«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

Գիտական և կեղծարարական  արշավանքներ ի հայս
13.06.2014 | 12:35

Սկզբից ևեթ ընթերցողի տարակուսանքը ընտրածս վերնագրի վերաբերյալ փարատելով շեշտեմ, որ խոսքս ամենևին էլ կործանարար հողմերի նման անցած դարերում Հայաստան արշաված բարբարոսական ցեղերի ու ցեղախմբերի, կամ էլ պարսկական, բյուզանդական, արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական բանակների արշավանքների մասին չէ: Այդ անցած-գնացած ժամանակների վերաբերյալ փաստեմ. վերոնշյալ արշավանքների ընթացքում, օտարների ձեռնարկած առաջին իսկ գործողություններով հայությանը բնաջնջելուց զատ, եղել են նաև պատմական հիշողությունները կրող հայ մարդու մշակույթի` գիր ու գրականության, ազգի հարատևությունն ապահովող կրթության ու մշակութային օջախների` վանքերի ու եկեղեցիների ոչնչացումներ: Ասել է` մեր թշնամիները նույնիսկ մեզնից առավել են գիտակցել, որ ազգի պատմության ու մշակույթի հարատևությ

ունը պայմանավորված է պատմական ու հոգևոր հիշողության և նյութական ժառանգության արժեքներով: Այնպես որ, եթե մարդուն կտրում ես այդ հիշողություններից, ապա մարդը, ասել է թե` ազգը, ժողովուրդը, դառնում է ժամանակների քաղաքականությանը հլու-հնազանդ ենթարկվող զանգված, կամակատար, ստրուկ:

Ընդգծեմ նաև այն, որ ստորև բերվող փաստ-փաստարկներս էլ ամենևին չեն վերաբերելու 19-րդ դարի վերջերից զանազան տեմպերով հայոց պատմության և մշակույթի, էթնոսի ու ինքնության հարցերի վերաբերյալ ժամանակակից Թուրքիայի ու Ադրբեջանի, արևմտյան որոշ գիտնականների ու գործիչների օրըստօրե թափ ստացող ոտնձգություններին: Քանզի ակնհայտ է, որ դա հաստատելու համար որևէ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն չկա: Իմ խոսքն այստեղ վերաբերելու է միայն հենց անկախացած Հայաստանի օրոք օտարների կողմից հայոց պատմության ու մշակույթի նսեմացմանն ու գիտակցված կեղծարարական արշավանքներին զանազան պատճառներով մեր իսկ կողմից տուրք տալուն ու մասնակից լինելուն, որն ընդգրկում է միայն մշակութաբանագիտական ու տնտեսական որոշ բնագավառների խնդիրները: Հարցեր, որոնք մեկ անգամ չէ, որ վերջին տարիներին իրենց արտահայտությունն են գտել ԶԼՄ-ներում: Այս տեսակետից ապացույցների կարիք չունի նաև այն, որ այսօր մեր մշակույթն ու գիտությունը օր օրի դառնում են ավելի խոցելի ու անպաշտպան: Գաղտնիք չէ նաև այն, որ տգիտություններով մակարդված և դրամաշնորհածին «մասնագետները» իրենց օրըստօրե աճող խմբերով ու հասարակական կազմակերպություններով ներխուժում են Հայաստանի պատմության ու մշակույթի, հումանիտար-հայագիտական ոլորտները, որի նկատմամբ, ցավոք, անտարբեր են թե՛ պետության և թե՛ ազգային ու գիտական կառույցները, պետանվտանգության մարմինները:
Հայտնի է, որ կրթական ու գիտական համակարգն առհասարակ զարգացնում է մարդու միտքը, իսկ քարոզչությունը, որի հիմնական զենքը գիտահանրամատչելի, տեղեկատվական, այսպես ասած` հեշտ մարսվող ու ընկալելի միջոցներն են և հեշտությամբ են ազդում մարդկանց զգացմունքների ու գիտակցության վրա, նպատակ է հետապնդում, մարդկանց յուրայիններ ու համախոհներ դարձնելով, քայքայել այս կամ այն ժողովրդի միասնականությունը: Հաճախ էլ դաստիարակությունն ու այդօրինակ քարոզչությունը, հերյուրանքներն ու կեղծարարությունները միախառնվում են իրար, և անհնար է լինում նույնիսկ ճիշտը կեղծիքից զատորոշելը: Այդ հանգամանքով էլ պայմանավորված` երբեմն էլ այդօրինակ մեքենայություններին զոհ են դառնում, ցավոք, նաև հարգանք վայելող և որոշակի վաստակ ունեցող հայ մտավորականներ ու մասնագետներ, ովքեր իրենց թուլակամությամբ ու շահի պատճառով, գիտակցաբար թե անգիտակցաբար, մասնակից են դառնում նաև հակահայ քարոզչությանը: Ասել է` մեր իսկ ձեռքով, նույնիսկ պետական գերատեսչությունների մակարդակով, այսօրվա մեր առաջադեմ ու իրապես հայրենասեր սերնդի կողքին աճում-բուսնում է մի այլ տեսակի հայ սերունդ ևս` սեփական ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ անտարբեր, առավելապես նյութապաշտ ու հաշվենկատ, պարծենկոտ, ժամանցային հայրենասեր-ժառանգորդներ: Հետևապես, երբ մարդը գործում է իր ազգային բնազդին դեմ կամ էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ձևանում, ապա աներկբա հանձնակատար է կամ էլ տուրք է տալիս իր սոցիալական առաջխաղացմանը ու խթանվում է:
Այսպիսով էլ, կարծես թե բնական է դառնում այն երևույթը, որ մեր ազգային ու բարոյական արժեքները նահանջում են ստորադասվող տարբեր սահման ու սահմանագծեր: Միով բանիվ, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի խոսքերով. «Իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի», կամ էլ, Ալբերտ Էյնշտեյնի վկայությամբ, «հիմարությունն այն է, երբ մենք կրկնում ենք նույն սխալները` ամեն անգամ սպասելով նոր արդյունք»: Իրոք, ինչո՞ւ ենք դարեր շարունակ սխալվում և այդ ամենի նկատմամբ, մեղմ ասած, անվայելուչ անտարբերություն ու լռություն պահպանում:
Ժողովրդական կենսափորձում դարեր շարունակ փորձված-իմաստավորված ասացվածքներից մեկը վկայում է, որ «թշնամի ամեն մարդ կունենա, Աստված պաշտպանի բարեկամներից»: Իրոք, մշտապես պետք է մշտարթուն լինել, քանզի բարեկամների (իմա` այս պարագայում ներքին թշնամիների) գործունեությունը միշտ էլ անտեսանելի է կամ էլ ուշադրության չի արժանանում: Այնինչ նույն միս ու արյունից սնվող կամ աներևույթ ներքին թշնամին, ծառի մեջ մտած ու նրանով սնվող որդի նման, ծառը ուտում-չորացնում է, տապալում գետնին: Այս տեսակետից անտեղի չէ հիշել Պարսկաստանի տիրակալ Դարեհ Առաջինին (Ք.ա. 550-486 թթ.), ով նկատի ունենալով հայերիս միասնական ուժի անհաղթահարելիությունը, իրավացիորեն նշել է, որ «հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»:
Հավանաբար, Դարեհի այս միտքը մեր թշնամիները դարեր շարունակ մեզնից առավել են սերտել, ուղեցույց ընտրել և հայկական ուժն ու տաղանդը շարունակաբար գործադրում են հենց ներսից քայքայելու, մեր ձեռքերով դրանք չեզոքացնելու և նսեմացնելու համար:
Եվ այսպես, դիմենք մի քանի փաստերի.
ա¤ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նաև Կովկասի ինստիտուտի տնօրենն է, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանի հետ 1999 թ. համատեղ հրատարակած «Армения: «карабахизация» национальной истории հոդվածում ոչ ավելի, ոչ պակաս գրում են. “Вплоть до середины прошлого века (XIX Չ.- Ա. Ա.)

светской интеллигенции в Армении не было, не существовало и светской общественной жизни, а следовательно, истории в современном смысле этого слова… Для армянского исторического мифа характерна гиперболизация образа и места армянской культуры, а также ее обособления от культуры соседей. В популярном сознании заняла прочное место концепция об армянах-единственном цивилизованном народе, окруженном дикарями. Результатом гипертрофированной этноцентричности явился образ очень обособленной, сугубо национальной культуры” (Сборник статей “Национальные истории в советском и постсоветских государствах”, М. , 1999, с. 148-149).


Վերոնշյալ քաղաքական դատապարտելի միտումից զատ` հեղինակները վերստին թարմացնում և իրենց համար «հատուկ» ընթերցողին ջանում են հուշել-հավաստել, որ ՈՒրարտուն և ուրարտական մշակույթն առնչություններ չունեն Հայաստանի ու հայության հետ, կատարում այլ եզրահանգումներ: Եթե այս ամենը քննարկվեր գիտական խոր ու համակողմանի վերլուծություններով, ապա այն ինչ-որ չափով հասկանալի կլիներ: Սակայն հեղինակների միտումներն այս պարագայում զուտ քաղաքական ու գաղափարական ուղղվածություն ունեն, և այդօրինակ աղավաղումներն ակնհայտ կամ շինծու պատմաշինության փորձեր են, ինչը կրկնակի ցավալի ու դատապարտելի է: Քանզի դա արվում է գիտակցված ու նպատակադրված, և այն էլ` գիտությամբ զբաղվող և քիչ թե շատ ճանաչում ունեցող մարդկանց կողմից: Հանգամանք, որն ակնհայտորեն հաստատում է Թուրքիայի ու Ադրբեջանի կեղծարար գիտնականների առաջ քաշած թեզերն ու հեռահար միտումները:
Նշենք նաև այն, որ վերոնշյալ ժողովածուն Մոսկվայում վերահրատարակվել է նաև 2003 թ., որից հետո հիշյալ հոդվածի հեղինակներից Բ. Հարությունյանը` 1999 թ. հոդվածի հրատարակվելուց հինգ տարի հետո միայն` 2004 թ., Երևանում լույս տեսնող ՀՀ ԳԱԱ «Լրաբեր»-ում տպագրած հոդվածում «ապաշխարում» է, որ Ա. Իսկանդարյանին հանձնած իր հոդվածը, իբր «Ա. Իսկանդարյանը այն էապես փոփոխել է, ավելացրել և հրատարակել առանց ինձ հետ համաձայնեցնելու» («Լրաբեր», թիվ 2, 2004, էջ 55):
Այստեղ, թերևս հավատալով Հարությունյանի խոսքին, ով հավաստիացնում է նաև, որ ինքը չէր կարող իր նախորդ «աշխատություններում հանդես գալ մի, իսկ միայն այդ հոդվածում` բոլորովին այլ և առաջիններին հակասող մտածելակերպով ու աշխարհայացքով», այնուամենայնիվ դիմելով ռուսական ասացվածքներից մեկին` տեղին է ասել, որ «ճաշից հետո մանանեխ պետք չէ», քանզի «մավրն արդեն իր սև գործը կատարել է»: Այնպես որ վերոնշյալ հակագիտական ու հակահայկական տեսակետների առկայության պայմաններում այնքան էլ հեշտ չէ հակահայ ուժերին ապացուցել մեր ժողովրդի թե՛ անցյալի և թե՛ ներկայի քաղաքակիրթ պատմությունն ու մշակույթը: Պատմության և փաստերի այսպիսի գաղափարական կեղծարարության, հայոց էթնոմշակութային պատմության վերոնշյալ նսեմացման դեմ 2004 թ. մամուլում անդրադարձել են քաղաքագետ Լ. Մելիք-Շահնազարյանը, պատմ. գիտ. թեկնածու Գ. Յազըճյանը, պատմ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանը, Ա. Գրիգորյանը:
բ) Տակավին վերջերս Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը` դրանց մի մասի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, բուռն դժգոհությունների ալիք բարձրացրեց մեզանում: Առանձին հասարակական կազմակերպությունների ղեկավարներ էլ հայտարարություններ տարածելով, իշխանություններից պահանջում էին նաև դեսպանին Հայաստանից վտարել: Այստեղ մի կողմ թողնելով թե՛ դեսպանի, թե՛ հասարակական կազմակերպությունների հայտարարությունների քննարկումը` պարզապես ընթերցողի դատին պիտի ներկայացնեմ Հայաստանում գործող բազմահազար (շուրջ 4500) հասարակական կազմակերպություններից միայն մեկի` «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» կազմակերպության գործունեության մի քանի դրվագները, որին Հայաստանի լրատվամիջոցները վերջին տարիներին բազմիցս են անդրադարձել: Մինչ այդ նշեմ, որ այդ կազմակերպությունը օրինական գրանցում ունի, ՀՀ մշակույթի նախարարության գործընկերությամբ հանրապետությունում գործում է 2008-ից և ֆինանսավորվում է ԱՄՆ-ի USAID/CAPS կազմակերպության (ղեկավար` Արտակ Ղազարյան), Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, «VivaCel-MTS» (մինչև 2012 թ.), ԱՄՆ-ի ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման շուկայի մրցունակության ծրագրի (2013-2014 թթ.) կողմից:
Մինչ փաստերին անդրադառնալը, հատուկ ուզում եմ ընդգծել, որ մեր հուշարձանների վերաբերյալ գիտամշակութային տեղեկությունները հասարակության տարբեր շերտերի, զբոսաշրջիկների շրջանում տարածելն անձնապես շատ կարևորում եմ: Այն, իմ կարծիքով, նախ և առաջ հուշարձանապահպան կազմակերպությունների գործառույթ է: Դատապարտելի չէ նաև այն, որ դա պատշաճորեն իրականացնի մեկ այլ կազմակերպություն` լինի դա հասարակական թե պետական: Սակայն վերոնշյալ կազմակերպության ու նրա գործընկերների մինչ այժմ իրականացրած գործունեությունը` որոշ բացառություններով, կատարվում է ոչ թե պատշաճորեն, այլ ճիշտ հակառակը: Այնպես որ, մեր հուշարձանների տարածքներում մինչև այժմ տեղադրված (հինգ լեզուներով) վահանակների գիտական ու պատմական տեղեկությունները մեծ մասամբ առլեցուն են ոչ միայն հազար ու մի անճշտություններով, այլև գիտակցված ու նպատակադրված հակահայ քաղաքականությամբ: Արատավոր գործունեություն, որի վերաբերյալ, ինչպես նշեցի վերևում, 2010-ից ի վեր մի շարք մտավորականներ ու մասնագետներ, այդ թվում` տողերիս հեղինակը («Առավոտ», 27.05.2011: Ա. Այվազյան, «Մեզ պետք են մտքի զորավարներ», Եր. 2012, էջ 353-366), բազմիցս ահազանգել և հրապարակավ հանդես են եկել լրատվամիջոցներով: Սակայն ինչպես ասում են` «մարգարեն համբավ չունի իր ապրած ժամանակ»:
Արդարության առջև չմեղանչելու համար նշեմ նաև այն, որ մամուլի ու մասնագետների մի շարք պնդումներից հետո, ի վերջո, 2013-ից հիշյալ կազմակերպության և ՀՀ մշակույթի նախարարության կողմից սկսել է շտկվել վահանակներում առկա անճշտությունների մի մասը: Այնուամենայնիվ, շատ շատերն էլ դեռևս, իրենց անգիտություններով, հուշարձաններ այցելողների շրջանում կամ այլ եղանակներով տարածում-սփռում են ոչ ճիշտ մեկնաբանություններ ու տեղեկություններ:
Օրինակ, մամուլում բազմիցս խարազանվել ու քննադատվել է նշանավոր Հաղպատի վանքի Սայաթ-Նովային նվիրված այն հայտնի անհեթեթությունը, որն ի լուր աշխարհի հինգ լեզուներով ազդարարում էր 18-րդ դարի վերջերին Ադրբեջան պետության (թագավորության) գոյության և այն Ալբանիայի (Աղվանքի) ժառանգորդը լինելու մասին: Մեծ ջանքերի շնորհիվ այդ հակագիտական ու հակահայ վահանակը վանքի տարածքից հանվեց ընդամենը 2013 թ. սկզբներին: Սակայն մեր ներքին թշնամին արտաքին թշնամու նման գիշերն էլ չի քնում և ամեն կերպ ձգտում է իր սև գործը կատարել: Փաստե՞ր եք ուզում: Խնդրեմ: Այդ նույն չարաբաստիկ վահանակի և Հաղպատի վանքի տարածքում տեղադրված 8 այլ վահանակների տեքստերը հայերեն և անգլերեն տպագրել են 28 էջ կազմող «Հաղպատի վանք» գրքույկում և ազատորեն վաճառքի հանել:
Կարծես թե ի հեճուկս վանքի տարածքից 2013 թ. տեղահանված մեկ վահանակի, այս գրքույկի հրատարակիչները, նույն ինքը` «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» և սրան միացած «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպություններն արդեն գրքույկի միջոցով, առանց որևէ ամոթի տարածում-հիմնավորում են, որ Սայաթ-Նովան Վրաստանի Հերակլ Բ-ի արքունիքում «դիվանագիտական աշխատանքի է ընդունվել որպես պալատական` օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների` Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»: Այդ դեպքում ինչո՞ւ ենք աշխարհով մեկ գոռում-գոչում, որ Ադրբեջան և ադրբեջանցի հասկացողություններն ի հայտ են եկել միմիայն 1918-ից հետո:
Շեղվելով տեղին է նշել, որ մի երկու տարի առաջ մեր ազգային անվտանգության աշխատակիցները «Վերնիսաժ»-ի մի գրավաճառի հանդեպ քրեական գործ հարուցելով, նրան դատապարտեցին կարծեմ 2 տարվա բանտարկության: Գրավաճառի մեղքն այն էր, որ նա, ինչ-որ տեղից ձեռք բերելով Մոսկվայում ռուսերեն տպագրված ինչ-որ գրքի մի քանի օրինակ, վաճառում էր: Պարզվել էր, որ այդ գրքում առկա են եղել հակահայկական տեսակետներ: Այնպես որ, հավանաբար Հաղպատի վերոնշյալ վահանակի տեքստերը ո՛չ հակագիտական ու ո՛չ էլ հակահայկական են, ինչն այդպես անտեսում են պատկան մարմինները:
(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ
ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ