Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վահագն Դավթյան-100. Հուշի պատառիկներ

Վահագն Դավթյան-100. Հուշի պատառիկներ
24.08.2022 | 07:20

1974թ. Սյունյաց աշխարհը մեծ շուքով նշել է իր մեծի` Համո Սահյանի 60-ամյակը (ի դեպ, ես չեմ մասնակցել, ուսանող էի և բեմերից փափագ էլ չունեի արտասանելու):


Միայն տարիներ հետո կարդացի թերթում, որ Սահյանը հոբելյանական հանդիսության շնորհակալական խոսքում խնդրանքով դիմել է իր հայրենակիցներին այսպես․ «Վահագնը 60 տարեկան կլինի 8 տարի հետո: Եթե ես չհասնեմ այդ օրվան, այսօրվա խնդրանքս ընդունեք իբրև կտակ, հրավիրեցեք նրան այստեղ և նշեցեք իր ծննդյան 60-ամյակը` առավել շուքով, որպեսզի նա թեկուզ մեկ օրով մոռանա կորստի մորմոքն իր ծննդավայր Արաբկիրի»:


1982թ. ամռանը, Համո Սահյանի կտակի համաձայն, Սյունյաց աշխարհը մեծ շուքով նշեց Դավթյանի 60-ամյակը` Երեւանից ընդունելով հարյուրավոր հյուրերի, որոնց մեջ էին գրչակից համարյա բոլոր ընկերները, նկարիչներ, երգիչներ, մտավորականներ: Մեկ շաբաթ առաջ Համո Սահյանն արդեն Սիսիանում էր: Հոբելյանական հանդիսությունից երկու օր առաջ մի խմբով գնացինք եւ իջևանեցինք այն նշանավոր տանը, որտեղ Համո Սահյանը օրեր, ամիսներ էր անցկացնում: Հաջորդ առավոտյան մտա հյուրասենյակ. երկու ընկեր` Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը, քարի պես լուռ նստած էին. գիտեի, որ նրանք լուռ էլ զրուցել գիտեին: Ես այս տողերով ողջունեցի նրանց.


…Դու լռել ես քարի պես, իսկ ես նայել եմ թաքուն
Եվ աչքերիդ չհասած արցունքները նշմարել…
-Սիլվա՛, երեկոյի ընթացքում չմոռանաս Սվետայի բանաստեղծությունը կարդալ,-ասաց Համո Սահյանը:
-Ո՞ր բանաստեղծության մասին է խոսքը, Սվետան ի՞նչ կապ ունի,-զարմացած հարցրի:
-Վահագնի գրածը, հիմա որ տողեր էիր ասում, բա էդ պատմությունը չգիտե՞ս, էդ ո՞նց է եղել, որ Վահագնը չի պատմել,-ասաց Համո Սահյանը ու սկսեց . «Մի օր մեր Սվետան (Սվետան Համո Սահյանի երկրորդ կինն էր, ի պատիվ նրա` իրենց 20-ից ավել ապրած համատեղ կյանքում հրաշալի հոգ տարավ ամուսնուն (ավա՜ղ, իմացա` ԱՄՆ-ում կնքել է իր մահկանացուն), կարդացել էր Վահագնի հոդվածը գրված Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանի մահվան առիթով: Ասաց` Համո, էդ ո՜նց է գրում Վահագն Դավթյանը, համ լացդ է գալիս, համ էլ մահն ես սիրում. տես, հա՜, Վահագնից շուտ էն աշխարհ չգնաս, չմեռնես, Համո, ամենից լավ ինքը կգրի քո մասին: Ասի` օր առաջ ինչի՞ ես ինձ թաղում, ա՛յ Սվետա... Դե, կատակում էր, պարզ է: Անմիջապես զանգեցի Վահագնին, թե՝ մի լսիր մեր Սվետան ինչ է ասում, ասում է՝ Համո՛, Վահագնից շուտ մեռիր, որ դամբանականս դու գրես։ Վահագնը, թե` Համո՛, քո մասին հոդվածներ շատ ունեմ գրած, ասա Սվետային, քեզ նվիրած բանաստեղծություն էլ ունեմ, ասա, որ մեկն էլ եմ գրելու, արդեն առաջին տողը գրվեց մտքումս...


Հաջորդ առավոտյան Վահագնը զանգեց ու հեռախոսով կարդաց ինձ նվիրված մի հրաշալի գործ… Աչքերս լցվեցին, Սվետան նկատեց, անհանգստացավ, չլինի՞ թե առավոտ կանուխ վատ լուր եմ առել, ասի` հակառակը, մի լավ բանաստեղծության ծննդի մատդ խառն է եղել, ա՛յ Սվետա, Վահագնը ինձ մի լավ բանաստեղծություն կարդաց, նվիրել է ինձ՝ քո քավորությամբ…
Վահագն Դավթյանը լսում էր այս պատմությունը և քթի տակ անվերջ խնդմնդում: Հետո ասաց.
-Իսկապես, երբեմն պահի ոգեղեն ներշնչանքը այդքան էլ էական չէ, լավ բանաստեղծությունը ծնվում է նաև կենցաղային աննշան թվացող, պրոզայիկ երևույթներից:

Հետագայում տարբեր առիթներ են եղել սիրելի՜, սիրելի՜ բանաստեղծների ներկայությամբ հնչեցնել այդ ստեղծագործությունը: Միշտ կատակով ասել են` չմոռանաս «Սվետայի բանաստեղծությունը»:


Ակամա սովորել էի բանաստեղծության այդպիսի «կոչմանը» և միայն վերջերս նկատեցի, որ վերնագիրը «Տագնապ» է: Չէի հասկանում՝ Դավթյանը ինչու՞ է տագնապում Համո Սահյանի Սյունյաց բնաշխարհի համար, մտածում էի՝ «դու` քո կորչող աշխարհում» գրելով, Դավթյանը երևի նկատի ունի ազգային ավանդույթներից, ինքնությունից, սովորույթներից կամաց- կամաց հեռանալը, բայց, արի ու տես, այդ տագնապի մեջ երևի աշխարհագրական առումով մտահոգություն կար...
Եվ հիմա Սյունյաց աշխարհի անառիկ դարպասները վտանգի տակ են: Կանխազգացու՞մ էր արդյոք...


ՏԱԳՆԱՊ (Համո Սահյանին)


Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
Ու թախիծն է կաթկթել, որ մաքուր էր որպես ցող,
Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
Ես` իմ աշխարհը կորած, դու` քո աշխարհը կորչող:
Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում,
Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:
Վանք է եղել ավերակ, չորացած հուն ու ակունք,
Ու եղինջները կարծես բոբիկ ոտքերդ են վառել,
Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
Ու աչքերդ չհասած արցունքները նշմարել:
Ո՞ւր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ,
Բարդիներն այս արծաթե ո՞ւր են այսպես հեռանում...
Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ,
Ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որոնում:
...Ես չգիտեմ, մեզանից ո՞վ պիտի շուտ հեռանա
Դեպի եզերքն անհայտի, ուր տառապանքն է լռում,
Բայց մեզնից մեկը, գիտեմ, պիտի կրկին որբանա,
Ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում


Սիլվա Յուզբաշյան

Դիտվել է՝ 9747

Մեկնաբանություններ