ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»

«Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»
27.09.2013 | 16:38

Ես հավատում եմ, որ մեծ մարդիկ մեծ են ամեն ինչում, անգամ սիրո հարցում:
Նայեք այս երկու լուսանկարներին: Առաջինն արված է 1921-ին: Զորավար Անդրանիկի պսակադրության արարողությունն է Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում, և քավորը Պողոս Նուբարն է: Նրա կողքին, գլուխը թեքած, փաշայի կինն է՝ Մարի Նուբարը, Հովհաննես բեյ Տատյանի դուստր Մարիամը:
Երկրորդ լուսանկարն արված է 1930 թ. Երևանում և պատկերում է «Մարի Նուպար» ակնաբուժարանի նորակառույց շենքը: Ո՞վ էր Մարի Նուբարը, ինչպիսի՞ն էր: Ներկայացնենք երկու դրվագ:
Տիկին Նուբարը շատ զգույշ էր վարվում ու խնամում-փայփայում էր շրջազգեստը: Պարբերաբար նկատելով դա, Հայկական բարեգործական ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի հեղինակ, միության փոխնախագահ Երվանդ Աղաթոնը մի օր հարցնում է.
-Հանըմ, ինչո՞ւ ես շրջազգեստդ այդպես խնամում:
-Միակ նոր շրջազգեստն է:
-Ինչպե՞ս, դու փաշայի կին և միայն մեկ նոր շրջազգե՞ստ ունես:
-Այո: Երբ Պոլիս այդքան հայ գաղթականներ կան, քաղցածներ կան, ինչպիսի՞ քար սիրտ պիտի ունենամ, որ նոր շրջազգեստ կարել տամ: Նախընտրում եմ շրջազգեստիս գումարն այդ խեղճերին տալ:
Մի օր էլ Մարի Նուբարը Փարիզի Տրոկադերո զբոսայգու նստարանի վրա նկատում է լաց լինող ֆրանսուհու, որը գրկին ծծկեր երեխա ուներ: Հարցուփորձից տեղեկանալով, որ ֆրանսուհին մշտապես քաղցում է, կրծքի կաթը չի բավարարում, երեխան օրեցօր հալվում է, կնոջ ձեռքը բռնում-տանում է կաթնավաճառի մոտ և պատվիրում, որ այդուհետ նրան տան ինչ կուզի, իսկ շաբաթվա վերջին հաշիվն իրեն ուղարկեն: Առաջին շաբաթվա 60 ֆրանկից տարիների ընթացքում գումարը հասնում է 300 ֆրանկի, բայց փաշան շարունակում է վճարել ընդհուպ մինչև Մարիի մահը:
Պողոս Նուբարը կնոջը դիմում էր «սիրելի հոգիս» հայերեն բառերով: Իր մահվան տարում՝ 1930-ին, կնոջն ի հիշատակ, 3 մլն ֆրանկով Փարիզում կառուցեց «Մարի Նուպար հայ ուսանողական տունը», իսկ 14250 ֆունտ ստեռլինգով՝ Երևանի ակնաբուժարանը:
Կնոջից հետո փաշան ապրեց 5 տարի և 1 օր: Առանց հուզմունքի դժվար է կարդալ այն էջերը, որոնք պատմում են Պողոս Նուբարի վերջին օրվա մասին: Կնոջ մահվան օրը` «հուլիսի 25-ին, կարդում է Մարիի»` իրեն ուղղած բոլոր սիրային նամակները և իրեն ձոնած սիրային բանաստեղծությունները, որ փաշան 8 օրինակ տպաքանակով տպագրել էր տվել: Ապա լաց է լինում, այդ ամենը պատառոտում և, կանչելով Բրյուլե ազգանունով շվեյցարուհի սպասուհուն, վերջին դառը հումորն անում, ասելով.
-Մադամ Բրյուլե, այրեք այս ամենը:
Բառախաղ էր. «բրյուլե» ֆրանսերենի հրամայական եղանակով նշանակում էր «այրեք»:
Վերջին բառը լինում է.
-Լա՛վ...
Գո՞հ էր: Ինչի՞ց: Կյանքի՞ց, իր մեծ սիրո՞ւց, ազգին տեր լինելուց ու միաժամանակ ծառայելո՞ւց: Ըստ իս, ամեն ինչից…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ