ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մինչև վախճանն անվախճանի»

«Մինչև վախճանն անվախճանի»
08.10.2013 | 10:55

Աստծո խոսքը Աստվածաշնչում միաժամանակ և՛ խոսք, և՛ գործ է նշանակում: Աստված հենց այնպես չի խոսում: Երբ Նա խոսում է, միաժամանակ նաև գործում է: ՈՒրեմն, երբ Նա ասում է, նշանակում է` կատարում է: Աստված ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ»: Այստեղից երևում է, որ Աստված հավատի Աստված է, Նա հավատում է Իր Խոսքին և Իր հավատը գործի է վերածում Խոսքով: Աստծո Խոսքը ստեղծարար զորություն ունի: Այդ ստեղծարար զորությունը գործի է դրվում Հոգով, ձևավորվում լեզվով և արտաբերվում շուրթերով:

Բարձր է հնոց աշխարհքն Հայոց
ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին
խոսք է բացել Նրա հետ-
Անհաս բանից, ըսկզբանից, երբ
չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի
քընընում է դարեդար:

Թումանյանն այս աշխարհի իմաստությամբ չէ, որ «Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարեդար»: Նա գիտի, որ մարդը չի կարող հասկանալ, թե ինչ կա մեկ ուրիշի մտքում և սրտում: Այդ մեկ ուրիշի հոգին գիտի իր իսկ մտքում եղածը: Եվ երբ այդ մարդը հայտնում է իր մտքում ու սրտում եղածը, ապա մենք էլ տեղյակ ենք դառնում դրան: Նույն կերպ մարդը չի կարող իմանալ Աստծո մտքում և սրտում եղածը: Դա միայն Աստծո Սուրբ Հոգուն է հայտնի: ՈՒրեմն, ինչպես մարդու հոգին կարող է հայտնել իր միտքն ու սիրտը, այնպես էլ Աստծո Հոգին է բացահայտում մեզ համար Աստծո միտքն ու սիրտը:
Անգլիացի մեծ գիտնական Մայքլ Ֆարադեյը, ում հայտնագործությունները լայն ճանաչում են գտել գիտական աշխարհում, զբաղվում էր նաև Աստվածաշնչի գրքերի մեկնությամբ` հիմք ընդունելով այն, որ «Աստվածաշունչը բխում է Աստծուց, և ով Աստծուց է, լսում է Նրա խոսքերը»: Թումանյանը Աստծուց էր. նա ոչ միայն լսում էր Աստծո խոսքերը, այլև արձագանքում էր դրանց իր ամբողջ հոգով, ամբողջ էությամբ:
Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում. «Անհաս բանից, ըսկզբանից, երբ չկան էլ դեռ չկար»: Ո՞րն է այդ «Անհաս բանը», այդ ե՞րբ էր, որ «չկան էլ դեռ չկար»:
Սրանք պոետական զեղումներ չեն, այլ Աստծո իմաստության գագաթնակետի` հանճարի հետ ունեցած աղերսներ են, հանճար, որ իր բացարձակ իմաստով միայն աստվածային հատկանիշ է:
Թումանյանը չէ հանճարը, հանճարը Աստված է՝ Երկինք, Երկիր Արարողը, իսկ Թումանյանը, ավելի ճիշտ՝ Թումանյանի խոր հոգին ընդամենը խոսք բացողն է Նրա հետ և ոչ թե խոսք ասողը: Թումանյանի խոր հոգին խոսքը բացում է, իսկ Բարձրյալի Սուրբ Հոգին խոսում է:
«Սկզբում Աստված ստեղծեց Երկինքն ու Երկիրը»,- այսպես է սկսվում Աստվածաշունչը: Սա վեցօրյա Արարչությունն ազդարարող սկիզբ է, և չպետք է շփոթել «երբ չկան էլ դեռ չկար»-ի հետ, այսինքն` վեցօրյա արարչությունից առաջ եղած ժամանակի հետ: Վեցօրեից առաջ ընկած է մի ժամանակաշրջան, որի ընթացքում Աստված շատ գործեր կատարեց, մեր գիտեցած Սկզբից առաջ: Ոչ ոք չգիտի, թե ինչքան ժամանակ տևեց այդ նախասկզբի ստեղծագործությունը, բայց որքան էլ որ տևած լինի, մեկ է, Աստված Երկինքն ու Երկիրը ստեղծելուց առաջ ջուրը ստեղծեց:
Արարչագործության վեց օրերի ընթացքում Աստծո կատարած աշխատանքը մարդ արարելու համար էր: Աստծո նպատակը մարդ արարելն էր, բայց դա անելուց առաջ Աստված նախ պետք է նորոգեր ավերված երկինքն ու երկիրը: Ծննդոց գրքի 2.4-ում ասվում է. «Սրանք են երկնքի ու երկրի սերունդները. նրանք արարվեցին այն օրը, երբ Տեր Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց»: Սա «երբ չկան էլ դեռ չկար», այսինքն` վեցօրեից առաջ եղած արարվածներին է վերաբերում, քանի որ այդ ժամանակաշրջանում ստեղծվեցին նախ՝ երկինքը, իսկ հետո՝ նաև երկիրը: Ինչ վերաբերում է «այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» արտահայտությանը, ապա այն երկրի ու երկնքի նորոգման, վերականգնման մասին է ակնարկում: ՈՒշադրությո՛ւն դարձրեք. նախ` երկիրը, հետո՝ նաև երկինքը: Ահա թե ինչ հոգևոր բացահայտումներից հետո է, որ Մասիսի երկնադետ գագաթին Անսկիզբ և Անվերջի հետ խոսք բացած բանաստեղծի հոգին կտրում-անցնում է «երբ չկան էլ դեռ չկար»-ի սահմանները և քննում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «մինչև վախճանն անվախճանի»:
Թումանյանը, անտեսելով Արարչի հնարավորությունները սահմանափակող կեղծ ուսմունքները, կարծում է, որ Ամենակարող, Ամենագետ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է, Նա կարող է ոչնչից ստեղծել ամեն ինչ: Եվ կարող էր ստեղծել նաև այն ժամանակ, «երբ չկան էլ դեռ չկար»: «Հավատքով ենք իմանում, որ աշխարհն Աստծո Խոսքով հաստատվեց, որ չերևացողներից այս երևացողները ելան» (Եբր. 11.3):
Երկնադետ Մասիսի բարձունքին Աստծո հետ խոսք բացող պոետը հավատով տեսնում է աչքի համար անտեսանելին և հոգով գնում-հասնում է արարչության սկզբնական շրջանի խորքերը: Վեցօրյա արարչությանը նախորդող այդ ժամանակաշրջանի սկիզբը պոետին հայտնի չէ, բայց «Անհաս բանից, սկզբանից» է, «երբ չկան էլ դեռ չկար»: Նրա համար պարզ է, որ տեսանելի ամեն բան անտեսանելի Աստծո կողմից է ստեղծված: Աստծո համար անհնարին ոչինչ չկա` ոչ գործողության, ոչ չափի, ոչ էլ ժամանակի առումով:
«Ինչպես Հայրը Իր Անձի մեջ կյանք ունի, այնպես էլ Որդուն տվեց, որ Իր Անձի մեջ կյանք ունենա» (Հովհ. 5.26): Այստեղ Անձ ասելով առաքյալը նկատի ունի Հոգի, քանի որ Աստված մարմին չունի, Աստված Հոգի է: ՈՒրեմն, մարդու հոգին էլ իր անձն է: Եվ քանի որ «Բանն Աստված է», ապա Անձ կամ Հոգի է: Բայց հոգին ոչ թե խոսված խոսքն է, այլ խոսող միտքը, ճիշտ այնպես, ինչպես աղբյուրից բխող ջուրը աղբյուր չէ, բայց աղբյուրը ջուր է: Սկզբից այդ խոսող Խոսքն ասաց. «Թող Լույս լինի», և… լույս եղավ: ՈՒրեմն, մարդու հոգին նույնպես «բան» է, որովհետև խոսում է և խոսքի անհատնում աղբյուր է. «Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ»:
Թումանյանի «խոր հոգին»` խոսող միտքը, դեռ աշխարհաստեղծումից առաջ (երբ չկան էլ դեռ չկար) խոսք է բացել իր անձի կամ, որ նույնն է, իր հոգու մեջ կյանք ունեցողի հետ. «Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարեդար»: Աստծուն մոտենալու, Նրա հետ մերձենալու արտոնություն և համարձակություն ունեցող բանաստեղծը գիտի, որ «Տիրոջը սիրողները քննում են Նրա գործերը» (Սաղմ. 111.2): Եվ այդ քննությունից ոչ միայն Թումանյանի, այլև բոլոր Նրան սիրողների համար պարզ է դառնում, որ մեծ և սքանչելի են այդ գործերը, արդար ու ճշմարիտ են Նրա ճանապարհները (Հայտն. 15.3):

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ