Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թրամփի խաղը Ռուսաստանի հետ

Թրամփի խաղը Ռուսաստանի հետ
01.04.2018 | 09:27

Հնարավոր է` նախագահ Թրամփի համար սովորական ու հարմար «չար ու բարի ոստիկանի» խաղը Ռուսաստանի հետ կորցնում է իմաստն ու այլևս արդյունավետ չէ: ՈՒրբաթ օրը ՌԴ դեսպանը NBC հեռուստաալիքի Today հաղորդման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն արդեն վերջապես պիտի վճռի ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ: Նա նույնիսկ ակնարկեց նոր սառը պատերազմի հնարավորությունը:

«Ինձ թվում է, որ Վաշինգտոնի մթնոլորտը թունավորված է,-հայտարարեց Անատոլի Անտոնովը:- Մեզնից է կախված` կվճռե՞նք, որ մենք գտնվում ենք սառը պատերազմի վիճակում, թե՞ ոչ»: Սպիտակ տունը Ռուսաստանի նկատմամբ կիառում է միանգամայն անհասկանալի, հակասական մարտավարություն: Թեպետ գործողությունները հաճախ բավականին կոշտ են, նեռառյալ 60 դիվանագետների արտաքսումը և Սիեթլում ռուսական հյուպատոսության փակումն այս շաբաթ, Թրամփն առաջվա պես բացահայտորեն չի վճռում միանալ նրանց, որ դատապարտում են Ռուսաստանին: Անցած շաբաթ նա անտեսեց խորհրդականների հորդորը «չշնորհավորել» Վլադիմիր Պուտինին իր իբր անազնիվ հաղթանակի և նախագահ վերընտրվելու համար և սկսել բրիտանական տարածքում նախկին ռուս գործակալի թունավորման քննարկումը, որի մեղավորը, ինչպես հայտարարել են Բրիտանիան ու Թրամփի վարչակազմը, Ռուսաստանն է: Կատարվածից համարյա մեկ ամիս անց Թրամփը դեռ վճռական դատապարտման խոսք չի ասել Սերգեյ Սկրիպալի ու դստեր թունավորման մասին նյարդակաթվածահարող նյութի միջոցով: Փոխարենը Ռուսաստանին առնչվող Թրամփի վերջին թվիթները արդարացնում են Պուտինին շնորհավորանքը և ընդգծում են հարաբերությունների բարելավման առավելությունները:

Դա, ինչպես ջրի կաթիլը, արտացոլում է Թրամփի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Նա համարյա միշտ ընդգծել է հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը և խուսափել է Ռուսաստանի վրա բարդել միջամտությունը 2016-ի ընտրություններին կամ Սկրիպալների թունավորումը: Նա նաև պատրաստ է եղել ստորագրել պատասխան քայլերի բավականին կոշտ գործողությունների տակ, բայց երբեմն էլ այդ ընթացքում կասկածներ է հայտնել: Կամ Թրամփը չի մասնակցում որոշումների ընդունմանը, կամ որոշել է քաղցրաբլիթ պարզել, քանի դեռ իր վարչակազմում բոլորը թափահարում են մահակը: Այսինքն` նա վճռել է «բարի քննիչ» լինել: Հարաբերությունների բարելավման կոչը այս պահին մի քիչ տարօրինակ է հնչում: Կարծես թե Թրամփը ծարավի է այդ հարաբերությունների բարելավմանը, թեպետ դա առավել ու առավել անհավանական է թվում: Նրա զուսպ գնահատականները Ռուսաստանի վերաբերյալ չեն կարող չափավորել պետդեպարտամենտի տագնապի ազդանշանները:

Թրամփը, կարծես, փաստացի ակնարկում է Ռուսաստանին, որ թույլ չի տա ամեն ինչ չափազանց խորանա, նույնիսկ եթե Ռուսաստանի գործողությունները հարկադրում են ձեռնարկել ավելի վճռական պատասխան քայլեր: Եվ հիմա Ռուսաստանը նրա վրա ճնշում է գործադրում, որ որոշի` ու՞մ կողմից է ու ի՞նչ է ընտրում` հարաբերությունների բարելավու՞մ, թե՞ առավել կոշտ դիրքորոշում: «Երբ պարում են երկուսը, երկուսն էլ պատասխանատու են,- ասաց դեսպան Անատոլի Անտոնովը:- Եթե ԱՄՆ-ը չի ցանկանում տանգո պարել, ես ի՞նչ պետք է անեմ»: Պուտինի հետ պարզապես տանգո պարելու Թրամփի ցանկությունը մշտապես զսպվում է (ապագայի հեռանկարով) կոնկրետ աշխարհաքաղաքական իրողություններով: Հարց է` կընդունի՞ դա Թրամփը երբևէ և կվճռի՞ միասնական ամերիկյան ճակատ բացել Ռուսաստանի ու Արևմուտքի բացահայտ դիմակայության մեջ, որ ավելի շատ է նմանվում սառը պատերազմի: Թե՞ հետագայում էլ կզսպի (և գուցե կխարխլի) իր սեփական վարչակազմի գործողությունները` կառչելով անիրականանալի հույսից:
Արոն ԲԼԵՅՔ, The Washington Post


Հ.Գ. Դասական սխեմա է` մարդը և համակարգը: Չլինելով քաղաքական գործիչ` Դոնալդ Թրամփը իրավիճակին նայում է մարդու տեսակետից, որ ամբողջ կյանքում բիզնես է արել և խորապես համոզված է, որ հակամարտությունը չարիք է, պետք է բարելավել հարաբերություններն ու համագործակցել: Բայց նա հայտնվել է մի համակարգում, որն ունի իր կանոնները, որտեղ հակամարտելն ու համագործակցելը որոշվում են ոչ թե ուղղակի, այլ կոնյունկտուրային շահերով: Թրամփը իրենով փորձում է հավասարակշռել երկկողմ ու բազմակողմ քաղաքականությունը և ժամանակ շահել` հասնելու այն կետին, որտեղ այդ շահերը հնարավոր է համադրել: Կբավարարի՞ ժամանակը, ոչ ոք չի կարող ասել: Առավել ևս, որ համակարգը ջանալու է կոտրել մարդուն, մարդը` հաղթահարել համակարգը: Թրամփը երբեք չի դառնա համակարգի մաս, և դա նրա առավելությունն է, բայց համակարգն էլ նրան երբեք չի ընդունի` ինչպես կա, ու չի ենթարկվի` ունենալով իր իրավասություններն ու նրան զսպելու մեխանիզմները: Նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը կամային որոշում ընդունի ու եկող շաբաթ հանդիպի Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չեն բարելավվի, որովհետև Թրամփի անձնական որոշումից չի կախված ՆԱՏՕ-ի դեպի Արևելքը չընդլայնվելն ու սպառազինությունների մրցավազքին վերջ դնելը նոր համաձայնագրերով, որ կամ չեն վավերացվի, կամ չեն գործի: Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է զինուժը դուրս բերել Սիրիայից, որ վաղուց ցանկանում էր Ռուսաստանը, իսկ Պենտագոնը դեմ է:

Եվ դեռ հայտնի չէ, թե նրա ցանկությունը ի՞նչ ընթացք կունենա` կհեռանա՞ ԱՄՆ-ը Սիրիայից, թե՞ նոր միջադեպեր կլինեն, որ «հիմնավորեն» ամերիկացիների Սիրիայում մնալը: Թրամփը չի կարող անձնապես ընդունել, որ Ռուսաստանի միջամտությամբ է նախագահ ընտրվել, բայց դեմոկրատական կուսակցությունն ու հանրապետականների որոշ մասն էլ այդ մահակը վայր չեն դնի մինչև նրա նախագահության ավարտը, որ նրան կառավարելի պահեն ու կանխեն Ռուսաստանի հետ մերձեցումը, որ կփոխի ուժերի դասավորությունը աշխարհում: Քաղաքականությունն ամենից շատ վախենում է փոփոխություններից և կառչում է իր դիրքերին` մեկ դյույմ նահանջը համարելով համաշխարհային աղետ: Մինչդեռ փոփոխություններն են քաղաքականության արյունը, որ նրան կենսունակ են պահում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ