Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Լավագույն մտադրությունները լավագույն իրականություն դարձնելու բանալին ՀՀՊ-ի ձեռքում չէ

Լավագույն մտադրությունները լավագույն իրականություն դարձնելու բանալին ՀՀՊ-ի ձեռքում չէ
25.03.2018 | 11:23

Հայաստանում միշտ խնդիր է եղել իշխանության ստեղծած վիրտուալ իրականության ու իրական իրականության համադրումը: Վիրտուալ իրականության մեջ Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ աճում է տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճը 7 տոկոս է, օրեցօր ներդրումներ են սպասվում, պայմանագրեր են կնքվում աջ ու ահյակ, ծաղկում են գիտությունն ու կրթությունը, պայծառ-փայլուն ապագայի երաշխիքներ են ստեղծվում: Իրական իրականության մեջ տնտեսական աճը կենսամակարդակին չի հասնում, պետականորեն խթանվում է արտագաղթը, ներդրումները պայմանական են ու պետական պարտքը ավելանում է, իսկ վճարման ծանրությունը դրվում է ժողովրդի վրա հարկերի ու տույժերի տեսքով:


Այս պայմաններում ստեղծվում է զուգահեռ իրականություն` հրապարակային պայքարի տեսքով: Կան մարդիկ, որ հավատում են` եթե ժողովուրդն ընդվզի, քաղաքացիական անհնազանդություն լինի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, բացառվում է, որ քաղաքական հետևանք չունենա։ 300000 մարդ փողոց դուրս գա, ճնշումը տեղ կհասնի։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փակ հանդիպումներ են ունենում` մեծացնելու իրենց շարքերը: Արդյունքները դեռ չեն երևում: Պավլիկ Մանուկյանի հայտնի հայտարարությունների հրապարակումից հետո նրանց հետ հանդիպումից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը: Ասպարեզ չի գա և Սեյրան Օհանյանը: Նրանց չի միանա ՀԱԿ-ը:
Մարտի 23-ին ՀՀՊ-ն իր երրորդ հանրահավաքն արեց և հայտարարեց, որ հանրահավաք են հրավիրելու մարտի 30-ին և ներկայացնելու են ապրիլի 9-ից սկսվող գործողությունները: Ի՞նչ է փոխվելու մեկ շաբաթում, որ առաջինից երրորդ հանրահավաք պակասող մարդիկ հանկարծ բազմապատկվեն:
Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ պատրաստվում են մինչև ապրիլի 9-ը Ազատության հրապարակում կազմակերպել… 2008-ի մարտի 1-ի հանրային դատավարություն, որի վճիռները կիրականացվեն իշխանափոխությունից հետո:
«Դատավարությունը կայանալու է այստեղ՝ հրապարակում, համայն հայության տեսադաշտում, սփյուռքի մասնակցությամբ։ Մինչև ապրիլի 9-ը պետք է կազմակերպենք այդ դատավարությունը՝ բոլոր ատրիբուտներով՝ դատավորով, փաստերի ներկայացմամբ։ Այդ վճիռը կլինի ժողովրդի վճիռը, որը իրավաբանորեն կիրականացվի առաջին լեգիտիմ իշխանության արդար դատարանի կողմից»,- ասաց Մակեյանը, բայց չնշեց, թե մեղադրյալների դերում ո՞վ է լինելու:


Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ են. «Բանակցությունների, քննարկումների մեջ ենք, որ հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի։ Ամեն մեկի հետ խոսում ենք, կարևորությունը ներկայացնում ենք, ներկայացնում ենք մեր մոտեցումները, թե ինչ ենք պատկերացնում, ու ես վստահ եմ, որ սա բերելու է կոնկրետ հաջողության»:


«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կոչ արեց միանալ իրենց պայքարին: «Ասում ենք՝ քիչ ենք: Քիչ չենք: Բացատրություն կա դրան: 25 տարի մեր ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ժամանակի ընթացքում ծախվում են, հենց գումարը տեսնում են, ոտքերը թուլանում են, փախչում են: ՈՒստի հույսներս չպետք է կորցնենք, մեր կյանքը հավերժ պայքար է, հասկացեք»,- ասաց նա: Ինքը պատրաստ է հավերժ պայքարելու՝ հանուն հզոր պետություն ունենալու: «Մենք պետք է պայքարենք, որ մեր կորցրած տարածքները՝ սկսած Նախիջևանից մինչև Արևմտյան Հայաստան վերադարձնենք: Ժամանակի խնդիր է»,- ասաց նա:


Ալբերտ Բաղդասարյանն էլ ասաց, որ խնդիրները Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում չեն կուտակվել, այլ կուտակվել են դեռևս 1990-ականներից, երբ ուզում էինք պետություն կառուցել, բայց ստեղծեցինք պետական համակարգ, որ ժողովուրդը ստրկանա նախագահին: «Մենք առաջարկում ենք ժողովրդին, որ յուրաքանչյուր լսող լսի, որ այստեղ իշխանության կռիվ չի: Ինչքան էլ իշխանության մունետիկները, մամուլի միջոցները փորձեն նման տպավորություն ստեղծել, մեր խնդիրը Հայաստան պետության կառավարման ուղղությունը կտրուկ փոխելն է, ոչ միայն մարդկանց փոխելն է»,- ասաց նա։


ՀՀՊ-ի երրորդ հանրահավաքը արդեն հստակ վկայեց.
1. Երեք շաբաթ խոսում են միայն համախմբման մասին, բայց իրենց գործողություններով ոչնչի չեն հասնում: Ավելին` հրապարակային մակարդակով հայտնի են` ովքեր չեն միանա իրենց ու հայտնի չէ որևէ ուժ կամ անձ, որ կմիանա:
2. ՀՀՊ-ն այդպես էլ չի կարողանում իր ծրագիրը մշակել` իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունները ծրագիր չեն, նպատակ են: Նպատակին հասնելու մեկ ճանապարհ է նշվում` համախմբում: Ինչպե՞ս հարցը ստանում է նույն պատասխանը` համախմբվելով: Դա անլուրջ է:

3. Մարտի 1-ի իրադարձությունների հրապարակային դատավարությունը դառնալու է ոչ թե համախմբող գործոն, այլ հերթական անգամ վկայելու է, որ ՀՀՊ-ի զինանոցում այլ գործիք չկա` բացի 10-ամյա մեղադրանքներ ներկայացնելն ու պաթետիկ ելույթները, որոնք քանիցս կրկնվել են:
4. Ժիրայր Սէֆիլյանի ու ՙԾռերի՚ հետ պորտալարը չկտրող շարժումը ինքն իր համար չհամախմբման պատնեշ է ստեղծում հասարակության այն հատվածի համար, որ մերժում է զինված պայքարը:
5. Իզուր են Ազատության հրապարակի հարթակից ու հարցազրույցներում մեղադրում լրատվամիջոցներին, որ հուսահատություն են սերմանում: Հուսահատությունը հուսախաբությամբ չեն վերացնում:
6. Իշխանությունները կարող են հանգիստ վերաբերվել հանրահավաքներին, երթերին, նստացույցերին ու հացադուլներին, ժողովուրդը տեղից չի շարժվում` նոր ոչինչ չլսելով:
7. Հայաստանում իրականում չի լինելու ՙանիշխանության շաբաթ՚` ինչպես ներկայացնում են հարթակից, ոչ էլ իշխանությունը ՙփողոցում գցած է լինելու՚, ինչպես թվում է Նիկոլ Փաշինյանին, նախ նախագահն էլ, վարչապետն էլ լինելու են ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակում, որ չի կաշկանդում նրանց լիազորությունների կատարումը` մեկ, և երկրորդ` իրենց լիազորությունների մեջ են լինելու ուժային կառույցները` ընդունակ կայացնելու և իրագործելու որոշումներ` բոլոր ածանցյալ հետևանքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ժամանակն է, որ ՀՀՊ-ն մտածի` ինչպես է հեռանալու Ազատության հրապարակից` պահելով դեմքը: Լավագույն մտադրությունները լավագույն իրականություն դարձնելու բանալին նրանց ձեռքում չէ, ու դա ակնհայտ են դարձնում հենց իրենք:

Դիտվել է՝ 3420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ