ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Այդ օրերին Կրեմլի ղեկավարների դարակները լեցուն էին ղարաբաղյան պահանջատիրության համար բողոքագրերով

Այդ օրերին Կրեմլի ղեկավարների դարակները լեցուն էին  ղարաբաղյան պահանջատիրության համար բողոքագրերով
10.06.2014 | 10:49

Ծանոթանալով Ձեր բազմակողմանի փաստարկված հոդվածին, որտեղ ներկայացնում եք Անաստաս Միկոյանի իրական դիմագիծը, համոզված էինք, որ ուշքի կգան բոլոր մոլորյալները և կհրաժարվեն խորհրդային այդ գործչի արձանը Երևանում կանգնեցնելու մտադրությունից։ Բայց «բարձր էկրանից» հնչած հայ ակադեմիկոս-պատմաբանի ու բանաստեղծի լղոզումները մեզ ստիպեցին մտածելու, որ այդ հարցում Դուք դեռ անելիք ունեք որպես քաջագիտակ մասնագետ։ Չնայած մեր օրերում ճշմարտությունները միշտ պատին են դեմ առնում, բայց անհետ չեն կորչում։ Դրանցով սերունդ է դաստիարակվում` անաղարտ պահելով ազգային դիմագիծը։ Այո, կուբայական ճգնաժամի օրերին Միկոյանը մեծ դերակատարում ունեցավ, բայց դա նույնքան կապ ունի մեր ժողովրդի հետ, որքան երկրագնդի բոլոր ժողովուրդների, ցեղերի, տոհմերի, նույնիսկ դեռևս անտառաբնակ վայրենիների հետ։
Հարգարժան Ծատուրյան, այդ և նման կարգի բացահայտումների բնագավառում եզակի ինֆորմացիայի տեր մտավորական եք և շատ հարցերում կարող եք ծառայել հարազատ ժողովրդին։ Կոնկրետ Միկոյանի հարցում մեր պարտքն ենք համարում կողքից հուշել երկու փաստի բացահայտում, որն անձամբ մենք ի վիճակի չենք անելու։
1. 1920-ին բոլշևիկները իմպերիալիստական Հայաստանի դեմ մուսուլման ժողովուրդների համագումար կազմակերպեցին Բաքվում, որտեղ Էնվեր փաշան առաջարկեց զորքերի հրամանատարությունն իրեն վստահել։ Սեպտեմբերին Լենինի տված զենքով, զինամթերքով ու ոսկով Քեմալ Աթաթուրքը հարձակվեց Հայաստանի վրա։ Նրա հաղթանակն ապահովելու համար Բաքվից 157 հայ բոլշևիկ ուղարկեցին Կարս, որոնց ստոր ագիտացիայի շնորհիվ շարքային զինվորը հրաժարվեց կռվելուց, և Կարսն ընկավ թուրքի ձեռքը։ Մեր կարծիքով, Դուք կարող եք հայտնաբերել Կարս ուղարկված բոլշևիկների ցուցակը և պարզել, թե որ համարն է Միկոյանը։ Նա անձնական լրջագույն դրդապատճառ ուներ այդ ջոկատի ղեկավարը լինելու համար։ Դեռևս Բաքվի կոմունայի օրհասական օրերին Կոմունայի ղեկավար երեք կուսակցությունները` էսէռները, սոցիալ-դեմոկրատները և դաշնակցությունը, տեսան, որ Լենինը, Տրոցկին և Ստալինը ամեն ինչի դիմում են Մեծ Թուրանի հանգուցային կետում ստեղծված Կոմունան տապալելու համար։ Նրանք ոչ միայն որևէ օգնություն, գոնե մի երկու գնդակ չտվեցին կոմունարներին, այլև Բաքուն սովից փրկելու նպատակով Հյուսիսային Կովկաս ուղարկված Ալ. Բեկզադյանի խմբի հայթայթած սննդամթերքը Ստալինի կարգադրությամբ ուղարկեցին Ցարիցին։ Երեք կուսակցությունները ճարահատյալ դիմեցին անգլիացիների օգնությանը, ինչի պատճառով Շահումյանի թիմը ոչ միայն հրաժարվեց իշխանությունից, այլև իր տրամադրության տակ գտնվող զենքը, զինամթերքն ու զինվորներին լցրեց նավերը և ուղարկեց Ռուսաստան։ Այդ նույն ժամանակ, զինվորական մի հանձնարարություն տապալելու համար, հայոց զորքի հրամանատար Համազասպը Ալյաթ կայարանում այնպես է ապտակել Միկոյանին, որ վերջինս պառկել է ռելսերի վրա։ Նա չէր կարող այդ արարքի վրեժը չհանել, մանավանդ 11-րդ բանակի հետ նա էլ էր եկել Բաքու։
2. Անցյալ դարի 60-ականներին Խրուշչովը կայսրության առաջին դեմքն էր, Միկոյանը` երկրորդ։ Խրուշչովը, օգտվելով իր դիրքից ու պաշտոնից, հարազատ ժողովրդին նվիրեց Ղրիմը, որը Ռուսաստանին էր պատկանում։ Իսկ հայոց Արցախը բռնությամբ դրված էր մինչև այսօր էլ սեփական անուն չունեցող վայրենի մի ցեղի տրամադրության տակ։ Այդ օրերին Կրեմլի ղեկավարների դարակները լեցուն էին ղարաբաղյան պահանջատիրության համար բողոքագրերով։ Խրուշչովի վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ բարենպաստ էր, վկան` Արփա-Սևան ջրատարի ֆինանսավորումը։ Մեր կարծիքով` Խրուշչովը Ղրիմի օրինակով կլուծեր նաև ղարաբաղյան կնճիռը, եթե աջակից ունենար։ Չենք ասում, թե ինչու Միկոյանը չլսեց իր ժողովրդի ձայնը։ Հարկավոր է պարզել, թե նա ինչպես խանգարեց հարցի արդարացի լուծմանը։
Որպես «գեղարվեստական շեղում» ներկայացնում ենք Մարտիրոս Սարյանի և Միկոյանի զրույցը, որտեղ Միկոյանի դասական գնահատականը տվել է Մարտիրոս Սարյանը։
«Միկոյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում այցելում է Սարյանի անհատական ցուցահանդես։ Արդեն ծանոթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանն ասում է. «Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում, բոլորին է հայտնի։ Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես` ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջևանի հարցն ու վերադարձնես, վերջապես, դրանք Հայաստանին»։ Միկոյանը պատասխանում է. «Մարտիրոս Սերգեևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը։ Ավելի լավ է` դրանց փոխարեն Հայաստանում երկու գործարան կառուցենք»։ Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում ու խորին դառնությամբ ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես» (Ռոմեն Եպիսկոպոսյան` «Ազգային համակարգ», Անի Փաշայանի ֆեյսբուքյան գրառումից)։
Իսկ եթե այսքանից հետո մեր իշխանավորները պետք է կանգնեցնեն Միկոյանի արձանը, պետք է պահանջել, որ նրա կողքին էլ կանգնեցնեն Աբդուլ Համիդի արձանը։ Չէ՞ որ նա էլ հայազգի մոր արգանդից է լույս աշխարհ եկել։ Երկուսի տարբերությունն այն է, որ մեկն անձամբ է կատարել իր սև գործը, մյուսը մեր Արցախն ու Նախիջևանը հանձնել է թուրքերի հոշոտմանը։ Հաստատումը Սարյանին տված Միկոյանի պատասխանն է։


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ