38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այսօր հայ խորհրդային արձակագիր ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ծննդյան օրն է

Այսօր հայ խորհրդային արձակագիր ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ծննդյան օրն է
13.06.2023 | 14:21

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։

Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է: Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է»։ Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան:

Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:

Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:

-Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:

Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «ՈՒշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ-որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:

Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:

Մի օր ասաց.

-Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:

Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ:

Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է:

Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական:

Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:

Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին...

Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Ռուբեն ԶԱՐՅԱՆ

«Հուշապատում»

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4177

Մեկնաբանություններ