38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Սրանք ոչ թե գրականության ու գրողի շահն են հետապնդում, այլ ուղղակի պատվեր են կատարում»

«Սրանք ոչ թե գրականության ու գրողի շահն են հետապնդում, այլ ուղղակի պատվեր են կատարում»
24.03.2009 | 00:00

«ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ»
Հայ գրականության փոքրիկ ասպարեզում (ձևակերպումն իմը չէ, անցյալ դարի 20-ական թվերից է գալիս, հեղինակը Հարություն Սուրխաթյանն է, բայց, ակներևաբար, այն ժամանակներից շատ քիչ բան է փոխվել) նորից խառնաշփոթ է:
Գրողների հետ ինչ-որ բան է կատարվում. գարնանային սրացումներ են երևի:
Բայց նմանօրինակ սրացումներ լինում են ոչ միայն գարնանը, ոչ միայն գրողների միությունում:
Ստեղծագործական միություններում այդ վիճակը` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, այնքան սովորական, առօրեական է դարձել, որ արդեն ոչ մեկին առանձնապես չի մտահոգում կարծես. ուղղակի համագումարների ժամանակ փոթորկվում են, ելույթներ ունենում ըստ բովանդակության և ձևի, ըստ էության ու փաստացի... Հետո քվեարկում են` «ինչպես հարկն է» ու հեռանում են` կատարած պարտքի զգացումով: Մինչև հաջորդ համագումար:
Եվ դա ոչ միայն Հայաստանում: Նույնն է Ռուսաստանում` կինեմատոգրաֆիստների միությունն արտահերթ համագումար է անում, Մարլեն Խուցիևին ընտրում նախագահ: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը չի ընդունում արտահերթ համագումարի որոշումները, դատարանը համագումարն անվավեր է ճանաչում, խուցիևականները հայտարարում են, որ չեն ընդունելու միխալկովականների հերթական համագումարը... Երկու կողմերն էլ միմյանց սպառնում են դարակազմիկ բացահայտումներով` ուղղակի կինո...
Իսկ գուցե ստեղծագործական միությունները սպառե՞լ են իրենց, ու գործում է միայն իներցիայի օրե՞նքը. ի վերջո, գրականությունն անհատական ստեղծագործություն է և չի ստեղծվում միություններում...
«Ստեղծագործական միությունների անհրաժեշտությունը, չնչին բացառությամբ, բոլորն են ընդունում, ըստ էության` դրանք համախոհների համայնքներ են, համախմբված մասնագիտական հատկանիշներով և մշակութային արտադրանքով:
ՈՒշագրավ է, որ տարեցտարի ավելանում են դիմումները. գրողները ձգտում են համալրել ՀԳՄ շարքերը, որպեսզի ընդգրկվեն արդի գրական գործընթացի մեջ: Այնպես որ` «Անհրաժե՞շտ են, արդյոք, ստեղծագործական միությունները» հարցը արհեստածին է: Եթե պետք չլինեին, վաղուց արդեն մասնատվել էին, կազմալուծվել: Ոչ մեկին դագանակով չեն ճնշում, մարդիկ սիրով գալիս, մասնակցում են մեր բոլոր միջոցառումներին...
Միությունների «բոստանը» քար են նետում հիմնականում դրսից կամ գրամոլները, կամ 30 արծաթով սկանդալային հոդվածներ թխմխող ժուռնալիստները, ովքեր փորձում են թյուրիմացության մեջ գցել հասարակական կարծիքը:
Այժմ էլ հայտնի դրամաքսակից սնվող մի խումբ վայնասուն է բարձրացրել արտահերթ համագումարի առթիվ: Գրողների միության անդամների ճնշող մեծամասնությունը մերժեց հերթական այս սադրանքը: Սրանք ոչ թե գրականության ու գրողի շահն են հետապնդում, այլ ուղղակի պատվեր են կատարում: Ցավոք, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ափսոս, որ այս պարագայում ոչ թե սիմֆոնիա է հնչում, այլ կակաֆոնիա:
Այսպիսին է կյանքը: Մենք կառուցում ենք, նրանք ուզում են քանդել: Եվ հիմա, երբ «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովում, հույս ունենք վերջապես մտնել օրենքի դաշտ և թոթափել այն աղբն ու աղետը, որ փորձում է խարխլել մեր համայնքի միասնականությունը` ցեխ շպրտելով արդի գրական գործընթացի կազմակերպիչների վրա»,- այս կարծիքին է Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:
Հայ գրականության փոքրիկ ասպարեզում մի բաժակ ջրի փոթորիկը կարծես հանդարտվում է. 323 կողմ, 23 դեմ, 19 ոչ կողմ, ոչ դեմ ձայներով Հայաստանի գրողների միության անդամներն ուզում են, որ միության 14-րդ համագումարը 2010-ի մայիսին գումարվի:
...Իսկ հասարակությունը, չգիտես ինչու, Բաղրամյան 3 հասցեում տեղակայված այս շենքից սպասում է գրքեր ու ստանում է այն, ինչից ինքն էլ մաքրվելու կարիք ունի` վերադառնալու համար ազգային ինքնության արմատներին: Այս և այլ հարցերի մասին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հետ հարցազրույցը «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարներից մեկում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5063

Մեկնաբանություններ