«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հայերի ու նրանց էության մասին

Հայերի ու նրանց էության մասին
25.04.2014 | 11:43

Շուկայական ոստիկանություն

Անիի խանութները սովորաբար մանր էին և կոչվում էին «կուղպակ» (այստեղից էլ` կրպակ բառը): Կային նաև «քարտուն» խանութներ, որոնք ունեին քարակերտ դարակներ` ապրանքները դասավորելու համար: «Քարտունները» երբեմն երկհարկանի էին, առաջին հարկը ծառայում էր իբրև նկուղ, ապրանքների պահեստարան, իսկ երկրորդը` վաճառելու համար:
Առևտուրը կազմակերպվում էր ըստ Բագրատունի թագավորների հրամանի, որով սահմանվում էին նաև չափի ու կշռի միավորները: Շուկաներում նշանակվում էին վերակացուներ` «կռփիչներ», որոնք հսկում ու կանխում էին նենգությունը, խարդախությունը, դրամանենգությունը, որոնց համար սահմանված էին խիստ պատիժներ: «Կռփիչների» վրա դրված էին նաև չափերի ու կշիռների վրա հսկելու, դրանք կեղծողներին պատժի ենթարկելու և շուկայական ոստիկանության այլ պարտականություններ:

Թևան աղա

Թաթարների գերիշխանության` Ղրիմի խանության ժամանակ, ավելի ստույգ` XVIII դ. 30-40-ական թթ., Ղարասուբազարի (ներկայիս Բելոգորսկ) դրամահատարանի տնօրենն էր մեծահարուստ Թևան աղան: Նա Ակերմանում (ներկայիս Դնեստրի Բելգորոդ) կառուցել էր աղբյուր-հուշարձան և նորոգել Ղարասուբազարի Սբ. Օգսենտ հայկական եկեղեցին:

Tailor

1864 թ. Ակնա Մաշկերտ գյուղում ծնված Մ. Կոնդազյանը 20-ամյա հասակում գնում է Արաբկիր և դառնում դերձակի աշակերտ։ 1890-ին տեղափոխվում է Նյու Յորք, այնտեղից՝ Բոստոն, ընդ որում, գրպանում ոչ մի ցենտ չուներ, իսկ անգլերեն գիտեր միայն մեկ բառ՝ tailor (դերձակ)։ Բոստոնի փողոցներում բոլոր հանդիպած մարդկանց կրկնում է իր իմացած բառը։ Ի վերջո, հասկանալով, թե ինչ է ուզում, տանում են մի հրեա դերձակի մոտ։ Ցերեկներն աշխատում է հրեայի, իսկ գիշերները՝ իր մի հայրենակցի մոտ։ Մեկ տարի անց՝ 1891-ին, հիմնում է սեփական ֆիրման` «Մ. Մ. Կոնդազյան և որդիներ» հագուստի առևտրային տունը, իսկ 1925-ին նրա մոտ աշխատում էր 200 հայ:

…Մեկ այլ ժողովուրդ

«Սահմանադրական եռանդին միանում էր ընկերային եռանդը։ Բարեգործական նորահաստատ ընկերությունն առանց կրոնի խտրության անդամներ էր ընդունում և համազգային եղբայրակցության սեր հռչակում։ Այս գործի գլուխ էին անցել Օտյանը, Պ. Գյոչեյանը, Հ. Գյոչեյանը, Թնկրյանը, Վ. Միսաքյանը, Կելկելյանները, Ս. Աղաբեգյանը, Հ. Նևրուզյանը, Տ. Յուսուֆյանը, Հ. Շիշմանյանը և Թ. Եսայանը։ Ընկերությունը 1862 թ. մարտին Նաումի թատրոնում մի ներկայացում տվեց և 160000 ղուրուշի զուտ հասույթ հատկացրեց ազգի հիվանդներին։ Պեշիկթաշլյանն ու Հեքիմյանը հորինում էին ազգային պատմությունից քաղած թատերգություններ, որոնց ջերմորեն ծափահարում էին անգամ օտարազգի ձեռնհաս քննադատները։ Մայրաքաղաքի եվրոպական մամուլը դրվատանքով նշում էր «քաղաքակրթության ճանապարհին հայ ազգի արագ առաջադիմությունը»։ Իսկ «Կուրիեր դ’Օրիանը» մասնավորապես ընդգծում էր. «Այս ազգը երեք տարվա ընթացքում այնպիսի առաջադիմության հասավ, որին մեկ այլ ժողովուրդ հիսուն տարվա ընթացքում հազիվ է հասնում»։
Բիւզանդ Քէչեան, 1860 թ.

Ազգասիրություն` կյանքի մայրամուտին

Ռուսական կայսրության խոշորագույն տնտեսագետներից մեկը, խմբագիր, շուրջ երկու տասնյակ մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, իսկական պետական խորհրդական Ստեփան Հովսեփի Գուլիշամբարյանը (1849-1915) ավարտել էր Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: Գիտական գործունեությունն սկսել էր 1874 թ. հրատարակելով «Տեխնոլոգիական ակնարկներ» գիրքը: 1876-1879 թթ. Բաքվում խմբագրել էր «Бакинская известия» թերթը: Ռուսական կառավարության կողմից գործուղվել էր Եվրոպա և ԱՄՆ` նավթային գործն ուսումնասիրելու համար, ապա հրատարակել մի շարք աշխատություններ Ռուսական կայսրությունում և արտասահմանում նավթարդյունաբերության պատմության և տնտեսական վիճակի մասին, կազմել նավթահանքերի քարտեզներ ու նավթավերամշակման գործարանների նախագծեր: 1891 թ. ձեռնամուխ էր եղել ամբողջ Ռուսաստանի առևտրաարդյունաբերական գործունեության ուսումնասիրմանը և հրատարակել մի քանի մենագրություն: Հետազոտել էր նաև Ռուսաստանի տնտեսական իրավիճակը` համեմատական զուգահեռներ անցկացնելով աշխարհի խոշոր տերությունների հետ:
Մինչ ի մահ եղել էր 1901 թ. հիմնված Աշխաբադի հայ-լուսավորչական կանանց բարեգործական ընկերության պատվավոր անդամ: Ի հիշատակ նրա կնոջ, ընկերությունը հիմնել էր Ա. Զ. Գուլիշամբարյանի անվան դպրոցական գրադարան, որին Ս. Գուլիշամբարյանն ամեն տարի ուղարկում էր գրքեր, ամսագրեր ու թերթեր:
Ս. Գուլիշամբարյանն ամբողջ ունեցվածքը` 80 հազար ռուբլի արժողությամբ, կտակել էր Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը (ԿՀԲԸ) հետևյալ պայմաններով. 60 հազար ռուբլու շահութատոկոսները պետք է տրամադրվեին Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտին, Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերությանը և Ռուսական գրական հիմնադրամին` Կովկասի վերաբերյալ լավագույն ուսումնասիրությունները հրատարակելու նպատակով: Մնացած 20 հազար ռուբլին պետք է հատկացվեր Թիֆլիսի ապագա պոլիտեխնիկական ինստիտուտին և Կանանց բարձրագույն դասընթացներին: Իսկ դեռևս կենդանության օրոք իր հարուստ գրադարանը նվիրել էր ԿՀԲԸ գրադարանին:
Ս. Գուլիշամբարյանի մասին հետաքրքիր դրվագ է պատմում Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» հուշագրությունում. «Շատ տիպիկ և ուսումնասիրության արժանի էր մեկն իմ հայրենակիցներից: Նրա անունն էր Հովսեփ (Շիրվանզադեն շփոթում է, Գուլիշամբարովի անունը Ստեփան էր, հայրանունն էր Հովսեփ- Խ. Դ.) Գուլիշամբարով: Նա եկել էր Պետերբուրգից Փարիզում առմիշտ հաստատվելու համար: Պաշտոնաթող չինովնիկ էր «իսկական պետական գաղտնի խորհրդականի» տիտղոսով և մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ: Տակավին առողջ ու կայտառ ծերունի էր մոտ վաթսուն տարեկան: Պաշտոնական գործուղումներով շատ ճամփորդած մեկն էր թե՛ Ռուսիայում, թե՛ Եվրոպայում և Ամերիկայում: Մի ժամանակ ցարական կառավարությունը, առանց նրա հետ կանխավ խորհրդակցելու, Բաքվի և Գրոզնիի նավթահանքերի վիճակը չէր կարգադրում: Բոլոր սպեկուլյանտները նրան ճանաչում էին ու երկրպագում, սակայն քչերին էր նա ցույց տալիս իր հովանավորությունը: Բացի ռուսականներից, նա պարգևատրված էր գրեթե բոլոր եվրոպական պետությունների շքանշաններով: Փարիզ եկավ թե չէ, նրա առաջին գործն եղավ նոր հագուստներ պատվիրել և յուրաքանչյուր հագուստի օձիքին կպցնել ֆրանսիական պատվո շքանշանի կարմիր լաթի կտորը: Նյութապես միանգամայն ապահով մարդ էր, ուներ իր աստիճանին վայել թոշակ և կլորիկ գումար բանկում: Լատինական արվարձանում նա իր համար վարձեց մի կոկլիկ բնակարան և ինքը կահավորեց իր ճաշակով:
Թվում էր, թե մարդն ամեն ինչ ունի և կարող է իր ծերության տարիներն անցկացնել անհոգ:
-Գիտե՞ք,- ասաց նա ինձ հանկարծ մի օր,- ես ուզում եմ իմ կյանքին վերջ տալ:
-Ինչո՞ւ,- հարցրի ես անտարբեր, կարծելով, թե մարդը կատակ է անում:
-Հենց այնպես, ձանձրացել եմ: Ձեզ անհավատալի է թվում ասածս, բայց ես լուրջ եմ ասում, ես այլևս ապրել չեմ ուզում:
-Բայց պատճա՞ռը:
-Պատճառն իմ անցյալումն է: Լսեցեք, երբ ես նայում եմ ետ, դեպի իմ անցած ուղին, ինքս ինձնից զզվում եմ:
-Այդ դիրքը, այդ աստիճանները և այդքան շքանշաններ ստանալուց հետո՞:
-Մի ծաղրեք ինձ ձեր մտքում, գիտեմ, որ այդ բոլորը ձեզ համար դատարկ բաներ են, որովհետև դուք գրող եք, իսկ ձեզ նմաններն ինձ նմաններին չեն սիրում և ունեն իրավունք չսիրելու: Բայց լսեցեք, քառասուն տարի միտք ու հոգի եմ մաշել և ծառայել արբշիռ ցարերի կառավարությանը և զանազան սպեկուլյանտների գրպանին: Ինչո՞ւ: Որովհետև ես հիմար էի, այո՛, այո՛, հիմար, մի հակառակեք: Իմ ամբողջ կյանքում ես ունեցել եմ միայն մի քիչ թե շատ լուսավոր վայրկյան: Այդ այն տարիներն էին, երբ, դուք պիտի հիշեք, ես Բաքվում հրատարակում ու խմբագրում էի մի փոքրիկ լրագիր...
-«Бакинская известия», թե՞...
-Դրա նման մի բան: Ես այսօր զղջում եմ, որ այնտեղ չմնացի, գոնե կարող էի ասել, որ ես իմ ուժերի չափ ծառայում եմ հասարակական շահերին, որ ես այսպես թե այնպես, մի միավոր էի և ոչ այսօրվա զրոն: Լսեցե՛ք, ես անկեղծ եմ ասում, ես նախանձում եմ ձեզ, որ ծառայել եք և ծառայում եք մեր ազգի կուլտուրական կրթության: Այո՛, այո՛, դուք ունիք իրավունք պարծենալու, որ զուր չեք վատնել ձեր կյանքը, իսկ ես ոչ…
Նա լռեց և այլևս ոչինչ չասաց:
Այդ օրից նա ամեն երեկո ինձ հանդիպելիս նույնն էր կրկնում. «Պիտի վերջ տամ իմ կյանքին»: Ես կարծում էի, որ նա խելագարվում է: Բարեբախտաբար, այդ չպատահեց: Չպատահեց և ինքնասպանությունը: Շուտով նա թողեց իր կոկլիկ բնակարանը, տեղափոխվեց Կովկաս: Չեմ հիշում որքան Ժամանակ անցած կովկասյան լրագիրներում կարդացի նրա մահվան ազդարարությունը և մի փոքրիկ լուր, թե հանգուցյալը իր թանկագին գրադարանը կտակել է հայոց բարեգործական ընկերությանը…»:

Աղուհաց

1888 թ. հոկտեմբերի 8-ին, ցերեկվա ժամը 2-ին Բաքվի կայարանում կանգ առավ ռուսաց միապետ Ալեքսանդր III-ի կայսերական գնացքը: Գահակալին, նրա տիկնոջը` Մարիա Ֆյոդորովնային, և արքայազնին հանդիսավորապես դիմավորեցին նահանգապետը և այլ պաշտոնատար անձինք: Նրանց թվում էր և Բաքվի բորսայի վաճառականների նախագահ Հակոբ Ադամյանը: Նա նորին մեծություններին մատուցեց հաց` արծաթե ընտիր սկուտեղով, որի վրա փորագրված էին գործարան, շոգենավ, ծով և A. M. սկզբնատառերը: Աղը գտնվում էր տուփի ձևով պատրաստված արծաթե աղամանում, որի վրա կանգնած էր արծիվը` A. M. նշանագրերով, իսկ կափարիչի վրա փորագրված էր` «От купечества Бакинский биржии»:

Արծրունի

Բոլոր ժամանակների լավագույն հայ հրապարակախոս, Թիֆլիսի «Մշակ» օրաթերթի խմբագիր Գրիգոր Արծրունին ասում էր, թե. «Հայությունը իր գործիչներին միայն թաղել գիտե»: Եվ միանգամայն իրավացի էր` առնվազն Թիֆլիսի պարագայում, որովհետև բազմաթիվ մտավորականներ` փիլիսոփաներ, պատմաբաններ, գրողներ, դերասաններ և այլք, նյութական ու բարոյական որևէ խրախուսանքի չարժանանալով, երիտասարդ տարիքում կնքում էին իրենց մահկանացուն:
Երբ 1892 թ. դեկտեմբերի 17-ին, ընդամենը 47-ամյա տարիքում վախճանվեց ինքը` Արծրունին, նրա հուղարկավորությանը բերեցին… 300 ծաղկե ու մետաղյա թանկարժեք պսակ:

Հեղինակ` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ