«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մարտիրոս Սարյանը և Վիկտոր Համբարձումյանը Ցեղասպանության մասին

Մարտիրոս Սարյանը և Վիկտոր Համբարձումյանը Ցեղասպանության մասին
20.05.2014 | 11:28

Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը


Հիսուն տարի առաջ կատարվեց պատմության մեջ աննախադեպ մի ոճրագործություն, որին զոհ գնաց աշխատասեր և շինարար հայ ժողովրդի արևմտահայ հատվածը: Թուրքական պետության ազգայնամոլ ղեկավարները, օգտագործելով նպաստավոր առիթը, երբ Արևմտյան Հայաստանի զենքի ընդունակ բոլոր տղամարդիկ կանչված էին բանակ և անպաշտպան էին մնացել կանայք ու երեխաները, ոտնահարելով մարդկային ամենատարրական ըմբռնումները, նենգորեն իրագործեցին հայերին բնաջնջելու նախօրոք մշակած ծրագիրը: Տղամարդկանց բանակում զինաթափ անելուց հետո մաս-մաս գնդակահարեցին: Պոլսի մտավորականությանը 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը ձերբակալեցին, աքսորեցին երկրի խորքերը, խոշտանգեցին: Նույն ապրիլ ամսին սկսվեց անպաշտպան հայ ժողովրդի զանգվածային ջարդը, տեղահան արվեցին բոլոր հայերը, խլեցին նրանց ունեցվածքը և տարագրելով դեպի հարավ՝ ճանապարհներին կոտորեցին ամենաբարբարոս միջոցներով, չխնայելով ո՛չ հիվանդներին, ո՛չ հղի կանանց, ո՛չ ծծկեր երեխաներին և ո՛չ էլ զառամյալ ծերունիներին:
Պատմական Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը ներկվեց անմեղ հայերի արյունով: Հարյուր հազարավոր դիակներ օրերով մնացին անթաղ, դարձան գազանների կեր: Ամայացան տասնյակ հայաբնակ քաղաքներ, հազարավոր գյուղեր: Մարդասպանները կատաղի վայրագությամբ քանդեցին, ավերեցին, թալանեցին տարիների ընթացքում կառուցված տները, տնկված այգիները, մշակված պարտեզները: Գերեզմանատների վերածեցին վարդաստանները:
Անլուր ողբերգություն էր, որ կատարվեց մեծ պետությունների աչքի առաջ:
Թաքուն չէր ոճիրը, գիտեր ամբողջ աշխարհը՝ մարդասիրությունից, մարդկայնությունից ճառող «քաղաքակիրթ» աշխարհը:
Զարմանալի կերպով փակ մնացին այդ պետությունների աչքերը և՛ ոճրի պահին, և՛ նրանից հետո: Նրանք հանգիստ դիտեցին աշխարհով մեկ ցրված հայ գաղթականների տառապանքը, լսեցին նրանց հայրենաբաղձ ու արդարացի աղաղակները: Լսեցին ու լռեցին:
ՈՒ հիմա աշխարհի չորս կողմը ցրված հայերը նշում են Մեծ եղեռնի հիսնամյակը, մատուցելով պատշաճ հարգանքը մոտ երկու միլիոն զոհերին, ուզում են միաժամանակ ամոթի խարանը դրոշմել այն մարդկանց դեմքին, որոնք իրագործեցին ոճիրը և մնացին անպատիժ:
Պետք է նշվի հայ ժողովրդի համար նվիրական այս պատմական օրը, նշվի երկյուղածությամբ ու մեծ հարգանքով, բայց ոչ լաց ու կոծով: Դա հայ ժողովրդին հատուկ չէ: Եղեռնը մեր ժողովրդի պարտությունը չէր, փոքրոգի, նենգ թշնամու բարոյական պարտությունն էր: Ապացույց՝ վերածնված այսօրը մայր հայրենիքում և գոյությունը Սփյուռքի, որը ամենադժվարին պայմաններում տոկում է, համբերում, պահում ազգությունը, լեզուն, պայքարում ձուլման դեմ, սպասում:


Պետք է գրվի մեծ եղեռնի մասին ամբողջ ճշմարտացիությամբ, թող աշխարհը մի անգամ էլ իմանա, թե ինչի են ընդունակ եղել բռնակալները: Պետք է ցույց տրվի, թե ովքեր էին զոհերը, ովքեր՝ ոճրագործները: Զոհը աշխատասեր հայ ժողովուրդն էր, որը պայքարում էր բնության դեմ, բնության նվաճման համար, ճանաչում էր իր լեռն ու քարը, սարն ու ձորը, բուսականությունը, ծնվել, ապրել էր այնտեղ, երբեք չէր մտածում արշավել ուրիշ ժողովուրդների վրա, կոտորել մարդկանց: Նրա մղած պատերազմները, սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև Մուսա լեռան քառասուն օրերը, մղվել են իր անկախության, ինքնուրույնության պահպանման համար: Կռվել է իր գոյությունը պահպանելու համար, ոչ ուրիշների գոյությանը վերջ տալու, իր մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, ոչ ուրիշների արժանապատվությունը վիրավորելու, իր ընտանեկան սրբությունը պահպանելու համար, ոչ ուրիշների սրբությանր վնասելու: Հայ ժողովուրդը մշակույթ ստեղծող ժողովուրդ է եղել, հռոմեական լեգեոնների դեմ պայքարելու տարիներից իմացել է տաճարներ, պալատներ կառուցել, թատրոն հիմնել, բյուզանդական արշավանքներին դիմագրավելիս ստեղծել է գրականություն, թուրքական և պարսկական բարբարոսական տիրակալության տարիներին անգամ մի կողմից տոկացել է թուրք ենիչերիների ու պարսիկ ֆարաշների սարսափներին, մյուս կողմից չի մոռացել մագաղաթների վրա դրոշմել իր իմաստությունը, այդ մագաղաթներր զարդարել գունագեղ նկարներով: Իր համար չի ստեղծագործել միայն: Նրա հազարամյակների մշակույթը իր համամարդկային վեհ ձգտումով պատկանում է բոլոր ժողովուրդներին, ամբողջ մարդկությանը:
Հայ ժողովուրդը իր մշակույթով նպաստել է հետ մնացած ժողովուրդներին, այդ թվում՝ հինգ-վեց դար իր վրա իշխող թուրքերին: Հարյուրավոր տարիներ գերազանցորեն հայ ճարտարապետներն ու շինարարներն են կառուցել Թուրքիայի պետական ու հասարակական կարևորագույն շենքերը, կոթողները, որոնք այսօր էլ զարդարում են հնօրյա Կոստանդնուպոլիսը և մյուս քաղաքները: Սկսած XVII դարից՝ մոտ երկու հարյուր տարի մեծ մասամբ հայերն են եղել արքունի ճարտարապետները, նկարիչները, մանրանկարիչները, արվեստագետ ոսկերիչները: Հայերն օգնել են տպագրության գործի տարածմանը Թուրքիայում, եղել են թուրքական տպագրական տառերի բարեփոխողները, հիմնել են թատրոններ, նպաստել երաժշտության գարգացմանը: Հայ ժողովուրդը շատ բան է կատարել այդ երկրի բարգավաճման, մտավոր վերելքի համար: Իսկ ինչո՞վ են հատուցել թուրքական իշխանավորները դարավոր մշակույթ ունեցող ժողովրդին - տևական կոտորածներով, ջարդերով, թալանով: Մնում էր միայն դիմել ինքնապաշտպանության: XIX դարը ազատություն բերեց թուրքական գերիշխանության տակ տառապող բազմաթիվ ժողովուրդների՝ հույներին, սերբերին, բուլղարներին: Հայ ժողովուրդը ի վերուստ ստրուկ մնալու սահմանված չէր: Նա էլ դիմեց ազատագրական պայքարի, ցանկանալով իր հայրենիքում ազատ ապրել, զերծ մնալ տևական հալածանքներից: Զեյթունից (1862) մինչև Սասուն (1895), մինչև Մուսա լեռ (1915) այդ պայքարի շղթաներն են, ազատաբաղձ մի ժողովրդի արդարացի ընդվզումը բարբարոս գերիշխանության դեմ: Հայկական այդ հուզումները հպարտությամբ միայն կարող են լցնել մեր ժողովրդի սիրտը: Դրանք նրա հայրենասիրական նկարագրի, տոկունության արտահայտություններն են: Բուսական ու կենդանական աշխարհն անգամ ունի ինքնապաշտպանական բնազդը, պայքարում է իր գոյության համար. մարդը, բնության գերագույն էակը կարո՞ղ է զրկված լինել այդ տարրական իրավունքից:
Անհավասար կռվում ընկավ հայ ժողովրդի մի մեծ հատվածը: Թուրքական յաթաղանից փախած ու Կովկաս թափված հազարավոր մարդկանց ես տեսել եմ Էջմիածնի ու Երևանի փողոցներում-կանայք, երեխաներ, կմախքացած, մարդկային կերպարանքը փոխած դժբախտներ, որոնց համաճարակը հնձում էր ահավոր սաստկությամբ: Հիսուն տարի է անցել այդ մղձավանջային օրերից, բայց այժմ էլ դեռ տեսնում եմ ոսկրացած այդ մարմինները Էջմիածնի պատերի տակ:
Ո՞վ էր պատասխանատուն այս ահռելի ոճիրի: Անշուշտ երիտասարդ թուրքերի ղեկավարները և նրանց մեծ խորհրդատու կայզերական Գերմանիան:
Բայց պատասխանատու են նաև այն պետությունները, որոնք հանգիստ դիտեցին մի ժողովրդի ողջակիզումն ու մարտիրոսագրությունը: Օգնության կանչող ձայները, մարդասիրական կոչերը մնացին անարձագանք, ձայն բարբառո հանապատի: Պետություններ, քաղաքական գործիչներ, որոնք երբեմն աղմուկ էին բարձրացնում անգամ առանձին անհատների սպանության առիթով, անտարբեր մնացին մի ամբողջ ժողովրդի ողբերգության հանդեպ, և ոչինչ չձեռնարկեցին մեծ ոճիրը կասեցնելու համար:
Հակառակ մանկասպանների երազների՝ չմեռավ հայ ժողովուրդը: Նա իր վերածնված հայրենիքում մի քանի տասնամյակում այնպիսի զարթոնք ապրեց, որ հազվադեպ է մարդկային պատմության մեջ, բայց ապրելով ու վերածնվելով, նա իր սրտի խորքում միշտ պիտի պահի երկու զգացմունք՝ իր արգահատանքը նրա արյունը թափող, այդ արյունը սակարկող պետությունների նկատմամբ և հարգանքը հայրենիքի, սեփական մշակույթի, ժողովրդի պահպանման համար ընկած մարդկանց նկատմամբ, այն ազնիվ, աշխատասեր գեղջուկների, որոնք քրտինքով պարարտացված հողին խառնեցին իրենց մաքուր արյունը: Հայ ժողովուրդը իր սրտում վառ պիտի պահի նահատակված հազարից ավելի այն մտավորականների հիշատակը, որոնք ծնվել էին հարազատ ժողովրդի ծոցից, սնվել նրա դարավոր իմաստությամբ և մաքառում էին նրա ապագայի համար:
Այս մեծ սուգը միայն հայերի սիրտը չէ, որ մորմոքում է, այլև այն բոլոր ժողովուրդների, որոնք գիտեն հարգել ժողովուրդների ազատությունը, արժանապատվությունը: Նրանք մեզ հետ միասին, մեր չափ, անկեղծորեն հուզվում են ու վերապրում այսօր՝ պատմության մեջ աննախընթաց այս մեծ ու ահավոր ոճիրը, որը չպետք է թույլ տալ որ կրկնվի, երբե՛ք և ո՛չ մի տեղ:
1965 թ.

«Անդրանիկի կրծքում վառվող կրակը չի մարել»

. Հիսուն տարի առաջ, 1915 թվականին, սուլթանական Թուրքիայի կառավարող կլիկը փորձեց ֆիզիկական բնաջնջման ենթարկել մեր ժողովրդի արևմտահայ հատվածը: Թուրքական ազգայնամոլները, հենվելով կայզերական Գերմանիայի ռազմատենչ ուժերի վրա, սրի քաշեցին հարյուր հազարավոր մեր հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին: Անմեղ զոհերի ընդհանուր թիվը կազմեց մեկ միլիոնից ավելի: Արևմտահայության կոտորածները իրագործվում էին հրեշավոր անգթությամբ: Կորցնելով իրենց մարդկային կերպարանքը, ջարդարարները դիմում էին ամենազազրելի, ամենաբարբարոսական միջոցների: Նրանք սրախողխող էին անում երեխաներին ու կանանց, այրում էին տներում ու եկեղեցիներում հավաքված մարդկանց, իրենց զոհերին նետում էին գետերն ու ձորերը, կենդանի-կենդանի թաղում հողում և այլն:
. 1915 թվականի Մեծ եղեռնը աննախընթաց էր ոչ միայն մեր ժողովրդի, այլև ամբողջ մարդկության պատմության մեջ: Այդպիսի մասսայական և ահավոր կոտորած դեռևս չէր եղել ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ:
. Հայկական կոտորածները հետևանք էին ոչ թե առանձին ու պատահական դիպվածների, այլ այն հայաջինջ պետական քաղաքականության, որ վարում էր թուրքական կառավարությունը դեռևս անցյալ դարի վերջերից: Հետևելով իրենց պանթուրքիստական ծրագրերին, թուրքական փաշաները ձգտում էին գրավել ամբողջ Կովկասը, Մերձվոլգյան շրջանը և անգամ Միջին Ասիան: Սակայն թուրքական իմպերիալիստների նվաճողական ծրագրերին մեծ չափով խանգարում էր հայ ժողովուրդր, որը ցանկանում էր ազատագրվել օսմանյան բռնապետության ծանր լծից: Պանթուրքիստները որոշեցին գենոցիդի ենթարկել հայ ժողովրդին: Եվ ահա կառավարության նախօրոք մշակած ծրագրով ու պահանջներով սկսվեց արևմտահայերի րնդհանուր կոտորածը: Կազմակերպելով իր մեծ ոճիրը, երիտթուրքերի արյունարբու կառավարությունը նպատակ ուներ վերջ տալ հայ ժողովրդին, կամ, ինչպես իրենք՝ ջարդարարներն էին ասում, «անհետ ջնջել վնասակար ցեղը»:


. Կես դար է անցել այն օրից, երբ սուլթանական Թուրքիայի գաղութարարները անցան վաղօրոք նախապատրաստված իրենց ծրագրի իրականացմանը: Նրանք սկսեցին ցեղասպանության հրեշավոր գործը` հայ ժողովրդի բնաջնջումը Արևմտյան Հայաստանում: Պատմությունը մարդկության անցյալի էջերում արձանագրել է անհամար պատերազմներ, կոտորածներ և ժողովրդական զանգվածների հալածման ու տեղահանման բազմաթիվ դեպքեր: Մարդ հուզվում է, երբ կարդում է այդ ողբերգությունների մասին, երբ պատկերացնում է անթիվ ընտանիքների տանջանքներն ու դժբախտությունները: Սակայն միայն իմպերիալիզմի ժամանակաշրջանը մտցրեց մեր բառարանի մեջ համատարած աղետների այն նոր, զարհուրելի տեսակը, որը կոչվում է գենոցիդ, և որը նշանակում է տվյալ երկրում մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ ազգի ծրագրված, նախապես մտածված լիակատար ոչնչացում: Եվ իմպերիալիզմի կողմից կիրառվող գենոցիդի առաջին օրինակը ցույց տվեց այն ժամանակվա թուրքական կառավարությունը, որն իր բարբարոսական նպատակները իրագործելու համար սերտ դաշինքի մեջ էր մտել կայզերական Գերմանիայի հետ:
. 1915 թվականի ապրիլին Իթթիհատ կուսակցության որոշումով և թուրքական կառավարության հրամանով սկսվեց Արևմտյան Հայաստանի ժողովրդի մեծ կոտորածը: Արևմտյան Հայաստանը 1915 թվականի ընթացքում ամբողջապես դատարկվեց հայերից, եթե չհաշվենք բնակչության այն փոքր տոկոսը, որը փրկվեց մահվան վտանգից՝ հասնելով ռուսաց զորքի դիրքերին:
. Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին երիտասարդ թուրքերի կուսակցության վերնախավում ծագեց ու մանրամասն մշակվեց Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի վերջնական ու լիակատար բնաջնջման գաղափարը: Ենթադրվում էր նաև, որ Թուրքիան պատերազմի ընթացքում կգրավի Անդրկովկասը: Հասկանալի է, որ այս վերջին ծրագրի հաջող իրագործման դեպքում պետք է ոչնչացվեր նաև Արևելյան Հայաստանի բնակչությունը: Սակայն թուրքական բանակի խայտառակ պարտությունը Սարիղամիշի ճակատամարտում թույլ չտվեց թուրքական կառավարությանը, Էնվերին, Թալեաթին ի կատար ածել իրենց նախագծումները Արևելյան Հայաստանի նկատմամբ: Թուրքիայի ղեկավարները որոշեցին արագացնել գենոցիդի իրականացումը Արևմտյան Հայաստանում:
Պատերազմի առաջին ամիսներին զորակոչի անվան տակ և բանվորական ջոկատներ ստեղծելու պատրվակով բանակ կանչեցին 20-50 տարեկան հայ տղամարդկանց, որոնց 1915 թվականի սկզբներից աստիճանաբար զինաթափ արեցին և փոքր խմբերով գաղտագողի կոտորեցին: Կռվելու և դիմադրելու ընդունակ մարդկանց մեծ մասին այսպիսի խարդախ միջոցներով ոչնչացնելուց հետո երիտասարդ թուրքերն անցան անպաշտպան բնակչության՝ երեխաների, կանանց ու ծերունիների զանգվածային բնաջնջմանը: Իրենց այդ մեծ ոճիրը փորձեցին ներկայացնել որպես սովորական «տեղահանություն» և աքսոր: Համաշխարհային հասարակական կարծիքը թյուրիմացության մեջ պահելու նպատակով թուրքական այն ժամանակվա կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, թե կայսրության հայ բնակչությունը ռազմական նկատառումներով գաղթեցվում է Միջագետք: Դա բացարձակ կեղծիք էր: Իրականում ի կատար էր ածվում արևմտահայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը: Կառավարությունը, ներքին գործերի մինիստր, դահիճ Թալեաթը հրահանգում են տեղական մարմիններին և ոստիկանությանը՝ լինել վճռական ու անխնա: Ոստիկանությունը աշխատում էր կատարել այդ հրահանգները ամենայն ճշտությամբ: Գաղտնի հրահանգի համաձայն` անզեն հայերի մի մասը կոտորվում էր հայրենի գյուղերում ու քաղաքներում, մի մասը` բռնագաղթի ճանապարհին, իսկ մի մասն էլ կոտորվեց Միջագետքի անապատներում: «Ոստիկանությունը նրանց վրա էր խոյանում ճիշտ այնպես, ինչպես Վեզուվի հրաբուխն էր խոլացել Պոմպեյ քաղաքի վրա,- կարդում ենք օտար ականատեսներից մեկի հիշողություններում,- կանայք վերցվում էին լվացքի տակից, մանուկները խլվում էին անկողիններից, երեխաները դուրս էին քշվում դպրոցներից, ստեղծվում քարավաններ, հանձնվում ջարդարար մի խումբ ժանդարմների կամքին ու քշվում դեպի հարավ: Իսկ ճանապարհին կենսագործվում էր հրեշավոր ծրագիրը»:
Այս ձևով երիտասարդ թուրքերը տեղահան արեցին ու ջարդեցին ավելի քան մեկևկես միլիոն հայերի: Մեր նպատակը չէ այստեղ ցույց տալ, թե որ նահանգից ինչքան մարդ կոտորվեց: Սարսուռ ազդող պատկերն ընդհանուր էր:
Կարճ ժամանակամիջոցում սոսկալի տանջանքների մեջ ոչնչացավ Էրզրումի, Երզնկայի, Մշո, Տրապիզոնի, Սեբաստիայի, Խարբերդի, Արաբկիրի, Մալաթիայի և այլ վայրերի հայ բնակչությունը: Նույնքան ահռելի էր Զեյթունի, Տիգրանակերտի, Կոնիայի և շատ այլ քաղաքների հայերի կոտորածը: Եղան քաղաքներ, որոնց 30-40 հազար հայ բնակչությունից ազատվեց հազիվ մի քանի հարյուր հոգի: Թալեաթն ու Էնվերը անձամբ հետևում էին ջարդերի իրագործման ծրագրին, փոխում էին այն պաշտոնյաներին, որոնք գութ ու խիղճ էին հանդես բերում. նրանք ստիպում էին կրոնական պետերին ատելություն բորբոքել հայերի դեմ: Դեպի արաբական անապատները սահող քարավանների վերջին հանգրվանը հանդիսացավ Տեր-Զորը: Այնտեղ հավաքվեցին ջարդերից ողջ մնացած բեկորները, որոնց թիվը մոտենում էր հարյուր հազարի: Սովն ու համաճարակը արդեն հնձում էին մարդկանց հազարներով, բայց ոճրագործները չսպասեցին այդ բնական ընթացքին, կենտրոնից եկած հրահանգի հիման վրա կազմակերպվեց Տեր-Զորում հավաքված 60000 հայերի հայտնի կոտորածը, քստմնելի մի գործ, որի առաջ նսեմացան մինչ այդ կատարված բոլոր գազանությունները: Մինչ այսպես ամայանում էր Արևմտյան Հայաստանը, բնաջնջվում էր աշխատավոր նրա ժողովուրդը, Թալեաթը հպարտությամբ հայտարարում էր, թե այն, ինչ չէին կարողացել կատարել Օսմանյան կայսրության սուլթանները մի քանի հարյուր տարվա ընթացքում, ինքը կատարեց մի քանի ամսում:
Իրենց գլխավոր նպատակը համարելով հայ ժողովրդի ամենալայն զանգվածների ֆիզիկական բնաջնջումը, Թալեաթը և Էնվերը մտահոգված էին նաև հայերի մեջ ազգային գիտակցությունը արմատախիլ անելու խնդրով: Ահա թե ինչու գավառներում առաջին հերթին սպանվում էին ուսուցիչները և առհասարակ մտավորականները: Իսկ Պոլսում, որտեղ, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, վախենալով միջազգային հասարակական կարծիքից, այդպիսի զանգվածային կոտորածներ որոշվեց չանել, կատարվեցին հայ առաջադեմ մտավորականության, գրողների, գիտնականների, ուսուցիչների, քաղաքական գործիչների, թուրքական պառլամենտի հայ պատգամավորների մասսայական բանտարկություններ, որոնց հաջորդեց բանտարկյալների գազանային գնդակահարությունը: Այդպես սպանվեցին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, հոգեպես սպանվեց, թեև ֆիզիկապես մնաց կենդանի հանճարեղ Կոմիտասը, ոչնչացվեցին մեր մշակույթի հարյուրավոր ներկայացուցիչներ: Այսպես իրագործվեցին Իթթիհատ կուսակցության հակամարդկային նախագծումները:
. Ի՞նչ դիրք բռնեցին եվրոպական մեծ պետությունները 1915-1916 թթ. հայկական ջարդերի նկատմամբ: Նրանք ոչ միայն չարգելեցին հրեշային ծրագրի իրագործումը, այլև մասնակցեցին կամ լռելյայն հանդուրժեցին այն: Հենց դա հնարավորություն տվեց դահիճներին ազատ, համարձակ գործելու, առանց պատասխանատվության երկյուղի:
. Մեր անթիվ զոհերի հիշատակի իսկական հավերժացումը մեր ժողովրդի մեծ վերածնունդն է:
. Մեր եղբայրներն ու քույրերը նահատակվեցին, բայց չուրացան իրենց ժողովրդին:
. Արաբական անապատում, ավազի մեջ մեսրոպյան տառերը իր մանուկների առաջ մատներով նկարող հայ մոր պատկերը դարեր կապրի մեր սրտերում:
. Մենք հպարտանում ենք մեր անցյալի ազատասեր զորավար Անդրանիկով և անցյալի բազմաթիվ քաջ հայորդիներով: Բայց հպարտ ենք նաև, որ Անդրանիկի կրծքում վառվող կրակր չի մարել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ