38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին հիշենք ուրախ և տխուր հուշեր, դեպքեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ կյանքից

Մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին հիշենք  ուրախ և տխուր հուշեր, դեպքեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ կյանքից
26.04.2023 | 22:23

Որբանոցից փախած Օնիկը (Շիրազը) տղաների հետ հաճախ էր պտտվում շուկայում՝ ուտելիք գտնելու հույսով։

ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉԻ ՏԱՆՁԵՐԸ

Գյումրեցի հայտնի զվարճաբան Պոլոզ Մուկուչն էլ մի վաճառասեղան ուներ, որի վրա շողշողում էին ամենահամեղ տանձերն ու խաղողները։

Մի անգամ տղաների սովահար հայացքները տեսնելով՝ Մուկուչը բարկանում է ու քշում նրանց, բայց երբ իմանում է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, տալիս է առաջադրանք՝ հորինել բանաստեղծություն իր տանձերի մասին:

Օնիկը տեղում սկսում է հորինել.

Տանձը, քեռի, ծառից կեղնի,

Թե որ հասավ, անուշ կեղնի:

Ընկավ գետնին՝ մաս-մաս կեղնի,

Օրենքն է սա ժամանակի…

Պոլոզ Մուկուչը նայում է մի ոտքին հին կոշիկ հագած, մյուսին՝ կտորներ փաթաթած պայծառ պատանուն և բոլորին հրավիրում համտեսի:

Իսկ երեկոյան տղաների պատվին հյուրասիրություն է կազմակերպում իր տանը:

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՄԻ ԱՐԿԱԾԻ ՀԵՐՈՍ

Շիրազը դպրոցում շատ վատ էր սովորում։ Առանձնապես թույլ էր մաթեմատիկայից։ Դպրոցից հաճախ էին հեռացնում վատ պահվածքի համար․ ամեն անգամ մի արկածի հերոս էր դառնում։ Եղել է դեպք, որ շանն է հետը դպրոց տարել, մի անգամ էլ նկարչության ուսուցչուհու խորհրդին «հետևելով»՝ բնօրինակից նկարելու համար մի էշի է քարշ տվել դասարան։

ՈՒժեղ էր մայրենիից ու նկարչությունից։

Խոսում էր հանգերով։ Դեռ որբանոցային օրերին երեխաներին հավաքում էր շուրջը ու պատմություններ հորինում։ Կավից քանդակելու փորձեր էր անում։

ԱՏՐՊԵՏԻ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆԸ

Քաղցի ու զրկանքների ծանր օրեր էին։

Ատրպետը ամեն օր քամած մածուն էր տոպրակով առնում, տալիս պատանի Օնիկի ձեռքն ու ասում՝ տար մեր տուն։ Քաղցած Օնիկը ճանապարհին մածունից ուտում էր ու տոպրակը կես արած հասցնում Ատրպետենց տուն։ Հաջորդ օրը Ատրպետը կրկին փնտրում էր նրան ու մածուն տալիս՝ իմանալով, որ տուն տանելու ճանապարհին մի մասը պիտի ուտի քաղցած բանաստեղծը։

(Այս մասին գրականագետ Սամվել Մուրադյանին է պատմել Հովհաննես Շիրազը)։

ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿԸ

Օնիկի մանկատան ընկերը՝ պատանի Արամ Գրիգորյանը, դարձել էր պիոներական պատի թերթի խմբագիր: Մի օր Օնիկը նրան է տալիս պատառոտված թղթերի վրա գրած իր բանաստեղծությունները, որպեսզի ընկերը տպի։

Արամը, մտածելով, թե մեծերի ստեղծագործություններից է արտագրել, չի տպում:

Երբ շաբաթներ անց Օնիկին հանդիպելիս խոստովանում է, թե ինչու չի տպում, Օնիկը գունատվում է, քրտինքի կաթիլներ են հայտնվում ճակատին, հետո շառաչում է նրա ապտակը արդեն զղջացող ընկերոջ այտին;

ՀՐԱՄԱՆ ԱՐԵՎԻՆ

Տեքստիլի գործարանում աշխատող 15-ամյա Օնիկը աշխատանքի ժամին երբեմն ստեղծագործական տարերք էր զգում և առանձնանալով գրում հերթական բանաստեղծությունը: Դա նկատելով՝ հսկիչը Շիրազին խիստ նկատողություն է անում:

Հաջորդ առավոտ Օնիկը այգում գրի էր առնում «Հրաման արևին» բանաստեղծությունը: Այդ ժամանակ նրան են մոտենում երկու պատկառելի մարդիկ, կարդում նոր գրված բանաստեղծությունը, սրտամոտ զրույց սկսում։ Շիրազն էլ պատմում է գործարանում պատահածը:

Հաջորդ օրը գործարանի ղեկավարությունը պաշտոնական նկատողության է արժանանում՝ տաղանդավոր պատանուն օր ու արև չտալու համար, իսկ Շիրազը շուտով աշխատանք է ստանում կոմբինատի «Մանածագործ» թերթում:

Իրականում այգու անծանոթներից մեկը եղել էր քաղաքի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, իսկ Շիրազը այդ մասին չէր էլ կասկածել:

Ըստ Արամ Գրիգորյանի «Պատումներ Շիրազի կյանքից» գրքի

«ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Շիրազը «Հայոց անունները» պոեմ ունի, որտեղ ծաղրում է օտարամոլությունը․

Մարդ չգիտի խնդա՞, թե լա.

Մի՞թե չկար, որ չեն դրել,

Հայ մի անուն մարդավայել,

Որ կնքել են Արգենտինա,

Կարծես երկրի քարտեզ է նա.

Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,

Գիտե՞ք անունն ինչ է դրել ․

Մեծ աղջկան՝ Գալանտերիա,

Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա․․․

Համո Սահյանն էլ պատասխան է գրում․

«Օտար անունն առել վրան՝ ծաղր է անում սրան-նրան»։

ՇԻՐ-ԱԶՆ` ՇԻՐԱԿԻ ՈՐԴԻ

Շիրազի բանաստեղծական անունը կնքել էր Ատրպետը՝ նկատի ունենալով, որ նրա երգերը վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Իրանի Շիրազ քաղաքի հայտնի վարդերը։ Բայց Շիրազն այլ կերպ էր բացատրում իր գրական անունը՝ Շիր-ազն՝ Շիրակի որդի։ Մտածել էր նաև իրեն Շիրակ, Շիրակացի անվանելու մասին, բայց ժողովրդի մեջ արդեն արմատացել էր Շիրազ անունը։

«ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՍ ԽՈՍԻ»

Քայլում է Շիրազը որդու՝ Սիփանի հետ։ Նրանց ընդառաջ են գալիս մի խումբ հայ երիտասարդներ, որոնք արևածաղիկ են ուտում ու ռուսերեն բարձր-բարձր խոսում (այն ժամանակ խիստ մոդայիկ էր ռուսերեն խոսելը, ինչպես հիմա՝ անգլերեն)։ Երբ մոտենում են, Շիրազը որդուն ապտակում ու վիրավորում է՝ ասելով․

-Տո կեղտո՛տ արարած, դեղնակտու՛ց դավաճան, ինչու՞ հայերեն չես խոսի։

Երիտասարդները կանգնում են ու զարմացած նայում նրանց։

Շիրազը շարունակում է․

-Բա դու սրբություն չունե՞ս, շունուգելի կա՞թ ես կերել․․․

Խեղճ երեխան վիրավորանքից լաց է լինում։ Երբ երիտասարդները հեռանում են, Շիրազը գրկում է որդուն, սրբում արցունքներն ու ասում․

-Ներիր, բալիկ ջան, էդ հո քեզի չէի զարկե, էնոնց կզարկեի, էնպես բարձր-բարձր կըսեի, որ հասկանան, աչքները բացվի․․․․ ամաչեն, հայերեն խոսեն․․․

ՊԱՐՏՔԸ

1970 թ․ Շիրազը գալիս է Գյումրի։ Փողոցում մի ծեր մարդ Շիրազի ճամփան կտրում է, հարցնում։

-Շիրա՞զն ես։

Դրական պատասխան ստանալուց հետո ծերունին ասում է․

-Ես քեզի փող եմ պարտք։ Երբ դու ջուր կծախեիր, ջուրը կխմեի, գլխարկը կքաշեի աչքերիդ, փողը չէի տա։ Հիմի խիղճս կտանջե։

Շիրազը 10 կոպեկը վերցնում է, 10 ռուբլի է իր գրպանից տալիս, ասում է․

- Հայրի՛կ, քրտինքով աշխատածս է, օղի կառնես, կենացս կխմես։

ՄԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԿԱ ՈՒ ՄԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Չիկագոյում մի հայ Խիկար Բարսեղյանին ասում է, թե Շիրազի հետ նամակագրական կապեր ունի։ Հարցին, թե ինչ հասցեով է թղթակցում, նա պատասխանում է․ «Հայաստան, Հովհաննես Շիրազին։ ՈՒրիշ հասցե պետք չէ․ մի Հովհաննես Շիրազ կա ու մի Հայաստան, մեր Շիրազը ու մեր Հայաստանը»։

«ԳԻՐՔՍ ՏՊԻ, ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՍ»

Մի օր Շիրազը արձակագիր, խմբագիր Վիկտոր Բալայանին է այցելում մի այնպիսի պահի, երբ վերջինս իրեն խիստ վատ էր զգում։ Բալայանի առողջությամբ հետաքրքրվելու փոխարեն Շիրազը հարցնում է․

- Հը՞, ի՞նչ եղավ գիրքս։

Բալայանը նեղված պատասխանում է․

- Դու ի՞նչ մարդ ես, խիղճ ունե՞ս, չե՞ս տեսնում՝ մեռնում եմ։

- Է, գիրքս տպի, որ անմահանաս,- իրեն չի կորցնում Շիրազը։

Բալայանն սկսում է ծիծաղել, շուտով սկսում է լավ զգալ և բժշկի դիմելու կարիք չի լինում։

ԽՈԴՆ ՈՒ ԽՈՏԸ

Մի անգամ Շիրազը կառավարության շենք է մտնում։ Մի կին հետևից վազում, ասում է. «Խոդը էստեղից է»: Հայերենի մաքրության առաջամարտիկ Շիրազը շրջվում է դեպի այդ կինն ու ասում. «Խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր»։

«ԵՍ ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆԸ ԿՈՒԶԵՄ»

Ըստ Շիրազի որդու՝ Սիփանի հուշերի՝ մի անգամ իրենց տան բանվորները գերմանական սալիկներ են բերում՝ հատակի վերանորոգման համար։

Հայրը, տեսնելով սալիկները, դրանք զայրացած փողոց է նետում։ Երբ տան անդամները հանդիմանում են Շիրազին թանկարժեք սալիկները փչացնելու համար, նա ասում է․

-Գերմանական է, հենց էդոր համար կթափեմ․․․ Ի՞նչ, թողնեմ, որ Հիտլերն ու մյուսները պատերի միջից ու հատակից ինձի աշեն, հանգիստ չտան։ Քառասուն միլիոն պատերազմի զոհերը ինձ՝ բանաստեղծիս անիծե՞ն։ Չէ, ես իմ հայկականը կուզեմ։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4874

Մեկնաբանություններ