38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեռելածին խաղաղության բացակայության համար դարձյալ թուրքավարի մեղադրում էր հայ ժողովրդին

Մեռելածին խաղաղության բացակայության համար դարձյալ թուրքավարի մեղադրում էր հայ ժողովրդին
18.04.2024 | 15:38

Երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների իր տեսլականի մասին.

«Մեր նպատակը նա է,- ասաց Փաշինյանը,- որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր այն կողմ Ադրբեջան է, այլ ասեք. «Վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է»: Մեր մտածածը դա է»։

Այս զառանցանքը եթե միայն քաղաքական լուսնոտություն լիներ, դեռ վտանգն այդչափ մեծ չէր լինի։ Ցեղասպանության ենթարկվող Հայաստանի ղեկավարը՝

-մոռանալով կես տարի առաջ բռնի հայաթափված Արցախը,

-մոռանալով արդեն ՀՀ տարածքում թշնամու բռնազավթած բազմաթիվ իշխող բարձունքներն ու այնտեղ հաստատված կրակակետերը, որտեղից պարբերաբար հայեր են սպանվում,

-մոռանալով ապօրինաբար և ուխտադրժորեն Բաքվում պահվող հայ գերիներին,

-մոռանալով Ադրբեջանի պետականորեն քարոզվող հայատյացությունն ու Հայաստանի բուն գոյության իրավունքի հերքումը,

-մոռանալով հենց այս պահին Բաքվի ֆաշիստների պետականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների ու նշանավոր շենքերի վայրագ ոչնչացումը,

-մոռանալով Ադրբեջանի տարածքային, ֆինանսական և այլ հանցավոր պահանջներն ու հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝

մոլեռանդորեն գովերգում է այդ նույն ֆաշիստական ու հայատյաց Ադրբեջանի հետ չլինելիք խաղաղության երևութական օգուտները.

«Ադրբեջանում,- ըստ Փաշինյանի,- առևտուր կանենք, տնտեսություն կկառուցենք, անցակետ կկառուցենք, ավտոները կգնան-կգան՝ կվճարեն Հայաստանի Հանրապետությանը»։

Փաստորեն, իր երեկվա ելույթներում Փաշինյանը, Ադրբեջանի հետ իր երազած մեռելածին խաղաղության բացակայության համար, դարձյալ թուրքավարի մեղադրում էր հենց հայ ժողովրդական զանգվածներին։ Թե՝ գիտե՞ք ինչ, հենց դուք, հայե՛ր, չեք ցանկանում լրացուցիչ տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, ու հենց ձե՛ր պատճառով է, որ բաղձալի խաղաղության չենք կարողանում հասնել։

Փաշինյանը նաև ասաց, որ իր կառավարությունը քայլում է ու դեռ բազմաթիվ քայլեր պետք է անի Ադրբեջանի հետ իր պատկերացրած երևութական (չլինելիք) հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ բնականաբար, նկատի ունենալով հայկական կողմից նորանոր զիջումները, ընդ որում՝ ոչ միայն տարածքային, այլև արժեհամակարգային ոլորտում։

Իսկ որպեսզի հայերը նայեն սահմանից այն կողմ և, ըստ Փաշինյանի անուրջների, իսկապես ուրախությամբ բացականչեն՝ «Վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է», նրանք այլևս հայ չպետք է լինեն։ Պետք է մոռանան հայոց պատմությունն ու մշակույթը, պետք է մոռանան հայ հերոսներին ու նահատակներին, մոռանան հայոց լեզուն, ուրանան հայոց հավատը, պետք է հրաժարվեն իրենց բնական իրավունքներից, կարճ ասած, պետք է ատեն ու մերժեն իրենք իրենց ու, իբրև անխուսափելի հետևանք, թուրքանան։ Ահա այդ ժամանակ էլ նրանք՝ այդ թուրքացածները, ուրախ-ուրախ կբացականչեն. «Վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է»:

Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև հայերը չեն մոռանա, չեն ուրանա ու չեն ների։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ