ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Հայաստանն իրավունք ունի Նոյի երկիր կոչվելու»

«Հայաստանն իրավունք ունի Նոյի երկիր կոչվելու»
29.11.2013 | 11:01

Մեր զրուցակիցն է «Նոյյան տապան քաղաքը Հայաստանում» նախագծի հեղինակ ՎՐԵԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես պետք է այն հետաքրքիր դարձնել օտարների համար Արարատ լեռով, որի վրա Նոյյան տապանն է»։


ՖԻԼԻՊ ԿՈՏԼԵՐ
Մարքեթինգային մտքերի առաջնորդ

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԳԱՂԱՓԱՐՆ Ի ՀԱՅՏ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»


-Ներկայացրեք նախագիծն ու նրա ստեղծման շարժառիթները։
-Երբ ինձ հարցնում են, թե ինչու Հայաստանում ծնվեց նման միտք, պատասխանում եմ. «Եթե Մոցարտը Հնդկաստանում ծնվեր և դաշնամուր չունենար, Մոցարտ կդառնա՞ր»։ Այսինքն, անգամ Մոցարտի նման հանճարին անհրաժեշտ էր դաշնամուրը, Ավստրիայի կրթված միջավայրը։ Երբ Գերմանիայում էի ապրում՝ Նոյյան տապանի գաղափարը չծնվեց, այն ի հայտ եկավ Հայաստանում, հայկական միջավայրում։ Ես Իրանում եմ ծնվել, «Դավթյան քուրշեշ» դպրոցն եմ ավարտել Թեհրան քաղաքում։ Հետո փոխադրվեցի Գերմանիա, մասնագիտացա էլեկտրոնիկայի ոլորտում, աշխատեցի «Սիմենս» ընկերությունում, վերադարձա Իրան, սակայն 1979-ին, հեղափոխությունից հետո, ընտանյոք հանդերձ հաստատվեցի Գերմանիայում։ Գերմանիայում ընկերություն ունեմ, տղաս տնտեսագետ է, դուստրս՝ բժիշկ։ Նրանք այսօր էլ Գերմանիայում են, ես հաստատվեցի Հայաստանում։ Հիդրոկայաններ եմ նախագծել, էլեկտրական ենթակայաններ, 1984-ից զբաղվում եմ համակարգչային տեխնիկայով, Եվրոպայում համակարգիչներ էի արտադրում և իրացնում։ Մի խոսքով՝ բավականին լիարժեք կյանքով եմ ապրում, սակայն հոգուս խորքում անբավարարվածության զգացողությունն ինձ չէր լքում, մի բան, որը, կարծում եմ, բնորոշ է հային, չէ՞ որ մենք զարգացման հսկա ներուժ ունենք, որը, առայժմ, այնքան էլ նպատակային չի օգտագործվում։ Ես 2008-ին մի նամակ գրեցի ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին և, իհարկե, երկրի նախագահին։ Իմաստը հետևյալն էր. ողջ աշխարհը ճանաչում է Նոյին, Նոյը հանգրվանել է Արարատ լեռան լանջերին, հետևապես Հայաստանն իրավունք ունի Նոյի երկիր կոչվելու։ Աշխարհը ճանաչում է Եգիպտոսն իր բուրգերով, Չինաստանն իր մեծ պարսպով, Ֆրանսիան իր Էյֆելյան աշտարակով։ Դրանք են նշյալ երկրների խորհրդապատկերները։ Ինչո՞ւ մենք չօգտագործենք այս հրաշալի հնարավորությունը։ Սակայն պատասխան այդպես էլ չստացա։
-Պարոն Աբրահամյան, Ձեր չափազանց ուշագրավ այս մտահղացմանը ծանոթացել եմ մեր վերջին հանդիպման ընթացքում, մինչ այդ հրապարակ իջավ Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանի և միության գեղարվեստի կոմբինատի տնօրեն Մարտին Հարությունյանի մտահղացումը՝ կառուցելու «Նոյյան տապան» պատմամշակութային համալիրը «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում։ Եվ զարմանալի աղմուկ-աղաղակ բարձրացավ, թե Երևանի տեսքն է խաթարվում, թե բնապահպանական խնդիրներ կառաջանան և այլ չհիմնավորված դրույթներով ով ասես ասպարեզ չէր իջնում։ Սրա բացատրությունն ինքս ունեմ. ցանկացած մեծածավալ մտահղացում, անկախ նրա օգտակարությունից, ենթակա է ձախողման... եթե հեղինակը կառավարությունը կամ որևէ մեծահարուստ չէ։
-Ես դրական պատասխան չեմ ստացել մինչ օրս։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակն ինձ ասաց, որ շատ հետաքրքիր առաջարկ է, այն կարող է դառնալ Հայաստանի խորհրդանիշը, սակայն, ցավոք, գումարներ չկան այն իրականացնելու համար։ Հետո Կարեն Աղամյանին հանդիպեցի, շատ հետաքրքիր է նրանց թանգարան կառուցելու գաղափարը։ Անշուշտ, մեկը մյուսին չի խանգարում. և՛ թանգարանը կարող է գործել Երևանում, և՛ քաղաքը կառուցվել Արարատ լեռանը դիմահայաց։

«ԵՍ ԱՅՆ ԳԻԺՆ ԵՄ, ՈՎ ՔԱՐԸ ԳՑԵԼ Է ՓՈՍԸ»
-Եթե կառավարությունը չի ընդառաջում, գուցե մասնավոր անձի՞նք միանան Ձեր նախաձեռնությանը։
-Ես այն գիժն եմ, ով քարը գցել է փոսը և տասը խելացի մարդու ստիպում է գլուխ ջարդել, թե ինչպես քարը փոսից հանեն։ Սա համազգային գործ է, մենք ունենք շատ խելացի և հարուստ հայեր, թող միավորվեն և սայլը տեղից շարժեն, իմ գործը նախագիծը ներկայացնելն է, որի յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնված։
-Հուսանք, որ այդպես էլ կլինի, այժմ ասացեք, որտե՞ղ եք պատկերացնում «Նոյյան տապան» քաղաքի կառուցումը։
-Արտաշատի կողմերում, 50-60 կմ դեպի հյուսիս, ուր անօգտագործելի, աղի հողեր են։ Գլխավոր պայմանը հետևյալն է՝ Արարատ լեռը պիտի քաղաքի առջևում լինի։
-Պարոն Աբրահամյան, նախագիծն ամբողջությամբ կտեղադրենք irates.am կայքում։ Այժմ խնդրում եմ ներկայացրեք նախագծի հիմնադրույթները։
-Սիրով։ Քաղաքի կենտրոնում «Նոյյան տապան» հրապարակն է։ Կենտրոնաձիգ փողոցը Նոյյանն է, ձախից Բուդդայի և Մուհամեդի փողոցներն են, աջից Մովսեսի և Հիսուսի փողոցները։ Բոլոր մյուս փողոցներն անվանակոչվելու են երկրագնդի մայրաքաղաքների անուններով։ Սա էական է, չէ՞ որ այն խաղաղության և ռասաների ու կրոնների համերաշխության քաղաք է։ Նոյյան փողոցն ավարտվում է Արամազդի հրապարակով, ուր տեղադրվելու է Գառնու տաճարի նմանօրինակը։ Գլխավոր փողոցների լայնությունը 45 մետր է, մյուսներինը՝ 35 մ, շենքերը՝ ոչ բարձր 3 հարկից։ Անշուշտ, գերազանց մակարդակի վրա պիտի լինեն ենթակառուցվածքները, կունենանք հեծանվային ճանապարհ, համալսարաններ, առևտրի և զվարճանքի կենտրոններ, գինետներ (հայկական գինիների համար), խաղահրապարակներ, ամեն բան, ինչպես ընդունված է աշխարհում, սակայն ամեն բան ենթակա Նոյյան տապան քաղաքի գաղափարին։ Ասեմ, որ այս բնակավայրի բնակիչներն են պարտավոր բակի և շենքի մաքրության ու գեղեցիկ տեսքի համար, այս խնդրում քաղաքային իշխանությունները ձեռնունայն են։ Այժմ հայեցակարգային մի քանի բան եմ կամենում ներկայացնել։ Հուսամ՝ դրանք կհետաքրքրեն ընթերցողներին։ Սակայն ներկայացնեմ ամենակարևորը՝ Նոյյան տապանը համաշխարհային ընդգրկման խնդիր ունի լուծելու, աշխարհը կանգնած է հսկա բախումների շեմին, աշխարհը քաղաքակրթական և կրոնական անխուսափելի պատերազմների մեջ է ներքաշվում, և հենց այս քաղաքում է, որ մարդիկ պիտի ի մի գան հանուն խաղաղության Երկիր մոլորակում։ Իսկ ինչո՞ւ հենց Հայաստանը չստանձնի այդ դերը, դեր, որ նախասահմանված է ի վերուստ։

«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌՆ ՈՒ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՆ»


-Ես հույս ունեմ, որ մեր ընթերցողների թվում կլինեն ներդրումների պատրաստ նախանձախնդիր մարդիկ։
-Նախ՝ պետք է կառուցվեն հաղթական կամարներ, դրանք աշխարհում ընդունված են, Հայաստանում, չգիտես ինչու, չկան։ Կամարներն են՝ «Արմենիա» (կամ «Հայաստան»), «Շումերական» և «Հնդիրանական»։ «Արմենիա» կամարը կնաշխազարդվի Տիգրան Սեծի, կեռխաչի, խոյի, ցուլի, առյուծի և արծվի պատկերներով, հավերժության նշանով և ժայռապատկերներով։ «Շումերական» կամարը պիտի խորհրդանշի, թե ինչպես 5 հազար տարի առաջ արիացեղ շումերները Հայաստանից Միջագետք գաղթելով կործանեցին ՈՒբաիդ քաղաք-պետությունը (որը գոյություն ուներ շուրջ 2 հազար տարի) և ստեղծեցին շումերական հզոր պետություն։ «Հնդկաիրանական» կամարը նախանշում է այն ճանապարհը, որով իրանական և հնդկական արիական ցեղերը Հայաստանից գաղթել են Իրան, ապա և Հնդկաստան։
-Նոյյան տապանն ի՞նչ տեսք կունենա։
-Բավականին պատկառելի, քանի որ պատրաստվելու է ճիշտ և ճիշտ Աստվածաշնչի նկարագրությամբ և չափսերով, բնափայտը բերվելու է Իսրայելից։ Մեծ Մասիսի տեսքով մետաղե կառուցվածքի 50 մետր բարձրության վրա է տեղակայվելու տապանը, կողքին, անշուշտ, Փոքր Մասիսն է լինելու։ Ցանկալի է լեռների ներքնատարածքն օգտագործել որպես հուշանվերների շուկա, կոնֆերանսների դահլիճներ, մարզասրահներ ողջ աշխարհից եկող մարդկանց համար։ Այնուհետև կրոնների համալիրն է, որից ճանապարհներ են բացվում դեպի «Էջմիածին» եկեղեցի, մյուսները կարող են լինել դեպի կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիներ, բուդդայական տաճար, հրեական սինագոգ, մուսուլմանական մզկիթ տանող ճանապարհներ և... Այս պաշտամունքային կառույցները բաց են լինելու բոլոր դավանանքների և ազգությունների մարդկանց համար։ Կնշեի նաև Աշխարհի պատմության թանգարանը։ Թանգարանի սրահներում պատկերվելու են աշխարհի հնագույն քարտեզները, այսինքն՝ մարդկային քաղաքակրթության զարգացումը։ Հնարավոր է նշյալ թանգարանում առանձին մի բաժին նվիրել 19-20-րդ դարերի Հայոց ցեղասպանությանը։
-Նոյյան տապան այցելելու են ողջ աշխարհից, էլ ի՞նչն է նրանց գրավելու։
-Շատ բան և ամեն ինչ։ Այստեղ գաղափարների, դավանանքների, աշխարհայացքների ներդաշնակություն է, որևէ մեկն իրեն օտար և անտեսված չի զգալու, չէ՞ որ այն համերաշխության քաղաքն է։ Ավելացնեմ՝ երկրագնդի մեծ մակետը մոտ 6 մ տրամագծով, վրան՝ օվկիանոսները, մայր ցամաքները, երկրները, լեռներն ու գետերը։ Այս յուրօրինակ գունդը կշրջապատեն աշխարհի ազգությունների և ցեղերի ներկայացուցիչների մարդահասակ արձանները։ Այնուհետև, երեք ռասաների արձանները կտեղակայվեն դեպի Մեծ և Փոքր Մասիսներ տանող ճանապարհի վրա, յուրաքանչյուր ռասան՝ որոշակի գույնի մարմարից պատրաստված։ Սա կարող են իրականացնել իրենք, ռասաների ներկայացուցիչները, ըստ սեփական հոգեմտակերպի, ճաշակի և աշխարհընկալման։
-Ձեր նշած վայրում բավականին շոգ է, չոր կլիմայով հագեցած։
-Անշուշտ, դա ևս հաշվի է առնված։ Այսպես, ջուրը կվերցվի խորքային հորերից։ Կառուցելու ենք երեք լիճ՝ Կապուտան (ՈՒրմիո), Վան և Սևան։ Չեն անտեսվելու Վանա լճի Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները։ Այս ամենը կառուցվելու է հնարավորինս մոտ բնականին։ Այսպես, Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը միանալու է մայր Արաքսին։ Այս միջավայրում պետք է լինի համապատասխան ֆաունա և ֆլորա։ Եվ, առհասարակ, ես հաշվի եմ առել բացարձակապես ամեն բան, յուրաքանչյուր մանրուք, ցանկացած խնդիր, լինեն դրանք արևային էներգիայի օգտագործումը, ամենատարբեր բնույթի շենքերը, հանգստի, առևտրի ազգային խոհանոցների լիարժեք կենսագործունեությունը և այլն։ Նոյյան տապանը կենդանի և ներդաշնակ քաղաքակրթական համակարգ է, որը Հայաստանը ճանաչելի և սիրելի կդարձնի ողջ աշխարհում։ Միաժամանակ հսկայական ֆինանսական հոսքեր կապահովի երկրի համար, կստեղծվեն հազարավոր մշտական աշխատատեղեր, մեծ քանակությամբ տեղական սննդամթերք կսպառվի և այլն։ Չի մոռացվել էներգետիկան։ Քաղաքն օգտագործելու է արևի էներգիան, մեկ կամ երկու շենքի համար արևային մարտկոցների տեղադրումը շահավետ չէ։ Ահավասիկ քաղաքի կենտրոնն է կառուցվել և ապահովվում է արևային էներգիայի օգտագործման համակարգով։ Այսպես փուլ առ փուլ ողջ Նոյյան տապանը կլուսավորվի և կապրի արևի էներգիայով։ Եվս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանք. այս աննախադեպ քաղաքը չի առանձնանալու հանրապետության մյուս բնակավայրերից, ավելին, օրգանական կապի մեջ է լինելու շրջակա միջավայրի հետ։ Եկեք նաև չմոռանանք, որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը Թուրքիայի տարածքում են, և նրանք, զուտ թուրքական հեռահար հաշվարկով, կարող են նման մի բան նախաձեռնել։
-Նախագիծը, որքան էլ անսովոր, միանգամայն իրական է թվում, եթե այն շահագրգիռ կառույցները դիտեն որպես համապետական-համազգային նախաձեռնություն։ Ինչպես խորհրդային իշխանության տարիներին Արփա-Սևան թունելի կառուցումն էր։ Այժմ խնդրում եմ պատասխանեք՝ Դուք ի՞նչ եք ստանձնելու քաղաքի կառուցման գործում որպես նախագծի հեղինակ և գաղափարական կնքահայր։
-Ոչ մի բան։ Իմ խնդիրը նախագծի գաղափարը վերլուծելն ու այն պետության և հանրության դատին ներկայացնելն է։ Ես չունեմ որևէ ակնկալիք, բացի հայրենիքում մի նշանակալից գործի մասնակիցը լինելուց։ Անգամ իմ անունը որևէ տեղ չպիտի հիշատակվի, միայն թե խաղաղության, ռասաների ու կրոնների համերաշխության Նոյյան տապան քաղաքը մի չքնաղ օր դարպասները բացի աշխարհի առջև՝ Արարատ լեռան հայացքի ներքո։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Հ. Գ.- Այս գաղափարը իրապես եզակի է։ Այն իրավամբ կարող է հավակնել խաղաղության Նոբելյան մրցանակին, քանզի էապես նպաստում է կրոնական հակամարտությունների կարգավորմանը և հիշեցնում է մարդկությանը, թե որքան մեծ են նրա առջև ծառացած վտանգները, և որքան կարևոր փոխըմբռնումը հանուն ներդաշնակ աշխարհի ստեղծման։

Դիտվել է՝ 2982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ