Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Խստապահանջության իրական թիրախը

Խստապահանջության իրական թիրախը
16.01.2015 | 18:00

Երեկ կառավարությունը նիստ էր անում՝ նոր տարում առաջինը: Ծրագրային ելույթ չլսեցինք, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե խստապահանջ է լինելու: Անկեղծորեն կուզեի, որ վարչապետի այս հայտարարությունը դուրս գար պարզունակ PR-ի շրջանակներից ու իսկապես լուրջ ընկալվեր նախարարների, ոլորտների պատասխանատուների կողմից, որովհետև սխալներ ներելու, ժամանակ վատնելու ռեսուրս երկիրն այլևս չունի: Դասական իմաստով՝ որևէ իշխանության հիմնական առաքելությունն այն է, որ ապահովի հասարակության բարեկեցությունն ու անվտանգությունը՝ բառիս լայն իմաստով: Հասկանալի է, որ մարդկանց կյանքի որակը մեծապես պայմանավորված է հենց կառավարության գործունեությամբ, որովհետև լավ կամ վատ օրենքը կյանքի կոչողը, մարդկանց խնդիրներին լուծում տվող-չտվողը հենց գործադիր իշխանությունն է: Եթե Հովիկ Աբրահամյանը խստապահանջ է եղել նաև անցյալ տարի, ապա նրա խստապահանջությունը համարժեք չի հասկացվել ենթակաների կողմից, որովհետև հատկապես տարեվերջին մեր հայրենակիցները սրընթաց աղքատացան, նրանց եկամուտները պակասեցին, ծախսերը շատացան, իսկ կառավարության ու նրա պատասխանատուների գոյությունն այդպես էլ չէր երևում: Եթե ամեն բան պետք է բացատրվի միջազգային տնտեսական ճգնաժամով, տրանսֆերտների կրճատմամբ, շուկայական տնտեսության կանոններով, ապա անհասկանալի է, թե ինչու ենք հարկատուներիս հաշվին այդքան մեծ պետական ապարատ պահում, ծախսեր անում: Կառավարությունը նրա համար է, որ հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում կարողանա ճկունություն ցուցաբերել, գտնել ճգնաժամի հաղթահարման արդյունավետ լուծումներ: Արդյունավետ օպերատիվ կառավարումն անհրաժեշտություն է, այլապես մարդիկ անգամ իրենց շենքի, կենցաղային հարցերով բողոքի են գնում նախագահական նստավայր: Լավ կառավարությունն այն է, որ իրագործի նախագահի ծրագիրը՝ նրան թիրախ դարձնելու փոխարեն: Իհարկե, կառավարության ավելի գլոբալ առաքելությունն այն է, որ ունենա ստրատեգիական մտածողություն ու ծրագիր և նպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը՝ բարենպաստ գործոնները խրախուսելու, ներքին ու արտաքին ռիսկերը չեզոքացնելու ճանապարհով: Խստապահանջության պահանջը որևէ նախարարի, պատասխանատուի պետք է հուշի, որ անվերապահ նվիրումով կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները: Այդ դեպքում կհամարեմ, որ վարչապետն ու կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա են: Իսկ եթե խստապահանջության դրսևորումը պետք է լինի այն, որ էկրանին տեսնեմ նախարարի վրա մատ թափ տվող վարչապետի՝ կյանքի որակի անկման համատեքստում, ապա կներեք, բայց այդպիսի խստապահանջությունն ընդգծում է միայն վարչապետի, բայց ոչ նորմալ կյանքի ձգտում ունեցող քաղաքացու կարևորությունը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ