Առավոտ լրահոսն եմ թերթում: Գրված է՝ ...-ը կալանավորվել է պետական միջոցներ յուրացնելու մեղադրանքով. նա մեղադրանքը չի ընդունում:
Գրված չէ, որ դատարանի վճիռ է եղել, գրված չէ, որ, օրինակ, մարդը մեղադրանքն ընդունել է:
Սրանով հանդերձ, այս գրառման տակ հարյուրներով մարդիկ արդարացի են համարում կալանավորումը՝ վստահաբար առանց տեղյակ լինելու գործի մանրամասներին: Հարյուրներով ու հազարներով այդ մարդուն գող ու ավազակ են անվանում, մեղադրում ինչ-որ թալանի մեջ, որի պատճառով պետության մաս են կորցրել ու եղածն էլ կորցնում են:
Ա՛յ, այսքան հեշտ է մարդուն արատավորելը: Ու ձեզանից, մեզանից յուրաքանչյուրին, ով այս իշխանությունների դեմ ակտիվ հանդես կգա (ինչպես վերոնշյալ կալանավորյալը), այս պարզ եղանակով կարատավորեն: Հերիք է նման մեղադրանքով կալանավորեն կամ առանց կալանքի նման մեղադրանք ներկայացնեն, էական էլ չէ, որ այնուհետ դատարանը բավարար չի համարի մեղադրանքը. բացարձակ էական չէ: Հանրույթը ձեզ կհամարի թալանչի:
Հանրույթի մի ստվար զանգված շարունակում է մնալ «թալանել են, դրա համար երկիրը կորցնում ենք» կեղծ թեզի ազդեցության տակ: Եվ այս բանաձևը ներարկողները շատ հեշտությամբ սրա կիրառմամբ շարքից հանում են բոլոր ընդդիմացողներին: Հանրույթի այս ստվար հատվածը երևի ուշքի չի էլ գա, երբ Հայաստանը չլինի:
Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Նույնիսկ, եթե «թալանել» են, այլ կերպ ասած, պետական միջոց յուրացրել, դա ոչ մի կերպ չի կարող պատճառ լինել ոմնի կողմից Արցախը ազերու տարածք ճանաչելու: Դա ոչ մի կերպ չի կարող սրանց հակապետական գործունեության պատճառ լինել:
Անգրագիտությունը, պարզ տրամաբանական շղթաներ կառուցելու անկարողությունը մեր հանրույթին դարձրել են հեշտ թիրախ ցանկացած գործողություն նրա վրա հաջողությամբ կիրարկելու և օտարների օրակարգ սպասարկելու՝ ի վնաս մեր գոյության, մեր պետության գոյության:
Հովհաննես Ավետիսյան