1986 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի առաջին կեսը արտասահմանյան ռադիոկայանների հաղորդումները խլացնող խորհրդային կայաններն աշխատում էին գերլարված և առանց ընդմիջումների։ Հանձնարարված էր լինել առավել ուշադիր, թույլ չտալ տեղեկատվության ոչ մի արտահոսք կամ ներհոսք։ Սակայն հենց այդ օրերին արևմտյան ռադիոկայանների ալիքներ որսացող-հետաքրքրասերներս գիտեինք, որ սկանդինավյան մի շարք երկրներում ճառագայթման մակարդակը հատել է թույլատրելի բոլոր սահմանները։ Ապա լուրեր տարածվեցին, որ ուկրաինական Չեռնոբիլ քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի վթար։ Առջևում մայիսմեկյան տոներն էին և, խորհրդային երկիրը, ինչպես միշտ, հանդիսավորությամբ պատրաստվում էր նշելու Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Նույն այդ օրերին համերաշխ աշխատավորներն ու նրանց զավակները բանից անտեղյակ` զոհվում կամ ճառագայթային մահացու չափաքանակներ էին ստանում ՈՒկրաինայի, Բելոռուսիայի, Ռուսաստանի կենտրոնական շրջաններում: Վթարից առաջացած ռադիոակտիվ ամպն անցել էր նաև Արևելյան Եվրոպայով, սկանդինավյան երկրների ու Մեծ Բրիտանիայի վրայով: Չեռնոբիլի բնակիչներն 90 անգամ ավելի ճառագայթման ենթարկվեցին, քան ճապոնացիները Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման ժամանակ:
Ապրիլի 28-ին, երբ ամբողջ աշխարհն էր խոսում աղետի մասին, Խորհրդային Միության հեռագրական գործակալությունն ստիպված էր բացել փակագծերն ու հանդես գալ աղետը գուժող հայտարարությամբ և դրա հետևանքները վերացնելու հանձնարարականներով։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված էին ամբողջ երկիրը, բանակն ու բոլոր հատուկ ծառայությունները` կոմունիստական կուսակցության գլխավորությամբ։
Չեռնոբիլի ատոմակայանի տեխնոաղետի փրկարարական աշխատանքները ղեկավարում էր ԽՍՀՄ մարշալ, հայազգի ՍԵՐԳԵՅ ԱԳԱՆՈՎԸ:
Հայաստանի մասնագետներից կազմված առաջին խումբը Կիև մեկնեց մայիսի կեսերին: Տողերիս հեղինակին հանձնարարված էր մեկնել այդ խմբի հետ և լուսաբանել, թե խորհրդային մյուս ժողովուրդների հետ հայերն ինչպես են պայքարում տեխնոաղետի հետևանքների դեմ։
Կիևից ատոմակայանի բանավան Չեռնոբիլ տանող ավտոբուսը տեղ հասավ երեկոյան: Այստեղից ատոմակայանը հեռու է ընդամենը 15 կիլոմետր: Չնայած գարնան վերջին ամիսն էր` շուրջբոլորը դեղնած, չորացած ծառեր ու թփեր էին, ամայություն: Աչքի էին զարնում նաև թալանված, քարուքանդ արված խանութներն ու սննդի օբյեկտները, մշակութային ու մարզական հաստատությունները: Միայն հատուկենտ զինվորներ ու սպաներ էին երևում` փրկարարներ կամ կարգուկանոնի պահապաններ: Մութն ընկնելուց հետո վիճակն առավել սարսափազդու դարձավ: Լույս չկար, այս ու այն կողմից լսվում էին անտեր թողնված, հավանաբար սոված շների կաղկանձներ, շինարարական մեքենաների հռնդյուն, աղմուկ-աղաղակ, հորդորներ ու հրամաններ, հայհոյանքներ։
Հոգնածությունից էր, թե ժամանակավոր կացարանի անհարմարությունից` գիշերն աչք չփակեցի: Առավոտյան վաղ արդեն փրկարարական աշխատանքները համակարգող շտաբում էի. պետք է թույլտվություն ստանայի մեկնելու Պրիպյատ` վթարի գոտի: «Անվտանգության ապահովման նկատառումներով լրագրողներին թույլտվություն անձամբ մարշալ Ագանովն է տալիս, պիտի նրան հանդիպեք»,- նախազգուշացնում է Կիևից մեզ ուղեկցած մայորն ու բացատրում, թե ինչպես տեսնենք մարշալին։ Իսկ մարշալի օգնականն ասում է, որ լրագրողներն ու մյուս, ոչ ինժեներ-մասնագետները նրան կարող են հանդիպել միայն ուշ երեկոյան, աշխատանքից հետո։
...Վագոն-տնակի «ընդունարանը» լիքն է ԽՍՀՄ տարբեր վայրերից ժամանած լրագրողներով։ Վերջապես հերթն ինձ է հասնում։ Ընդունարանում նստած է խոշոր դիմագծերով, սևահեր, պատկառելի արտաքինով, կովկասյան շարժուձևով, լարված աշխատանքի կնիքը դեմքին մարշալը։ Հարցուփորձ է անում գալուս նպատակի մասին, զգուշացնում, թե ինչը կարելի է գրել, ինչը` ոչ, որտեղ է թույլատրվում մտնել, որտեղ կտրականապես արգելվում է… Մի պահ ընդմիջում է, որից էլ օգտվելով՝ հայերեն հարցնում եմ.
-Դուք, պատահաբար, հայ չե՞ք։
- Չեմ հասկանում,- ռուսերեն չոր ու կտրուկ պատասխանում է մարշալը։ Հարցս կրկնում եմ իրեն հասկանալի լեզվով։
- Դա այժմ կարևոր չէ,- նույն չորությամբ պատասխանում է ու անցագիրս ստորագրելուց հետո շշնջում,- հաջողություն Ձեզ, զգույշ եղեք, մենք գրեթե ռազմական գործողությունների գոտում ենք, հետո, եթե կցանկանաք՝ ազատ ժամանակ կհանդիպենք, կզրուցենք։
Գործուղմանս ավարտի նախօրյակին փորձում եմ արժանանալ մարշալի ընդունելությանը. կրկին զբաղված է։ Օգնականը ներս է մտնում, ապա ժպտալով դուրս գալիս ու դիմում ինձ.
- Դուք, կարծեմ, Հայաստանից եք, չէ՞, կարո՞ղ եք կեսգիշերին գալ: Ձեզ հիշեց, խոստացավ անպայման ընդունել:
...Ժամը 23-ն անց 45-ին մարշալի ընդունարանում եմ, մի քանի լրագրողներ դեռևս իրենց հերթին են սպասում։ Քիչ անց ներքին հեռախոսով ես ներս եմ հրավիրվում։
Ագանովն այս անգամ ինձ ընդունում է անթաքույց ջերմությամբ, թեյ առաջարկում ու հարմար տեղավորվելով բազկաթոռում, դիմում է ինձ.
-Դուք միանգամայն իրավացի էիք, հայրենակից, իրոք իմ երակներում հայի արյուն է հոսում։
Ես նրան խնդրում եմ պատմել ծնողների, իր կենսագրության հետաքրքիր հանգրվանների մասին:
- Ծնվել եմ 1917 թ., Աստրախանում։ Հայրս՝ Քրիստափոր Իվանի Ագանյանը, առևտրական էր, մայրս՝ Մարիա Ֆրոլովան, ռուս դերասանուհի-երգչուհի։ Մայրս հետագայում պատմում էր, որ իրենց ջուրը երբեք միևնույն առվով չի հոսել. ինչքան հայրս կարգուկանոնի, ավանդույթների հետևող է եղել, մի քիչ էլ, երևի, խնայող ու պահպանողական, այնքան մայրս ազատամիտ ու աշխույժ, շռայլ ու շփվող բնավորության տեր կին է եղել, նոր ժամանակներին ու բարքերին հետևող` տրամագծորեն հակառակ կնոջ մասին հորս պատկերացումներին։ Ես 4, թե 5 տարեկան եմ եղել, որ ծնողներս բաժանվել են։ Մեծացել եմ հիմնականում մորս հարազատների շրջապատում, որոնք, ինչ թաքցնեմ, ամեն կերպ ինձ հեռու էին պահում իմ հայկական արմատներից։ Յոթնամյակն ավարտել եմ Մոսկվայում, ընդունվել տեխնիկում, ավարտելուց հետո աշխատել եմ Մոսկվայի Կույբիշևի անվան էլեկտրակոմբինատում` որպես փականագործի օգնական, ապա՝ փականագործ, բրիգադավար։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանը, 1940-ին գերազանցության դիպլոմով ավարտել եմ Մոսկվայի ռազմաինժեներական բարձրագույն ուսումնարանը: Ստացա լեյտենանտի կոչում ու մեկընդմիշտ զինվորագրվեցի մեր երկրի բանակին. սակրավորի մասնագիտությամբ մասնակցեցի խորհրդա-ֆիննական պատերազմին, պարգևատրվեցի Լենինի շքանշանով: Ամուսնացա Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց մեկ շաբաթ առաջ։ 1942-ին ծնվեց տղաս, 46-ին՝ աղջիկս: Պատերազմի առաջին իսկ օրվանից որպես սակրավորների գումարտակի հրամանատար` կռվում էի սկզբում Լենինգրադյան, ապա Վոլխովյան ռազմաճակատներում: Բարձր պաշտոններն ու կոչումները, կառավարական պարգևները հաջորդում էին իրար, պատերազմն ավարտեցի փոխգնդապետի կոչումով` Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի ավագ օգնականի պաշտոնում։ Հետագայում կարմիր դիպլոմով ավարտեցի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, Վորոշիլովի անվան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, պաշտպանեցի թեկնածուական թեզը, ծառայեցի Գերմանիայում տեղաբաշխված ԽՍՀՄ զորքերում, 1959-ին դարձա գեներալ, ապա՝ գեներալ-գնդապետ։ Մեկ տարի ղեկավարել եմ Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան, որից հետո ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետն էի, այդ պաշտոնում էլ 1980 թվականին ստացա ինժեներական զորքերի մարշալի կոչում։ Ծառայության բերումով բազմիցս եղել եմ Աֆղանստանում։ Հայաստանում 7-րդ բանակին օգնել եմ ինժեներական կառույցների տեղաբաշխման, կատարելագործման հարցերում, շատ ընկերներ ունեմ Ձեր և, ինչու չէ, նաև իմ հայրենիքում։ Ցավոք, զբաղվածությունը թույլ չէր տալիս կարգին շրջել նախնիներիս երկրում, ծանոթանալ աշխարհին հայտնի հայկական հուշարձաններին, տեսարժան վայրերին, ճաշակել հայկական հայտնի կերակրատեսակները, վայելել հրաշք կոնյակն ու գինին։ Ծառայությունս ավարտելուց հետո անպայման գալու եմ:
...Արդեն լուսանում էր, իսկ մեր հետաքրքիր զրույցի վերջը չէր նշմարվում։ Մարշալը քաղաքավարությամբ թաքցնում էր հոգնածությունը, բայց ես հո լավ գիտեի նրա գերլարված առօրյան, հանգստի անհրաժեշտությունը, և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հրաժեշտ տվեցի` Հայաստանում հանդիպելու ակնկալիքով։
Ցավոք 1996 թվականի փետրվարի 1-ին կտրվեց 5-րդ հայ մարշալի, մեզանում ոչ բոլորին հայտնի Սերգեյ Քրիստափորի Ագանովի կյանքի թելը, և մեր հայաստանյան հանդիպումը չկայացավ։
Տարիներ հետո, երբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում նյութեր էի փնտրում Սերգեյ Ագանովի մասին, Չեռնոբիլի աղետի վերացման կառավարական զեկուցագրում կարդացի հետևյալ տողերը. «Ռազմական ինժեներների բազմահազարանոց կոլեկտիվի ուղեղն ու հոգին տաղանդավոր կազմակերպիչ, բարձրակարգ մասնագետ, ինժեներական գործերի փայլուն գիտակ, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովն էր»։ Իսկ մարշալի մահախոսականներից մեկում, ի թիվս մի շարք գովեստների, գրված էր. «Ինժեներական զորքերի մարշալ Ս. Ագանովի հմուտ ղեկավարությամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերը ոչ միայն կրեցին կառուցվածքային լուրջ փոփոխություններ, այլև էապես բարելավվեց նրանց տեխնիկական զինվածությունը, մշակվեցին նոր ու ժամանակակից մեթոդներ՝ տարբեր գործողությունների ժամանակ զորքերին համապատասխան մասնագիտական աջակցություն ցույց տալու համար։ Մարշալն անձնական մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման ու ժամանակի պահանջներին համապատասխան վերափոխելու ուղղությամբ, որի համար 1981-ին արժանացավ պետական մրցանակի։ Չեռնոբիլի տեխնոաղետի վերացման պետական հանձնաժողովի կազմում, վտանգելով առողջությունը, Սերգեյ Ագանովն անգնահատելի գործ կատարեց աղետի հետևանքներն օր առաջ ի չիք դարձնելու, միլիոնավոր մարդկանց կյանքը փրկելու գործում՝ արժանանալով Լենինի շքանշանի։ 1987 թվականի մարտից մինչև կյանքի վերջը մարշալ Ս. Ագանովն աշխատում էր ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբում` կատարելով մի շարք պատասխանատու հանձնարարություններ։
Ագանովը խստապահանջ, բայց նաև անսահման բարությամբ առլեցուն, մարդասեր ու բարյացակամ հրամանատար էր, տաղանդավոր կազմակերպիչ, ականավոր գիտնական-ինժեներ ու համակրելի մանկավարժ-դասախոս»:
Մեզ մնում է ավելացնել, որ տաղանդաշատ այս հայորդուն, ցավոք, քչերն են ճանաչում և ճիշտ կլինի, եթե այսուհետ հայ մարշալների անունները թվարկելիս նշվի նաև Սերգեյ Քրիստափորի Ագանովի անունը։
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ավագ սպա, ռազմական պատմաբան