետության: Առավել կոնկրետ` իշխանության:


Ես, հարկավ, խորին ակնածանք ունեմ համաժողովրդական շարժումների նկատմամբ, մարդու ազնիվ պոռթկումն ու արդարության տենչը եզակի իրողություններ են, որ երբեք հնարավոր չէ ոչ կեղծել, ոչ բեմադրել, ոչ խաղարկել: Ու դա աշխարհում գոյություն ունեցող հարգանքի արժանի սակավաթիվ երևույթներից է: Իսկ երբ արդարության պոռթկումը համակում է հազարավոր մարդկանց, ավելին է քան ակնածանքն ու հարգանքը: Դա սենսացիա է: Իսկ յուրաքանչյուր սենսացիա ունի իր նախապատմությունն ու նպատակը: Նախապատմությունը թողնում եմ ձեր երևակայությանը, շարադրում եմ կասկածահարույց ու անհավատալի փաստեր, որ կատարվեցին ձեր աչքի առաջ.


1. Նիկոլ Փաշինյանը 14 օր Գյումրիից քայլեց Երևան, ցուցադրական ելույթ ունեցավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ու` Սերժ Սարգսյանը հրաժարվեց:


2. Նիկոլ Փաշինյանը ընդամենը երկխոսության հրավիրեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ու… ՀՀԿ-ն հրաժարվեց նրա թեկնածությունն առաջադրել վարչապետ: Նույնիսկ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Ավելին` ասաց. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել»: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ևս համարյա մեկ շաբաթ է տրված, ու նա առանձնապես չի դիմադրում: Ինչպես ուզում եք անվանեք, բայց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անցած ժամանակը ՀՀԿ-ի համար փաստացի զտման ու կողմնորոշման շրջան էր, որի ընթացքում ՀՀԿ նախագահը, որ շարունակում է մնալ գործընթացների կենտրոնում, պարզեց իր իրական հավատարիմներին, տատանվողներին ու խաղեր տվողներին: Արդյունքում` ձևավորվելու է նոր ՀՀԿ` նոր իշխանության համար:


3. Գագիկ Ծառուկյանը, որ պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել, որ ներեց 2015-ի փետրվարը ՀՀԿ-ին ու 2017-ին խաղաց նրա խաղը, մեկ անգամ հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ու հրաժարվեց առաջադրել իր թեկնածությունից ու ՀՀԿ-ից և «Կենտրոնի» եթերով հայտարարեց, որ խմբակցությունը մայիսի 1-ի հատուկ նիստում ձայնը տալու է «ժողովրդի թեկնածուին»:


4. Ոչ մի տեղից Հայաստանում բռնկվեց հեղափոխություն ու Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց` ԵՄ, ԱՄՆ Պետդեպի հայտարարություններ: Համեմատության համար` նույնիսկ 2008-ի մարտի 1-ից հետո հայտարարություններ չեն եղել: Եվ համաժողովրդական շարժման «հերոսի» հետ հերոսացվում է ՀՀ վարչապետը, որ տեսավ ու լսեց իր ժողովրդին, իսկ դա, ինչպես ԱՄՆ-ի թերթերն են գրում` մեր ժամանակներում ամեն օր չի լինում:


5. Կրեմլը այնքան հանգիստ է, ասես` ոչ մի տարբերություն Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Եվ այդ հանգստությանը հաջորդում է Նիկոլ Փաշինյան հայտարարությունը` «Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին»: Ավելին` «Ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհներով»: «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ»: «Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խոր և համապարփակ համագործակցության և ԵԱՏՄ պայմանագրերին»:


6. Անգամ Դավիթ Հարությունյանն է սկսել «խնդիրներ» տեսնել ՀՀԿ-ի գործունեության մեջ` «Հիմնական խնդիրը մեկ կուսակցության կողմից քաղաքականության մենաշնորհայնացման վտանգը չըմբռնելն է մեր կողմից՝ ՀՀԿ-ի կողմից»: «Բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրի զարգացման որոշակի փուլում իշխանության որոշակի մենաշնորհայնացումը որոշակի կուսակցության կողմից թույլ է տալիս որոշակի ուղղություններով առաջ շարժվել ավելի հաստատուն: Սակայն դա չի կարող երկար շարունակվել»:


7. Մեր սքանչելի ոստիկանությունն է հայտարարություններ անում` մեկը մեկից զարմանալի. «Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ ՀՀ ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018-ի մայիսի 1-ին ՀՀ օրենսդիր իշխանության մարմնում, Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով»: «Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար»` հայտարարությունը մայիսի 1-ի մասին է, երբ ԱԺ-ում վարչապետ է ընտրվելու:


8. ՀՅԴ-ն, որ գործնականում ՀՀԿ-ի կցորդն էր դարձել, հեռանում է կոալիցիայից ու նախ որոշում 4 ձայնով, հետո ամբողջ 7 ձայնով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:


9. 14+4-ի ի հայտ գալու պահից, որի բովանդակությանը ոչ միայն «Ելքը» տեղյակ չէր, այլև` ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը բոլորովին չի մտահոգվում «Ելք» դաշինքի ապագայով: Ելքի նկատմամբ նրա քայլերը ոչ միայն գործընկերային չէին, այլև հնարավորն արվում էր` ԼՀԿ-ին ու «Հանրապետությանը» հեռու պահելու «հեղափոխությունից», որը չէր կարող ու չպիտի 3 ղեկավար ունենար, այլ միայն մեկը ու անպայման` Նիկոլ Փաշինյանը: Երևան գալուց հետո քաղաքական դաշտին ուղղված համընդհանուր կոչերի շրջանակում էր նա դիմում դաշինքի գործընկերներին: Ապրիլի 14-ից Ազատության հրապարակի հետ անհետացան բոլոր այն քաղաքական ուժերն ու գործիչները, որ մինչ այդ հարթակից հեղափոխության կոչեր էին անում: Նիկոլ Փաշինյանը պարզ պայման դրեց ու փաստացի նրանց վտարեց իր «հեղափոխությունից»: Նույն խնդրով` ասպարեզում պետք է միայն մեկը լինի: Եվ այդ մեկը իր հրապարակային ցուցադրական ելույթները` «Արմենիա Մարիոթում» չափազանց հանգիստ` առանց ժողովրդին տեղյակ պահելու զուգահեռում էր ցերեկային ու գիշերային հանդիպումներով, որոնց մասին ընդամենը մի քանի տող էր հրապարակում Ֆեյսբուքի իր էջում` առանց մանրամասների: Որևէ մեկը հարցրել է` ինչու՞: Ինչու՞ էր ժողովրդական հեղափոխության ղեկավարը տարբերակում` ում հետ հանդիպել առանց տեսախցիկների, ում հետ հանդիպել լրագողների ներկայությամբ:


10. Համենայն դեպս` մտածելու համար. Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ասել է. «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցությունները վարել ողջամիտ քաղաքական ուժերի հետ, որ կփոխարինեն Սերժ Սարգսյանի ռազմական-բռնապետական վարչակարգին, միջազգային իրավունքի սկզունքների ու նորմերի հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա»:


Իսկ հիմա հարցրեք ձեզ` Նիկոլ Փաշինյանի ուսապարկում այն կախարդական փայտիկը չէ՞, որի որոնումներում էին ՀՀ վերջին վարչապետերը` Տիգրան Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից մինչև Կարեն Կարապետյան: Ո՞վ տվեց այդ փայտիկը նրան, որ ամբողջ իշխանությունը հանկարծ մեկ աչք ու մեկ ականջ դարձավ, որ տեսնի ու լսի …ժողովրդին, որ ՀՀԿ-ի համար միշտ եղել է աճուրդի դրված ընտրազանգված: Ավելի ճիշտ` ինչպես է ժողովուրդը պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Ներքին ու արտաքին դավադրությունների տեսություններ չկան, կան իշխանությունը պահելու ծրագրեր` պլան Ա, պլան Բ, պլան Գ: Յուրաքանչյուրն ունի իր նպատակը, ժամկետը, գործող անձինք ու «ժողովրդին» իբրև բիոզանգված: Դրվում է խնդիրը, որոնվում են կատարողները` ամեն ինչ առավել քան պարզ է, իսկ դուք ասում եք` հեղափոխություն` թավշե, ժողովրդական ու եսիմ էլ ինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թերևս արդեն ոչ ոք չի կասկածում, որ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ: Արագ ավարտեք համաժողովրդական տոնախմբությունը, կամ ինչպես ևս մեկ վարչապետ` Անդրանիկ Մարգարյանն էր ասում` տոնախնդությունը: Պլան Բ-ն է գործում` «Իրավահաջորդ» ծրագրից, որի առաջին, երկրորդ ու երրորդ արարները ընդամենը եզրափակիչ ակորդի համար էին, որը կհնչի ինչպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան` հաղթական: Սպասեք ու կլսեք: Նայեք ու կտեսնեք: Ժամանակի կրակե շապիկը այրում է նրան, ում համար չէր կարված: Իսկ ընդհանրապես բոլոր ճանապարհները տանում են Հավերժական քաղաք Հռոմ: Կամ` բերում են: Կարևորը ընթացքն է ու մեկ էլ` արդյունքը:

Դիտվել է՝ 4284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ