«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

1544 ընտանիքներէն միայն 665-ը վերադարձան

1544 ընտանիքներէն  միայն 665-ը վերադարձան
09.05.2014 | 15:16

Ռոդոստոն (թուրքերեն՝ Թեքիրդաղ) գտնվում է Թուրքիայի եվրոպական մասում, ծովափին: Ք.ծ.ա. 4000 թ. այն հիմնել են հույները, իսկ XIV դ. քաղաքը գրավել են թուրքերը: 1912-1913 թ. Բալկանյան առաջին պատերազմի արդյունքում մտցվեց Բուլղարիայի կազմի մեջ, բայց մի քանի ամիս անց կրկին հանձնվեց Թուրքիային: 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից հետո անցավ հունական բանակի հսկողության ներքո, իսկ Սևրի դաշնագրի արդյունքում հանձնվեց Հունաստանին: Սակայն 1922 թ. Լոզանի պայմանագրով քաղաքը հանձնվեց Թուրքիային:
Հայերն այստեղ բնակություն են հաստատել XVII դ. սկզբից՝ գաղթելով Կարինից, Երզնկայից, Ակնից, Տիվրիկից ու Կամախից: 1912 թ. այստեղ ապրում էր 13 հազար հայ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, վաճառականությամբ, արհեստագործությամբ, ունեին երկու եկեղեցի՝ Սբ. Թագավոր և Սբ. Խաչ, երկու վարժարան, զանազան միություններ ու կազմակերպություններ: Ռոդոստոն մեր ժողովրդին տվել է այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք էին Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, գրող Վազգեն Շուշանյանը, կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը, աշխարհահռչակ կինոռեժիսոր Աշոտ Մալաքյանը (Անրի Վեռնոյ):
1915 թ. ցեղասպանության ենթարկվեց նաև քաղաքի հայությունը, իսկ 1922-ին ողջ մնացածներն արտագաղթեցին Բուլղարիա ու Հունաստան: Դրանով ավարտվեց Ռոդոսթոյի հայ գաղթօջախի պատմությունը:
Ստորև ներկայացնում ենք մի հատված ցեղասպանդի ենթարկված Սարգիս Գ. Փաչաճեանի «Յուշամատեան Ռոտոսթոյի հայերուն. 1606-1922» գրքից:

1915-ի աշնան սկիզբն էր, թուրքերուն հայոց հանդէպ ծրագրած վատ զգացումներուն լրագործումը ծայր տուաւ: Արդէն չարաշշուկ տարաձայնութիւններ սկսած էին լսուիլ, բայց ոչ ոք կը հետաքրքրուէր. ամէն մարդ կ’աշխատէր ու կը ճգնէր զինուոր գացող իր եղբօրը կամ հօրը կիսատ թողած գործը շարունակել ու անզգալի ընել անոնց բացակայութիւնը:
Սեպտեմբեր 7-ի երկուշաբթի երեկոյին էր, հանկարծ լսեցինք ղասապ Թագւորին տղոցը՝ Խաչիկ, Սարգիս եւ Պետիկ Մահմուզլեաններուն, Ասատուր Փափազեանի եւ ատաղձի վաճառական Փափազեանի՝ իրենց խանութներուն մէջ ձերբակալուելով բանտ առաջնորդուիլը: Այս յեղակարծ իրողութեան առջեւ ամէն մարդ շլմորած իրարու երես կը նայէր, հասկնալու համար յանկարծակի ձերբակալութիւններուն չարաթաքոյց նպատակը: Խորամանկ թուրք կառավարութիւնը, հայ ժողովրդի մտքին մէջ կուտակուած յոյզերն ու կասկածները չարթնցնելու եւ զանոնք հանդարտեցնելու մտքով, աչքի զարնող տեղերը հետեւեալ բովանդակութիւնը պարունակող յայտարարութիւններ փակցուց. «Ով ժողովուրդ, գործիդ նայէ, մի հետաքրքրուիր զանազաններու ձերբակալութեամբ: Կառավարութիւնը պիտի պատժէ միայն այն հայերը, որոնք Պալքանեան պատերազմի ժամանակ անկարգութիւններ ըրին ու դիւրացուցին պուլկարներու Ռոտոսթօ մուտքը: Իր գործին ու աշխատանքին նուիրող խաղաղ ժողովուրդին բան մը չկայ»:
Ահա, այս սուտ ու պատիր յայտարարութիւնները կարդացող հայ հասարակութիւնը ակամայ փորձեց հանդարտեցնել իր խռովայոյզ միտքը, սպասելով որ բացայայտորէն պարզաբանուի իրողութիւնը:
Ձերբակալուողները ամբողջ գիշեր բանտը մնալով յաջորդ օրը, երեքշաբթի, առաւօտուն կանուխ դուրս ելան եւ կառավարատան առջեւ բերուած իրենց ընտանիքներուն եւ զաւակներուն միանալով, ոստիկաններու հսկողութեան տակ ճամբայ ինկան դէպի Մուրատլը, անկից շոգեկառքով Կ. Պոլիս ու յետոյ ալ Փոքր Ասիոյ ներսերը երթալու:
Քաղաքի հայութիւնը տեսակ մը սուգի մատնուեցաւ. ոչ ոքի ձեռքը առաջ կ’երթար գործ մը լմնցնելու. ամէն մարդ խոր մտածմունքի մէջ էր: Հազիւ օր մը անցած, չորեքշաբթի երեկոյին, դարձեալ սկսան ձերբակալութիւնները: Կարգով ձերբակալեցին Քէրէմեան եղբայրները, Շուշանեան Գրիգոր եւ փաստաբան Պետրոս էֆէնտիները, Ճամճեան եղբայրները՝ Միլիտոս, Մանուկ, Մկրտիչ եւ այլն, Յովակիմ Գարանֆիլեան, Յովհաննէս Փափազեան, Ղասապ Հաճի Վարդերեսը, որոնք նոյն ձեւով, իրենց ընտանիքներով, հեռացուեցան քաղաքէն, միշտ յորդորելով որ մի քանի ամիսէն պիտի վերադարձուին իրենց տուները…
Ձերբակալութիւններուն ոչ թէ մասնակի, այլ ընդհանուր բնոյթ ունենալը հասկցուեցաւ ու անկից յետոյ յաջորդաբար եւ սիստեմաթիք կերպով շարունակուող աքսորանաքը տեւեց մինչեւ հոկտեմբեր 18-ը, որու միջոցին քաղաքէն աքսորուեցան 1544 ընտանիք կամ մօտաւորապէս 9700 հոգի, իսկ քաղաքին մէջ մնացին մի քանի քահանաներ եւ 405 ընտանիք, մեծ մասամբ՝ զինուորի ընտանիքներ, այրի կիներ եւ կամ ալ՝ վարպետ արհեստաւորներ:
Հոկտեմբեր 28-ի վերջին կարաւանով գաղթականական հոսանքը դադրեցաւ, մասամբ իրենց ամուսիններուն զինուորագրուելով ամէլէ թապուռիներուն (գործաւորական գունդ) մէջ մտցուելէն ու մասամբ ալ իրենց մօտակայ ազգականներուն աքսորուելէն ազդուած, սուգի ու շիւանի մատնուեր էին, մանաւանդ Ս. Թագաւոր եւ Ս. Խաչ եկեղեցիներուն կառավարական զինուորներուն կողմէ խուզարկուելէ յետոյ կնքուելով գոցուիլը ալ աւելի սրտաբեկութեան մատներ էր զանոնք: Երեք ամիս յետոյ, փետրուար 7-ին, թուրքերը փորձ մը եւս ըրին՝ քաղաքը մնացողներէն 120 հոգի հաւաքելով, որոնց մէջն էին, ի մէջ այլոց, Տ. Խորէն քահանան, Վերապատուելի Սարգիս Մանուկեանը եւ Էտիրնէի աւագերեց Տ. Արսէն քհնյ. Դերձակեանը, առագաստանաւի մը մէջ լեցնելով ճամբայ հանեցին դէպի Միկոմիտիա: Բայց գաղթականական հոսանքները շատոնց ի վեր դադրած եւ հայ գաղթականները արդէն իսկ Արաբիոյ խորքերը հասած էին, որով, քսան օր ծովի վրայ պտըտեցնելէ յետոյ այս 120 հոգինոց խումբը կրկին Ռոտոսթօ վերադարձուցին:
Քաղաքէն հեռացուած գաղթականները, աքսորի ճամբուն, տաժանելի չարչարանքներու եւ անլուր խժդուժանքներու ենթարկուելով կը քալէին հագրուանէ հանգրուան, հասնելու համար Տէր Զօրի կարմիր սպանդանոցը: Երկու-երեք ամիս տեւող անհանդուրժելի գնացքի միջոցին թշուառութեան մատնուած գաղթականութիւնը թափթփեցաւ ճամբու երկայնքին: Ողջ մնացողները հասան Սուրիոյ եւ Տէր Զօրի հեղձուցիչ անապատները: Այնտեղ, ինչպէս ամբողջ տաճկահայութիւնը, նոյնպէս եւ ռոտոստոցիք, ենթարկուեցան հայաջինջ քաղաքականութեան անողորմ զրկանքներուն: Տարիներով շարունակաբար մաշուեցան, կոտորակուեցան, պարտասումի ու տառապանքի այլազան չարչարանքներու տակ հալեցան: Զրկանքի ու բռնութեան անհամար ձեւերուն չկրցող հանդուրժող ծերերը մեռան: Իրենց պատւոյն ու ընտանեկան սրբութեան նախանձախնդիր կիներ Եփրատ գետի սահանուտ ջրերուն մէջ նետուելով վերջ տուին իրենց կեանքին: Շատ մը օրիորդներ քիւրտերու եւ արաբներու սեփականութիւնը դարձան, լլկուեցան, մաշուեցան եւ, վերջապէս, խաղալիկ դարձան կիսավայրենի թուրքերու եւ զինուորներու կրքոտ քմահաճոյքներուն, իսկ անչափահաս հայորդիները չոր հացի կտորի մը եւ ումպ մը ջուրի փոխարէն ստրուկ եղան վրանաբնակներու քով:
Ահա այս տեսակ սահմռկեցուցիչ եղեռնապատումի մը մէջ փճացող հայութեան բեկորներն ու խլեակները սկսան խոտ ճարակելով ապրիլ, տոկալ եւ սպասել փրկութեան ճաճանչ արեւածագին:

Համեւրոպական պատերազմը կը շարունակուէր, բայց Թուրքիոյ երբեմնի հուժկու զինակցին՝ Գերմանիոյ դէպի պարտութիւն ընթանալը փոխեր էր նաեւ Թուրքիոյ տրամադրութիւնը եւ ստիպուեր էր 1918 հոկտեմբեր 30-ին Մուտրոսի դաշնագրով հաշտութիւն կնքել Դաշնակիցներու հետ:
Մինչ այդ անգլիացիք գրաւած էին Սուրիոյ եւ Տէր Զօրի անապատները ու սկսեր էին հաւաքել այնտեղ տարտղնուած հայ գաղթականութեան մնացորդացը:
1919-ին գաղթականութիւնը սկսաւ վերադառնալ իր տեղը՝ Տէր Զօրինները ցամաքով, իսկ Սուրիա գտնուողներն ալ ծովու ճամբով Պոլիս եկան ու անկից ալ իրենց տեղերը:
Ռոտոսթոյէն աքսորուած 1544 ընտանիքներէն միայն 665-ը վերադարձան, որոնցմէ 115 ընտանիք, առանց քաղաք գալու, հաստատուեցան Պոլիս:

«Ստամբուլից հովանավորում էին նրանց»

Ջեմալ փաշան երկար ժամանակ թղթակցում էր Թալեաթ փաշայի հետ, որպեսզի Ստամբուլից Վանի ռազմական ատյան ուղարկված երկու երեսփոխանները՝ Զոհրապն ու Վարդգեսը (խոսքը թուրքական Մեջլիսի պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգես Սերինգյուլյանի մասին է – Խ.Դ.), ազատ արձակվեն: Ջեմալ փաշան ասում էր. «Նրանք իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, թողեք ուղարկեմ Լիբանան»: Թալեաթ փաշան իր պատասխանում նշում էր, որ Զոհրապն ու Վարդգեսը ապահով վիճակում են գտնվում: Նրանց չենք կարող վերադարձնել, որովհետև նրանց դատարան ներկայանալը անհրաժեշտություն է: ...Որոշ ժամանակ անց լսեցինք, որ Զոհրապն ու Վարդգեսը ճանապարհին սպանվել են Չերքեզ Ահմեդ և Նազըմ չեթեների կողմից: Ջեմալ փաշան հրամայեց, որ երկուսն էլ անմիջապես ձերբակալվեն: Սակայն Չերքեզ Ահմեդը և Նազըմը, տեղեկանալով այդ մասին, առաջին իսկ գնացքով փախել էին Ստամբուլ, քանի որ Ստամբուլից հովանավորում էին նրանց:

Ֆալիհ ՌԸՖԸԿ ԱԹԱՅ

Երիտթուրքական ակտիվ գործիչ

Եփրատի ափերն արտաքսվածների մեծ մասը Կ. Պոլսի շրջակայքից էր, ինչպես նաև Ռոդոստոյից, Նիկոմիդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Ջիզրեից, Կոնիայից. մի խոսքով, նրանք Կեսարիայի և Անատոլիայի երկաթգծի երկարությամբ ընկած տարածքից աքսորված հայերն էին: Այս նոր տարագրումը ընդհանուր զարմանքի առիթ տվեց: Անհասկանալի էր, թե ինչու մարդկանց քշում են Զորի ուղղությամբ: Սակայն անհանգստանալու համար առավել էական պատճառներ կային: Ռաս-էլ-Այնում և այլուր տեղի ունեցած կոտորածները տարածվեցին նաև Մեսկենում: Մի քանի տարի շարունակաբար կատարվող կոտորածները գաղտնի չմնացին նաև խուլ անապատում: …Կառավարության պահանջը ամբողջ հայության ոչնչացումն էր: Նրանք իրավունք չունեին այլևս գոյատևելու:
Նայիմ բեյ

«Միություն և առաջադիմություն» կուսակցությունը որոշում կայացրեց. ոչ մի մարդ կենդանի չթողնելու պայմանով սպանել և ոչնչացնել հայերին: Այս հրամանը իրականացնելու համար էլ նախագահությունը կազմեց մի հանձնաժողով Բեհաեդդին Շաքիր, դոկ. Նազըմ և լուսավորության նախարար Շյուքրի բեյերից կազմված, նրան տալով «Երեքի գործադիր կոմիտե» անվանումը: Այս երեքի գործադիր կոմիտեն «Թեշքիյաթ-ը մահսուսե» (հատուկ կազմակերպություն) անվան տակ սկսեց բանտերից հավաքագրել քրեական հանցագործներին և ստեղծել չեթեների հրոսակներ: «Թեշքիյաթ-ը մահսուսե» պիտակի տակ ստեղծված այս չեթեների հրոսակի կատարած հանցագործություններն ու բռնությունները, արատավորելով թուրք ժողովրդին աշխարհի հասարակայնության առջև, արյունալի և բարբարոսական էջեր արձանագրեցին նրա պատմության մեջ:

Մևլան Զադե ՌԻՖԱԹ

Ես այն համոզմանն եմ, որ այնքան ժամանակ, երբ մի ազգ իր սեփական շահերի համար անում է ամեն ինչ և հաջողում է, աշխարհն ընդունում է այդ: Ես պատրաստ եմ մեռնելու այն բանի համար, ինչ կատարեցի և ես գիտեմ, որ կմեռնեմ դրա համար:


Թալեաթ

Ամենուրեք սկսեցին հավաքել հայերին, նույնիսկ առանց հաշվի առնելու հիվանդներին, ծերերին և երեխաներին: Նրանք, ովքեր ընդունում էին մահմեդականությունը, ժամանակավորապես դուրս էին հանվում քարավաններից, իսկ մյուսներին խմբերով, ժանդարմերիայի հսկողության ներքո ուղարկում էին նախատեսված ճանապարհներով:

Մևլան Զադե ՌԻՖԱԹ

Սիրիայի խորքերը արտաքսված հայերը պիտի նոսրացնեին նաև արաբներով խիտ բնակեցված վայրերը չերքեզների, քրդերի և մյուսների նման: Նույնիսկ մի հանձնաժողով կազմվեց, որպեսզի հայերին և տուն, և հող տրամադրվեն՝ մահմեդական դառնալու պայմանով:

Ֆալիհ ՌԸՖԸԿ ԱԹԱՅ


Հեղինակ` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ