Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին ընտրություններից հետո անպայման կձերբակալեն: Այս հայտարարությունն արեց հենց ինքը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ պատճառը, ըստ թեկնածուի, Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողների հետ իր առնչությունն է: Թեկնածուն հանգամանորեն պատմեց, թե ինչ հանգամանքներում է ծանոթացել այդ երկու անձանց հետ: Սեդրակյանը նկատեց, որ առաջիկայում կգաղտնազերծվեն հեռախոսազրույցներ ու այլ տեղեկություններ, որոնք «կապացուցեն», որ այդ ամենի մեջ կա նաև «իր մեղավորությունը»: «Այսօր ստեղծվել է «տեռորիստի ֆոն», ու ինձ մեղադրում են անգամ Տիգրան Նաղդալյանի սպանության, Նաիրի Հունանյանի հետ կապ ունենալու մեջ»,-ասաց Սեդրակյանը`այս ամենը համարելով «բարոյահոգեբանական ճնշման» փորձ, որով իրեն փորձում են չեզոքացնել:
Վարդան Սեդրակյանը պահանջում է, որ պատկան մարմինները համապատասխան հայտարարությամբ հանդես գան` հստակ նշելով, որ կա´մ ապացուցված է Սեդրակյանի մեղքը,կա´մ նա անմեղ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ