«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
28.03.2014 | 11:57

Սբ. Մարկոսի հրապարակը

XVII դարում Վենետիկի Սբ. Մարկոս տաճարի գրանիտե սյուներին երկաթագիր ու բոլորագիր տառերով փորագրված էին հայ վաճառականների անունները, դիցուք՝ Երևանցի Եղիազար (1613 թ.), Զաքար (1616 թ.), Հովհաննես (1663 թ.): Հայերը Սբ. Մարկոսի հրապարակում ունեին բազմաթիվ կրպակներ, իսկ 1800 թ. դրանցից մնացել էր 12-ը:

Գորգագործը

XVIII դարի կեսերին Ավստրո-Հունգարիայում մի հետաքրքիր հայ կար՝ Յոհան Մաձիևսկի անունով, նույն ինքը՝ Հովհաննես Մաջարյան կամ Հովհաննես Հունգարացի: Մանուկ հասակում նա հոր հետ Հունգարիայում գերեվարվել ու տարվել էր Կ. Պոլիս: Այստեղ մի հայ քահանայի մոտ հայերեն գրել-կարդալ էր սովորել, ապա յուրացրել մետաքսաթել ու ոսկեթել գորգ գործելու արհեստը և վերադարձել Լեհաստան: 1757 թ. նա Սլուցկ քաղաքում գործում էր ոսկեթել գորգեր, որոնք կոչվում էին «պոլոնեզ»: 1758 թ. Հովհաննեսը Վիեննայի իշխան Միխալ Կազիմիր Ռաձիվիլի հետ հանձնառություն ստորագրեց՝ Վիեննայի պարսկական գորգերի արտադրության գործարանի վարչությունը ստանձնելու և բազմաթիվ սկսնակների գորգագործություն սովորեցնելու վերաբերյալ:

Հարբին

1918 թ. Չինաստանի Հարբին քաղաքում բնակվող արևմտահայերի ու պարսկահայերի թիվն այնքան մեծ էր, որ նախ կառուցել են փայտաշեն մատուռ, իսկ 1923-ին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Եկեղեցաշեն այդ մարդկանց թվում աչքի էր ընկնում խանութի սեփականատեր Գրիգոր Կասյանցը, որն ապրում էր Հայլար քաղաքում: Նրա կինն էր Մարիամը, զավակներն էին Լևոնը, Տիմոթեոսը, Գևորգը, Եպրաքսյան: Լևոնն ամուսնացած էր Վարդանուշի հետ, և ունեին Նունե անունով դուստր:

Հովհ. Թումանյան.
«Մեր ապագան կապված է Ռուսաստանի հետ»

1917 թ. օգոստոսի 3-ին Պյատիգորսկ ժամանեց Հովհ. Թումանյանը, և այդ առիթով Ժողովրդական տանը կազմակերպվեց բարեգործական երեկո-հանդիպում: Հանդիպմանը ներկա գտնվելու համար հատուկ ժամանել էին Վ. Բրյուսովը, Ս. Գորոդեցկին և Կ. Բալմոնտը: Հովհ. Թումանյանն ասաց. «Մեր ապագան, ինչպես և միշտ ասել եմ, և դա դուք գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ որքան ազատ լինի Ռուսաստանը, այնքան ավելի լավ և Հայաստանի, և ամբողջ աշխարհի համար»:

Պատմության շարունակություն

2009 թ. «Հայրենիք» ակումբը հրատարակեց իմ՝ «Ակնարկներ հայ վաճառականության պատմության» գիրքը, ուր ներկայացրել էի աշխարհի 10 երկրներում հայոց առևտրատնտեսական գործունեությունը: ԱՄՆ-ին վերաբերող գլխում անդրադարձել էի Ֆրեզնոյին, ուր նշել էի, որ 1880 թ. այստեղ բնակություն հաստատած առաջին հայերը եղել էին մարզվանցի եղբայրներ Հակոբ և Կարապետ Սերոբյանները, որոնք զբաղվում էին պտղավաճառությամբ։ Երկու տարի անց նրանց հորդորներով ՈՒստրից տեղափոխվել էին մյուս եղբայրները՝ Սիմեոնը, Գևորգը, Հովհաննեսը, ինչպես նաև մի քանի այլ հայրենակիցներ։ Հակոբ Սերոբյանն առաջինն էր, որ կալվածք գնելով՝ դարձել էր հողի սեփականատեր։
Իսկ մեկ ուրիշը՝ մշեցի Մելքոն Մարգարյանը, նախ ներգաղթել էր Նյու Յորք, ապա 1883 թ. երկրի տարածքը հատելով՝ հայտնվել Սան Ֆրանցիսկոյում և մի քանի ամիս անց մշտապես տեղափոխվել Ֆրեզնո՝ կառուցելով առաջին սեփական տունը:
1897-ին այստեղ արդեն բնակվում էր 329 հայ, որոնք ունեին 1800 ակր սեփական հող, իսկ հավաքական նյութական կարողությունը կազմում էր 150-200 հազար դոլար։
Ինչո՞ւ հիշատակեցի այս ամենը: Գրքիս լույսընծայումից 5 տարի անց բոլորովին պատահաբար համացանցում աչքիս ընկավ 1901 թ. տպագրված Ֆրեզնոյի մի յուրատեսակ գովազդաքարտեզ, որը պարունակում էր քաղաքի հատակագիծ-տեսարանը և առավել աչքի ընկնող հաստատությունները: Ահա այն:
Վերին ձախ շեղանկյան մեջ Սերոբյան եղբայրների գործարանն է՝ Seropian brothers. Packers & Shippers of Raisin Figs («Սերոբյան եղբայրներ», չամչի ու թզի փաթեթավորում և առաքում):
Ձախ կողմի վերևից 4-րդը Մ. Մարգարյանի գործարանն է՝ Markarian & Co. Raisins Figs and Evaporated fruit («Մարգարյան և ընկ.», չամիչ, թուզ և չորացրած միրգ):
Ակնհայտ է, որ Սերոբյան եղբայրներն ու Մ. Մարգարյանը ոչ միայն երկարամյա հաջող տնտեսական գործունեություն էին ծավալել, այլև արժանացել այն բանին, որ նրանց ձեռնարկությունների պատկերները ներառվեն Ֆրեզնոյի գովազդաքարտեզում:

Եղիսաբեթ Սարգսյանի «Գրիգոր Արծրունին»

Ադրբեջանցիները ունեին մի մեծահարուստ՝ Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիև, որին պաշտում էին կենդանության օրոք ու երախտագիտությամբ հիշում են առայսօր: Սա սովորական անգրագետ պատշար էր: Երբ 1872 թ. ռուսական կառավարությունը վաճառեց Բաքվի նավթադաշտերը, նա ընկերակցեց Բաղդասար և Պողոս Սարգսյան եղբայրներին, երեքով վճարեցին 14,961 ռ. ու դարձան 20 տեղամասերի համատերեր, իսկ հետագայում բոլորն էլ վաճառեցին նավթահողերը:
Սակայն այս պատումը Պողոս Սարգսյանի կնոջ՝ Եղիսաբեթի ու նրա նավի մասին է: Տիկինը պարզապես պաշտում էր Թիֆլիսի «Մշակ» թերթը և նրա խմբագրի գաղափարների թունդ համակիրն էր: Եղիսաբեթի սերն ու նվիրվածությունը լրագրի ու Գրիգոր Արծրունու հանդեպ այնքան մեծ էր, որ 1894 թ.՝ խմբագրի մահից երկու տարի անց, գնեց մի շոգենավ և անվանեց «Григор Арцруни»:
Երբ Բաքվում հաստատվեցին բոլշևիկյան կարգեր, շոգենավը յուրացրին ու հանձնեցին «Ազրնեֆթ» պետական նավթարդյունաբերական ընկերությանը: 1937 թ. «Григор Арцруни»-ն վերանվանվեց «Валерий Чкалов»: 1941-ին սպառազինվեց, իսկ պատերազմի ավարտից հետո զինաթափվեց ու շարունակեց բեռնափոխադրումներ կատարել Կասպից ծովում: 1948-ին «դուրս գրվեց» ու սկսեց ծառայել որպես վերջրյա թիրախ:
Ռմբահարման հետ մեկտեղ վերջնականապես խորտակվեց Եղիսաբեթ Սարգսյանի շոգենավի հուշը:

Թընկըր

Պետրոս Թընկըրը հայ ժողովրդի ամենախորհրդավոր, ամենաարտակենտրոն (էքսցենտրիկ) անձնավորություններից մեկն է: Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ, ապա, հարելով հնդկական բնազանցական (մետաֆիզիկական) փիլիսոփայությանը, հեռացել: Եկել էր Զմյուռնիայի մոտ գտնվող Բուջա գյուղ, բլրակի վրա մի բերդամրոց կառուցել և 40 տարուց ավելի ապրել լիակատար մենության մեջ: Համարելով, որ խաղաղության հասնելու համար մարդկությունը մեկ լեզու և մեկ կրոն պիտի ունենա, ստեղծել էր մի համաշխարհային լեզու, որն անվանել էր Սահլերա, իսկ բերդն էլ նույն լեզվով կոչել էր Այզերադանտ՝ «Տաճար իմաստության»: Հրատարակել էր այդ լեզվի այբբենարան, քերականություն ու բառարան:
Ծայրաստիճան բարի մարդ էր, միանգամայն դեմ էր սպանությանը, այդ պատճառով հրաժարվել էր մսեղենից և սնվում էր բացառապես բուսատեսակներով: Անգամ կոշիկ չէր հագնում, որովհետև դա պատրաստված էր սպանված կենդանու կաշվից: Սաստիկ ատում էր կանանց և նրանց մուտքը բերդ արգելել էր:
Կանխազգալով մահը, 1881 թ. Պետրոս Թընկըրը փորել էր գերեզման, պառկել մեջը և հոգին ավանդել 88 տարեկան հասակում:

Մեր հասարակական բարքերից
(հատված)

Ամենքը գիտեն, որ պ. Մանթաշյանի հաշվին բարձրագույն դպրոցներում սովորում են շատ ուսանողներ:
Տարիներ առաջ (1895 թ.) պ. Մանթաշյանի ամուսնության 25-ամյակի առթիվ տեղի է ունենում տոնախմբություն: Բնական է, մարդկային զգացումը պիտի թելադրեր, որ այդ ուսանողները իրենց հոգևոր ծնողի ընտանեկան տոնին մասնակցեին գոնե մեկ-երկու բառ հեռագիր հղելով: Բայց ո՛չ, քննադատվում է տոնախմբվողը, իսկ նրանից բարերարվածների մեծագույն մասը բողոքում ու չի մասնակցում շնորհավորանքին:
Մեկնաբանություններ հարկավո՞ր են:
Անշուշտ, հարկ չկա նման անթիվ փաստեր արձանագրել շարունակելը, որպեսզի առանց տատանվելու բոլորն էլ ասեն՝ այո՛, հայը ապերախտ է, հայը քծնող է:
Այս տողերի շարժառիթը այն կատակերգությունն է, որ վերջին օրերս հայությունը խաղում է այն պատճառով, որ պ. Մանթաշյանը գտնվում է Թիֆլիսում: Եվ վերջինս, որպես անակնկալ վերաքննիչ, անշուշտ, շատ բացասական տպավորություն կկազմի շատախոս, սնապարծ, ամեն ինչ քայքայող, այլանդակող և նսեմացնող արդի հայ գործիչների մասին:

Տ. Նազարյան
«Տարազ», 1910 թ.

Էջի հեղինակ` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ