ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չենք հասկանում, որ ունեցած պետությունը պետք է դարձնենք նպատակ

Չենք հասկանում, որ ունեցած պետությունը պետք է դարձնենք նպատակ
24.12.2022 | 14:41

Կա’մ վերացում, կա’մ վերածնունդ. երրորդը չի’ լինելու։
Ազգը, երբ չի ունենում պետություն, որոշակի տեղանքում համախմբվելու արդյունքում, ուշ թե շուտ, իր առջև դնում է պետություն և պետականություն ունենալու գերագույն նպատակը։

Կրելով որոշակի մշակույթ, լեզու, գիր և ավանդույթներ՝ մարդիկ համարում են, որ իրավունք ունեն ունենալու սեփական գերբը, հիմնը և դրոշը։ Պատերազմների, պայքարի, կամքի և հմտության շնորհիվ, երբ ազգը ստեղծում է պետություն, անմիջապես մոռանում է՝ որն է հաջորդ գերագույն նպատակը։ Այստեղից է առաջանում պետականության կորստին միտված անկումը, քանի որ պետություն ունենալուց հետո՝ մենք չենք հասկանում, որ արդեն մեր ունեցած պետությունը պետք է դարձնենք նպատակ՝ առավել վեհ ու առավել արարչական երկիր ունենալու համար, որին Հայրենիք ենք անվանում։


Պետություն ունենալուց սկսած՝ մեր հայացքները, մտքերը, կերպերը սկսել են տարրալուծվել, քանի որ մենք համարել ենք, որ գլխավորն արդեն իսկ արված է։ Մեր՝ պետություն ունենալու ողջ մղումներն ու պայքարը պտտվել են 88-ի շարժման թոհուբոհի մեջ և թրծվել այդ շարժումից առաջացած Արցախյան գոյամարտի ու տրամաբանական հաղթանակի իրականությունում։ Այսինքն՝ պետություն ունենալու մեր նվիրական երազանքի մեկտեղման վայրը եղել է Օպերայի հրապարակը, որտեղ մեր հայրերը բացականչել են Արցախ։ Երբ այդ հավաքականությունից առաջացել է մեր հաղթանակը, հետևաբար՝ անկախ պետություն ունենալը, դրանից հետո արդեն մոռացվել, ցաք ու ցրիվ է եղել հավաքականության մղումը։
Այդ ժամանակ, արդեն, ամեն ինչ արդեն արված համարելով՝ մեր ժողովրդի նոր շարժումը, նոր օպերայի հրապարակը ու նոր Արցախը չի եղել, չի եղել այն մղիչ ուժն ու նվիրական երազանքը, որը շինականին ու գիտնականին, տգետին ու խելոքին կմեկտեղեր մի նպատակի շուրջ։ Փոխարենը՝ արհավիրքի նման Հայաստան են թափանցել աղանդները, գործակալները, մեկը մյուսի հետևեից բացվող կուսակցություններն հայաստանցի-ղարաբաղցիներն ու նմանատիպ հիմարությունները։


Դրա պատճառով, մենք 88-ի ոգին օգտագործելու ու Արցախից հետո Նախիջևանն ազատագրելու փոխարեն՝ մտածել ենք հաղթանակի պտուղները խժռելու մասին։ Այն հաղթանակի, որը միայն ռազմի դաշտում էր, բայց ոչ դիվանագիտության մեջ։ Մենք մեր կռիվը մինչև վերջ չտալով ու մեր հաղթանակը թշնամուն չպարտադրելով, համարել ենք, որ մեր հարցերը մենք լուծել ենք։ Համոզված եմ, որ հասկանում եք, որ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած բանակցություն և ցանկացած դիվանագիտություն մոխրի է վերածվում այն ժամանակ, երբ սկսվում են լսվել թնդանոթների ձայներն ու օդում սկսում է տարածվել վառոդի հոտը։


Մեր հավաքականության առջև վերացան սովետական և նախասովետական բոլոր պայմանագրերը, երբ մենք որոշեցինք համարել, որ Արցախը մեզ է պատկանում։ Դրա համար հաղթեցինք, ու քանի որ անկախ պետություն ունենալուց հետո մենք սկսեցինք հույսներս դնել միջազգային հանրության ու բանակցությունների վրա, ունեցանք այն ամենը, ինչ որ ունենք։ Պատճառը մեկն էր՝ պետություն ունենալուց հետո մենք չկերտեցինք, չձևավորեցինք այն գերագույն նպատակն ու այն հավատամքը, որին ամուր կառչած՝ մեր ազգն աստիճանաբար կյանքի կկոչեր իր նվիրական երազանքներն ու իսկական Հայրենիքը կերտելու բաղձանքը։
Դրա համար է, որ այսօր կանգնած ենք ոչ միայն Արցախը այլև մեր ֆիզիկական գոյությունը կորցնելու վտանգի առջև։ Եթե Արարչական օրհնությունը բարեհաճ կգտնվի, և մենք, այնուամենայնիվ, կփրկվենք, մենք այլևս նույն կերպ ապրելու, գործելու, մտածելու իրավունք չունենք։


Մենք հաղթում ենք, երբ որոշում ենք ազատագրել։
Սա մեր վերջին շանսն է:


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 13513

Մեկնաբանություններ