Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տարածքում, Արտանիշ ու Շողակաթ բնակավայրերի արանքում գտնվող բլրի վրա, հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը 2019 թվականին իրականացրած հետախուզական աշխատանքների արդյունքում հնագույն, ավելի քան 5 հազար տարվա բնակատեղի է հայտնաբերել, որի պեղումները չափազանց արդյունավետ տեղեկություններ են հաղորդում Սևանա լճի հյուսիսային ափին հնագույն ժամանակների մարդու վարած կյանքի, թողած մշակութային արժեքների մասին։
Սույն հրապարակումը նվիրված է այդ պեղումների արդյունքներին, գտածոներին, բացված գաղտնիքներին, հետագա ծրագրերին։
2023 թվականի համար արդեն ավարտված են համարվում հայ-գերմանական միացյալ արշավախմբի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում իրականացված պեղումները, որոնք սկսվել էին 2020 թվականից ու շարունակվել այս տարվա հուլիսից։
Ինչպես տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։
Պեղումները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք.ա. III հազարամյակի առաջին կեսով:
«Առհասարակ, Սևանա լճի հյուսիսային և հյուսիս-արևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր կատարած աշխատանքը չափազանց կարևոր արժեք ու նշանակություն է ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարևոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են ապշեցուցիչ արդյունքներ։ Նախ, սա առայժմ Սևանա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին (Ք.ա. III հազարամյակի սկիզբ)։ Պեղումները պարզում են, որ բնակավայրի կացարաններն ունեն կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Հնարավոր է, որ դրանց առաստաղը պահվել է կենտրոնում տեղադրված փայտե գերանի միջոցով: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավակերտ օջախ: Բավականին լավ են պահպանված պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչև 1 մետրի:
Այս հատվածի պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները փաստում են, որ բլրի ողջ շրջագծով մեկ տարածվում է մինչև 1,5 մետր լայնությամբ բավականին զանգվածեղ պատ, որը կարող էր պարիսպ ծառայել բնակավայրի համար, թեև հնագետների մոտ իշխում է այն կարծիքը, որ կուրարաքսյան մշակույթի բնակավայրերն ամրաշինական տարրեր չեն պարունակել։ Սակայն այս դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հենց ամրաշինության հետ, որը կարող է լինել շատ հետաքրքիր նորություն։
Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Ք.ա. 28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց մեկ դար անց այստեղ հաստատված բեդենյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։
Դաշտային և լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, մետաղագործությամբ, ունեցել է ինքնատիպ ճարտարապետական և բրուտագործական ավանդույթներ: Բնակատեղիից հայտնաբերված կենդանական և բուսական մնացորդների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ մարդիկ զբաղվել են ձկնորսությամբ, վայրի կենդանիների որսով, ընտանի անասունների՝ ձիերի, խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ, հացաբույսերի մշակությամբ, մետաղի մշակմամբ։ Վերջինի հետ կապված, ճիշտ է, արհեստանոց առայժմ չի փաստագրվել, սակայն փոխարենը հայտնաբերվել են մետաղե իրերի բեկորներ, մետղամշակման մեջ օգտագործվող հալոցներ և կաղապարներ, որոնք միանգամայն հաստատում են մեր կարծիքը։
Գտածոների մեջ արժեքավոր իրեր են համարվում տարատեսակ ուլունքները, բրոնզե իրերի մասերը, վանակատե շեղբերն ու նետասլաքները, ոսկրե իլիկի գլուխները, քարե և ոսկրե աշխատանքային գործիքները, կայծքարե մանգաղի ներդիրները, կավե օջախների բեկորներն ու կաղապարները: Հետաքրքիր է կավակերտ անիվի մանրակերտը, որը փաստում է, որ մեզանից 5 հազար տարի առաջ այստեղ ապրող մարդիկ տնտեսության մեջ ու կենցաղում արդեն կիրառել են անիվը։
Պեղումների ժամանակ մեզ համար այս տարվա անակնկալներից մեկն էլ այն եղավ, որ պատերից մեկի տակ մարդկային թաղման դեպքի հանդիպեցինք. արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ՝ պարզ կլինի հետագա ուսումնասիրությունների ընթացքում:
Այս ժամանակների երկրագործությունն ուսումնասիրելու համար հետաքրքիր տվյալներ ենք փաստել գետնափոր բազմաշերտ լիցք ունեցող հորում, որը ծառայել է որպես հացահատիկի ամբար։ Այդ են փաստում բուսական մնացորդների մեջ հայտնաբերված ցորենի և գարու ածխացած հատիկները»,-ներկայացրեց Մարիամ Ամիրյանը։
Արշավախմբի անդամ, հնաբուսաբան Ռոման Հովսեփյանի ներկայացմամբ՝ բուսական մնացորդների հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական փափուկ ցորեն և թեփուկավոր գարի են հիմնականում մշակել տարածքում ու պաշարել այստեղ:
«Հացաբույսերի մշակությունը, ամենայն հավանականությամբ, եղել է հարակից սարերի լանջերին՝ համեմատաբար քիչ թեքությամբ, անջրդի պայմաններում: Մենք ունենք, բացի հացահատիկի մնացորդները, նաև հենց հասկի մնացորդներ, այսինքն՝ կալսման հետևանքով մնացած այդ թեփը, քիստերը, ինչը վկայում է, որ հացահատիկը ոչ թե ինչ-որ տեղից են բերել և օգտագործել, այլ հենց տարածքում, շրջակայքում են մշակել»,-ներկայացրեց Ռոման Հովսեփյանը:
«Այս տարի դամբարանի պեղումններից առայժմ ունենք միայն բրոնզե մատանի ու գոտու մաս և բազմաթիվ խեցեբեկորներ, որոնք պետք է վերաբերեն հետկուրարաքսյան շրջանին: Հուսով ենք, որ եկող տարվա աշխատանքները հնավայրի դամբարաններում կտան բավականին հետաքրքիր տվյալներ, որոնց միջոցով կկարողանանք վերականգնել բլրի պատմությունը բնակավայրի անկումից հետո»,- հավելեց Մարիամ Ամիրյանը:
Արշավախմբի գերմանական կողմն էլ հետաքրքրված է տարածքում մետաղների, մասնավորապես ոսկու հնագույն մշակման հետքերով: Հալեի համալսարանի գիտաշխատող Ռենե Կունցեն այս ուղղությամբ հայկական կողմի հետ համագործակցությամբ հնագիտական հետազոտություններ է կատարել նաև Սոթքի տարածքում:
«Հայաստանի տարբեր հնավայրերից գտնված ոսկու նմուշներ ենք հետազոտել և պարզել, որ դրանց մեծ մասի աղբյուրը եղել է Սոթքի Ծարասարի հատվածը: Ինչ վերաբերում է բրոնզի մշակմանը, ապա այն մեծամասամբ ստացել են պղնձի և անագի խառնուրդով: Սակայն, պետք է նկատել, որ անագը տեղական չէ, տարածաշրջանում անագ չկա: Հնարավոր է՝ այն բերվել է Կենտրոնական Ասիայից, ինչը վկայում է այն մասին, որ այս տարածքը տնտեսական-քաղաքական կապերի մեջ է եղել Կենտրոնական Ասիայի, նաև՝ Իրանական բարձրավանդակի երկրների հետ։ Մեր համալսարանը և «Գերմանական գիտահետազոտական հիմնադրամը», որպես պեղումների համար հիմնական միջոցներ տրամադրող կառույցներ, ցանկություն ու նպատակ ունեն՝ դեռ երկար տարիներ ուսումնասիրել այս հնավայրը, մեր հայ գործընկերների հետ փորձել տալ բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք կարող են նորովի լույս սփռել պատմահնագիտական իրողությունների վրա»,- ներկայացրեց արշավախմբի համաղեկավար Ռենե Կունցեն։
Պեղումներին զուգահեռ արշավախումբը կազմակերպել է նաև միջազգային ամառային դպրոց հնագետ ասպիրանտների համար, որին մասնակցել են ուսանողներ ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից: «Ամառային դպրոցը լավ հնարավորություն է փորձի փոխանակման և հետագա համագործակցության հեռանկարներ զարգացնելու համար»,- եզրափակեց հնագետ Մարիամ Ամիրյանը:
Խոսրով Խլղաթյան