«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Եզդի ժողովրդի երևելիները

Եզդի ժողովրդի երևելիները
27.05.2014 | 00:27

«Հայաստանի եզդիների ճակատագիրը անխզելի կապերով մնաց կապված հայության ճակատագրի հետ»
(Ս. ՎՐԱՑՅԱՆ, Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ)

Ինչպես ժողովուրդն է ասում, կյանքը մոռացում չի հանդուրժում: Իսկ կյանքը մեր անցյալն է, մեր ներկան և ապագան: Իր անցյալը չհիշող և չգնահատող ազգի ներկան և ապագան նվազագույնը լիարժեք չեն կարող լինել: Միասնականության որ օղն էլ չնկատես՝ միասնականությունը դրանից ամբողջական ու լիարժեք չի կարող լինել: Նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ, որ յուրաքանչյուր ազգ պատմությանը և այլ ազգերին ներկայանում է իր միասնությամբ և ամբողջական կերպարով: Սակայն յուրաքանչյուր ազգ իր հարևաններին ներկայանում է նաև իր ծոցից ելած վառ անհատականություններով։ Եզդի ժողովրդի այդպիսի զավակներից են ՈՒՍՈՒԲ ԲԵԿԸ և ՋՀԱՆԳԻՐ ԱՂԱՆ, որոնց կյանքի և գործունեության մասին ցավալիորեն մենք քիչ գիտենք խորհրդային տարիներին պարտադրվածի պատճառով, իսկ այդ քիչն էլ լիարժեք չենք կարողանում ներկայացնել աշխարհին, պատմությանը:
Ե՛վ ՈՒսուբ Բեկը, և՛ Ջհանգիր Աղան ծնվել են եզդիների ավանդապաշտ ընտանիքներում: ՈՒսուբ Բեկը` եզդիների «Հասնիներ» տոհմի առաջնորդ Հասան Աղայի ընտանիքում (1869 թ.), իսկ Ջհանգիր Աղան` Վանի նահանգի եզդիների ցեղապետ Խատիֆ Աղայի ընտանիքում (1874 թ.): Նրանք երկուսն էլ չապրեցին խաղաղ և ճոխ ու հանգիստ կյանքով, առանց սխալվելու կարելի է ասել, որ ճակատագրի բերումով եզդի ժողովրդի երկու արժանավոր զավակներն էլ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին լծվեցին ազգապահպանության խնդիրներին, դարձան Հայաստանի անկախության նվաճման, հայոց պետականության նվիրյալները: Դարեր ի վեր եզդի ժողովրդի առաջնորդները տարբեր հարցերում համագործակցել են հայ ժողովրդի առաջնորդների՝ Անդրանիկի, Դրոյի, Կոմիտասի, Ս. Վրացյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի և մյուսների հետ, որոնց արարքները այսօր էլ մեր սերունդների համար դարձել են վառ հերոսական հիշողություն: Նրանց կերպարները մարդասիրության, հայրենասիրության, ազգապահպանության, քաջության դասեր են եղել մեզ համար: ՈՒսուբ Բեկի անունը 20-րդ դարի հայ իրականության մեջ միշտ հնչել է ժամանակի մամուլում, խորհրդարանի ամենաբարձր ամբիոններից, նա ճանաչված է եղել որպես ցեղապետ, ով իր ժողովրդի խնդիրները ներկայացրել է ռուսական արքունիքում և այլ երկրներում: Պատահական չէ, որ այդ տարիներին ՈՒսուբ Բեկին «Իմաստուն Յուսուֆ Աղա» էին կոչում: ՈՒսուբ Բեկը հայտնի էր իր բարի գործերով և խորհուրդներով: Նա այն անձնավորությունն էր, որ մարդկանց գիտակցության մեջ համախմբում էր բարին և վեհը: Ըստ նրան ճանաչողների՝ նա երբեք չէր կշտամբում, այլ միայն ափսոսում էր ու կարեկցում, և ոչ ոք չէր կարող կարդալ նրա մտքինը: Նա երբեք չէր հորինում, ասում էր այն, ինչ տեսնում էր, ինչ հնարավոր էր: Նրա հետ հանդիպումները երբեմն հանգեցնում էին տխուր, հետաքրքիր բանավեճերի, բայց հիմնականում նրա հետ շփվելը զգացողությունների, սթափ մտքի արտահայտություններ էին՝ լի հավատով դեպի ապագան, անկեղծ սերը մարդու նկատմամբ` անկախ ազգությունից և դավանանքից: Նա անկասկած տեսնում էր մարդուն, նրա հոգեաշխարհը և միշտ ձգտում էր տալ մարդուն ամենալավը, կամ փոխել նրան, ով փոխվելու, ազնվանալու, հավատով ներշնչվելու կարիք էր զգում: Ըստ ճանաչողների պատմածի՝ ՈՒսուբ Բեկը բոլորին «թանկագին»-ով էր դիմում, իսկ դիմողները նրան «Կակո հայրիկ» էին անվանում: Ոչ ոք չէր լսի նրա հոգոցը, չնայած ճակատագրի բերումով ժամանակն այնքան էլ լավ չէր դասավորվել: Շատ շատերը նույնիսկ հիմա էլ միմյանց ասում են՝ ՈՒսուբ Բեկի օրհնանքը ձեզնից անպակաս լինի։
ՀՀ ստեղծումից հետո ՈՒսուբ Բեկը ՀՅԴ ցուցակով ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: Օսմանյան կայսրությունում ապրելու դաժան փորձը, բռնություններն ու ազգային խտրականությունը մեր առաջնորդներին հանգեցրին այն ճշմարիտ, արդարացի և արժանահավատ համոզմունքին, որ մենք միայն Հայաստանում կարող ենք ազատ, առանց խտրականության ապրել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, կրոնն ու սովորութային տարաբնույթ նորմերը: Որ մենք հավերժ կարող ենք ապրել հայերի հետ: Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման տարիներին, տեսնելով եզդիների դրսևորած վարքագիծը և մաքուր բարքերը, ՀՀ վարչապետ Ս. Վրացյանը գրում է, որ «Հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:
ՈՒսուբ Բեկը և Ջհանգիր Աղան այն ցեղապետերն են եղել, որ քաջ գիտակցել են և մեր ժողովրդի բախտը կապել են անկախ Հայաստանի հետ: Չնայած մեր հանրապետության անկախության ճանապարհն այնքան էլ դյուրին չի եղել, բայց մեր առաջնորդները միշտ էլ գիտակցել են, որ այդ ճանապարհին եղած խոչընդոտները մենք ինքներս պետք է վերացնենք, մեր ծրագրերն իրականացնենք և ապագայի ուղին հարթենք միասին, և մտահոգություն էին կրում մեր ընդհանուր հայրենիքի համար: Ջհանգիր Աղան իր ապրելակերպով և գործունեությամբ մայիսյան հերոսամարտերում նվաճեց «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը, որը փորձության ենթարկվեց հերոսական պայքարում և ամրապնդվեց արյունով: Հավատը թույլ տվեց ստեղծել այսօրվա Հայաստանը, մեր սիրելի հայրենիքը, և նպատակային ապագա ապահովել մեզ` հայաստանցիներիս համար: Առաջին համաշխարհայինի դաժան տարիներին, կրելով օսմանյան կառավարության ցեղասպան քաղաքականության հետևանքները, եզդիները Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման նախօրեին կազմեցին մի քանի զորաջոկատներ` ՈՒսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, ԲաշԱպարանում, Սարդարապատում: Ընդ որում, եթե ՈՒսուբ Բեկի դերը մեծ է եղել իբրև կազմակերպչի, ապա Ջհանգիր Աղան, ցույց տալով հերոսության, խիզախության, անձնազոհության վառ օրինակներ, հայտնի էր որպես զորահրամանատար, որն այդ տարիներին արժանացավ Գեորգիևյան Խաչի: Իսկ Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը գրեց, որ «նրա անունը կարող է, ոչ, պետք է, պարտադիր պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Ահա այսպիսին են եղել եզդի ժողովրդի զավակները, հայ և եզդի ժողովուրդների բարեկամության, պատմության հերոսները: ՈՒսուբ Բեկը և Ջհանգիր Աղան առանձնակի նվիրումով պատվախնդիր գործունեություն ծավալեցին Հայաստանի առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում: Նրանք ողջունեցին խորհրդային կարգերի ստեղծումը, պարզ գիտակցելով, որ մեր ժողովրդի այդ հատվածը կարող է ազատվել կործանումից, ազգային և կրոնական խտրականությունից, կունենա գիր ու գրականություն: Բայց, ցավոք, նրանք նույնպես, ինչպես մեր շատ հայրենակիցներ, կրեցին բոլշևիկյան ամենաթողության բռնություններն ու զրկանքները, ճաշակեցին վտարանդու, քաղաքական դատապարտյալի դժվար ապրումներն ու կենցաղը:
Տարաբնույթ վերելքներով և վայրէջքնելով հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը, հետևելով ՈՒսուբ Բեկի, Ջհանգիր Աղայի և մյուս երախտավորների պատգամներին, հայության հետ ապրեց Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, քաղաքացիական ու հայրենական պատերազմի դժվարությունները, Սպիտակի ահավոր երկրաշարժի ցավալի կորուստները, անցումային շրջանի մութ և ցուրտ օրերը, Արցախյան պատերազմի հաղթական բերկրանքը: Այսօր էլ անձնուրաց պայքարելու և դժբախտության պահին միմյանց կողքին լինելու շնորհիվ վաստակեց հայոց պետականության ձևավորման և հավերժ միասին լինելու իրավունքը: Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, մենք պարտավոր ենք պահպանել մեր ձեռքբերումները, սկզբունքային բանավեճերում պահպանել ռացիոնալը, լրացնել իրար, պաշտպանել միմյանց, իրար թիկունք լինել, «Վայ լըմն պշտ», ինչպես պատգամել են մեր նախնիները:
Եվ պատահական չէ, որ վերջերս Հայաստանում կառուցվեց եզդիների՝ աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին, մեր միակ հոգևոր առաջնորդանիստ Լալիշա Նուրանից հետո: Սրբատեղին կառուցվեց մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով: Այն օծեց անձամբ աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեկը: Շուտով Երևան քաղաքում եզդի ժողովրդի շնորհալի զավակ բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով կկառուցվի եզդի ժողովրդի 1915 թ. Օսմանյան կայսրությունում կոտորված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող:
Մեր ժողովուրդների դարերից եկող բարեկամությունը, եղբայրությունը ապահովեցին այն հիմքը, որի վրա մենք ամուր կանգնած ենք միասին՝ մեր երկրի օրհներգի դրոշի ներքո: Եվ մեր արժանի ավանդն ենք ներդնում մեր նորանկախ հայրենիքի՝ Հայաստան պետության ամրապնդման գործում:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ