ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Խաղաղ անցիր, սիրով անցիր երկու օրվան էս ճամփեդ»

«Խաղաղ անցիր, սիրով անցիր երկու օրվան էս ճամփեդ»
11.10.2013 | 11:18

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար,
կյանքդ կարճ,
Քանի՜-քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Մեծ ու անընդգրկելի են պոետի տեսնելու և հասկանալու ձգտումները: Աստված է նրա մտածողության առանցքը: Նա սիրում է Աստծուն և Նրան վերաբերող ամենայն ինչ: Նա հետամուտ է միայն կյանքում եղած ամենագեղեցկին, վեհությանը: Նա մերժում է ամենայն ստորն ու նողկալին: Նրա մեջ ստեղծվել է շրջապատող կյանքի բոլոր հարցերի գնահատման ուրիշ` աստվածային չափանիշ:
Միտքը, զգացմունքը և կամքը չէ, որ մերժում է, այլ շնչավոր կյանքից է, որ հրաժարվում է նա` քաջ գիտենալով, որ շնչավոր կյանքը գամվել է խաչին. ագահությունը, անկշտությունը, մտքի երկարությունը, կյանքի կարճությունը` նույնպես: «Քանի՜-քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ» ասող բանաստեղծը ոչ նրա «պես» է, ոչ էլ նրանից առաջ եղածի պես, հակառակ դեպքում կգրեր «մեզ պես, մեզնից առաջ, մեր առաջ»: Բանաստեղծը այստեղ շեշտում է իր «Հոգու մեջ լինելը», շնչավոր կյանք վարողներին Սուրբ Հոգու հատկանիշներով հակադրվելը: Քառյակն ամբողջապես Աստծո թելադրածն է: Միայն Աստված կարող է Իր պատկերով և Իր նմանությամբ ստեղծված մարդու հետ այսպես խոսել Իր բարձունքից:
Թումանյանի ստեղծագործության մեջ այսինչ կամ այնինչ բանի սխալ կամ ճիշտ լինելու հարց չի դրված: Նա սխալի ու ճշտի հիման վրա դաստիարակելու նպատակ չունի: Նա չի պնդում, որ եթե ինչ- որ բան սխալ է, չպետք է անել: Թումանյանի ճանապարհը դա չէ, քանի որ նրա համար ճշտով և սխալով առաջնորդվելը կրոնական ուսմունք է: Քրիստոնեությունը Թումանյանի համար կրոն չէ, կյանք է: Այնպես որ այստեղ ճշտի կամ սխալի հարցը չէ, այլ այն հարցն է, թե մենք ինչով ենք ապրում և գործում` շնչո՞վ, թե՞ հոգով: Հարցը ճշտի և սխալի կամ բարու և չարի մեջ չէ, այլ հոգու և շնչի: Այն ամենը, ինչ արվում է կամ ասվում` հոգո՞վ է արվում, թե՞ շնչով: Ահա այս է Թումանյանի հարցադրումը: Նա գիտի իր հոգուն ազատություն տալու ճամփան ամեն ժամանակ և ամենուրեք:
Մարդու շունչը` հոգին, մարմնի հետ միացնող կապն է, որ «արծաթե թել» է կոչվում (Ժող. 12.7): Հոգին կարող է ապրել առանց մարմնի, բայց քանի դեռ չի անջատված մարմնից, նա իր գոյությունն արտահայտում է մտային, խոսելու, չարն ու բարին զանազանելու և այլ ընդունակություններով: Երբ խորհում ենք, մենք մեզ հետ ենք խոսում: Մտային ընդունակությամբ մենք կարող ենք հաղորդակցվել հոգևոր աշխարհի հետ և գիտակցաբար կամ անգիտակցաբար ներշնչումներ ընդունել ոչ միայն Աստծո Սուրբ Հոգուց, այլև ուրիշ հոգիներից: Երբ որևէ խորհուրդ է հայտնվում մեզ, նշանակում է` ինչ-որ հոգի է խոսում մեզ հետ: Եթե խորհուրդները բարի են, ապա խոսողը Աստծո Սուրբ Հոգին է, իսկ եթե չար են, խոսողը չար հոգի է: Եվ երբ մենք կամա թե ակամա ընդունում ենք այդ խորհուրդները, ապա ընկնում ենք դրանց ազդեցության տակ: Ըստ այդմ էլ` կա՛մ օրհնվում ենք, կա՛մ վնաս կրում:
Բանաստեղծը գիտի, որ մարդու ընդունած խորհուրդներից են կախված նրա արտաբերած խոսքերն ու դրսևորած վերաբերմունքը: Թումանյանն իր ձայնը միացնում է առաքյալի ձայնին և աղաղակում. «Արդ` այս եմ վկայում Տիրոջով, որ դուք այլևս չընթանաք այնպես, ինչպես հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ, քանի որ նրանց մտքերը մթագնած են, և իրենք օտարացած են Աստծո կյանքից իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետևանքն է: Նրանք իրենց լույսը կտրեցին և ագահությամբ անձնատուր եղան անառակության և ամեն տեսակ պիղծ գործերի» (Եփես. 4.17-19):
Առաքյալը հորդորում է, որ քրիստոնյաներն այլևս չընթանան հեթանոսների նման, հետ կանգնեն կռապաշտությունից և անառակությունից: Նույն տագնապը չի՞ արդյոք հնչեցնում Թումանյանը, երբ աղաղակում է. «Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ…»: Սա նոր կյանքով ապրող Աստծո զավակի կոչ է` ուղղված դատարկ և ունայն մտքերով, ագահությամբ ու դժգոհությամբ լցված աշխարհիկ մարդկանց, որոնք իրենց սրտի կարծրության պատճառով կորցրել են ճիշտը սխալից զանազանելու զգացողությունը: Նրանք զվարճանքներ են փնտրում ամեն տեսակ պղծության մեջ, բայց չեն կարողանում բավարարվածություն գտնել: Դրա համար էլ շարունակում են ագահությամբ անառակություն գործել:
Անտիկ աշխարհի գրողների նման, Թումանյանն իր բարոյական հորդորները զարգացնում է հակադրությունների ճանապարհով: Այդ հակադրությունները նրան հնարավորություն են տալիս ավելի սուր կերպով ընդգծելու և երևան հանելու աշխարհայինի և երկնայինի անհամատեղելիությունը: Նա աշխարհիկ մարդու ագահությունը հակադրում է աստվածային խաղաղությանը, անգոհությունը` գոհությանը և ուրախությանը, երկար միտքն ու կարճ կյանքը` սիրով ընթանալուն, երկու օրվա ճանապարհը՝ ոչ թե ատելությամբ և դժգոհությամբ, այլ սիրով անցնելուն: Պոետի նշած ագահությունն ու անգոհությունը տիպիկ հեթանոսական մեղքեր են, որոնցից պետք է գարշի յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա:

Քանի՜-քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

Երկրային ամեն ինչը, նույնիսկ երկիրն ինքը անցնում-գնում է, ուստի բանաստեղծը կոչ է անում հույս չդնել անցողիկ բաների, նյութական հարստության վրա, որը նույնպես անցողիկ է: Նրա համար մարդիկ ավելի էական են ու կարևոր, քան ունեցվածքը, և մարդկային կարիքների այս անվերջանալի աշխարհում փողն ու ունեցվածքը անարժեք են, անցողիկ` համեմատած այն ավելի կարևոր բաների հետ, որոնք մարդը կարող է անել իր կարողություններով: Բայց ո՞վ կարող է չփափագել անցողիկ բաները, չխորհել աշխարհիկ բաների մասին: Իհարկե, նա, ով մեռած է աշխարհի համար, ում մարմինը մեռած է մեղքի համար: Հոգևոր բաները «պահված» են աշխարհիկ մարդկանցից, ովքեր աշխարհն ավելի շատ են սիրում, քան Աստծուն: Նրանք չեն կարող պատկերացնել նոր, հոգևոր կյանքը Քրիստոսով: Բայց նրանք կարող են տեսնել բանաստեղծի նոր կյանքի պտուղները, նրա բարի գործերը, սերը, ուրախությունը, որոնցով նա անցնում է իր «երկու օրվա» ճամփան: Թումանյանի կյանքի աղբյուրը, նպատակը, լրումը և օրհնությունը Ինքը՝ Տերն է: Բանաստեղծի հավիտենական տունը, ժառանգությունը և վարձքը Երկնքում են:
«Անգոհ» լինել նշանակում է Աստծո դեմ տրտնջալ, Աստծուց դժգոհել և Նրա հետ վիճաբանել: Բանաստեղծը գիտի, որ այդպես վարվելով` մարդիկ մերժում են Բարձրյալի շնորհը և Նրա կամքը` նախասահմանված իրենց կյանքի համար: Իրենց մտքում անգամ տրտունջներ ու վիճաբանություններ չունեցող մարդիկ Աստծո անարատ զավակներ են: Եթե մարդիկ հոգով, մտքով ու լեզվով իմաստուն լինեն, ինչպես Թումանյանը, ապա նրանց արտաքին վարքն էլ անբիծ ու անարատ կլինի:
Թումանյանի ասելիքը համահունչ է Աստծո Խոսքին, նա զգուշացնում է ագահ, անգոհ մարդուն, որ «ժամանակների վախճանն» այնքան էլ հեռու չէ, գուցե այսօ՞ր է. «Զգույշ եղեք, հսկեցեք և աղոթեցեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը. ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ թողել է իր տունը և իր ծառաներին իշխանություն տվել` յուրաքանչյուրին իր գործը…. Արդ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա… գուցե հանկարծակի գալով` ձեզ քնած գտնի… Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում» (Մարկ. 13.33-37):
Երկու օրվա ճանապարհը խաղաղ, ուրախ և սիրով անցնելու համար պետք է հրաժարվել ագահությունից, դժգոհությունից և Սուրբ գրքում նշված բոլոր արատներից: Բայց ինչպե՞ս: Ճանապարհը մեկն է. պետք է ապաշխարել, այսինքն` զղջալ, խոստովանել և երես դարձնել մեղքից` այլևս մեղք չգործել: Երբ մարդը ճշմարիտ ապաշխարություն է ունենում, փոխվում են նրա գործերը, մտքերը և ցանկությունները: Ապաշխարությունը փրկության նախադուռն է: ՈՒրախ, խաղաղ և սիրով լցված կյանքի կոչող բանաստեղծը գիտի, որ այդ ուրախության, խաղաղության ու սիրո աղբյուրը Ինքը՝ Տերն է: Որքան էլ զարմանալի թվա, քառյակը լի է տագնապով, և մենք՝ արտասանողներս, զուր ենք բացականչական երանգ տալիս, փիլիսոփայական շապիկ հագցնում, քանզի տագնապն այդ հրամայական երանգ ունի: Ինչո՞ւ հրամայական. որովհետև երբ Տերը գա, ոչ ոք այլևս ապաշխարելու հնարավորություն չի ունենա: Նա ուշացնում է Իր գալուստը, որպեսզի ամեն մարդ ապաշխարի, որպեսզի հավիտյան չկորսվի (Բ Պետր. 3.9): ՈՒստի. «Ահա հիմա է փրկության օրը, հիմա է ընդունելի ժամանակը» (Բ Կորնթ. 6.2): «Տիրոջ օրը գողի պես կգա… երկինքը շառաչյունով կանցնի, տարերքները կրակով վառված կհալվեն, կայրվեն նաև երկիրն ու նրանում եղած բոլոր բաները» (Բ Պետր. 3.10): Երկու հազար տարի առաջ առաքյալի արած այս մարգարեությունը մինչև 20-րդ դարի կեսերը գիտության և մշակույթի շատ գործիչների համար առասպելական չափազանցություն էր թվում, սակայն ատոմային ռումբի պայթյունը Հիրոսիմայի վրա, ջրածնային և առավել ահավոր կոբալտային ռումբերի սահմռկեցուցիչ հնարավորությունները նրանց ստիպեցին հետ կանգնել իրենց կասկածամտությունից: Դեռ ավելին` ոչ միայն հետ կանգնել, այլև կասկածամտությունը փոխարկել ապշահար զարմանքի: Քրիստոսի գալուստը սարսափելի կլինի հատկապես նրանց համար, ովքեր չէին և չեն հավատում, թե երկիրը պետք է ոչնչանա: Աստծո Խոսքից իմանալով, որ երկիրը պետք է ոչնչանա՝ բանաստեղծն իր ընթերցողներին առավել հուսալի, առավել ամուր և հավերժական հենարան է առաջարկում: Եվ այդ հենարանը երկնային սիրո, խաղաղության, ուրախության և հավիտենական կյանքի հենարանն է:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ

Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 3691

Մեկնաբանություններ