«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Այնշտայնը, հայոց տառապանքները, Ռեմբրանդը

Այնշտայնը, հայոց տառապանքները, Ռեմբրանդը
03.06.2014 | 12:14

«Հիշողությունը ՆՐԱ ազնվագույն կերպարի մասին հավերժ կմնա որպես ոգևորման և կենդանի ուժի աղբյուր բոլոր նրանց մեջ, ում համար երջանկություն էր նրան անձամբ ճանաչելը»:

Նիլս ԲՈՐ
(դանիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից)


Իմ ծանոթությունը Այնշտայնի հայ թարգմանչի հետ դիպվածի արդյունք էր:
Փարիզում 1974-ին ֆրանսերեն լույս տեսած «Ծանոթ և անծանոթ հայեր՝ Նոյից մինչև մեր օրերը» վիպակի հեղինակ Հակոբ-Գրիգորն արժանանում է ֆրանսահայ գրողների ընկերակցության գրական «Հարենց» մրցանակին, և այդ մասին տեղեկություն է տպվում Փարիզում լույս տեսնող և այդ տարիներին Հայաստանում մեծ տարածում ունեցող «Աշխարհ» շաբաթաթերթում: Այդ գրքի փնտրտուքի ճանապարհին ինձ հաջողվում է նամակագրական կապ հաստատել հեղինակի հետ: Հանգամանքների բերումով 1976-ին Հայաստան մասնավոր այցելության եկած գրողի հետ անմիջական հանդիպման շնորհիվ, «հայտնագործում եմ» ոչ միայն հայության և Հայաստանի հոգսերով ապրող մի հայրենասեր մտավորականի, այլև ինձ համար, որպես ֆիզիկոսի, շատ զարմանալի և առավելապես հետաքրքրող` Այնշտայնի թարգմանչին:
Ի դեպ, Սևակի հայտնի «լեզվական կտակը», որը վերաբերում է պետական մակարդակով հայերենի դասական ուղղագրության անցման հնարավորություններին, գրված է հենց Հակոբ- Գրիգորի նամակին ի պատասխան: Հակոբ-Գրիգորը Խորհրդային Հայաստանում ուներ բազում համակիրներ և համախոհներ: Սակայն, ըստ երևույթին, նրա սուր քննադատական հոդվածները սփյուռքի մամուլում` Հայաստանում տիրող լեզվամշակութային մի շարք խնդիրների շուրջ և տարակարծությունները Հայաստանի լեզվաբանական կոմիտեի ու սփյուռքահայության կոմիտեի գործունեության վերաբերյալ «ստիպում էին» ոմանց նրա հանդեպ զգուշավորություն պահպանել հայաստանյան մամուլում: Այդ էր պատճառներից մեկը, որ իր կենդանության օրոք և ցավոք, նաև Հայաստանի անկախություն ստանալուց հետո էլ, ինչպես հարկն է նա չներկայացվեց հանրությանը:
Հակոբ-Գրիգորը ծնվել է 1905-ին Կ. Պոլսում, հայահոծ Սկյուտար թաղամասում, կեսարացի ծնողների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Պոլսի նախ Պերպերյան, հետո Ազգային Կեդրոնական վարժարաններում` աշակերտելով, մասնավորաբար, հայոց լեզվի մեծ գիտակ, թարգմանիչ և բանաստեղծ հայր Արսեն Ղազիկյանին, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանին և Հակոբ Օշականին: Այնուհետև մեկնում է Գերմանիա և ուսանում Լայպցիգի համալսարանում, ուր 1927-ին պաշտպանում է թեզ` ստանալով քաղաքական, տնտեսական գիտությունների մագիստրոսի աստիճան: ՈՒսանողական տարիներից սկսած մինչև իր կյանքի վերջը (1985 թ.) Հակոբ-Գրիգորը թղթակցել է սփյուռքի բազմաթիվ հայոց թերթերի, ինչպես նաև գերմանական և ֆրանսիական տարբեր պարբերականներում հանդես եկել հայանպաստ հոդվածներով: Հիշատակման են արժանի Հակոբ Պարոնյանի 2 գործերի գերմաներեն թարգմանությունները, հրապարակումը և հատկապես Վ. Գյոթեի 5 թատերգությունների «բնագրին հարազատ և մեծ վարպետությամբ կատարված անզուգական թարգմանությունները» (Ռ. Իշխանյանի գնահատմամբ), Էդգար Ալլան Պոյի ստեղծագործություններից մի ընտրանի` արևմտահայերեն թարգմանությամբ:
Արդյո՞ք միայն անձնական հետաքրքրությունն էր պատճառը, որ Ամստերդամի հին թաղամասերում երկար ժամանակ հետազոտել էր Ռեմբրանդի հայկական ծագումը լուսաբանող հիմքերը, փորձել էր գտնել աղերսներ Ամստերդամի Հայ վաճառականների թաղամասի և հայորդի Ռեմբրանդի (Rembrandt Harmenszoon) միջև, որ բծախնդրությամբ զբաղվել էր Եթովպիայի հայերի և հայ եկեղեցու պատմության խնդիրներով, և ինչպե՞ս պատահեց, որ արժանացավ մեծն Այնշտայնի մտերմությանը: Ահա այսպիսի հարցերի մի ամբողջ շարք, որոնք հանգիստ չէին տալիս ինձ:
Ի՞նչը դրդեց, որ հանկարծ Հակոբ-Գրիգորը ձեռնամուխ եղավ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսության վերաբերյալ 2 հոդվածների թարգմանությունների դժվարին գործին, որոնք ոչ մի աղերս չունեին իր նախորդ և հաջորդ գիտավերլուծական, հրապարակախոսական, թարգմանչական, գեղարվեստական հրատարակած գործերի հետ: Այդ հարցերի թերևս սպառիչ պատասխանը տվել է հենց Հակոբ-Գրիգորը ինձ հետ Երևանում և Փարիզում (1979 թ.) հանդիպումների ընթացքում, ինչպես նաև ինձ ուղղված իր տասից ավելի նամակներում:
-Եթե ես չանեի, մեկ ուրիշ հայորդի, կարծում եմ, պետք է որ հայերեն թարգմաներ 20-րդ դարի այդ մեծ մտածողի գործերից: Թերևս ինձ բախտ վիճակվեց առաջինը ճանապարհ բացել այդ հարցում: Ես ունեի դրա բոլոր հիմքերը, - ասում էր Հակոբ-Գրիգորը:
Թարգմանելու որոշումը Հ. Գրիգորը կայացրել էր 1929-ի հունվարին, երբ ողջ Եվրոպան պատրաստվում էր նշելու Ա. Այնշտայնի ծննդյան 50-ամյակը: Սակայն, որպես ճշմարիտ մտավորական, նա ձեռնամուխ է լինում թարգմանելու մեծ գիտնականի ոչ թե հանրամատչելի հոդվածները կամ գրքերը, որոնք այդ տարիներին տպագրված էին եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, այլ անմիջական 2 գիտական հոդվածներ («ճառեր»), որոնք ըստ էության հեղինակի շուրջ 300 շարունակական հոդվածներից այդ տարիներին քիչ թե շատ ամբողջական էին ներկայացնում ձգողական և էլեկտրամագնիսական դաշտերի միասնականության գաղափարի վարկածը:
Հայտնի է, որ այդ տարիներին աշխարհը, և հատկապես Եվրոպան, խանդավառված էր Այնշտայնի գիտական մտածողության հեղափոխական գաղափարներով: Աշխարհի բոլոր կողմերից հրավիրում էին նրան դասախոսություններ կարդալու, մատչելի ձևով ներկայացնելու ոչ միայն դեռևս 1905-ին գրած հատուկ հարաբերականության տեսությունը, այլև աշխարհի միասնականությունը ներկայացնող ընդհանուր հարաբերականության տեսությունը: Սակայն, ինչպես նշում են ժամանակակիցները, Այնշտայնը, լինելով գերհամեստ, խուսափում էր մեծ հավաքույթներից, գերադասում էր թաքնվել Բեռլինից հեռու (հաճախ Պոտսդամի իր առանձնատանը): Սակայն այստեղ էլ նրան գտնում էին և այցի գալիս կայացած համաշխարհային դեմքեր` արվեստի, գրականության, մարզաշխարհի հայտնի մարդիկ, որոնք իրենց իսկ խոստովանությամբ թեև ոչինչ չէին հասկանում հարաբերականության տեսությունից, բայց ներքին զգացողությամբ գիտակցում էին նրա ինքնատիպությունը: Այցելուների թվում էին ոչ միայն ճանաչված մեծություններ (օրինակ` Ռ. Թագորը, Չ. Չապլինը, Գանդին...), այլև երիտասարդ ուսանողներ, որոնց թվում, իր իսկ հաղորդմամբ, երիտասարդ Հակոբ Ճրճրյանը:
«Ալբերտ Այնշտայնի հետ ծանոթությունս կսկսվի ուսանողական շրջան...: Թարգմանությանս պատճառավ ավելի մոտիկ շփումներ ունեցած եմ հետը: Նա շատ համեստ մարդ մընէր, փոքր ու տառապած ժողովուրդներու բարեկամ էր և գովասանքով կխոսեր մանավանդ չարչարված հայ ժողովրդի մասին»:
«Երկար ժամեր պատմած եմ իրեն մեր ազգին և իմ ընտանիքիս ոդիսականին մասին: Շատ զգացված էր հայ ազգին տառապանքներեն...»:
«Իր հրեա ըլլալը առավել կը տխրեցներ հասկացությունը, քանի որ իր ցեղն ալ տառապանքներու հովիտներե անցած էր: Այդ իսկ պատճառավ չէր կրնար այլևս Գերմանիա մնալ և ստիպյալ հեռացավ»:
Երիտասարդ Հակոբին և Նոբելյան մրցանակակիր 50-ամյա Ալբերտին հավանաբար միավորել է հետաքրքրությունների ընդհանուր մի շրջանակ, հատկապես երաժշտությունը: Երկուսի նախասիրությունների մեջ էլ եղել է ջութակ նվագելը: «Երիտասարդ տարիներուս նվագած եմ ջութակ զանազան համանվագային նվագախմբերու մեջ»,- նշում է Հակոբ-Գրիգորը իր նամակներից մեկում: Բազմաշնորհ հայ երիտասարդը հենց այդ տարիներին է գրել երաժշտական գործեր ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար, իսկ Այնշտայնին այցելելու կապակցությամբ հիշում է. «Նա ջութակ նվագել կը սիրեր, քանի մը անգամ միասին duo-ներ նվագած ենք. ես ա. ջութակ, ինքը` բ. ջութակ»։
Ապրելով և գործելով սփյուռքում՝ նա հեռակա բանավեճի մեջ էր մտնում հայաստանաբնակ մտավորականների հետ, փաստերով փորձում էր ապացուցել հայերենի դասական ուղղագրության անցման անհրաժեշտությունը և հրաժարումը կեղծ «միջազգային» անվանվող բառերից: Այս կապակցությամբ ահա որոշ մեջբերումներ ինձ հասցեագրված նամակներից.
«Կը գրես թե դժվարությամբ կը հասկնաս թարգմանությունս, կարծես թե «գրաբար» ըլլա: Գուզիմ անմիջապես հայտնիլ, որ ես, ինչպես հանգուցյալ ուսուցիչս` հայր Արսէն Ղազիկեան, մոլեռանդ հետևող մըն եմ եղած աշխարհաբարին (թեև կը տիրապետեմ գրաբարին ալ): Եթե հայրեն պիտի գրենք կամ թարգմանենք, պետք է որ մաքուր հայերենով շարադրենք մեր գրությունները՝ առանց օտար բառեր գործածելու»։
«Ճիշտ տեղին է հիշելու սիրելի Բարեկամիս՝ հանգուցյալ Վարպետ Ավետիք Իսահակյանի հետևյալ տողերը. Հին մշակույթիդ վրա հիմնիր նոր մշակույթդ և հայերեն հին բառերով ասա նոր մտքերդ»:
Ինչ վերաբերում է Այնշտայնի գործերի թարգմանությանը և դրա դրդապատճառներին, Հակոբ-Գրիգորը գրում է հետևյալը.
«Շատ ուրախ եմ, որ հայրենասիրական ոգիէ դրդյալ կուզես գործիս մասին գրել Ձեր մամուլին մեջ (1976 թ.), Հայաստանի մամուլին մեջ ցարդ ոչ մի բան չէ գրված գրքույկիս մասին հակառակ անոր, որ բազմաթիվ օրինակներ ղրկած էի իր ադենին Վիկտոր Համբարձումյանին .... ինքը չբարեհաճեցավ երկտող մը անգամ գրելու...:
Հեղինակին (Այնշտայնի) գործերուն հրապարակումեն անմիջապես հետո է, որ թարգմանած ու հրատարակած եմ։
Հայ մամուլը ոչինչ չի գրած այդ թարգմանություններուս մասին: Գոնե ես տեղյակ չեմ:
...Ցարդ ես առաջինն եմ, որ հայերեն թարգմանած եմ Այնշտայնի հարաբերականության տեսության վերաբերյալ երկու գործերը»:


Նորայր ԽՐԻՄՅԱՆ
Հ. Գ.- Այնշտայնի մտքի աներևակայելի ճախրանքը, որը նախանշեց վերջին հարյուրամյակի մարդկության քաղաքակրթության պատմության շրջադարձային մի նոր փուլ, շնորհիվ ազնվազարմ մտավորական Հակոբ-Գրիգոր Ճրճրյանի, միաժամանակ հասանելի դարձավ հայ ընթերցողին: Այդ լրջագույն թարգմանությունը հատկապես գնահատելի է հայերիս համար այն առումով, որ պահպանվել է Աստվածաշնչյան հայերեն թարգմանության ոգին` «միտքը շարադրել մաքուր հայերենով»։

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ