ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երկնքի հետ լինեի»

«Երկնքի հետ լինեի»
25.10.2013 | 11:08

Երնեկ էսպես` անվերջ Քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` Երկնքի հետ լինեի,
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
ՈՒ հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Համբարձումից առաջ, երբ Հիսուսն աշակերտներին ասաց, թե ուր է գնում, և որ նրանք գիտեն այդ և «ճանապարհն էլ գիտեն», աշակերտները պատասխանեցին, որ իրենք ճանապարհը չգիտեն, Հիսուս ասաց նրանց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6): Հիսուսն ուզում էր ասել, որ Ինքը նոր ելքի մունետիկն է, Աստված Իրեն ուղարկել է, որ Իր ժողովրդին ազատագրի գերությունից, ինչպես Մովսեսին էր ուղարկել` Իր ժողովրդին Եգիպտոսից հանելու համար: Կարևորն այն է, որ Հիսուսը Աստծո ՈՒխտի հավատարմության մարմնավորումն է, Ով Հին կտակարանում մարմնավորվել է որպես Աստծո «Խոսք, Օրենք, Պատվիրան» (Սաղմ. 119.142, 151): Միայն մեկ Աստված կա և դեպի Աստծուն տանող մեկ ճանապարհ, և այդ ճանապարհն Ինքը` Աստծո Որդին է: Նա ոչ միայն մարդկանց ցույց է տալիս ճանապարհը, այլև հենց Ինքն է Ճանապարհը: Նա է Ճանապարհը, որովհետև Նրանով ենք Երկինք մտնում, Նրա զոհաբերությամբ, մահով է, որ մեր մեղքերը ներվել են, և մենք Աստծո աչքին արդար ենք համարվում: Այդ արդարությունը, որ հավատի միջոցով ենք ստանում, Երկնային Արքայության մեր անձնագիրն է:
«Ես եմ Ճշմարտությունը»: Հիսուսը ոչ միայն սովորեցնում էր ճշմարտությունը, այլև հենց Ինքն է Ճշմարտությունը: Երբ հավատում ենք Հիսուսի ճշմարտությանը, ընդունում Նրա ուսմունքը, փրկություն ենք ստանում: Մենք ազատվում ենք մեղքից և տգիտությունից: «Ես եմ Ճշմարտությունը» ասելով` Հիսուսը Իր՝ Աստծո Խոսքին և Նրա էությանը հավատարիմ ու միաբան լինելն էր ընդգծում: Հին կտակարանը Աստծուն որպես Ճշմարտություն էր բնութագրում, ուստի Հիսուսին լսողները պետք է հասկանային, որ Նա նկատի ունի հատկապես Աստծո Ճշմարտությունը, այսինքն` Ինքն է Հոր Ճշմարտությունը:
«Ես եմ Կյանքը»: Աստված կյանքը ստեղծեց Որդու միջոցով: Նա ստեղծեց ոչ միայն ֆիզիկական կյանքը, այլև հոգևոր, հավիտենական կյանքը: «Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այդ կյանքը Նրա Որդու մեջ է» (Ա Հովհ. 5.11): Հիսուսը ոչ միայն կյանք է տալիս, այլև հենց Ինքն է կյանքը: Նրանով է կյանքը: Աստծո Խոսքին հնազանդվելու վարձատրումն է հավիտենական կյանքը՝ շեշտում է Հին կտակարանը, իսկ Նորը հռչակում է, որ այդ կյանքը հասանելի է միայն Աստծո Խոսքին` Հիսուսին հավատացողներին: ՈՒրեմն, Հիսուսին ճանաչել նշանակում է հավիտենական կյանք ունենալ: «Երնեկ էսպես` անվերջ Քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի»: Աստծո ներկայությունն ապրող բանաստեղծը երանի է տալիս այդ վիճակին և ուզում է, որ այն անվերջ լինի: Իրականում այդ երանելի վիճակին հասած բանաստեղծը ուզում է իր կյանքի` Հիսուս Քրիստոսի հետ լինել: «Հալվելու, ծավալվելու և ամենքի հետ լինելու» ցանկություն ունեցող բանաստեղծը գիտի, որ բնական կամ ֆիզիկական մարմինը, ի հակադրություն հոգևոր մարմնի, բառացիորեն շնչավոր մարմին է: Ինչպես ֆիզիկական մարմինն է հարմարեցված ընթացիկ բնական գոյատևման համար, այնպես էլ հոգևոր մարմինն է հարմարեցված այն կյանքի համար, որ այժմ իսկ ղեկավարվում է Աստծո Հոգու կողմից: Հրեա փիլիսոփա Փիլոնը, Ծննդոց գրքի 1-ին գլխում նկարագրված «երկնային» մարդուն համեմատելով Ծննդոց գրքի 2-րդ գլխում նկարագրված «երկրային» մարդու հետ, եզրակացրել է, որ առաջինը ներկայացնում է մտքի կատարյալ հոգևոր մի վիճակ` երկնային բաներ փնտրող, իսկ երկրորդը` մարմնավոր մի վիճակ` ժամանակավոր բաներին անձնատուր:
Թումանյանի խոսքն ուղղված է առաջին վիճակում գտնվողներին: Նա չի ժխտում Ադամի սերունդների կողմից մեղքի համար անձնական պատասխանատվության փաստը: Նա համոզված է, որ Ադամի սերունդները նրա նման էին ստեղծվել. նրա մեղքը ամենքի համար մեղք ու մահ աշխարհ բերեց: Բայց փաստը մնում է փաստ, որ Ադամն իր մեղքից առաջ աննկարագրելի փառք ու զորություն ուներ, և որ այդ փառքն ու զորությունը վերականգնվելու են գալիք աշխարհում, և մարդը ստանալու է ինքն իրեն չզգալու, Երկնքի հետ լինելու վայելքը:
Բանաստեղծը երանության մեջ է, երկրի վրա եղած ժամանակ արդեն Երկնային Արքայության մեջ է: Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում (Հովհ. 8.9): Իսկ եթե Քրիստոսի Հոգին մարդու մեջ է, ապա մարդու մարմինը (հին, մեղավոր անձը) մեռած է, իսկ հոգին կենդանի է, այսինքն` կենդանի է մարդու նոր հոգևոր անձը. «Եվ կենդանի եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ…» (Գաղատ. 2.20): Ահա թե ինչ է նշանակում. «Երնեկ էսպես` անվերջ Քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի», կամ, որ նույնն է, «Ապրելն ինձ համար Քրիստոս է, մեռնելը` շահ» (Փիլիպ. 1.21):
Թումանյանը գիտի, որ գնալու է Երկինք, ուր շղթաներ, բանտեր, ցավ, մեղք կամ տկարություն չկա: Այնտեղ միայն հավիտենական ուրախություն և Քրիստոսի հետ հաղորդակցություն է լինելու: Իսկ դա իսկապես շահ է ոչ միայն Պողոս առաքյալի, այլև Թումանյանի և մեզ` հավատացյալներիս համար:
Ադամից հետո եղած վեցերորդ սերնդին պատկանող Ենովքի մասին (Ծննդ. 5.21-24), որ Աստծո հետ էր քայլում, վկայություն էր տրվել, որ ինքը հաճելի է Աստծուն: Ահա թե ինչու Ենովքը փոխադրվեց Երկինք` առանց ֆիզիկական մահ տեսնելու. նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան Երկինք էր տարել: Բայց ո՞վ կարող է հաճելի լինել Աստծուն: Իհարկե, նա, ով հնազանդ է Նրա կամքին, ով հավատում է Նրա գոյությանը և գիտի, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն: Թումանյանը ոչ միայն փնտրում էր Աստծուն, այլև գտել էր Նրան, Նրա ներկայության մեջ էր, այդ ներկայությունը երանավետ ներկայություն էր, և բանաստեղծն ուզում էր, որ այդ ներկայությունն անվերջ լինի: Ճիշտ է, Թումանյանը Ենովքի նման առանց ֆիզիկական մահ ընդունելու չտեղափոխվեց, բայց դեռ երկրի վրա եղած ժամանակ վայելում էր Երկնքի երանավետությունը. «Երնեկ էսպես` անվերջ Քեզ հետ -իմ կյանքի հետ լինեի, Հազար երնեկ` դաշտում մենակ` Երկնքի հետ լինեի»:
Սա բանաստեղծական զեղում չէ, սա ստեղծված վիճակին մասնակցողի, ներկա գտնվողի, տեսնողի, ունկնդրի, անմիջական հաղորդակցություն ունեցողի ապրում է: Բանաստեղծի երանելի վիճակն ասում է, որ Աստծո ներկայությունից նա չի շփոթվում, ինչպես Հոբը (23.5), քանի որ այդ ներկայությունը իրական է դարձել նրա մեջ բնակվող Սուրբ Հոգու միջոցով: Հոգով ապրող բանաստեղծն իր ապրած կյանքում դրսևորում էր Հոգու պտուղները: Այդ պտուղները նրանց մեջ են, ովքեր հոգեպես միացած են Աստծո Որդուն, ճիշտ այնպես, ինչպես ճյուղն է միացած որթատունկին: Եվ ինչպես որթատունկի հյութն է հոսում ճյուղի մեջ և նրան կյանք տալիս, այնպես էլ Քրիստոսի Հոգին է հոսում բանաստեղծի մեջ և հոգևոր կյանք տալիս նրան: «Մնացեք Իմ մեջ, և Ես՝ ձեր մեջ, ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե Իմ վրա հաստատված չլինեք: Ես եմ Որթատունկը, իսկ դուք` ճյուղերը: Ով բնակվում է Իմ մեջ, և Ես` նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող…» (Հովհ. 15.4–5):
Եթե նկատի ունենաք այն, որ որթատունկն է պտուղ տալիս, և ոչ թե ճյուղերը, և ճյուղերը որթատունկի պտուղները կրողներն են լոկ, ապա հեշտ է եզրակացնել, որ առանց Քրիստոսի ոչ մի հոգևոր գործ չի կարող լինել: Սակայն Քրիստոսի մեջ` Նրան միացած, ամեն բան կարող է լինել. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ. 4.13): Քրիստոսի մեջ լինողը Նրանից անընդհատ կստանա անհրաժեշտ հոգևոր սնունդ ու զորություն: Աստծո զորությունը մեր պատկերացրածից ավելին կարող է լինել: Ինչպես Աստծո սերն է վեր մեր գիտակցությունից, ճիշտ այնպես էլ Նրա զորությունն է վեր մեր երևակայությունից. անսահման սեր, անսահման զորություն: Բանաստեղծն ուզում է անվերջ այդ սիրո և զորության Աղբյուրի` Աստծո հետ լինել կամ, որ նույնն է, Երկնքի հետ լինել: Նա վայելել և ապրել է այդ սերը և լցվել Աստծո ողջ լիությամբ, այսինքն` օրհնվել է ամեն հոգևոր օրհնություններով, հավատով միացել նրան:
Ինչ վերաբերում է ամենքի հետ լինելուն, ապա դա Աստծո և Քրիստոսի հետ եղածների հետ լինելն է: Բանաստեղծը բոլոր հավատացյալների հետ միասին մեկ է սիրո, Քրիստոսի մեջ, ինչպես Աստված և Քրիստոսն են մեկ իրար հետ. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ. 10.30): Սա հոգևոր միություն է, որ ստեղծվում է Սուրբ Հոգու միջոցով: Սա ամենքի հետ «հալվելու, ծավալվելու» միություն է:

Երնեկ էսպես` անվերջ Քեզ հետ - իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` Երկնքի հետ լինեի,
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
ՈՒ հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ