Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ո՞ր չարածի համար նա չպետք է ԱԺ ղեկավար դառնա»

«Ո՞ր չարածի համար նա չպետք է ԱԺ ղեկավար դառնա»
29.04.2014 | 00:44

Այսօր Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՀՀԿ խմբակցությունը, կընտրի երկրի երկրորդ դեմքին` խորհրդարանի խոսնակին: Գալուստ Սահակյանի թեկնածությունն օրերս է հաստատվել ՀՀԿ ԳՄ նիստում, և ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, որևէ մեկը առարկություն չի ներկայացրել, երբ նախագահը հնչեցրել է Գալուստ Սահակյանի անունը: «Դե, ի՞նչ ասեինք, նախագահն էր ներկայացրել»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ շատերը, բնականաբար, զարմացել են, բայց չեն ընդդիմացել: «ՈՒրիշ ո՞վ լիներ»,- հակադարձ հարցն էին ուղղում ՀՀԿ մեր զրուցակիցները, փաստելով, որ իրենց խմբակցությունում չկա մեկը, որն առավել արժանի լինի: Այդուհանդերձ, ՀՀԿ խմբակցության անդամներից փորձեցինք պարզել` Գալուստ Սահակյանի ո՞ր արժանիքների համար կարելի է նրան ԱԺ նախագահի պաշտոնը վստահել:

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
-Նման հարցին իմաստ չունի պատասխանելը: Եթե Դուք չեք իմանում, որ Գալուստ Սահակյանն արժանի է ԱԺ նախագահ դառնալու, ես ո՞նց հինգ րոպեի ընթացքում պատասխանեմ: Գալուստ Սահակյանի հետ ես աշխատել եմ ոչ ավելի, ոչ պակաս, տասնութ տարի:

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Նա վաստակել է այդ իրավունքն իր քաղաքական կենսագրությամբ: Բացի այդ, խմբակցության ղեկավարն է և բնականոն ճանապարհով դառնում է ԱԺ նախագահ: Գուցե իմ ասածի մեջ սուբյեկտիվիզմ կա, որովհետև նա երկար տարիների իմ ընկերն է:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
-Ես Գալուստ Սահակյանի հետ աշխատել եմ 1999-ից: Եթե Դուք ինձ նման հարց եք տալիս, ես էլ հակադարձ հարցն եմ Ձեզ ուղղում` ո՞ր չարածի համար նա չպետք է ԱԺ ղեկավար դառնա: Մարդկային տեսակով առավել ևս համապատասխան է այդ պաշտոնին:

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Բոլոր լավագույն արժանիքների համար: Ե՛վ փորձառության, և՛ մարդկային, և՛ բարոյական. ամեն ինչի համար: Երկրորդ դեմքի համար բոլոր արժանիքներն ունի Գալուստ Սահակյանը:

Փաստորեն, ՀՀԿ խմբակցության անդամները ևս հստակ չեն մատնանշում, թե ինչ առանձնահատուկ արժանիք ունի Գալուստ Սահակյանը, որ կարողանա, որպես երկրորդ դեմք, երկիր ներկայացնել: Միակ բանը, որ բոլորը նշում են, երկար տարիների փորձառությունն է: Սակայն, եթե դա է նման պաշտոն ստանձնելու հիմնական չափորոշիչը, ՀՀԿ խմբակցությունում կարելի է գոնե մեկ տասնյակ պատգամավորների հաշվել, ովքեր երկար տարիներ ԱԺ բեմում «կքալեն», այլ խոսքով՝ ունեն փորձառություն: Նույն հաջողությամբ կարելի էր նրանց թեկնածությունը ևս առաջադրել, նրանք էլ հաստատ ինչ-որ մեկի ընկերը կլինեին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ