«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«От Ильича до Ильича» («հերոս» բառը ցանկությունների կամ պատկերացումների համար չէ)

«От Ильича до Ильича» («հերոս» բառը ցանկությունների կամ պատկերացումների համար չէ)
16.05.2014 | 11:10

Ինձ ստիպեց գրիչ վերցնել «Իրատես de facto» թերթի մայիսի 5-ի համարում հրապարակված հարցազրույցը Ազատ Արշակյանի հետ՝ «Ճանաչել ոչ միայն հերոսներին, այլև հակահերոսներին» վերնագրով: Նախ ասեմ, որ «հերոս» բառն արմատ դարձնել և օգտագործել ինչ-ինչ ցանկությունների կամ պատկերացումների համար, այնքան էլ տեղին չէ: Հերոսը հերոս է մնում, նրա հակառակը դավաճանն է, հանցագործը, ոճրագործը և այլն: Հիմա հոդվածի հիմնական մասով:
Միայն հայը` ԽՍՀՄ կառավարման առաջատար գործիչներից սանահինցի Անաստաս Միկոյանը, կարողացել է անձեռնմխելի մնալ ստալինյան ռեպրեսիայի տարիներին և այդ տարիներից հետո նաև: Նա կարողացել է անհատի բացարձակ ճիշտ վարքագիծ դրսևորել մի առասպելական շրջանում, որն ունեցել է անկանխատեսելի և մտացածին իրադարձություններով բացասական հետևանքներ բազմաթիվ գործիչների համար: Վլադիմիր Իլյիչ Լենինի ստեղծած տոտալիտար համակարգում, մինչև Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը ներառյալ, անցած ողջ ճանապարհը նմանեցվել է անբարենպաստ անձրևոտ եղանակի և կեսլուրջ, կեսկատակ ասել են քաղգործիչները` ով կարող է «От Ильича до Ильича» անցնել անձրևի միջով և «չթրջվել»։ Այդ եզակի պետական-քաղաքական գործիչը եղել է Անաստաս Միկոյանը. մարդ, ում կերպարի մեջ մարմնավորվում են հայի մարտավարական և ռազմավարական բոլոր ժամանակների բարձր կարողություններն ու մշակութային արժեքները. որ հայը իմաստուն է և արարող, արդար է և օրինապահ, փառասեր չէ, առաջնորդ է ու օրինակելի, այլատյաց չէ և մեծ դիվանագետ է: Կանգ առնենք «դիվանագետ» հասկացության վրա: Հայերիս մեջ ընդունված է մի թյուրըմբռնում, թե իբր մենք դիվանագետ չենք: Սակայն տողերիս հեղինակի համոզմամբ, ցայսօր Հայաստանի Հանրապետությունը հայի դիվանագիտական և նպատակի դրսևորման արդյունք է: Ինչո՞ւ: Որովհետև Հայկական լեռնաշխարհում, նրան հարող շրջաններում և Միջագետքում մ.թ.ա. 4-3 հազարամյակներից հիշատակվող հին ազգերից միայն հայերն են, որ ազգերի մարդկային դաժան քաղաքական և աշխարհածավալատարածման դրսևորումների պայմաններում չեն հուսահատվել, հավատ են ունեցել իրենց ազգային-պետական կայացման նպատակների հանդեպ և յուրահատուկ գոյապայքարով նոր ժամանակներ` 3-րդ հազարամյակ են մուտք գործել որպես կայացած անկախ ազգային պետություն:
1960-ականների սկզբներին երկու քաղաքական համակարգերի` կապիտալիստական` հին, և սոցիալիստական` նոր, ճամբարների միջև հակասությունների լարվածությունը գագաթնակետին է հասել, աշխարհը կանգնած է եղել միջուկային պատերազմի առջև: Անաստաս Միկոյանի անմիջական ջանքերի և դիվանագիտական արվեստի շնորհիվ (կնոջ մահվան լուրն առնելով սրտում, չի մասնակցել կնոջ հուղարկավորությանը) կարողացել է կանխել սպասվելիք միջուկային պատերազմը և մարդկության հետագա զարգացումը դրել խաղաղության ճանապարհին: Բազմաթիվ մարդիկ, նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ինչ-որ բանի համար արժանացել են Նոբելյան մրցանակի: Իսկ ո՞ւր է Միկոյանի մրցանակը… Ինչևէ, այսպիսին է իրականությունը նոր ժամանակների, ինչ արած, այսպիսին է մարդկային անկատարյալ հիշողությունը, որը գալիս է հազարամյակներից: Միկոյանի անցած ճանապարհը դյուրին չի եղել` որպես հեղափոխականի` բանտարկություններ և աքսոր, սոցիալիզմի կայացման, սովի, չքավորության տարիներ, 30-ականներ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, հետպատերազմյան վերականգնման շրջան, «Ստալինյան երկաթյա վարագույրի» բացահայտման և կուսակցական «ապարատչիկների» կայացման ժամանակներ, ավելացնենք նաև Առաջին համաշխարհային պատերազմի և հայ ժողովրդի եղեռնի տարիները: Ահա, այսպիսին են եղել Միկոյանի ապրած 82 տարիներից 65-70 տարիները: Բայց անդրադառնանք չափազանց կարևոր «առասպել» բառին, որը օգտագործում են բոլոր ազգերի մտավորականները անտիկ շրջանի գործիչներին ներկայացնելիս` ելնելով ազգային ավանդույթներից: Եվ առավել գնահատելի և համոզիչ է, երբ գործիչն իր առասպելական գործունեության բնորոշումը ստանում է օտարազգիների կողմից, տվյալ դեպքում անհնարին է պատկերացնել, թե Միկոյանին ինչպես է հաջողվել նման առասպելական կերպար ստեղծել խորհրդային սոցիալիստական քաղաքակրթության ընթացքում իր աշխատանքային գործունեության շրջանակներում, և նա արժանի է դասվելու առասպելական գործիչների շարքում` իր «հանդուրժողական և խաղաղապահպան» կատարյալ դիվանագիտական գործողությունների շնորհիվ: Հնարավոր եմ համարում, որ նրա կողմից ինչ-որ անընդունելի գործողություն իրականացված լինի, սակայն համոզմունքով եմ ընթերցողին ասում. եթե Միկոյան առասպելական գործիչը ինչ-որ անընդունելի բան կամ բաներ է կատարել, ապա նա նաև գիտակցել է, որ թռչող ինքնաթիռից չեն ցատկում։ Վերջում ավելացնեմ. համոզիչ կարծիքները և գնահատականները հիմնվում են պատմական, գիտական և այլ հիմնավոր փաստագրական տվյալների վրա, այլ ոչ հայտարարական բնույթի տվյալների վրա: Այսպես` անգլիացի հայտնի կովկասագետ Դևիդ Լենգի՝ հային տված գնահատականն այսպիսին է՝ «աշխարհի ջրապտույտ պատմության մեջ» գոյատևելու համար հայից պահանջվել են ֆիզիկական և մտային բացառիկ որակներ, տեղի չտալու և ընտելանալու կարողություններ: Իսկ Հայաստանի մեծ հետազոտող Լինչը նկատել է, որ հայերը իրենց գոյության ընթացքում պարտական են իրենց հիանալի անկոտրում հատկանիշներին` տղամարդկային համառությանը և դիմակայությանը: Այսպիսի հատկություններ Լենգը տեսել է խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի մեջ, ով ունեցել է ապրելու և գործելու «ապշեցուցիչ ընդունակություններ»: Հայ ազգը ունի շատ առասպելական գործիչներ և հերոսներ, սակայն մեզ հայտնի չեն նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են ստվեր գցել նրանց պատմական արժեքի վրա: Նպատակս հարցազրույց տված Ազատ Արշակյանին ընդդիմախոսելը չէ, ոչ էլ Միկոյանի արձանի տեղադրումը: Փաստերը խոսում են Միկոյանի համաշխարհային գործիչ լինելու մասին, ամբողջ միջազգային հանրությունն է ընդունել, որ նա խաղաղության դեսպան է: Փաստերը վկայում են, որ Միկոյանը մարմնավորում է առասպելական մարդու կերպար: Սա է իմ համոզմունքը:
Շատ ազգեր իրենց դահիճներին հերոսացնում են, իսկ մենք` մեր գործիչներին մեծարելու փոխարեն, բաներ ենք ման գալիս, որ նրանց նսեմացնենք: Շուտով ողջ աշխարհը կիմանա Հեյդար Ալիևի մասին, որտեղ ասես որ չեն տեղադրել նրա արձանը, իսկ մենք (իսկական միջազգային գործիչ Միկոյանի արձանը բոլոր մայր ցամաքներում պետք է տեղադրված լիներ ) նոր-նոր ենք ձեռնարկում Միկոյանի արձանը տեղադրելու գործը, այն էլ միայն Երևանում: Խորհել է պետք։ Մեր օրերում արդիական է դարձել ինքնագովազդը, և տարբեր ոլորտների գործիչներ իրենց մասնագիտական կարողությունները և միջոցները համարում են «զենքի» տեսակ: Եթե մարդկանց պատկերացումներն այսպիսին են, ապա, հայ մարդ, մեր «զենքի» տեսակներից մեկն էլ պետք է լինի հային ճիշտ տեսնելը, ամբողջական տեսնելը, նրա կատարածը քաղաքականացման տեսանկյունից չդիտարկելը։ Հետևապես ազնիվ լինենք, գոնե մեր պապերի, հայրերի և մեր ապրած ժամանակաշրջանի նկատմամբ։ Եթե մենք մեզ չգնահատենք ու չներկայացնենք ինչպես հարկն է, ոչ ոք մեզ չի ներկայացնի այնպես, ինչպես պետք է, և խորհենք… օտարի համար երբեք էլ շահեկան չէ ուրիշի շահերը պաշտպանելը կամ ուրիշի դարդուցավը իր վրա վերցնելը, այդ է պատմում պատմությունը… գոնե հայերիս համար:


Սամվել ՏՈՆՈՅԱՆ
Ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու,
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,
«ԳԽ պատգամավոր ակումբ» ՀԿ անդամ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ