ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լոռվա հուրհրան գույները

Լոռվա հուրհրան գույները
29.10.2013 | 11:50

ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ինստիտուտը նախորդ կիրակի Դսեղում էր, թումանյանական հերթական միջոցառմանը։ Լոռին հուրհրում էր աշնան ոսկեթափից, Դսեղն իր հերթին էր տոնական մի հանդես, գունեղ և բանաստեղծական լուսավոր թախիծով լի։ Այս տարին առանձնահատուկ էր. բացվել էր Թումանյանի վաղամեռիկ զավակ Արտավազդ Թումանյանի հուշարձանը՝ բանաստեղծի տուն-թանգարանից քիչ հեռու, գյուղի հրապարակում։ Հրապարակի վերին հատվածում հանճարի հանրահայտ արձանն է, ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի վարպետ կատարմամբ, ներքևում, նրան դիմահայաց՝ որդու հուշարձանը։ Հանդեսին ներկա էին Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի լավագույն երգիչներն ու ասմունքողները, առհասարակ, ողջ Դսեղը։

Մենք, բնականաբար, նախ այցելեցինք Թումանյանի տուն-թանգարան, ևս մեկ անգամ հյուրընկալվեցինք հանճարի օջախում, ուր նրա օրորոցն է, ընտանեկան այլևայլ մասունքներ։ Մեզ ուղեկցում էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը. «Աշնանային այս միջոցառումները մեկնարկել են 44 տարի առաջ, երբ նշվեց բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։ Հյուրերի պակաս չունենք ողջ տարին, այս օրը՝ հատկապես։ Յուրաքանչյուր տարի, մեծարելով Թումանյանին, ինքներս մեծարվում, միաբանվում ենք նրա զարմանահրաշ աշխարհին ևս մեկ անգամ։ Ինքս բուն Դսեղից եմ, ծնվել եմ գյուղում, մեկուկես տասնամյակ աշխատում եմ թանգարանում, մինչ այդ գյուղի դպրոցում էի։ Ասեմ, որ շատ կարևոր են մատաղ սերնդի երբևէ չդադարող հետաքրքրությունն ու հիացմունքն առ Թումանյան։ Այս պահին բացվեց Արտավազդի հուշարձանը, ով Վանի գաղթի ժամանակ սպանվեց, երբ ռուսական զորքն անսպասելի հետ էր քաշվում։ Նա 24 տարեկան էր ընդամենը, «Քաղաքների միության» ներկայացուցիչն էր, զբաղվում էր պարենային հարցերով, և հայտնի է, որ նրանից շատ գոհ են եղել»։
Դսեղի հրապարակում՝ Թումանյանի արձանի առջև ավանդաբար համերգներ են կազմակերպվում։ Դսեղը պահպանում է Թումանյանի ոգին, գործը, շունչը, հրապարակում սեղաններ էին դրված` լի դսեղյան խոհանոցի բարիքներով, որոնք բոլորի համար էին, չէ՞ որ բանաստեղծը հայտնի էր նաև իր շռայլ հյուրընկալությամբ։ Այստեղ էլ հանդիպեցի համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանին։ «Օրվա խորհուրդը հուշարձանի բացումն էր։ Հեղինակն է մեր համագյուղացին՝ Արարատ Աղաբեկյանը, ով քարագործ-վարպետ Արտաշես Ղազարյանի համահեղինակությամբ իրականացրել է ողջ գործը՝ իր միջոցներով, նվեր իր գյուղին։ Ինքս համայնքի ղեկավարն եմ, Դսեղի անմնացորդ սիրահարը, արդեն 78 տարեկան եմ, բայց խոստովանեմ, չեմ դադարում Թումանյանով ու Դսեղով հիանալուց»։
Իրոք, Դսեղով անհնար է չհիանալ։ Բանաստեղծի տուն-թանգարանում «Առիթ» մշակութային ՀԿ-ի «Շրջանակից դուրս» ծրագրի բեմելն էր։ Յուրօրինակ այս նախաձեռնության հեղինակները 13-15 տարեկան 12 պատանիներ են տարբեր դպրոցներից։ Ծրագիրը կենսագործվել է Երևանում, Հ. Թումանյանի թանգարանում և թանգարանի տնօրեն տիկին Նարինե Թուխիկյանի բազմաթիվ շնորհալի նախագծերից մեկն է։ 11 կարճ ֆիլմեր է պատրաստել «Առիթը» Երևանի թանգարանում։ Դսեղի պատանիների համար ֆիլմաշարի դիտումն անակնկալ էր, ինչն էլ լրացրեց տոնական օրը։
Հասնել Դսեղ և չվայելել Լոռվա բնաշխարհի այս անզուգական անկյան ողջ հմայքը, այն էլ հուրհրան աշնան կեսին, անհնար էր։ Մեր խումբը, Ռոզա Ղազումյանի ուղեկցությամբ, ճանապարհվեց դեպի նշանավոր խաչքարը։ «Խաչքարը կերտվել է 13-րդ դարում՝ Մամիկոնյան տոհմի ժառանգների կողմից։ Տարիներ առաջ խաչքարը Փարիզ հասավ, ներկայացվեց Լուվրում, կարծես փորձում էին իրենց թանգարանում պահել, սակայն դսեղցիների բողոքներից հետո խաչքարը «վերադարձավ» և հանգրվանեց իր տեղում։ Ժամանակին Մարտիրոս Սարյանն առաջարկել է, որ այս և մյուս խաչքարերը ի մի բերեն Թումանյանի թանգարանի բակում։ Քիչ հեռվում Դիդ բլուրն է՝ իր ուշագրավ պատմություններով։ Հայտնի է, որ Թումանյանը կամենում էր հենց բլրի վրա թաղվել, չստացվեց, ընտանիքն այլ կարծիք ուներ։ Դիդը Թումանյանի ու նրա հերոսների սիրած վայրերից էր, այն սիրում էր նաև Սարյանը։ Բլրի գագաթին նստած է Վարպետը նկարել «Քարինջ գյուղը Թումանյանի լեռներում» նշանավոր կտավը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ