ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայրենիքը իմ հոգու»

«Հայրենիքը իմ հոգու»
18.10.2013 | 11:10

«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը, առավոտից Քեզ եմ փնտրում: Հոգիս ծարավ է Քեզ, անձս Քեզ է փափագում ցամաք ու ծարավ երկրում, որպեսզի տեսնեմ զորությունը Քո, ինչպես Քեզ տեսա Սրբարանի մեջ» (Սաղմ. 63):
Դավիթը հռչակում է, որ իր անձը փափագում է Աստծուն, և հոգին ծարավի է նրան: Իսկ Եսայի մարգարեն ասում է, որ իր հոգին «փնտրում» է Աստծուն (Ես. 26.9): ՈՒրեմն, այստեղ առկա է Աստծուն փափագող, ծարավող ու փնտրող հոգի: Այդպիսին են մարգարե բանաստեղծների հոգիները, այդպիսին են սաղմոսերգու Դավթի և Հովհաննես Թումանյանի հոգիները:

Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
ՈՒ երջանիկ ակունքներին երազուն`
Պոետները կանչում են ու անց կենում:

Թումանյանի անձը նույնպես փափագում, տենչում է Աստծուն, և հոգին ծարավի է Նրան: Այս քառատողից վեր է հառնում Աստծուն փափագող, ծարավող ու փնտրող Թումանյանը: Չմոռանանք, որ Վկայության Խորանը նույնպես կազմված էր երեք մասից` մարմինը խորհրդանշող արտաքին գավթից, շունչը կամ անձը խորհրդանշող Սրբությունից և հոգին խորհրդանշող Սրբությունների Սրբությունից: Փափագը Թումանյանին բերել է արտաքին գավիթ, ծարավը` Սրբություն, փնտրելը (կանչելը)` Սրբությունների Սրբություն:
Դավիթը տեսավ Աստծո փառքի զորության փայլը, Թումանյանի քառատողից երևում է, որ նա տեսնելու ճանապարհին է: Եվ այդ ճանապարհն անցնում է աղոթավայրով: Աստծուն ձգտող-փափագողը գնում է դեպի աղոթավայր: Աղոթքի ցանկությունը նրա անձի մեջ ծագող զգացում չէ, այն ծնունդ է առնում Սուրբ Հոգու զորությամբ: Այդ աստվածային ցանկությունը Աստծո Հոգով է սերմանվում նրա սրտում: Նա լսում է Տիրոջ Խոսքը, նա զգում է իրեն աղոթքի կանչող Տիրոջ ձայնը:
Մարդիկ հաճախ են հարցնում. «Որտե՞ղ գտնենք Հիսուսին»: Պատասխանը մեկն է. «Հիսուսին կարող եք գտնել ձեր աղոթքի վայրում»: Երբ դու գնում ես այդ վայրը, հոգիդ լցվում է Աստծո ներկայությամբ, և Թումանյանի նման, դու էլ ես գոչում. «Աղբյուրները հնչում են ու անց կենում, Ծարավները տենչում են ու անց կենում»: Տևական աղոթակյանքի ընթացքում, երբ վրա է հասնում «ճեղքումը», պարզ է դառնում, որ դու գտել ես Նրան, ՈՒմ փնտրում էիր: Հենց այդ գտնելու պահից կգա «ծարավը Աստծո հանդեպ»:
Ոչ ոք չի կարող հենց այնպես ծարավել Աստծուն, և ոչ ոք չի կարող գրել «երջանիկ, երազուն ակունքների» մոտ կանգնած պոետների, կամ, որ նույնն է, բանաստեղծ մարգարեների վերերկրային կացության մասին, եթե ինքը տեսած չլինի այդ ակունքները:
«Ինչպես եղջերուն է փափագում ջրերի առուներին, այնպես էլ իմ անձն է փափագում Քեզ, ո՛վ Աստված: Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն: Ե՞րբ պիտի գամ, ու երևամ Քո երեսի առաջ» (Սաղմ. 42): Դավիթ մարգարեի այս սաղմոսն այն է ասում, ինչ Թումանյանը.

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

Թումանյանի անձը ծարավ է «Աստծո երեսի առաջ երևալուն», ծարավ է Նրա ներկայությանը:
Դավթի ընտրած համեմատությունը միանգամայն ճիշտ է: Եղջերուին դեպի ջրերը ձգող պատճառները երկուսն են. կա՛մ ծարավն է տանջում, կա՛մ գիշատիչ գազանն է հետապնդում նրան: Ջրերի առուներին փափագող եղջերուն, երբ հասնի այդ առուներին, ոչ միայն ծարավը կհագեցնի, այլև կկորցնի իր հետքը և կազատվի իրեն հետապնդող գիշատչի ձեռքից:
Թումանյանը խոսում է վերին ոլորտների, հոգիների գերբնական աշխարհների մասին: Նա խոսում է ապագա աշխարհի և մարդկանց ապագա կյանքի մասին: Խոսում է երկրի վրա և իր մեջ հաստատված Աստծո Թագավորության թելադրանքով, նրա էության, նրա պատմության «անհիշելի վերհուշերի» խորքից խոսում է բարձր բարոյական ճշմարտությունների, մարդու «մեծ խոհերի խոյանքների» խորքերից: Եվ այդ բոլոր հարցերի ու խնդիրների մասին խոսում է պարզ ու հասկանալի` առանց գիտելիքների տարփողման: Հեշտ է եզրակացնել, որ այդ բարձրագույն ճշմարտությունները համապատասխանում են նրա բնույթին, քանի որ այդ բնույթը Հիսուս Քրիստոսի բնույթն է, Ով ոչ միայն ճշմարտության ՈՒսուցիչն է, այլև Ինքն է հենց այդ Ճշմարտությունը, այդ ճշմարտության Աղբյուրը:
Ահա թե ինչու ճշմարտության մեջ գտնվող և ճշմարտությունն իր մեջ առած բանաստեղծը, երկրի վրա լինելով հանդերձ, հոգով կարող է սլանալ դեպի «աստեղային երազների աշխարհները լուսակաթ, մեծ խոհերի խոյանքների հեռուները անարատ»: Այն ձայնը, որ մենք լսում ենք «անհիշելի վերհուշերի մշուշներից», ճշմարտության ձայնը չէ, դա ճշմարտության ձայնի արձագանքն է: Եվ եթե արձագանքն այդքան մեծ տպավորություն է թողնում, ապա ինչ տեղի կունենա մարդու ներաշխարհում, երբ լսի սկզբնաղբյուրից դուրս եկող ձայնը` ճշմարտության ձայնը. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը, Կյանքը» (Հովհ. 14.6):

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ստրուկները մեքենայի ու ոսկու`
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային-Հայրենիքը իմ հոգու…

Հենց սա նկատի ունի նաև Դավիթը, որ ասում է. «Դու, Ծածկո՛ց իմ, Դու ես իմ Ապաստանը» (Սաղմ. 32.7): Երբ «մեքենայի և ոսկու ստրուկը» կգտնի այն ջուրը, որին ծարավի է, նրա հոգին փառաբանություն կժայթքի, և նա կհասկանա, որ գտնվում է սուրբ վայրում՝ «աստվածային Արևելքում»` մարգարե բանաստեղծի հոգու Հայրենիքում: 63-րդ սաղմոսում, երբ Դավիթը խոսում էր «զորությունն ու փառքը» տեսնելու մասին, նա գիտեր, որ դա իրականանում է միայն հոգու որոնումով և ինքդ քո եսի համար մեռնելով: Այդ սուրբ վայրը գտնվում է հոգին խորհրդանշող Սրբությունների Սրբությունում:
Թումանյանը հենց այս վայրն է, որ կոչում է «հոգու Հայրենիք»: Այս վայրում` բանաստեղծի հոգու Հայրենիքում, խոսում է միայն հոգին, այն էլ միայն Աստծո Սուրբ Հոգու հետ: Մի՞թե սաղմոսերգուի խոսքը այդ վայրի մասին չէ, երբ ասում է. «Անդունդն անդունդին է կանչում Քո ջրվեժների ձայնով, Քո բոլոր ջրերն ու ալիքներն անցնում են իմ վրայով» (Սաղմ. 42): Ասել է թե՝ Սրբությունների Սրբությունում հոգին է խոսում, կանչում է Սուրբ Հոգուն, կամ, որ նույնն է, «անդունդն Անդունդին է կանչում»: Այս վայրում ծնված աղոթքն անհնար է կասեցնել, քանի որ աղոթքի ցանկություն սերմանողը Սուրբ Հոգին է, և այդ ցանկությունը գնալով աճում է, մեծանում և հասնում Աստծո դռներին ու փոխարկվում բերկրանքի: Այդ վայրում դու այնքան ես լցված լինում, որ չես կարողանում նույնիսկ խոսել. հարմար բառեր չկան, կա միայն ներկայություն` Աստծո ներկայություն: Այդ ներկայության մեջ խտանում է ասելիքը, պոեմների տարողությունը սեղմվում, դառնում է քառատող, իսկ ընդարձակ, զանգվածեղ մարմինը` գերխիտ երկնային մարմին:
Թերևս սա է պատճառը, որ իր կյանքի վերջին տարիներին Թումանյանը քառյակներով սկսեց խոսել, գերխիտ վիճակում հանդես եկող հոգևոր ժայթքումներով:
Աստծո ներկայության մեջ, ինչպես վկայում է Եսայի 6.3-ը, ամբողջ երկիրը լի է Աստծո փառքով: Այս վկայությունն անող սերովբեները նույնպես Աստծո փառքով էին լցված, քանի որ Աստծո ներկայության մեջ էին: Աստծո ներկայության մեջ գտնվողը ոչինչ չի կարող տեսնել, բացի Աստծո փառքից: Դա չի նշանակում, որ անտեղյակ կլինես աշխարհում եղած հակամարտություններին, խռովությանը, խավարին, խաբեությանը: Այդ ամենին տեղյակ լինելով՝ տեղյակ կլինես նաև այդ ամենին տրվող Աստծո պատասխանին: Աստծո մեջ գտնվողը միշտ կտեսնի, թե ինչպես է ճշմարտությունը հաղթահարում խաբեությանը, խավարին, խռովությանն ու հակասություններին, և կտեսնի այն ճանապարհը, որով կգա Երկնային Արքայությունը:
Երբ Հիսուսին ձերբակալելու նպատակով ուղարկված զինվորները ձեռնունայն վերադարձան, քահանայապետերն ու փարիսեցիները նրանց ասացին. «Ինչո՞ւ Նրան այստեղ չբերեցիք»: Զինվորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն Մարդը» (Հովհ. 7.46): Երկու հազար տարի շարունակ այդ նույն բանն են ասում բոլոր նրանք, ովքեր լսում են Նրան, կարդում Նրա Խոսքը: Այդ Խոսքը հասկանալու, նրա ազդեցությունը զգալու համար պետք չէ որևէ ուսումնական պատրաստություն, որևէ կրթական աստիճան: Բոլորի համար հասկանալի է այն և զորավոր: Ի՞նչն է այդ պարզ և յուրահատուկ զորության գաղտնիքը: Մի՞թե ճարտասանական խոսելաձևը, խոսքի բանաստեղծական զարդարանքը կամ գերբնական դարձվածքները: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, Նրա Խոսքի մեջ նման բաներ չկան: Չկա ավելի պարզ ու անպաճույճ մեկ այլ բան, քան Նրա Խոսքը: «Երանի հոգով աղքատներին, նրանցն է Երկնքի Արքայությունը: Երանի սգավորներին, նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5), և Լեռան քարոզի մյուս երանիներից ավելի պարզ ու անպաճույճ խոսք ասելն անհնար է: Նույնն են վկայում նաև Աստծո Արքայության մասին ասված առակները, ինչպես նաև Նրա քահանայապետական աղոթքը (Հովհ. 17): Նրա Խոսքի անսովոր ազդեցությունն այն է, որ Նա մեծագույն ճշմարտությունները կարող է արտաբերել ամենահասարակ բառերով: Այդ մեծագույն ճշմարտությունները հավիտենական ճշմարտություններ են, և դրանց բնակատեղին Թումանյանի հոգու Հայրենիքն է: Ահա թե ինչու Աստծո, Սուրբ Հոգու թելադրանքով գրող բանաստեղծը աստվածային Արևելքը համարում է իր հոգու հայրենիքը: Դեպի ճշմարտություն գնացող Թումանյանը գիտի իր հասցեն, որովհետև Աստված խոստացել է հավիտենապես գոյատևող Նոր Երկինք ու Նոր Երկիր: Պետրոս առաքյալի նման Թումանյանն էլ սպասել է և հիմա էլ դրախտում սպասում է Նոր Երկնքին ու Նոր Երկրին, որոնց մեջ արդարություն է բնակվելու (Բ Պետր. 3.12-13):


Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ