38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
22.04.2023 | 08:33

«Ճշգրիտ մաթեմատիկական մտածողությունն ինձ մոտ սապարովյան, հայկական արյան ժառանգությունն է»․ Հայր Պավել Ֆլորենսկի

Նրա մահով ավարտվեց արծաթե դարը․․․

(սկիզբը` այստեղ)

1928 թ․ մայիսին Սերգիև Պոսադում զանգվածային ձերբակալություններ են սկսվում, քանզի այնտեղ էին հանգրվանել նախկին ազնվական խավի որոշ ներկայացուցիչներ։ Սրան նախորդում է նաև հզոր քարոզարշավը թերթերում և ամսագրերում, որը նախապատրաստում է հասարակական կարծիքը։ Արդյունքում 21.05.1928 թ․ Ֆլորենսկուն նույնպես ձերբակալում են և երեք տարով աքսորում Նիժնի Նովգորոդ։ Սակայն այս առաջին աքսորը երկար չի տևում, և Մաքսիմ Գորկու նախկին կնոջ՝ Եկատերինա Պեշկովայի («Օգնություն քաղբանտարկյալներին» ((նախկինում` «Քաղաքական Կարմիր Խաչ») կազմակերպության ղեկավարն էր) միջնորդությամբ նույն թվականի սեպտեմբերին նա վերադառնում է տուն։ Պեշկովայի ջանքերի շնորհիվ Ֆլորենսկին վերադառնում է աքսորից, բայց հրաժարվում է Պրահա գաղթելու առաջարկից՝ հետագա հետապնդումներից խուսափելու համար։

Ֆլորենսկու հեղինակությունն իբրև առաջատար մասնագետի էլեկտրատեխնիկայի բնագավառում այնքան մեծ էր, որ անգամ աքսորից հետո նա ոչ միայն շարունակում է ղեկավարել նյութագիտության բաժինը, այլև աշխատում է մի շարք բարձր պաշտոններում՝ ռազմական և պաշտպանության ոլորտում։ Բայց որքան էլ նա պետք էր երկրին պրակտիկ գիտական կարիքները հոգալու համար և արժանանում էր ամենաբարձր պաշտոններին, այնուամենայնիվ հայտնի քահանայի, Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայի պրոֆեսորի և Ռուսաստանի ամենամեծ աստվածաբանական ամսագրի խմբագրի կերպարը խորթ էր խորհրդային կարգերին, և 1933 թվականի փետրվարի 26-ին Ֆլորենսկին կրկին ձերբակալվում է և մեղադրվում հակահեղափոխական մի կազմակերպությանը անդամակցելու մեջ, որի «նպատակն էր» ստեղծել Ուղղափառ եկեղեցու հենքի վրա հանրապետական կառավարություն։

Հետաքննությունն ուղեկցվում է ֆիզիկական բռնություններով, այնպես որ խոստովանություն կորզելը դժվար չէր՝ չնայած որ Ֆլորենսկին առաջին անգամ էր լսում նման կազմակերպության մասին։ 1933 թ․ հուլիսի 26-ին նա դատապարտվում է 10 տարի ազաազրկման և մի քանի ամիս ձերբակալությունից հետո աքսորվում է Արևմտյան Սիբիրի «Սվոբոդնի» ճամբար (հասնում է 1933 թ․ դեկտեմբերի 1-ին)։ Այստեղ նա տեղափոխվում է հանցագործների հետ միևնույն վագոնով, այնպես որ ծաղրական անվամբ ճամբար հասնում է կողոպտված, սովահար և տանջահար։ Սակայն այստեղ նրան մեկ այլ կործանարար հարված էր սպասվում՝ տանից հասած գույժը իր ողջ գրադարանի բռնագրավման մասին։ Եվ նա առաջին անգամ գրավոր խնդրանքով դիմում է իշխանություններին՝ վերադարձնելու գրադարանը որդիներին՝ միամտորեն շեշտելով, որ իր գրքերի և ձեռագրերի կորուստն ավելի սարսափելի է, քան իր ֆիզիկական մահը։ Բայց, ավա՜ղ, նրան մերժում են։ Կնոջն ուղղված նամակում այնքա՜ն հուսահատություն և հիասթափություն կար․ «Իմ կյանքի գործը կործանված է, և ես այլևս երբեք չեմ կարողանա և, առավել ևս, չեմ ցանկանա վերականգնել 50 տարիների իմ ողջ աշխատանքը։ Չեմ ցանկանա, որովհետև ես չեմ աշխատել ինձ համար և ոչ էլ իմ շահի համար։ Եվ եթե մարդկությունը, հանուն որի ես չեմ ունեցել անձնական կյանք, հնարավոր գտավ ամբողջովին ոչնչացնելու այն, ինչ արվել էր իր համար, ավելի վատ մարդկության համար, թող այժմ փորձի ստեղծել այն, թեկուզ նրա չնչին մասը, ինչ ուներ և ոչնչացրեց»։ Ճամբարում նա սկսում է աշխատել БАМлаг -ի (Байкало-Амурский исправительно-трудовой лагерь) վարչակազմի հետազոտական բաժնի համար։

Մեկ տարի անց նրան տեղափոխում են Սկովորոդինո գյուղ՝ հավերժական սառույցի պայմաններում շինարարության ոլորտում հետազոտություններ կատարելու։ Այստեղ սկսում է աշխատել օդերևութաբանական կայանում, որտեղ բազմաթիվ հետազոտություններ է կատարում, որոնք դրվում են այդ կայանի աշխատակիցների՝ «Հավերժական սառածությունը և շինարարությունը նրա վրա» գրքի հիմքում։ Գիտնականին հաջողվում է նույնիսկ երկու հոդված ուղարկել ԳԱԱ հավերժական սառույցի մասին՝ հեռակա մասնակցելով Համամիութենական մշտական սառույցի կոնգրեսին։

1934 թ․ կինը և կրտսեր երեխաները, կրկին Պեշկովայի միջնորդությամբ, գալիս են նրան տեսակցելու, որը նրանց վերջին հանդիպումն էր։ Նրանց այցելության նպատակը, սակայն, սոսկ տեսակցությունը չէր․ Չեխոսլովակիայի կառավարությունն առաջարկում էր ԽՍՀՄ-ի ղեկավարությանը՝ ազատ արձակել Պ․ Ֆլորենսկուն և տեղափոխել Չեխոսլովակիա։ Բայց նախ հարկավոր էր Ֆլորենսկու համաձայնությունը, և ընտանիքը եկել էր նրան համոզելու, սակայն Ֆլորենսկին շատ որոշակի մերժում է այդ առաջարկը։ Կրոնական փիլիսոփա Ս. Բուլգակովը այս իրադարձության մասին գրում է․ «Ճակատագիրը նրան ասես առաջարկում է ընտրություն կատարել Սոլովկիի (Գուլագի կալանավայր) ու Փարիզի միջև, ու նա ընտրում է Հայրենիքը, չնայած որ հայրենիքը Սոլովկին էր։ Նա ուզում էր իր ճակատագիրը մինչև վերջ կիսել իր ժողովրդի հետ և օրգանապես չէր կարող և չէր ուզում արտագաղթել հայրենիքից։ Թե´ նա, թե´ իր ճակատագիրը Ռուսաստանի փառքն ու մեծությունն են, բայց և միևնույն ժամանակ նրա ամենամեծ ոճրագործությունը»։

1934 թ սեպտեմբերին Ֆլորենսկուն անսպասելի տեղափոխում են Սոլովեցկի հատուկ նշանակության ճամբար (հանցագործներով շրջապատված՝ ճանապարհին նրան կրկին թալանում են, անգամ հրաշքով է փրկվում մահից)։ Այստեղ ազատությունը շատ է պակասում, պայմաններն ավելի վատ են՝ «Կլիման և դեմքերը հավասարապես մոխրագույն են»։ Բայց տանջանքի առաջին ամիսներն անցնում են և, չունենալով ոչ մի խթանիչ նախապայման, նրա ստեղծագործական միտքը կրկին պոռթկալու ելք է գտնում․ ահա հայր Պավելը կանգնած է Յոդի արդյունաբերության Սոլովեցկի ճամբարային գործարանի՝ Յոդպրոմի (1930 թ․ Սոլովկիում տեղակայվում է կենսաբանական լաբորատորիա, ապա Յոդպրոմի կենտրոնական լաբորատորիան, որտեղ 1935 թվականի փետրվարի կեսերից սկսում է աշխատել նաև Ֆլորենսկին) կենտրոնական լաբորատորիայի «Լաբորատորիա» մակագրությամբ ցուցանակի առջև, որին ամեն անգամ նայելիս մի պահ մոռանում է իր սոսկալի կարգավիճակը։ Նրա հետ, ի դեպ, լաբորատորիայում աշխատում էին նաև գիտնականներ Ռ.Ն.Լիտվինովը և Ն.Յա. Բրյանցևը (երեք գիտնականներն էլ 1937 թ․ գնդակահարվում են)։

Սոլովկիում Ֆլորենսկու կյանքի ու գիտական գործունեության մասին իմանում ենք նրա նամակներից, որոնց մեծ մասը, այն է՝ 89-ը, բարեբախտաբար, պահպանվել են։ Այստեղ Հայր Պավելը ձեռնամուխ է լինում ջրիմուռներից յոդի արդյունահանման գործընթացի արդիականացմանը՝ ավելի արդյունավետ և անվտանգ (յոդի ֆիլտրում՝ առանց վնասակար թթվային գոլորշիների արտանետման) խմորման մեթոդի ստեղծմանը, քանզի հին մեթոդի ժամանակ ջրիմուռների ⅔ կորում էր, և գործընթացը առողջության համար շատ վտանգավոր էր։ Արդյունքում ավելի քան մեկ տասնյակ գիտական հայտնագործություններ է կատարում ճամբարային այդ երեք տարիների ընթացքում, իսկ նրա մշակած յոդի պատրաստումը փրկում է հազարավոր կյանքեր: Այնտեղ նա ուսումնասիրում է նաև ծովային կենսաբանությունը։ Նա առաջինն է, ով փորձում է Սպիտակ ծովի ֆուկուսից հանել դոնդող առաջացնող նյութը՝ ագարը (ծովային ջրիմուռների բուսական դոնդող), բայց, ավա՜ղ, նրան վիճակված չէր ավարտելու այս աշխատանքը․․

Այս մեծ գիտնականը, աստվածաբանը, ֆիզիկոսը և քահանան կրկին գործի է անցնում և նույնիսկ նման դժվարին պայմաններում շարունակում է գիտական բացահայտումներ անել, որոնցից մեկ տասնյակից ավելին արտոնագրված էր։ Հենց Ֆլորենսկուն ենք նաև պարտական «խելացի յոդի» գաղափարի համար, որն այժմ վաճառվում է դեղատներում։ Կնոջն ուղղված նամակներից մեկում նա այդ մասին գրում է․ «Կարծում եմ՝ գրել եմ ձեզ կաթի մեջ օրական 3-4 կաթիլ յոդի թուրմ ընդունելու մասին՝ որպես գրիպի կանխարգելիչ միջոց: Այստեղ համաճարակ ունեինք, բայց ես չհիվանդացա, որովհետև յոդ էի ընդունում։ Որպեսզի յոդը, առանց վնաս պատճառելու, ամբողջ ուժով բուժիչ ազդեցություն ունենա, անհրաժեշտ է հասնել նրա հարյուր տոկոսանոց սինթեզին կաթի սպիտակուցի մոլեկուլներով: Իսկ հետո յոդի օգնությամբ հնարավոր կլինի վստահորեն բուժել ոչ միայն գրիպը, այլեւ վահանաձեւ գեղձի հիվանդությունները, որոնք օրգանիզմում բազմաթիվ խանգարումներ են առաջացնում, բացառել սրտի, արյան, թոքերի հիվանդությունների ի հայտ գալը և դրականորեն ազդել հոգեկանի հորմոնների վրա»։ Բայց նրան ժամանակ և հնարավորություն չեն տալիս կյանքի կոչելու իր գաղափարները։ Տասնամյակներ անց նրա փորձերը հաջողությամբ շարունակվում են Օբնինսկի ատոմային էներգիայի ինստիտուտում, ինչի արդյունքում ստեղծվում է յոդկազեինը, որը հետագայում հայտնի է դառնում Յոդ-Ակտիվ անունով՝ փրկելով բազմաթիվ կյանքեր ԽՍՀՄ միջուկային փորձարկման վայրերում և հատկապես Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

1937-ի փետրվարին Ֆլորենսկին հայտնվում է Սոլովեցկի հատուկ նշանակության բանտում (դժվար է ասել՝ ինչու), իսկ արդեն 1937 թվականի նոյեմբերի 25-ին տեղի է ունենում Լենինգրադի մարզի ՆԿՎԴ տնօրինության հատուկ եռյակի «հանդիպումը», որի ժամանակ Ֆլորենսկին դատապարտվում է մահապատժի՝ «հակահեղափոխական քարոզչություն իրականացնելու համար»։ Իր վերջին նամակներից մեկում՝ հասցեագրված դստերը՝ Օլգային նա գրում է․ «Ըստ էության ինձ այլևս ոչինչ չի հետաքրքում, և միայն ձեզ հետ կապված մտքերն են ինձ առաջ մղում․․․» (1937 թ. մայիսի 13)։ 1937 թ․ հունիսի 4-ի նամակն արդեն լի է ողբերգական և հուսահատ կանխատեսումներով․ «Մի խոսքով ամեն ինչ անցավ՝ ամեն ինչ և ամեն ոք։ Վերջին օրերին հանձնարարված է գործարանում գիշերները հսկել
մեր կողմից ստեղծած արտադրանքը՝ յոդը։ Այստեղ՝ ամայի գործարանում, հուսահատության հասցնող ցուրտը, դատարկ պատերն ու կոտրված պատուհաններից ներս հորդող հուժկու քամին չեն տրամադրում աշխատել։ Եվ ինչպես տեսնում եք ձեռագրիցս՝ ցրտից քարացած մատներով անգամ մատիտն եմ դժվարությամբ բռնում։ Կյանքը սառել է, և մենք, առավել քան երբևէ, մեզ զգում ենք աշխարհից կտրված։ ․․․Եվ իմ ողջ էությամբ զգում եմ մարդկային կյանքի ու գործի, նրա ջանքերի ոչնչությունը»։ Այս նամակով կտրվում է Հայր Պավելի կապն ընտանիքի հետ․․․

Բայց ինչո՞ւ մահապատիժ։ Կարծիք կա, որ այդ քայլը պայմանավորված է եղել որդուն՝ Կիրիլին հասցեագրված մի նամակով և որ նրան չեն գնդակահարել, այլ նա երկար տարիներ, առանց հաղորդակցության, աշխատել է գաղտնի ինստիտուտներից մեկում ռազմական ծրագրերի, մասնավորապես՝ խորհրդային ուրանի նախագծի վրա։ Այս վարկածը սնուցվում էր նաև այն հանգամանքով, որ մինչև 1989 թ․ հայտնի չէր մահվան ճշգրիտ ժամանակն ու վայրը։

Այդ նամակում Ֆլորենսկին ներկայացնում է ծանր ջրի (այն օգտագործվում է միայն միջուկային զենքի արտադրության համար) արդյունաբերական արտադրության մեթոդի մի շարք տեխնիկական մանրամասներ։ Այդ նամակից ամիսներ անց՝ նոյեմբերի 25-ին, Ֆլորենսկին երկրորդ անգամ է դատապարտվում՝ «առանց նամակագրության իրավունքի» և, ըստ որոշ աղբյուրների, 1937 թվականի հունիսի 17-ից 19-ը անհետանում է ճամբարից: Սկզբում հարազատներին մահվան սխալ պաշտոնական ամսաթիվ են ներկայացնում` 1943 թվականի դեկտեմբերի 15։ Նրանց մի քանի տասնամյակ է պահանջվում՝ պարզելու համար Ֆլորենսկու մահվան ճշգրիտ ամսաթիվը․ «Քաղաքացի Պավել Ալեքսանդրովիչ Ֆլորենսկին մահացել է 1937 թվականի դեկտեմբերի 8-ին, 55 տարեկանում, մահվան պատճառը՝ մահապատիժ»,- ասվում է մահվան վկայականում։ Հարազատներին հաջողվում է հասնել նաև Ֆլորենսկու վերականգնմանը։ Երկու դատավճիռներն էլ՝ 1933 և 1937 թվականներին, Մոսկվայի քաղաքական դատարանի որոշմամբ վերանայվում և բեկանվում են 1958-1959 թթ.՝ «հակասովետական գործունեության մեջ մեղավորության ապացույցների բացակայության» պատճառով:

Ըստ որոշ աղբյուրների՝ քահանայի մարմինը հանգչում է Լենինգրադի մոտ գտնվող Լևաշովսկայա անապատում՝ 40 հազար բռնադատվածների դիակների հետ միասին, որոշ աղբյուրներում էլ նշվում է, որ մահվան հանգամանքներն ու վայրը հայտնի չէ։ Ո՞վ գիտե՝ ինչպիսին է եղել այս հանճարեղ մտածողի կյանքի մայրամուտը։

Սերգի Բուլգակովն այդ ողբերգության առթիվ գրել է. «Այդ մահը ցնցեց իմ հոգին. դա ռուսական ողբերգության ամենամռայլ իրադարձություններից մեկն է։ Իմ բոլոր ժամանակակիցներից, որոնց ինձ վիճակված էր հանդիպել իմ երկարատև կյանքի ընթացքում, նա մեծագույնն էր, ու նույնքան մեծագույն է նրա վրա ձեռք բարձրացնողների ոճրագործությունը»։

Աննա Միխայլովնան մինչև մահ հրաժարվում է հավատալ ամուսնու մահվան լուրին։ Նա երկար ժամանակ, լսելով դռան զանգի ձայնը, վազում էր բացելու այն՝ հուսալով, որ ամուսինը կանգնած է շեմքին։

Կես դար անց պետական անվտանգության արխիվից ընտանիքին է հանձնվում բանտում գրված մի ձեռագիր՝ «Առաջարկվող պետական կառույցն ապագայում»՝ մեծ մտածողի քաղաքական կտակարանը, որում Ֆլորենսկին ապագա Ռուսաստանը (Միությունը) տեսնում է որպես միասնական կենտրոնացված պետություն։

Հետաքրքիր է, բայց Ֆլորենսկին մինչև վերջին շունչը ապրում էր իր ընտանիքով, անգամ աքսորավայրում հոգ էր տանում տան մասին։ Կնոջն ուղղված նամակներում նա խորհուրդ էր տալիս, թե ինչ խաղեր ու առաջադրանքներ պետք է տալ երեխաներին, ինչպես նրանց համար ուսումը զվարճացնել։ Հեռակա ավագ երեխաների հետ ֆիզիկայի փորձեր էր անում, նկարագրում բարդ գիտափորձեր՝ հաշվի չառնելով, որ ընթերցողները երեխաներ են, երեխաներին հորդորում լսել և հոգ տանել մայրիկի մասին։

Ֆլորենսկին, ընդգծելով անհատի ձևավորման գենետիկական ժառանգության կարևորությունը, կարծում էր, որ անհատականության մասին խոսելիս, պետք է դիտարկել նրան իր տոհմին բնորոշ գծերի, հատկանշական առանձնահատկությունների, բախտորոշ բեկումնալից պահերի լույսով։ Միայն այդ եղանակով կարելի է ավելի ճշգրիտ, իրապես հասկանալ անձի վարքագիծը ճակատագրական պահերին, մասնագիտական կողմնորոշումները, հետաքրքրությունների ոլորտը, նրա ստեղծագործությունների ներքին տրամաբանությունն ու իմաստը։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ նա հպարտությամբ էր ընդգծում, որ իր երակներում հոսում է աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի արյունը։

Նրա մահով ավարտվեց արծաթե դարը․․․ Բայց ո՛չ, չավարտվեց, այլ ընդհատվեց, կիսատ մնաց։ Չէ՞ որ 55 տարիների ընթացքում կերտած նրա ժառանգությունը լոկ մի մասն էր այն ամենի, ինչը նա կարող էր տալ մարդկությանը։ Այն մարդկությանը, որը թեև իր գոյության ընթացքում բազում տաղանդավոր մտածողներ է տվել, որոնք նոր ուղիներ են բացել իմացության, այս կամ այն, որոշակի ոլորտում, բայց և, որպես կանոն, դատապարտել, չհասկացվածության դատապարտել, մերժել, հալածել և խարազանել է։ Եվ այս ամենի լավագույն նկարագրությունը իր իսկ խոսքերն են․ «Свет устроен так, что давать миру можно не иначе, как расплачиваясь за это страданиями и гонением. Чем безкорыстнее дар, тем жестче гонения и тем суровее страдания. Таков закон жизни, основная аксиома ее. Внутренно сознаешь его непреложность и всеобщность, но при столкновении с действительностью, в каждом частном случае, бываешь поражен, как чем-то неожиданным и новым. И при этом знаешь, что не прав своим желанием отвергнуть этот закон и поставить на его место безмятежное чаяние человека, несущего дар, который не оплатить ни памятниками, ни хвалебными речами после смерти, ни почестями или деньгами при жизни. За свой же дар величию приходится, наоборот, расплачиваться своей кровью. Общество же проявляет все старания, чтобы эти дары не были принесены. И ни один великий никогда не мог дать всего, на что способен – ему в этом благополучно мешали, все, всё окружающее. А если не удастся помешать насилием и гонением, то вкрадываются лестью и подачками, стараясь развратить и совратить».

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 17905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ