Պատերազմը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Պատերազմական վիճակում անհրաժեշտ է հոգեբանական առանձնահատուկ մոտեցում և՛ ռազմական գործողությունների մասնակիցների‚ և՛ քաղաքացիական բնակչության‚ և՛ հատկապես երեխաների նկատմամբ։
Այս պահին տարբեր կառույցներ են մատուցում հոգեբանական աջակցություն։ Նման ծառայություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ (117)‚ շատ անհատ հոգեբաններ ու մասնագիտացված կենտրոններ են աշխատում կամավորական սկզբունքով՝ պրակտիկ հոգեբանական օգնություն ցուցաբերելով պատերազմից տուժածներին‚ առցանց վեբինարներ են կազմակերպվում թեմայի շուրջ։
Մասնագետները նշում են‚ որ պատերազմական վիճակում‚ ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժածների հետ աշխատանքը խիստ տարբերվում է հոգեբանի սովորական պրակտիկայից։ Նրանք նաև նկատում են‚ որ մասնագիտական աջակցության կարիքը ավելի սուր կդրվի հատկապես պատերազմի ավարտից‚ պատերազմական շոկից հետո‚ երբ հաղթահարելով գոյության պայքարը‚ հայացք կձգեն անցածին։ Գոյության պայքարի ընթացքում‚ որպես կանոն‚ վախերը նահանջում են‚ արթնանում են ներքին ինքնապաշտպանական մեխանիզմները (հատկապես ռազմի դաշտում)‚ և մարդն այլ բանի մասին չի մտածում‚ բացի պայքարելուց։ Ա՛յ‚ արդեն իրադարձությունները վերապրելուց հետո‚ երբ կգա այդ ամենի վրա հայացք ձգելու‚ վերլուծելու ու հասկանալու ժամանակը‚ շատ ավելի ծանր ու շոկային կլինի։ Առաջնագծում կռվողները հստակ խնդիր են լուծում‚ նրանք այլ բանի մասին մտածելու‚ խուճապի մեջ ընկնելու ժամանակ չունեն։
Հոգեբանական աշխատանքը պետք է նուրբ լինի‚ ոչ կպչուն։ Մարդիկ կան‚ որոնք մեծ ներքին ռեսուրսներ ունեն և կարող են ինքնուրույն ամոքել սեփական վերքերը‚ սակայն մարդկանց մեծ մասն օգնության կարիք ունի‚ որոնց հետ պետք է մասնագիտական աշխատանք տարվի։ Ի դեպ‚ մասնագետների թիվն էլ սահմանափակ է‚ և հարց է առաջանում՝ առկա ռեսուրսներով հնարավո՞ր է ամբողջովին լուծել հոգեբանական աջակցության խնդիրը։ Թերևս ամենաբարդը մանկահասակ երեխաների‚ դեռահասների հետ աշխատանքն է լինելու։ Շատ դժվար է նրանց բացատրել՝ ինչ է պատերազմը‚ ինչու են մարդիկ կռվում ու զոհվում։
Կարևոր է նաև հանրության պատրաստվածությունը‚ հանրության վերաբերմունքը ռազմական գործողություններին մասնակցածների‚ պատերազմի հետևանքով տուժածների նկատմամբ։ Չի բացառվում, որ վերջիններս լինեն չափից ավելի ագրեսիվ‚ քմահաճ‚ դյուրագրգիռ և այլն։ Պետք է աշխատել համբերատար‚ հանդուրժող լինել հոգեբանորեն հաշմված մարդկանց ու նրանց դրսևորումների նկատմամբ։ Եթե անգամ հոգեբան չենք‚ պետք է ուշադիր լինենք և աշխատենք սթրեսները մեղմելու‚ բուժելու ուղղությամբ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ