38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը
24.07.2009 | 00:00

ՉԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՀԱՅԱՑՔ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ-2
Նախ՝ Խորենացու այս վկայությանը նախորդող պարբերությունից իմանում ենք, որ այս «մեծ-անվանի բազմաբյուր» կուսակալությունը գտնվում է «հայերեն խոսակցության վերջին սահմաններում», այսինքն՝ կուսակալության էթնիկական կազմը հայն ու հայախոսն են, և ոչ թե այլալեզու օտար ու անհայտ ցեղեր: Իսկ բուն վկայության մեջ մտորումների դուռ է բացում Պատմահոր խոստովանությունն այն մասին, որ «մենք առաջին գլխում մոռացանք հիշատակել այս մեծ ու անվանի տոհմը, այսինքն՝ Սիսակից սերված ցեղը, որ ժառանգեց Աղվանից դաշտը և այս դաշտի լեռնակողմը»: Այս տողերը մեզ հարկադրում են վերհիշել հայկական ցեղերի տարածման այն երթուղին, որ Առաջին գրքում ներկայացրել է Պատմահայրը՝ «անհատականացնելով» այդ տարածումը: Հայկը վախճանվում է Հարքում՝ «ամբողջ տոհմը հանձնելով իր Արամանյակ որդուն»: Արամանյակը Հարքը թողնում է իր եղբայրներ Խոռին ու Մանավազին, ինքը տեղափոխվում Արարատյան դաշտի լեռնակողմը: Արամանյակի որդի Արամայիսը իր որդի Շատակեր Շարային ուղարկում է Շիրակ: Արամայիսի թոռ, Ամասիայի որդի Գեղամը Արարատյան դաշտը թողնում է իր որդի Հարմային, ինքը բարձրանում մյուս լեռան հետևի կողմը՝ մի ծովակի ափ, որն իր անունով կոչվեց Գեղարքունիք: Այդտեղ Գեղամն իր որդի Սիսակին է հանձնում «իր ստացվածքի մեծ մասը և բազմաթիվ ծառաներ և նրան ժառանգական սահման կտրեց ծովից դեպի արևելք մինչև այն դաշտը, ուր Երասխը, սեպացած լեռները ճեղքելով, երկար ու նեղ ձորերով անցնելով, ահագին շառաչյունով թափվում է դաշտը»: Եվ ահա Սիսակից սերված այս նոր ցեղն էլ է ասպարեզ իջնում, «որ ժառանգեց Աղվանից դաշտը և այս դաշտի լեռնակողմը»: Թե ինչ լեռնակողմի մասին է խոսքը, մենք իմանում ենք Եղիշեից, որին կանդրադառնանք իր տեղում:
Որ Աղվանք, Աղվանից աշխարհ աշխարհագրական հասկացությունը շատ ավելի հին ժամանակներից է գալիս, քան Վաղարշակ թագավորի ապրած ժամանակաշրջանն է, երևում է Խորենացու հետևյալ արտահայտությունից. «Երկիրն էլ Աղվանք կոչվեց նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետև նրան աղու էին ասում»: ՈՒրեմն Սիսակի ապրած ժամանակներում կամ նրանից ոչ շատ ժամանակ հետո էլ հայկական ցեղերի այդ մի հատվածն էլ տարածվեց դեպի հյուսիս-արևելք, զբաղեցրեց մի տարածք, որը ստացել է Աղվանից աշխարհ անունը՝ ի հիշատակ Սիսակի աղու բնավորության:
Եվ եթե ընդունենք, որ Խորենացու այս վկայությունն առավել հին, հայկական ցեղերի նախնական տարածման ժամանակների արգասիք է, որը հասնում է մինչև Սիսակ, ապա նոր մտորումների դուռ է բացում Խորենացու հաջորդ հաղորդումը. «Ասում են, որ սրա (Առանի) զավակներից են սերվել ՈՒտեացիների ազգը և Գարդմանացիների, Ծավդեացիների ու Գարգարացիների իշխանությունները»: Ենթադրելի է, որ այստեղ էլ գործ ունենք Աղվանից դաշտ հասած ցեղերի հետագա տրոհման փաստի հետ, ինչը պետք է ավարտին հասած լիներ առնվազն Աքեմենյան աշխարհակալության ձևավորումից առաջ: Ինչո՞ւ:
Աքեմենյան աշխարհակալության տիրակալ Դարեհ Վշտասպյանն իր հսկայածավալ տերությունը բաժանեց առանձին սատրապությունների՝ կիրառելով վարչատարածքային սահմանազատման այնպիսի համակարգ, որով, ըստ էության, դարձավ հետագա բոլոր աշխարհակալների յուրօրինակ ուսուցիչը: Նա ստեղծեց 20 սատրապություն, որոնցից և ոչ մեկը չուներ էթնիկական միատարրություն. բոլորն էլ խառն էթնիկական կազմով էին: Դա ամրապնդում էր կենտրոնական իշխանության դիրքերը, որովհետև վարչատարածքային կառույցում ընդգրկված տարացեղ էթնիկական միավորների միջցեղային հակասությունները խանգարում էին նրանց միավորմանը կենտրոնական իշխանության դեմ, իսկ առանձին ցեղերի ըմբոստության դեպքում էլ հարցը հիմնականում լուծվում էր մրցակից ցեղի կամ ցեղերի օգնությամբ: Դարեհի կողմից կյանք մտցված այս խորամանկ ու հեռահար քաղաքականության հետևանքները չե՞ն մերօրյա արյունոտ հակամարտությունները:
Եվ այսպես, Դարեհի վարչատարածքային սահմանազատման արդյունքում հայկական տարածքների տարբեր հատվածներ հայտնվում են տարբեր սատրապություններում՝ հիմք դնելով Մեծ և Փոքր Հայքերի, Աղվանից աշխարհի ձևավորմանը, մի տարանջատում, տարբաժանում, որը դարձավ հայ ժողովրդի ճակատագիրը: Հետագա պատմական զարգացման ողջ ընթացքում հայոց ինքնուրույն թագավորական հարստության որևէ տիրակալի չհաջողվեց լուծել այդ հարցը: Նույնիսկ Տիգրան Մեծի օրոք Փոքր Հայքը գտնվում է Միհրդատ Պոնտացու ենթակայության տակ:
Մեր այս վերլուծությունների ժամանակ ոչ մի ակնթարթ մտահան չենք արել, որ Խորենացու աղբյուրը ժողովրդական բանահյուսությունն է, բանավոր ճանապարհով սերնդից սերունդ փոխանցված պատմական իրականության արձագանքը, որը հազարամյակների ճանապարհ անցնելով՝ կարող է անճանաչելիության աստիճանի տեղաշարժերի, աներևակայելի փոփոխությունների ենթարկվել: Բայց ինչպիսի տեղաշարժերի, հետևառաջության էլ ենթարկվում է ժողովրդի բանավոր հիշողությամբ ավանդվող պատմությունը, հիմքում մնում է պատմականը: Ոչ մի ավանդություն, ոչ մի առասպել օդում չի ստեղծվում. այն ունենում է իրական հիմք, որն անխուսափելիորեն ներկայացվում է ժողովրդական մտածողությանը հատուկ գունավորումով: Խորենացին ժամանակին նշել է, թե առասպելները «այլաբանորեն իրենց մեջ թաքցնում են ճշմարիտ իրողություններ»: Խնդիրը ժողովրդական ավանդություններում պատմական միջուկի, «թաքնված» ճշմարտության հայտնաբերումն է: Իսկ այստեղ, ի շարս այլևայլ միջոցների, օգնության են գալիս նաև լեզվի բառապաշարի հնագույն շերտերը, ինչպես նաև ճշգրտված առանձին պատմական դեպքերն ու դեմքերը:
Համենայն դեպս, Խորենացու վերոնշյալ հաղորդումները համարենք Աղվանից աշխարհի նախապատմական ժամանակների բանահյուսական արձագանքներ և սկսենք հետևել նույն աշխարհի համար պատմական ժամանակաշրջանի՝ գրավոր աղբյուրներով վկայված իրադարձությունների ընթացքին:
Ժամանակագրորեն առաջին հեղինակը, որ տեղեկություններ է հաղորդում Աղվանքի, նրա սահմանների, էթնիկական կազմի մասին, առաջին դարի հույն աշխարհագիր Ստրաբոնն է: Ահա թե ինչ է վկայում Կուրը երկու պետությունների սահման ճանաչող հեղինակը. «Հայաստանի ծայրագավառներից… Խորձենեն և Կամբեճանն ամենահյուսիսայիններն են և բոլորից շատ ծածկված ձյունով: Նրանք սահմանակից են Կովկասյան լեռներին, Իբերիային և Կոլխիդային»: Այնուհետև՝ «Անցումը Իբերիայից Աղվանք ձգված է Կամբեճանի անջուր ու քարքարոտ գավառով, Ալազան գետի ափով»: Կամ՝ «Հայաստանը մասամբ իրենից ներկայացնում է հարթավայր, մասամբ էլ լեռնային երկիր, ինչպիսին է Կամբեճանը, որտեղ հայերը սահմանակից են միաժամանակ իբերների ու աղվանների հետ»: Այսպիսով, Ստրաբոնը եռակի վկայությամբ հաստատում է, որ Կամբեճանը Հայաստանի գավառներից է, գտնվում է Կուրի ձախափնյակում, ձգվում է մինչև Կովկասյան լեռները, իր միջով բաց է թողնում Ալազան գետը: Կամբեճանի հայապատկանության ու հայկականության մասին վկայությունները հասնում են մինչև 11-րդ դար, երբ այնտեղ ձևավորվել էր հայկական գավառական թագավորություն: Բայց թագավոր Իշխանակը իր վրացուհի մայր Դինարի ազդեցությամբ ընդունում է վրացադավանություն, որի հետևանքով հետագայում Վրաստանի հզորացմամբ ու ծավալմամբ և վրացական եկեղեցու ազդեցությամբ ժողովուրդը ձուլվում է վրացիներին: Այդ մասին ուղղակի և անուղղակի վկայություններ կան ժամանակին ստեղծված վավերագրերում՝ արժևորված գիտության կողմից:
Կամբեճանից արևելք, Քուռի ձախափնյակով տարածվում է հայկական մի երկրամաս ևս, որն աղբյուրներում հիշատակվում է Փոքր Հայք անունով: Այդ երկրամասն առաջին անգամ հիշատակում է առաջին դարի պատմիչ Հովսեպոս Փլավիոսը մ.թ.ա. առաջին դարակեսին հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքների առիթով: Հայաստանում գործերն ավարտելուց հետո Պոմպեոսն անցնում է Ալբանիա-Աղվանք, «զորքը երեք մասի բաժանելով՝ ձմեռեց Անահտական երկրում և Կյուռնոս (Կուր) գետի մոտ… Այսուհանդերձ նա հանգստությամբ չձմեռեց: Քանզի Օրոյսեսը՝ Կյուռնոսից վերև բնակվող ալբանների թագավորը… արշավեց նրանց վրա Սատուռնալիա տոնի ժամանակ»: Կուրի ձախափնյակում գտնվող Փոքր Հայքի մասին հաջորդ հիշատակության հեղինակը II դարի պատմիչ Պլուտարքոսն է, որն արդեն երկրատարածքն անվանում է Փոքր Հայք: Խոսելով հռոմեական զորավար Պոմպեոսի՝ Աղվանքում տարած հաղթանակի մասին՝ Պլուտարքոսը միաժամանակ ներկայացնում է նաև նրա հետդարձը: «Այդ ճակատամարտից հետո Պոմպեոսը պիտի շարժվեր դեպի Վրկանա կամ Կասպից ծովը, բայց թունավոր սողունների առատության հետևանքով հրաժարվեց այդ մտադրությունից և ծովից՝ երեք օրվա անցնելիք տարածությունից վերադարձավ Փոքր Հայք»:
Պլուտարքոսի այս տեղեկությունը հարստացնելով այլ աղբյուրների հաղորդումներով՝ վաստակաշատ պատմաբան Ասատուր Մնացականյանն ընդհանրացնում է. «Այդ առթիվ կարևոր վկայության ենք հանդիպում «Աշխարհացույցում», այն էլ նրա համեմատաբար ընդարձակ խմբագրության մեջ: Այստեղ Աղվանքի նկարագրության մասում կարդում ենք. «Աղբանիա… Աղուանք… Քավաղակ քաղաք Աղվանից՝ մերձ ի Կաւկաս, ընդ որոյ մէջ գետն Սէբոջ դէպ ի հարաւոյ ըստ Փոքր Հայոց»: Այս վկայության համաձայն, Կովկասյան լեռներից իջնող Սեբոջ գետն անցնում է Կապաղակ քաղաքի մոտով կամ միջով և հոսում դեպի հարավ՝ «ըստ Փոքր Հայոց», այսինքն՝ Փոքր Հայքի միջով կամ սահմանով, և թափվում Կուր գետը: Կնշանակի՝ «Աշխարհացույցի» այս խմբագրության հեղինակի ունեցած տեղեկություններով` Կուր գետից հյուսիս, Աղվանից աշխարհի սահմաններում, եղել է Փոքր Հայք կոչվող մի տարածություն, որի սահմաններից մեկը համընկել է Սեբոջ գետի միջին և ստորին հոսանքին»:
Ավելացնենք միայն, որ հայությունը դարեր շարունակ գոյատևել է այնտեղ, վերջին դարերում դարձել պարսկական տիրակալների ստեղծած Շաքիի խանության էթնիկական հիմքը՝ իր համարյա միատարր հայ բնակչությամբ (88 %): Վերջին երեքհարյուրամյա անհավասար մաքառումների արդյունքում հայ ժողովուրդն այսօր զրկված է իր հայրենիքի այդ հատվածից ևս, որը հիմնովին հայաթափվեց 1988 թ.:
Կամբեճանից արևելք, Փոքր Հայքից հյուսիս, մինչև Կովկասյան լեռների ջրբաժանն ընկած տարածքը զբաղեցնում է բուն Աղվանքի կենտրոնական գավառը՝ Ոստան ի մարզպան, իր հայակազմ, հայախոս աշխարհագրական անուններով:
Ինչպես տեսանք, Սեբոջ (Քալաձոր) գետով ճշգրտվում է Փոքր Հայքի զբաղեցրած մոտավոր տարածքը: Իսկ նրանից արևելք, ըստ «Աշխարհացույցի» հաղորդման, տեղադրվում է «Դաշտ ի Բազկան (որ է Հեջերի)» գավառը: Այդ գավառի ու շրջակաների մասին պատկերացում ենք կազմում հետագա պատմական տեղաշարժերից:
Կաղանկատվացին իր «Պատմության» մեջ սպառիչ բացատրություն է տալիս Աղվանից աշխարհ թափանցած Միհրանյան տոհմի, նրանց զբաղեցրած երկրամասի, Միհրանյանների կատարած դերի, տոհմի սպառման ու հարակից այլ հարցերի մասին:
Հակառակ Կաղանկատվացու աներկբա հաղորդումների՝ հայագիտության մեջ միանգամայն սխալ աշխարհագրական տեղ է հատկացվել այդ տոհմին, տարել մտցրել են ՈՒտիքի Գարդման գավառ: Հետևենք պատմիչի ցուցումներին՝ որոշելու համար, թե որտեղ է եղել համանուն Գարդման գավառը: Պարսից Խոսրով արքան վրեժխնդիր է լինում իր հորը սպանած քեռիներից՝ նրանց ցեղից սպանելով մոտ 60 մարդու: «Այդ պատճառով Խոսրովի ազգական այն Միհրանը փախստական է դառնում, իր հետ միաբան դարձնում երկրի որոշ մասեր և, վերցնելով մոտ 30000 ընտանիք, անցնում է Աղվանքի կողմերը ու հասնում է ՈՒտիք գավառը՝ Պարտավ մեծ քաղաքի մոտ. նա կամենում էր այնտեղից էլ գնալ խազիրների մոտ և միանալ (Խոսրովի) թշնամիներին»: Կոնկրետ դեպքում հետաքրքիր չէ՝ Միհրանը փախստակա՞ն էր, թե՞ Աղվանքին տիրած պահելու համար նենգորեն ուղարկված պարսկական առաջնորդ: «Նա կամենում էր գնալ խազիրների մոտ և միանալ (Խոսրովի) թշնամիներին»: Պարտավից դաղստանաբնակ խազիրների մոտ գնալու ճանապարհն անցնում է Շիրվանով և ոչ թե ՈՒտիքի Գարդմանով: Միհրանից սպասվող թշնամանքը չեզոքացնելու համար Խոսրովը պալատականների խորհրդով «հաշտության նամակ» է ուղարկում իր ազգական Միհրանին, ուր հայտնում է նաև, թե, ցանկության դեպքում, նամակն ստացած տեղը Միհրանը կարող է իր համար բնակության վայր դարձնել «այնքան, որքան կարող են ընթանալ քո ոտքերը»: «Նամակը հասնելու ժամանակ նա գտնվելիս է լինում Գարդման լեռնոտ գավառում: Նամակը վերցնելով կարդում է և լցվում ուրախությամբ: Եվ տեսնելով բարեխառն երկիրը՝ բնականաբար ցանկանում է այդտեղ մնալ: Իր անունով մի քաղաք է շինում՝ այն անվանելով Միհրավան»: «Միհրավանը գտնվել է այժմյան Շամախուց արևմուտք 40 կմ հեռու, ներկայիս Ամիրվան գյուղի տեղում՝ երկրորդ Գարդման գավառում»:
Այնուհետև պատմիչը տալիս է մեր խնդրի համար ամենակարևոր տեղեկությունը. «Իսկ երբ գարունը բացվեց, բարձրացավ Գարդման գավառի վերին կողմը, դավադրությամբ իր մոտ կանչեց տեղի գլխավորներից 12 մարդ, սրահարեց և տիրեց երկրին»: «Սրահարեց և տիրեց երկրին»: Այսինքն, երկիրն ունեցել է բնիկ տերեր, այն էլ` «հայկազյան նախնական ցեղի Եռանշահիկներ», որոնց սրահարելով ինքը դարձավ երկրի տեր: Հաջորդ նախադասությամբ պատմիչը հաղորդում է, որ Միհրանի ծոռ քաջ Վարդանը երեք տարում կառուցում է Գարդմանի բերդը, ապա լրացնում նախապապի կիսատ թողածը: Այս քաջ Վարդանը ևս «իր սրտում դավ է նյութում հայկազյան նախնական ցեղի Եռանշահիկների դեմ, որոնց մասին վերևում հիշատակել ենք. որպես թե ի սեր բարեկամության ճաշի է հրավիրում և նրանց համար կորստյան հաց է պատրաստում, տալիս է ճաշի մեջ ուտելու իրենց արյան գնով: Վաթսուն մարդ է գլխատում, որոնցից միայն իր ցեղին փեսայացած Զարմիհր Եռանշահիկին է թողնում կենդանի:Սրանք այսպես տիրեցին Աղվանքին. նաև իրենց հնազանդեցրեց Կովկասի վայրենի ցեղերին»:
Որ քաջ Վարդանի կառուցած բերդը գտնվում է Կուրի ձախափնյակում, գետից բավականին վերև, հաստատվում է ոչ միայն նրանով, որ հասել է մեր օրերը Գիրդիման վերանվանումով, այլև Ջիվանշիրի անվան հետ կապված մի կողմնակի իրողությամբ: Քաջ Վարդանի ծոռ Ջիվանշիրը եկեղեցի է կառուցում Գարդմանա բերդում, որի բացման կապակցությամբ աստծուն հղած աղոթքում, ի թիվս այլ բաների, խնդրում է. «Սա դարձրու աղոթքների ու պաղատանքների տուն նրանց համար, որոնք արևելքում ծովեզրյա են»:
Միամտություն կլինի կարծել, թե ծովեզերքին բնակվող հավատացյալները կցանկանային հարյուրավոր կիլոմետրեր անցնելով` հասնել ՈՒտիքի Գարդման՝ աստծուն աղոթելու: Իսկ եթե այս ամենին ավելացնենք Աղվանից աշխարհի անխոնջ հետազոտող Մ. Բարխուդարյանի վկայությունն այն մասին, որ Շամախու մոտի Գարդման բերդից քիչ հեռու առկա է նաև Ջիվանշիրի անունը կրող մի բերդ, որը կիսավեր վիճակում հասել է մինչև 19-րդ դարի վերջը, ամեն ինչ կհստակվի, ամեն ինչ կընկնի իր տեղը։
«ԺԲ բերդն Աղվանից կոչվում է այժմ Ջիվանշիրի ղալա (բերդ), որ հիմնված է Գարդման բերդի արևմտյան հանդեպ, Գարդման գետակի աջ կողմում, Կովկաս սարից Շեյխ-Լալա թուրքաբնակ գյուղի վրա կախված մի լեռնաբազկի վրա»։
Վերոբերյալ վկայությունները ցույց են տալիս, որ Կուրի ձախափնյակն զբաղեցնող մի պատկառելի երկրատարածք ևս՝ Դաշտ ի Բազկան-Բաղասական-Գարդման, հետագայի Շիրվանի հարավային մասը, զբաղեցրել են «հայկազյան նախնական ցեղի Եռանշահիկների» ներկայացուցիչները, որոնց հետնորդները տարբեր դարաշրջաններում տարբեր կարողունակությամբ, քանակական տարբեր կազմերով հարատևել են մինչև 1988 թ., մինչև գորբաչովյան վարչակարգի կազմակերպած ցեղասպանությունը:
Պատմական Դաշտ ի Բազկան-Բաղասական-Գարդմանի և Աղվանքի արևելյան հարևանն արդեն Կասպք-Փայտակարանն է՝ իր Ալևան, Յոթնփորակյան Բագին, Բագավան գավառներով, որոնք դեռևս մ.թ.ա. 8-րդ դարի վերջերին Արգիշտի Երկրորդը միացրել է Վանի Արարատյան թագավորությանը և հիմնարկել Մարդական ու Բագու բնակավայրերը, ուր հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն անպակաս է եղել:
Այսպիսով՝ մենք գործ ունեցանք մի Աղվանից թագավորության հետ, որի հարավային սահմանը եղել է Կուր գետը, իր կազմում ունեցել է տարբեր լեզուներով խոսող ցեղեր, բայց գետի ամբողջ ձախափնյակը, որը նույնն է, թե երկրի ամբողջ հարավը, ծայրից ծայր զբաղեցրել է մի Աղվանք, իր Ոստան ի մարզպան, Կամբեճան, Փոքր Հայք, Դաշտ ի Բազկան բաղադրիչներով, ուր անհիշելի ժամանակներից ապրում էին «հայկազյան նախնական ցեղի» ներկայացուցիչները: Ահա թե ինչու Արշակ Մեծը, այդտեղ ևս Արշակունյաց թագավորություն ստեղծելով, պետությունն անվանակոչեց երկրատարածքի ամենածավալուն ու ամենակայուն միավորի՝ Աղվանքի անունով, չնայած թագավորության մայրաքաղաքը դարձրեց Մազքութների երկրում գտնվող Չողը՝ Կովկասյան դռներին մոտիկից հսկելու նկատառումով:
Մենք Աղվանից աշխարհի հյուսիսային մարզերին չենք անդրադառնում՝ համարելով, որ հայկական տարրը կարող էր այնտեղ թափանցել Աղվանից թագավորություն ձևավորվելուց հետո միայն՝ հասնելով մինչև Դերբենդ և ավելի հյուսիս:
Դիտարկենք միայն, որ թվական ունեցող հայերեն ամենահին արձանագրությունները վերաբերում են 6-րդ դարին: ՈՒշագրավ է, որ հայտնաբերված չորս արձանագրությունների ցանկում 2-րդն ու 3-րդը հայոց Աղվանքում են հայտնաբերվել: Ահա դրանք՝ Հառիճ՝ 568, Խաչմաս՝ 573, Շամախու մոտ՝ 585, Սեբաստիա՝ 595:
Հայերի ներթափանցումն Աղվանից թագավորության հյուսիսային կողմերն այնքան հիմնովին և ընդգրկուն է եղել, հայերի տեսակարար կշիռն այնքան բարձր, որ արաբական տիրակալության վերացումից հետո այնտեղ ևս ստեղծվել է հայոց գավառական թագավորություն և գոյատևել մինչև 13-րդ դարի սկիզբը: Ահա ինչ է գրում այդ մասին 12-րդ դարի պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ. «Կային և ուրիշ հայ թագավորներ՝ Դարբանդ գավառում, որ կոչվում էր Կապան՝ օզերին և աղվաններին սահմանակից. նրանք ազնիվ և սրբակրոն թագավորներ էին, և պատարագներում հիշվում են նրանց անունները՝ աստվածասեր այլ սուրբ թագավորների շարքում. այն է՝ Վաչագանի, նրա որդու՝ Գոշատակի որդու՝ Փիլիպեի, Փիլիպեի որդու՝ Սևադայի, Սևադայի որդու՝ Սենեքերիմի, Սենեքերիմի որդու՝ Գրիգորի, որը մեր այս մատյանի գրության ժամանակ դեռ կենդանի էր»: ՈՒռհայեցու պատմությունը հասնում է մինչև 1136-1137 թթ.:
Ինչ մնում է Ստրաբոնի հիշատակած 26 տարալեզու ցեղերին, ապա նրանք զբաղեցրել են նորաստեղծ պետության հյուսիսային տարածքները և բնավ էլ չեն անհետացել. նրանց մեծ մասն այսօր էլ գոյատևում է Դաղստանում:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4734

Մեկնաբանություններ