Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երեկվա հակահեղափոխական օրը

Երեկվա հակահեղափոխական օրը
27.04.2018 | 11:16

Ուշադրություն դարձրի՞ք` երեկ ինչ արագություն էին հավաքել հայ-ռուսական ու ռուս-հայկական հարաբերությունները: Մինչ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է անում Երևանում ու մարզերում, հուզված կարդում Մարիա Զախարովայի հայտարարությունը և բացարձակապես մոռանում Ֆեդերիկա Մոգերինիի մեկ օրում 2 հայտարարությունը, Պետդեպարտամենտի ու ԵՄ-ի, Հայաստանի կառավարության ժամանակավոր պաշտոնակատարները Մոսկվայում ճշտումներ են անում` օրինակ` ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ «քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում»: Մոսկվայում է Արմեն Գևորգյանը` չգիտես ինչու` հանդիպում է ՌԴ նախագահի աշխատակազմի անհայտ անդամների հետ, որ հանդիպումները չեն հաստատում:

Բայց ամենակարևորը` ոչ թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այլ` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին է զանգահարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` քննարկելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը` հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017-ի ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին վարչապետի ընտրության կարևորությունը»: Վերջ: Հարցը փակվեց: Թավշե հեղափոխությունը բախվեց Կրեմլի սառը պատին: Ռուսական ձևական չեզոքությունն ավարտվեց` ինչով պիտի ավարտվեր: Թեպետ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիվանագիտորեն շարունակում է հայտարարել` որոշումը, թե ո՞վ է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում` հիմնվելով հանրային փոխհամաձայնության վրա:


Փոխհամաձայնության մասին: Երեկ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ նախորդ քննարկումը ձախողվեց, քանի որ Կարեն Կարապետյանը չէր ներկայացնում ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: «Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»: Եվ` շեշտեց, մեկ կոնկրետ պայման կա` ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում:
Իսկ ի՞նչ իմաստ ունի քննարկումը, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու, իսկ Պուտինը որոշում է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017-ի ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա` ընդգծելով ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին վարչապետի ընտրության կարևորությունը: ՀՀԿ-ն կառաջադրի Կարեն Կարապետյանին, ու՞: Նիկոլ Փաշինյանը կշրջափակի Բաղրամյան 19-ը, Կարեն Կարապետյանը` Հայաստանը: Ռուսաստանից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Զարմանալի ու արդեն անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի ջերմ նվիրվածությունը Ռուսաստանին ու համառ հավատը, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Դեռ երեկ նա հայտարարել է. «Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»: Հավանաբար Նիկոլ Փաշինյանը սպասում է պաշտոնական հաղորդագրության ՌԴ ԱԳՆ-ից կամ ՌԴ նախագահի մամլո քարտուղարից, որտեղ բառացիորեն ասված լինի. «Մենք միջամտում ենք Հայաստանի ներքին գործերին»: Նա դեռ հայտարարում է, որ «Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»: Իսկ գուցե «թյուրմացություն է» հայ-ռուսական հարաբերությունների բովանդակության նրա ընկալու՞մը:


…Եվ դուք դեռ կհիշեք Սերժ Սարգսյանին ու կմոռանաք ԵՄ-ՀՀ համաձայնագիրը` խոր խրվելով եվրասիական տարածքում, որտեղ հեղափոխություններ չեն լինում: Ընդհանրապես: Իսկ եթե լինում են, ավարտվում են` վերադառնալով ելակետ: Արդեն տաֆտալոգիա է դառնում կրկնելը, որ համակարգի դեմ միայն համակարգը կարող է պայքարել` անձի դեմ անձի պայքարը, կամ անձի պայքարը համակարգի դեմ, թեկուզ թիկունքում փողոց ունենալով, համակարգը հանգիստ կարող է զրոյացնել կամ չեզոքացնել իր կառույցներով ու կապերով:

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ