Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ո՞վ է ո՞ւմ խաբում` Պուտի՞նն Էրդողանին, թե՞ Էրդողանը Պուտինին

Ո՞վ է ո՞ւմ խաբում` Պուտի՞նն Էրդողանին, թե՞ Էրդողանը Պուտինին
08.04.2018 | 11:26

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Մոսկվան որոշել է արագացնել Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Հայտարարվեց նաև համատեղ արտադրության կամ С-400-ների տեխնոլոգիան Անկարային փոխանցելու հնարավորության մասին: Պայմանագրի բանակցությունները հեշտ չէին, հիմնական հարցերը համաձայնեցվել էին 2017-ի ամռանը: Դեմ էին ԱՄՆ-ը, Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերնեը, թեպետ Անկարան Վաշինգտոնի հետ բանակցում էր Patriot զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցով: Բայց ԱՄՆ-ը, ինչպես հայտարարեց Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, «չափազանց երկար էր առևտուր անում», մինչդեռ Ռուսաստանը մեծ ճկունություն դրսևորեց գնի հարցում և առաջարկեց ավելի շահավետ պայմաններ ու ծառայություններ: Կալինը հասկացրեց, որ Անկարան կշարունակի բանակցությունները Patriot գնելու հարցով, եթե Վաշինգտոնը «բավարարի պահանջվող պայմանները»: Նրա խոսքով հիմա «գնդակը ԱՄՆ-ի կողմում է, չնայած մեր անդամությանը ՆԱՏՕ-ին, մենք մեծ խնդիրներ ունեինք հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովման հարցում, որոնց կարիքն ունենք, բայց մեր արևմտյան դաշնակիցները մեզ այդ համակարգերը չտրամադրեցին»: Անկարայի վրա ճնշում էր գործադրում և Բրյուսելը, որ հայտարարում էր` С-400-ները «հնարավոր չէ ինտեգրել ՆԱՏՕ-ի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգում»: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կյորտիս Սկապարոտին հայտարարում էր` Վաշինգտոնը հույս ունի, որ Անկարան կհրաժարվի ռուսական համակարգերը ձեռքբերելուց և նախազգուշացնում էր «հետևանքների» մասին: ՌԴ նախագահի Անկարա այցի նախօրեին ԱՄՆ դեմոկրատ սենատորների մի խումբ դիմեց Պետդեպարտամենտին պահանջելով բացատրել` պետք չէ՞ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ С-400-ները գնելու պատճառով` կիրառելով «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» օրենքը (CAATSA), որ նախատեսում է միջոցներ ռուսական ռազմաարդյունաբերական համակարգի հետ «նշանակալից» գործարքներ կնքած երկրների դեմ: Հավանաբար, կանխատեսելով իրադարձությունների այդ ընթացքը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդգծում էր, որ Անկարան «պատրաստ է պատասխան քայլերի ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ասում էր` «Չնայած սխալներին, որ ԱՄՆ-ը անում է Սիրիայում, Անկարայի ու Վաշինգտոնի բանակցությունները Patriot զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ այլընտրանք չեն Ռուսաստանից С-400 ձեռքբերելուն»: Մի խոսքով` թուրքերը ամերիկացիների ու ռուսների հետ մինչև վերջ առևտուր էին անում, օգտագործում էին տարիներով մշակված դիվանագիտական հնարքները` շատ փորձագետների լուրջ հիմքեր տալով կասկածել, որ С-400-ների գործարքը կարող է չկայանալ: Առավելևս, որ Պետդեպարտամենտը զգուշացնում էր Անկարային, որ բանակցում է ռուսական զենքի արտասահմանյան բոլոր գնորդների հետ` համառորեն «համոզելով» հրաժարվել պայմանագրերից` ԱՄՆ պատժամիջոցների վախից: Միայն հիմա, ինչպես հաղորդում է Haberturk պորտալը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Վաշինգտնոը որոշել է Թուրքիային առաջարկել Patriot-ի լիցքավորիչների համատեղ արտադրություն` «մտադրությունների հուշագիր» ուղարկելով: Առաջիկայում Անկարա պետք է մեկնի Պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերի վարչության պետ Թինա Կայդանովը և բանակցի այդ թեմայով: Վաշինգտոնը գայթակղում է Անկարային և F-35 կործանիչներով: Թուրք փորձագետները ընդգծում են, որ եթե Անկարան որոշի Patriot-ներ գնել, դա կլինի բացառապես քաղաքական որոշում, քանի որ ԱՄՆ այդ զենիթահրթիռային համակարգերն արդեն շրջանառությունից դուրս են գալիս: С-400-ները նրանց գերազանցում են շատ չափորոշիչներով: Ավելին` Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային օդատիեզերական ժամանակակից համակարգերի ստեղծման մեջ, բացի С-400-ներից, РЛС-ներից ու մարտական կառավարման համակարգերից, որ «կինտեգրվեն Թուրքիայի ունեցած հնարավորություններին հակաօդային ու հակահրթիռային պաշտպանական համակարգերում»: Թուրքան կարող է ունենալ հակաօդային պաշտպանության երեք տարբեր համակարգեր` Patriot և Hisar, որոնք ինտեգրված են ՆԱՏՕ-ի համակարգում, իսկ С-400-ները կարող է ինքնուրույն օգտագործել: Hürriyet-ը, մեկնաբանելով իրավիճակը, գրում է. «Փաստը, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական համագործակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ենթադրում է կարևոր մարտահրավեր արևմտյան աշխարհին Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեգծի տեսակետից»: Անկարան Մոսկվայի հետ համատեղ գործում է Սիրիայի ապագայի ձևավորման ուղղությամբ, չնայած որոշ տարաձայնություններին: Այդ պատճառով Hürriyet-ի կարծիքով` Թուրքիայի ու Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը ավելի մեծ նշանակություն է ստանում, քան երբևէ, և «Էրդողանը արևմտյան աշխարհին, նախևառաջ ԱՄՆ-ին ազդանշան է ուղարկում. որ իր ձեռքին թույլ խաղաքարտեր չեն և ինքը կարող է դեմքով շրջվել դեպի Արևելք և զգացնել է տալիս, որ Թուրքիան առավել անկախ գործողությունների հիանալի տարածք ունի»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Թուրքիայի հարևաններն են` հյուսիսում Բուլղարիան, ծովային սահման ունի Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի հետ, ծովային ու ցամաքային սահման Վրաստանի հետ, արևելքում` Հայաստանը, Ադրբեջանը (Նախիջևանը), Իրանը, հարավում` Իրաքը, Սիրիան, ծովային սահման ունի Կիպրոսի հետ: Ո՞ր երկրից է Թուրքիան պաշտպանվում: Կամ` ո՞ր երկրի վրա է պատրաստվում հարձակվել: Իհարկե, ժամանակակից զինատեսակներն այնպիսին են, որ միայն հարևաններիդ հարձակումից չպիտի պաշտպանվես ու հարևաններիդ վրա հարձակվելու հնարավորությունները մեծացնես: Բայց հարևանիդ հարևանի վրա հարձակվելու համար պիտի հարևանիդ օդային տարածքն օգտագործելու իրավունք ունենաս: Միով բանիվ` սպառազինությունը զուտ քաղաքական գործիք է Էրդողանի ձեռքում: Իսկ Ռուսաստանը սրում է այդ գործիքը` Անկարային ՆԱՏՕ-ից պոկելու համար: Երբ Հայաստանը հայտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքում, Մոսկվան գերժամանակակից զենքերը Հայաստանին պետք է տա ոչ թե վարկով, այլ նվեր, որովհետև տարածաշրջանը վառոդի տակառ է դարձնում իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Իսկ ցանկացած զենք իր կյանքում գոնե մեկ անգամ կրակում է: Ում կպավ` կպավ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ