Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Գյումրու սպանդի աննախադեպ ցնցումը

Գյումրու սպանդի աննախադեպ ցնցումը
16.01.2015 | 03:46

Քսաներեք տարի քաղաքականության մեջ եմ, շատ իրադարձությունների բովով եմ անցել, տեսել եմ Հոկտեմբերի 27 ու Մարտի 1, ալեկոծված հրապարակներ ու երերացող իշխանություններ, սակայն հակառուսական այնպիսի պոռթկում, որ երեկ տեղի ունեցավ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, երբ մի քանի հազար բորբոքված գյումրեցիներ պահանջում էին արդարություն, չէի տեսել: Հունվարի 12-ի լուսաբացին տոնական թմբիրից դուրս եկող Հայաստանում կատարվել էր աննախադեպ մի ոճիր՝ սպանդի էր ենթարկվել ամբողջ մի ընտանիք: Հանցագործությունն այնքան աննախադեպ էր, որ ոչ ոք չէր ուզում դրանում ազգային կամ քաղաքական բաղկացուցիչ տեսնել: Ամեն բան գլխիվայր շուռ եկավ, ժողովրդի համբերության բաժակը լցվեց, երբ մարդասպանության մեջ կասկածվողը բռնվեց ու պահվեց ռուսական ռազմաբազայում՝ ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Ակնհայտ էր, որ դա եղել է ռուսական կողմի պահանջը, որին, դատելով Հայաստանի դատախազության առաջին արձագանքից, չի կարողացել կամ չի ուզել ընդդիմանալ Հայաստանի իշխանությունը: Այս հանգամանքը ծնեց գլոբալ կասկածը, որ նախաքննությունը ճիշտ հունով չի գնալու, որ հանցագործի ցուցմունքները «ռուսական խմբագրման» կարիք ունեն և այլն: ՈՒ այս կասկածները հիմք, առարկայական հող ունեն, որովհետև ռուսական արդարադատության հիմքում կայսերական մտածողությունն է, որը շատ դեպքերում սեփական ստահակին արդարացնում է, երբ տուժողը կամ տուժողները լինում են այլազգիներ: Նման բազմաթիվ դատավարությունների ականատեսը վերջին տարիներին դարձել ենք մոսկովյան դատարաններում: Նաև ռուսական արդարադատությունը կառուցված է «զանգի» սկզբունքով՝ ներծծված կոռուպցիոն երևույթներով: ՈՒ, բնականաբար, այս իրավիճակում Հայաստանի արդարադատությունն ուղղակի օրինակելի է թվում, մանավանդ որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ըստ այդմ՝ քննությունը պետք է իրականացվի մեր երկրում, մեր օրենսդրությամբ, ու հանցագործն իր պատիժը պետք է կրի հենց Հայաստանում: Այն, որ մարդասպանը տակավին գտնվում է ռազմաբազայում, խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր բնականոն չեն և նույնիսկ արդարադատությունը ենթակա է Մոսկվայի դիկտատին: Երբ մարդասպանության մեջ կասկածվողը բռնվեց ու պահվեց ռուսական ռազմաբազայում՝ ՌԴ իրավազորության ներքո, դա ոչ թե իրավական որոշում է, այլ իրավական տրամաբանության կոպիտ ստորադասում քաղաքական նպատակահարմարությանը: Պատահական չէ, որ ծնվեց ահաբեկչության անշառ «ջրային» վիրավորական վարկածը: Բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե մարդասպան շարքայինը կատարել է իր հրամկազմի կամ ռուսական ղեկավարության հրահանգը, սակայն ռուսական կողմը վախենում է սպանդի ամբողջական բացահայտումից, որովհետև դա լույս կսփռի նաև այն խայտառակ վիճակի վրա, որը տիրում է ռուսական բանակում: Այդ ինֆորմացիան է, որ Մոսկվան համառորեն ուզում է թաքցնել Հայաստանի ժողովրդից, նաև իր հասարակության լայն շերտերից: Երբ իշխանությունների փաստարկները հասարակության համար համոզիչ չեն լինում, ականատեսն ենք լինում նրան, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում: Ռուսաստանի իշխանությունների չմտածված կամ ամբարտավան քաղաքականության ու մեր իշխանությունների անատամ վարքագծի պատճառով՝ Հայաստանում ռուսական հեղինակությունն էապես նահանջեց, իմ տպավորությամբ՝ գրեթե անդառնալի: ՈՒ եթե մեր իշխանությունները չեն ուզում, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Գյումրու 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությունը Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով զարգացող շարժումը հանգեցնի քաղաքական լուրջ ճգնաժամի, ապա պետք է հետևողական լինեն ու կատարեն հասարակության պահանջը: Ի դեպ, գյումրեցիների, ժողովրդի ընդվզումը հիանալի առիթ է, որ մեր իշխանությունները, իրենց թիկունքին ունենալով հասարակության աջակցությունը, մի անգամ գոնե արժանապատիվ կեցվածք դրսևորեն Մոսկվայի հետ հարաբերություններում: «Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև դաժան հանցագործություն է տեղի ունեցել, ինչի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ, իհարկե, իրավունք ունեն գալու այստեղ, իրենց կարծիքը, զգացմունքներն արտահայտելու: Բայց կարծում եմ, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Ես հասկանում եմ դեսպանին. ոչ մի դիվանագետ չի ուզում, որ իր պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերությունները վատթարանան, խնդիրն այնքան քաղաքականացվի, որ հանգի ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջին, սակայն դրա համար Մոսկվայում պետք է ընդունեն, որ Հայաստանը ոչ թե կայսրության ծայրամաս է, այլ գոնե դրա հարևանությամբ գտնվող անկախ երկիր:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ