Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Թրամփը Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն, հետո՞

Թրամփը Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն, հետո՞
03.04.2018 | 11:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպել Վաշինգտոնում: Առաջարկը եղել է դեռ մարտի 20-ին, երբ նա շնորհավորել է Պուտինի հաղթանակը ընտրություններում` ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: Սպիտակ տունը հաստատել է տեղեկությունը: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ասել է, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը քննարկվել է, բայց մանրամասներ չի հաղորդել: «Ինչպես մարտի 20-ին նախագահ Պուտինի հետ խոսելուց մի քանի ժամ հետո հաստատել է նախագահը` նրանք քննարկել են երկկողմ հանդիպումը «ոչ հեռու ապագայում» մի քանի վայրերում, այդ թվում` Սպիտակ տանը: Առայժմ ոչինչ չեմ կարող հավելել»` ասել է Սանդերսը: «Երբ մեր նախագահները հեռախոսել են, Թրամփն առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում»` ասել է ՈՒշակովը: Հարցին` ե՞րբ կլինի հանդիպումը` տարվա առաջի՞ն, թե՞ երկրորդ կեսին, ՈՒշակովը պատասխանել է. «Դա չի քննարկվել»: Նա նշել է, որ խոսակցությունից հետո հանդիպման նախապատրաստություն չկա: «Եթե ամեն ինչ նորմալ լինի, ես հույս ունեմ, որ ամերիկացիները չեն հրաժարվի հանդիպումը քննարկելու հնարավորությունից»` հավելել է ՈՒշակովը: Նրա խոսքով` Լոնդոնում Սերգեյ Սկրիպալի ու դստեր թունավորման դիվանագիտական կոնֆլիկտի համապատկերում «ժամանակ չի եղել դա քննարկելու և մարդ չկար քննարկելու», թեպետ Ռուսաստանը հանդիպումը համարում է «չափազանց կարևոր ու անհրաժեշտ երկու երկրների ու ամբողջ միջազգային հանրության համար»:


ԱՄՆ-ն անցյալ շաբաթ որոշեց երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների Սկրիպալների թունավորումից հետո, փակել Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսությունը` համաձայն լինելով Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ, որ կատարվածի պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա: Վաշինգտոնի որոշումից հետո այլ երկրներ, այդ թվում` եվրոպական, հայտարարեցին տասնյակ դիվանագետների արտաքսման մասին: Ի պատասխան Ռուսաստանը, որ հերքում է Սկրիպալների թունավորման հետ իր կապը, իր տարածքից արտաքսել է այլ երկրների նույն թվով դիվանագետների: Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ է դարձել 2017-ի սկզբին և այդ ժամանակից Պուտինի հետ հանդիպել է երկու անգամ` հուլիսին Համբուրգում, մեծ 20-յակի գագաթնաժողովում և նոյեմբերին Վիետնամում АТЭС-ի գագաթնաժողովում: Երկրորդ անգամ նրանք միայն միմյանց ձեռք են սեղմել ու հընթացս մի քանի բառ են փոխանակել լուսանկարվելու արարողության ժամանակ: «Լիարժեք բանակցություններ АТЭС-ի գագաթնաժողովում չկայացան` ամերիկյան կողմի անբավարար ճկունության պատճառով»` ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ВВС


Հ.Գ. Սկրիպալները թունավորվել են մարտի 4-ին, Թրամփը Պուտինին զանգահարել է մարտի 20-ին, երբ արդեն Մեծ Բրիտանիան Ռուսաստանին էր մեղադրել թունավորման մեջ: Թրամփը մի կողմից Պուտինին հրավիրում է Վաշինգտոն, մյուս կողմից` Վաշինգտոնից արտաքսում ռուս դիվանագետներին ու նման «նվեր» ստանում Պուտինից: Ռուսաստանում Պետդուման ու Դաշնության խորհրդի Դաշնային ժողովը գործնականում պետական կառավարման մեջ երկրորդական դեր ունեն և Պուտինն անձամբ է որոշում ինչ անել: ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը հակակշռում են ԱՄՆ նախագահին: Եթե նույնիսկ տարեկեսին կամ տարեվերջին, երբ Սկրիպալների սկանդալը հանդարտվի ու նոր սկանդալներ չհաջորդեն, Թրամփն ու Պուտինը հանդիպեն, ի՞նչ կփոխվի ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում: Սպառազինությունների մրցավազքը կանխող համաձայնագիր կկնքվի՞: Պատժամիջոցների հարցը կլուծվի՞:
ՈՒկրաինայի ու Սիրիայի կոնֆլիկտներում խաղաղության տարբերակ կգտնվի՞:

Պետությունների ղեկավարները սովորաբար հանդիպում են, երբ դիվանագետները նախապատրաստում են օրակարգերը, քննարկվելիք հարցերի պատասխանները հստակեցնում են ու ապահովում են հանդիպման արդյունքը: Ի՞նչ արդյունք կունենա երկու նախագահների հանդիպումը, որ դեռ դիվանագիտական պատերազմի մեջ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ